RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-05-28 20:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2823, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀՄԱՅԻԼ

ՍԵՐՆԴԵ ՍԵՐՈՒՆԴ

Նովոկուզնեցկից ծանոթ մեկը հին ձեռագրի ժապավենաձեւ (ռուլոնի նման) պատճեններ էր ուղարկել` խնդրելով գնահատել տալ, ու, արժեքավոր մի բան լինելու դեպքում, մտադիր էր ձեռագիրը Մատենադարանին նվիրել: Դիմեցի Մատենադարանի հին ձեռագրերի բաժնի պատասխանատուին, ով նայելով փաթեթն եւ ուղեկցող պատկերները` ասաց , թե հմայիլ է եւ ինձ ուղարկեց հմայիլների վերաբերյալ ուսումնասիրություն կատարած երիտասարդ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Ղազարյանի մոտ: Վերջինս փորձառու հայացքով անմիջապես գնահատեց `17-րդ դարի սկզբի հմայիլ է, Մատենադարանը դրանից մի քանիսն ունի,այնպես որ` գիտական արժեք առանձնապես չուներ գտածոս: Սակայն Դավիթ Ղազարյանից ստացածս տեղեկություններն ընթեցողին փոխանցել արժե, քանի որ հմայիլները ժամանակին բավական գործածական են եղել մեր ժողովրդի կողմից, դրանք համարվել են անձի, ընտանիքի պահապան եւ փոխանցվել սերնդե սերունդ: Այնպես որ`մեր օրերի ընթերցողը եւս հարկ է իմանա` ինչ է հմայիլը եւ ինչ տեղ է ունեցել հայոց մեջ: Դա կանենք երիտասարդ գիտնական Դավիթ Ղազարյանի ուսումնասիրության հետաքրքրական մանրամասները փոխանցելով:

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հայ ժողովրդի մշակութային կյանքում 16-րդ դարի սկզբում տեղի է ունենում մի նոր իրադարձություն` սկզբնավորվում է հայկական տպագրությունը

Մեզ ավանդված տպագիր ժառանգությունը կերտել են անհատներ, ովքեր անցել են տառապանքների միջով, կրել բազում զրկանքներ: Եթե 16-րդ դարից մեզ հայտնի է շուրջ երեք տասնյակ հայատառ տպագրություն, ապա 17-րդ դարից` շուրջ 200 անուն գիրք, իսկ 18-րդ դարում դրանց թիվը գերազանցում է 900-ը: 1512-1800 թվականների ընթացքում, որը համարվում է հայ տպագիր գրքի հնագույն շրջանը, լույս է տեսել շուրջ 1200 հայերեն տպագիր միավոր: Մինչեւ օրս էլ շարունակվում է հայերեն նոր հնատիպ միավորների ի հայտ գալը, ինչի պատճառով էլ բերված թվերը մոտավոր են:

Հայ հնատիպ գրքի պատմության մեջ եւս, ինչպես ձեռագիր մատյանների պարագայում, իրենց ձեւով եւ բովանդակությամբ առանձնանում են հմայիլները, որոնց հիմքում ընկած են գրչագիր օրինակները: Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որը ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն եւ կրողին պահպանում է փորձանքներից: Նախնական ձեւի` գալարի կամ փաթեթի, ազդեցությունն ակնհայտ է նաեւ տպագիր օրինակներում. հայ տպագրության պատմության վաղ շրջանում չունենք եւ ոչ մի գրքաձեւ հմայիլ: Ձեռագիր եւ հնատիպ հմայիլներն առհասարակ բոլոր առումներով փոխկապակցված են. եթե հնատիպ հմայիլների համար հիմք են ծառայել ձեռագիր օրինակները, ապա 17-րդ դարի երկրորդ կեսից ի վեր տարածում գտած տպագիր հմայիլները օրինակ են դարձել մի շարք ձեռագիր հմայիլների համար: Այս փոխազդեցությունը բնորոշ է ձեռագիր մատյանների եւ տպագիր գրքերի բոլոր տեսակներին, քանի որ տպագրությունը թեեւ ապահովում էր «քանակ» (տպաքանակ), սակայն հայկական տպարանների կարճատեւ գործունեությունը, այն էլ հիմնականում հայրենիքի սահմաններից հեռու, գրքերի պահանջարկը, ցանկությունը` ունենալ սեփական օրինակը, ստիպում էին տպագիր օրինակներից արտագրել, ստեղծելով ձեռագիր օրինակներ, որոնց մեջ երբեմն նշվում էր տպագրից արտագրված լինելու փաստը:

Հայերեն հնատիպ հմայիլներում տեղ են գտել հիմնականում միեւնույն աղոթքները, որոնք ունեն գրեթե միեւնույն դասավորվածությունը. որպես կանոնՙ հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի մի հատվածով եւ ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ` մասնավորապես Բան ԺԲ.-ից եւ Բան ԽԱ.-ից: Մի քանի հմայիլներում չորս Ավետարաններից քաղված հատվածներըՙ Քրիստոսի բժշկության տեսարանները, սկզբի մասում են, իսկ մյուսներում աստվածաշնչյան հատվածները վերջերում են: Աղոթքների ընդհանուր թիվը մեկ հմայիլում հասնում է մոտ երեք տասնյակի:

Հնատիպ հմայիլների նկարազարդումները եւս հիմնականում պայմանավորված են բովանդակությամբ, քանի որ ձեռագիր նախօրինակների նմանողությամբ նախորդում են տեքստերին, որոնք կապված են տպագրանկարում առկա կերպարի կամ հորինվածքի հետ (օրինակՙ Ներսես Շնորհալին պատկերվում է իր գրչին պատկանած ստեղծագործություններից առաջ, Սուրբ Սարգիսը կամ Սուրբ Գեւորգըՙ իրենց ուղղված աղոթքներից առաջ, Եզեկիել մարգարենՙ վերջինիս մարգարեությունից կատարված մեջբերումից առաջ եւ այլն): Սրբերի պատկերների համար հաճախ օգտագործված է միեւնույն տպագրատախտակը, եւ սրբերը տարբերվում են միայն կա՛մ ըստ բացատրագրերի, կա՛մ նկարից հետո սկսվող աղոթքի վերնագրից: Հնատիպ հմայիլները զարդարված են նաեւ սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներով` «Սուրբ Երրորդութիւն», «Աւետում», «Ծնունդ», «Մոգերի երկրպագութիւն», «Ընծայումն տաճարին», «Մկրտութիւն», «Խաչելութիւն», «Թաղումն», «ԺԲ. առաքեալք» եւ այլն: Մեկ հմայիլում զուտ թեմատիկ նկարների քանակը կարող է գերազանցել երեք տասնյակը:

Հմայիլների մեծ մասը զարդարում են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները: Սա պայմանավորված է նրանով, որ վերջինս նախապես համագործակցել է Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու հետ, ում տպարանից լույս են տեսել ավելի քան մեկ տասնյակ հմայիլներ, ապա 1698 թվականին բաժանվել է նրանից` նրան թողելով իր պատրաստած եւ իր ստորագրությունը կրող փորագրապատկերները: Իսկ Էտկար Գնդեվանեցին էլ, ով եւս հրատարակել է հմայիլ, ըստ ամենայնի, այդ փորագրանկարների կլիշեները կամ փորագրատախտակները վարձակալել է Աստվածատուր Կոստանդնուպոլսեցուց, քանի որ դրանք հետագայում եւս առկա են Աստվածատուրի ավելի ուշ տպագրություններում: Տպագրանկարների տախտակների կամ տպագրական տառերի եւ զարդերի վարձակալությունը այդ ժամանակ բավական տարածված է եղել:

Գրիգոր Մարզվանեցու ձեւավորումների հիմքում ընկած է հայ տպագրության պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Սարգսի անունը կրող կամ Ոսկանյան տպարանը, որը ոչ միայն նոր որակ եւ շունչ հաղորդեց հայկական տպագրությանը, այլեւ առաջինն էր, որ անընդմեջ գործեց քառորդ դարՙ 1660-1686 թվականներին: Գրիգոր Մարզվանեցին նախ յուրացրել է Ոսկանյան տպարանի հարդարանքի ավանդույթները` ընդօրինակելով գրեթե ամեն մի տարր` պատկերի կառուցվածքը, գործող անձանց քանակը, նրանց տեղաբաշխվածությունը տեսարանի տարածական հորինվածքում, կերպարների շարժումները եւ մարմինների դիրքերը, ճարտարապետական շինությունները եւ բնանկարային մանրամասները: Մարզվանեցին իր ստորագրություններն անգամ հաճախ դնում է պատկերի այն նույն տեղում, ուր Քրիստոֆել Վան Զիխեմինն է: Այս շրջանի փորագրանկարներում, որոնք հիմնականում անցել են Աստվածատուր Կոստանդնուպոլսեցուն, բացակայում է թեմայի ինքնուրույն մեկնաբանությունը, ցանկացած մանրամասն ընդօրինակված է միայն մի տարբերությամբ, որ Մարզվանեցու պատկերները եվրոպական փորագրանկարների համեմատ ավելի ընդհանրական են, պակասում են որոշ մանրամասներ:

Արվեստի տեսանկյունից առավել արժեքավոր են Գրիգոր Մարզվանեցու հետագա շրջանի աշխատանքները, որոնցում արդեն կարելի է նկատել նկարիչ-փորագրիչի վարպետությունը եւ ստեղծագործական մեծ երեւակայությունը: Պետք է նշենք նաեւ, որ այս շրջանի իր ստեղծագործությունները Մարզվանեցին անստորագիր է թողել: Արվեստագետն սկսում է հանդես գալ ավետարանական թեմաների ինքնուրույն մեկնաբանությամբՙ նորովի, ավելի մանրակրկիտ տարրերով կառուցելով, հայ մանրանկարչության շնչով հագեցնելով եւ ավելի ակնահաճո դարձնելով իր ստեղծագործությունները:

Հնատիպ հմայիլների ամենամեծ հավաքածուն գտնվում է Մաշտոցյան Մատենադարանումՙ 122 միավոր: Հայաստանի Ազգային գրադարանում պահվում է 13 միավոր, Հայաստանի պատմության թանգարանումՙ Ազգագրության բաժնումՙ 9 միավոր, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքումՙ 7, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումՙ 5: Հնատիպ հմայիլներ կան նաեւ Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, մի շարք անհատների մոտ եւ այլուր:

Դավիթ Ղազարյանը շուրջ հինգ տարվա ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 1659-1731 թթ. ընթացքում հինգ տպարաններից լույս է տեսել 19 հմայիլ (մեկական` Գուլբասարի եւ Էտկար Գնդեւանեցու, չորսըՙ Գրիգոր Մարզվանեցու, տասներկուսըՙ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու եւ մեկըՙ դեռեւս անհայտ). այս 19-ից 6-ը հայտնի է դարձել Մատենադարանի հնատիպ հմայիլների ուսումնասիրության արդյունքում, իսկ մեկը` մոտ երեք տարի առաջ մի մասնավոր հավաքածուի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