ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՏԱՆ Հակոբ ՄՈՎՍԵՍ Խիստ շատացել են առանց խմբագրական վերահսկողության մեզանում լույս տեսնող գրքերը, որոնցից մեկի մասին է ստորեւ տպագրվող հոդվածը: Գրքերից շատերը չունեն խմբագիր, իսկ եթե ունենՙ զուտ ձեւական: Խմբագրի ինստիտուտը հետզհետե վերանում է մեր մեջ, որի պատճառների քննությանը կանդրադառնանք մեկ այլ առիթով: «Ազգ»
«Լռել եւ մաքուր մնալ» նիցշեական այս կարգախոսը մշտապես գործում է, առանձնապես անկման ժամանակներում: Իրոք, այդժամ գերադասելի է մի կողմ քաշվել, չմասնակցել ոչնչի, չթաթախվել նրա մեջ, ինչը մեծ մտածողը «հոգեւոր կոռուպցիա» էր անվանում, երբ արժեզրկվում են գաղափարները, միտքը, տեսլականները, կարծիքը, խոսքը, լեզուն, երբ իշխում են համատարած տգիտությունն ու խավարամտությունը: Այդ իր լռությամբ մտավորականն ապահովում է իր մտքի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը, որտեղ նա թույլ չի տալիս կոռուպցիայի մուտքը. «մաքուր մնալ»` մտավորականի համար նշանակում է քաշվել իր կղզի, այնտեղ անեղծ պահել միտքն ու մտավորը` այդպես հավաստելով նրանց ներկայությունը` մինչեւ դրանց ժամանակները վերադառնան (կամ թեկուզեւ չվերադառնան)... Բայց արի ու տես, որ պատմության մեջ լինում են դեպքեր, երբ այդ կոռուպցիան թափանցում է հենց քո կղզի. այդ դեպքում դու լռելով թույլ ես տալիս, որ պղծությունն իր օրենքները հաստատի այնտեղ, ներխուժի մտքի ոլորտ, ավելին` ավերի խոսքը, գաղափարը, ասածս տեսլականը, միով բանիվ` այն, ինչը մեծ իմաստով կոչվում է «մշակույթ», եւ ինչի մաքրությունը գալիքի գրավականն է: Այդժամ տգիտության ագրեսիան (այն ամենասոսկալին է...) սանձազերծվում է հենց եւ գուցե առաջին հերթին մտքի եւ մշակույթի դեմ, որովհետեւ նա լավ գիտի, որ եթե այն ընկավ, ամեն ինչ ընկած է. Հռոմի ճանապարհն իր առջեւ այլեւս բաց է... Այլեւս ոչ դարպաս գոյություն ունի, ոչ միջնաբերդ, ոչ պարիսպ: Այլեւս չկա նա, ով պետք է «չափ դնի խոսքի եւ լռության»: Այլեւս խուժանը դառնում է պատգամավոր, իսկ տգետը` ակադեմիկոս: Այդ ժամանակ լռել` նշանակում է հենց անմաքուր դառնալ, մասնակցել պղծությանը, աջակցել դրան... Նպաստել կոռուպցիայի ամենասոսկալի տեսակին` հոգեւոր կոռուպցիային... Այս մտքերն էին ինձ համակել, երբ կարդում էի ՀՀ ակադեմիայի թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանի` «Սեն-Մարտենը ֆրանսիական հայագիտության հիմնադիր» գիրքը, որը տպագրել է «Զանգակ» հրատարակչությունը: Գիրքը կարդալիս ամոթից կարմրում ես, սակայն ավարտելիս մեծ մի ցասում է քեզ համակում, եւ ամենեւին քաղաքավարության պակաս մի համարեք, երբ չես կարողանում զսպել այդ ցասումը` թեկուզեւ երբ դիմացդ կին է, երբ ուզում ես անգամ կնոջ դեմքին ճչալ` այս ո՞ւմ վրա ես թուր բարձրացրել, մի՞թե կարծում ես, թե կարող ես աջ ու ձախ ասպատակել... Մի՞թե կարծում ես, որ մենք արդեն այն օրն ենք ընկել, որ ոչ ոք ձայն չի հանի, եթե հայերենը, միտքը, գիտական բարեխղճությունը, տրամաբանությունը եւ այլն կարող ես դեմդ արած քշել եւ կոտորել անգրագիտության մարագներում: Ես հասկանում եմ, որ նախկինում վեց ուղղագրական, կետադրական եւ տրամաբանական սխալի համար դիմորդները երկուս էին ստանում, իսկ այսօր վեց հարյուր սխալով ակադեմիայի թղթակից-անդամ են դառնում, բայց` հոպ. անշուն գյուղ չես մտել, եւ հայոց լեզվի տերերը դեռեւս չեն մեռել... Ես բաց եմ թողնում ամեն էջում վխտացող բազմաթիվ քերականական սխալները («Սեն-Մարտենը հիշեցնում է, թե 1537 թվականին Bolghari» քաղաքը անմարդաբնակ էր», էջ 154, պետք է լինի` «հիշեցնում է, որ...»), «...հայերեն մեկնողը եղել է քիչ կրթված եւ հմտություն չի ունեցել գլխատառերով փորագրված տառերը ճիշտ հասկանալ...», էջ 153, շարահյուսական եւ շարադասական հազիվ կռահելի կառույցները («Եզնիկի երկը ինձ թվում է առավել հետաքրքիր, քան միեւնույն ժանրով ստեղծված նույն ժամանակում ապրած հույն հայրերի եւ աստվածաբանների գործերը», էջ 142, պետք է լինի «... քան նույն ժամանակում ապրած հույն հայրերի եւ աստվածաբանների` միեւնույն ժանրով ստեղծված գործերը»), ոճական («...Եվրոպայում հայագիտությանը գիտական սեւեռնամիտ ուղղություն դարձրեց... Սեն-Մարտենը», էջ 5»), տրամաբանական («Սեն-Մարտենը այն գիտնականն է, որի կազմած ծրագրերը, հայագիտության օգտակարությունը համաշխարհային պատմագիտության ..., քրիստոնեական կրոնի պատմության խնդիրներում ցարդ մնում են ելակետային», էջ 5), ինչպես նաեւ գիտական անհեթեթությունները («Անցյալի հայագետներին անդրադառնալու գիտական անհրաժեշտությունը հիանալի բացատրել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համլետ Ա. Գեւորգյանը»,- եւ այնուհետեւ արվում է մի ընդարձակ մեջբերում, որում «անցյալի հայագետներին անդրադառնալու» ոչ մի բացատրություն չկա,- այդպես ամբողջ գիրքը լեցուն է մեջբերումներով, որոնք նյութի հետ կապ չունեն եւ, պարզ է, արվել են գրքի «ծավալային կերը» ապահովելու համար): Ես բաց եմ թողնում ժամանակային ձեւերի անհամաձայնությունները, որոնք պարզապես հուսահատեցնում են («Նրա առաջնահերթ խնդիրն էր այցելել Հռոմ, խոնարհվել Հիսուսի սուրբ առաքյալներ Պողոսի եւ Պտրոսի գերեզմանների առաջ, հետո Գալիզիայում տեսնել սուրբ Հակոբի գերեզմանը, իր պաշտամունքը մատուցեր...հռչակավոր սրբերի մասունքներին», էջ 132), ենթակայի եւ ստորոգյալի` տարրական դասարանցուն անպատշաճ անհամաձայնությունները («Հատկապես արդյունավետ է եղել Շուլցի գիտական պրպտումները Վան քաղաքում...»), եզակիի եւ հոգնակիի մանկապարտեզային անհամաձայնությունները («...