ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարան 1918 թ-ի Մայիսյան հաղթանակների նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի ցուցահանդեսային պատին բացվել է «Մայիսյան հերոսամարտերի արձագանքները» գրքային ցուցահանդեսը: Ներկայացված են Սարդարապատի, Ապարանի (Բաշ-Ապարան), Վանաձորի (Ղարաքիլիսա) հերոսամարտերին նվիրված գրքերը եւ այդ հաղթանակների արդյունքում ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակներին, գործիչներին նվիրված 150-ից ավելի գրքեր: Առանձին դարակներով ներկայացված են Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի, Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Տեր-Մինասյանի մասին պատմող, նրանց հեղինակած գրքերը, նրանց մասին հուշերը: Ցուցադրվում են պատմաբաններ Հարություն Թուրշյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Համլետ Գեւորգյանի, Վանիկ Վիրաբյանի, Արմեն Ասրյանի, Գեղամ Կիրակոսյանի, Տիգրան Պետրոսյանցի եւ ուրիշների գրքերը: Ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցափեղկում ավելացավ Վանիկ Վիրաբյանի օրերս տպագրված «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը եւ գործունեությունը 1918-1920 թթ.» ծավալուն աշխատությունը: Գիտական գրքերի հետ ներկայացված են հայ գրողներ Զարզանդ Դարյանի («Քառուղիներ»), Սերո Խանզադյանի («Խոսեք Հայաստանի լեռներ»), Հարություն Մկրտչյանի («Անհայտ զինվորի հիշատակարանը») եւ այլ գրողներիՙ ժամանակաշրջանին նվիրված գեղարվեստական գրքեր: |