այն ինչ նրանք ասում են հիմա` մեծ նմանություն ունեն այն մանրամասների հետ...». էջ 124) եւ այլն, եւ այլն... Ես բաց եմ թողնում նաեւ ծիծաղ հարուցող ձեւակերպումները («Հենց սկզբում հայագետը որակում է (երեւի ուզում է ասել` բնութագրում է Հ, Մ.) Մովսես Խորենացուն` ըստ հայկական ավանդույթի կոչելով Քերթողահայր: Եզրույթը բացատրում է «poe՛te grammairien», այսինքն` բանաստեղծ քերականագիտության դպրությանց հետամուտ», էջ 108),- այսպես «ըստ ավանդույթի» աջ ու ձախ «որակելով», ծիծաղ հարուցելով եւ ասպատակելով:- Ես անդրադառնում եմ լեզվական այն գ ռ ե հ ի կ եւ պարզապես վիրավորական սխալներին, որոնք պարզապես վխտում են այս գրքում... Գրքի «ՍենՄարտենի կյանքը» գլուխը բնականաբար թարգմանություն պետք է լինի, այստեղ կուրյոզները քիչ են` ամեն էջում, դե մի վեց-յոթ հատ («Անտուան-Ժան Սեն-Մարտենը ծնվել է ... L Hotel de Ville-ի հարեւանությամբ գտնվող բնակավայրում (Փարիզի քաղաքային շրջանակում, էջ 8)», «հայագետը գիշերները անցկացնում էր գրական հետազոտությունների վրա), նույն էջում, (...«առաջընաց է ցուցաբերում ուսման մեջ»,- երեւի ուզում է ասել` առաջադիմություն, նույն էջում), 11 էջում Նապոլեոնի հարյուր օրվա իշխանությունը հասցնում է 1813 թ., 12-րդ էջում ոճական մի գլուխգործոց է կերտում («...Շահան Ջրպետը ... իր հայերենի քերականության գրքում բերում է որոշ հայերեն բառերի սխալ հասկացված լինելը»), 15-րդ էջում գերազանցում է ինքն իրեն («1831-ին դիմում է College de France-ում որպես պատմություն ավանդող աշխատելու»), «հասնում [է] Եփրատ եւ Տիգրիս գետերին առնչվող տարածքները»,- երեւի ուզում է ասել` հարող), էջ 17, «... որոնց ծանոթ էր հատուկտոր հատվածներով»,- երեւի ուզում է ասել «հատուկենտ), էջ 18, «... մտադիր էր անձամբ ուսումնասիրելու», եւ այլն, եւ այլն... Ես զերծ եմ մնում նաեւ ոճական պարզունակությունները մատնանշելուց եւ անցնում գրքի այսպես կոչված «հեղինակային» մասի` ««Հիշատակարաններ Հայաստանի պատմության եւ աշխարհագրության» գրքի երկու հատորները» գլխի հայերենին: «Հայագետի այս աշխատությունն իրականացրել է հեղինակի սպասումները»,- երեւի ուզում է ասել` արդարացրել է, էջ 39, մի չքնաղ տրանսպորտային զեղում` «...որոնք Արարատ լեռան հետ են կապում Նոյի տապանի կանգառը եւ մարդկության բնօրրանը», էջ 45, 3 տող անց` «[նա] նույն ձեւով Նախիջեւան բառը համարում է այն տեղը, ուր առաջին անգամ իջեւանել է Նոյը», «Այդ դարի մասին հաղորդածի համար Սեն Մարտենը Փավստոս Բուզանդին նախապատվություն է տալիս Խորենացուց, որն այդ դարի մասին առավել կարճառոտ է գրել», էջ 46... Բա: Իսկ 47-րդ էջում արված է մի գյուտ, որին հայագետները երեւի վաղուց էին սպասում. «... բազմաթիվ հայ միջնադարյան աղբյուրներ Սեն Մարտենը քաղել է հայկական ձեռագրերից, դրանց տպագիրը չլինելու պատճառով»: Ոնց որ ասես` «Գեւորգ Մարզպետունուց» արված մեջբերումները արված են «Գեւորգ մարզպետունի» վեպից... դրա տպագիր լինելու պատճառով: «Ստեփանոս Օրբելյանը եղել է... ամենաեռանդուն հակառակորդներից այն հայ հոգեւորականների դեմ...», էջ 56, «... որպեսզի նրան օծի Սյունիքի հովվապետի թափուր պաշտոնում», էջ 57: Ես չեմ անդրադառնում նաեւ բազմաթիվ անհեթեթ պատմական եւ թվային իրողություններին (օրինակ` որ 1832 թ. մահացած Սեն-Մարտենը Ստեփանոս Օրբելյանի մահվան թվականը համարում է 1904-ը): 81-րդ էջում «ֆեոդալական կարգերի» այնպիսի մի նոր բնութագրում է տրվում, որ կարող ես ուղեղի ցնցում ստանալ, գոտեպնդվեք եւ լսեք` «... ի՞նչ են ֆեոդալական կարգերը: Դա նվաճումն է մի մեծ տարածքի ռազմական ուժի միջոցով`բաժանված զինվորական միավորումների միջեւ»: Իսկ լսած կա՞ք, որ «Նրանց ասպետները մարտնչում էին ձիերի վրա նստած, մարդիկ, որոնք կռվում էին հետեւակ, համարվում էին առ ոչինչ», էջ 80: Բայց ես ինչպե՞ս բաց թողնեմ 85-րդ էջի այս զավեշտը. «Նա [Սեն-Մարտենը] ուսումնասիրել է Արշակունիների 4 ճյուղերը` Պարսկաստանի, Հայաստանի, Հնդկաստանի կամ Բակտրիայի, որոնք հայկական եւ չինական մատենագիրների մոտ հայտնի են Քուշան անունով եւ հյուսիային Արշակունիներ»): Բազում թերասացություններից մեկից պարզվում է, որ «... հայոց արքա Տրդատ Մեծը ոչ միայն տեսել էր կույսին, այլեւ հարսանյաց զգեստներ հագած Հռիփսիմեի հետ փորձում էր առագաստ մտնել, սակայն աստվածային ուժ ստացած Հռիփսիմեն հաղթում է տիտանական ուժի տեր Տրդատ արքային, որի պատճառով եւ ինքը, եւ իր քրիստոնյա մայրապետն ու մյուս կույսերը հայոց արքայի հրամանով նահատակվում են` խոր ցավ պատճառելով կույսին սիրող արքային», դե արի ու հասկացիր, թե եթե Հռիփսիմեն հարսանյաց զգեստներ էր հագել, ապա ինչո՞ւ արքայի հետ առագաստ չէր մտնում, իսկ եթե արքայի հրամանով նահատակվում է` ինչո՞ւ է խոր ցավ պատճառում այդ նույն արքային»): Չմոռանանք նաեւ անհարկի, պարզապես էջ լցնող մեջբերումները, թեկուզեւ դրանք աչքին թոզ փչելու համար արված լինեն ֆրանսերեն կամ անգլերեն, չմոռանանք ոճական, թեեւ ի՞նչ ոճական` պարզապես լեզվական անգրագիտությունները` «...ֆիլիքս Նեւը խոր հարազատություն է տեսնում իր եւ Հովհաննես Դրասխանակերտցու հոգեկան ուղղվածության մեջ», էջ 73, պետք է լինի` միջեւ,- վխտացող ռուսիզմները` «Սեն Մարտենը նկատում է, թե Արշակունիների մոտ չկար ստրկատիրություն», էջ 79, ծիծաղելի եւ... ողբերգական ձեւակերպումները, որոնք անգամ մեր օրերի ամեն ինչ տեսած սեքսոպաթոլոգին մեծ հնարավորություններ կարող են տալ` «Պարթեւ ազնվականները երկաթե պահպանակներ ունեին թե իրենց եւ թե ձիերի վրա», էջ 80,- մեղա~, անգամ Հիչկոկի մտքով չի անցնի պահպանակ օգտագործող ձի,- «...դեռ չկային համապատասխան դասագրքեր` հայերենը ֆրանսիացիների համար կտրվածքով», էջ 102, «Սակայն այդ լեզվի անթերի իմացականությանը հասնելու համար...», էջ 102, երեւի ուզում է ասել` իմացությանը, «...Լոխմանի գիրքը ներկայացնում է արաբական-քրիստոնեական համընդհանուր մտածողության դրսեւորումը»,- այս նախադասության մեջ զգացվում է Ծաղիկ Ռուբոյի ոճի խորունկ ազդեցությունը... Իսկ հեղինակի քաղաքական հայտնագործումներն ավելի լավ է թաքուն մնան, թե չէ` աշխարհը կխառնվի իրար, բայց ես չեմ չափազանցում, 93-րդ էջում այդ մասին շատ խորհրդավոր կերպով ինքն է գրում. «Շատ դարեր առաջ բազմաքանակ հայեր... եկել ու հաստատվել են Ղրիմում»` մեջբերում է նա ՍԵն-Մարտենին եւ եզրակացնում` «Այս փաստը հիմա պիտի որ ցնցում առաջացնի Ռուսաստան-Ուկրաինա քաղաքական բախումների մեջ» (ես ընթերցողին խնդրում եմ, այդ բախումներից մի կերպ խուսափելու համար, այդ մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանի կամ Ուկրաինայի ղեկավարությանը,- մեկ էլ տեսար հեղինակի ասած «ցնցումն» առաջացավ եւ այն էլ` քաղաքական բախումների «մեջ»): Իսկ այս տիպի նախադասություննե՞րը` «Այս իրադարձության մասին հնությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդում», էջ 113, «Սեն-Մարտենը ներկայացնում է ... պատմական երկի բազմաթիվ սխալներ ունենալը», էջ 118, «Հայագետը բանավիճում է Ղ. Ինճիճյանի մի քանի անվանումների եզրույթների, բառերի առումով»,- նախ` ինչ է նշանակում «անվանումների եզրույթներ» եւ հետո` մի՞թե բանավիճում են առումով»: Ահա այսպիսի բազմաթիվ մանրուքներ, որոնք այսօր մեր շուրջը եւ հեռուստատեսությամբ հնչող խուժանի հայերենը լրացնում են տգետի հայերնով: Ինքդ քեզ վրա բարկանում ես, որ զբաղված ես նման անհեթեթություններ կարդալով, բայց ի՞նչ անես, երբ դրանք այսօր դարձել են «ընդհանուր տեղ», երբ հիմա էլ իրեն գիտնական հռչակած ասկյարն է տգիտության յաթաղանը քաշած` հարձակվել հայերենի, հայագիտության եւ ընդհանրապես մտքի վրա... Նման գրքերը թերթելիս ամոթից գետինն ես մտնում, որ այսքան ընկել ենք, եւ լացդ գալիս է, որովհետեւ տեսնում ես, որ սա դեռ վերջը չէ... Շարադրանքի պարզունակությունից խելագարվում ես: Կրկնություններից եւ անհարկի մեջբերումներից ձանձրանում ես: Անկապություններից բարկանում ես... Այս ո՞ւր ենք հասել, որ մեր իրականության մեջ «պատերազմ բոլորի` ընդդեմ բոլորի»-ն մի աստիճան էլ է անկանել եւ դարձել «պոչ բոլորի ոտքերի տակ բոլորի»:- Իրոք, հանցանքն այնքան չի կապում մարդկանց, որքան տգիտությունը, եւ կա՞ արդյոք ավելի մեծ կլան եւ կապվածություն, քան տգետների կլանն ու կապվածությունն է... |