ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԵՏԱԳԻԾԸ Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ Նշանավոր արվեստաբան Պողոս Հայթայանի տարիների հանրագումարը հանդիսացող «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն. 1962-2014» վերտառությամբ գրքի մասին մեր մտորումները վերնագրելիս հենց իրեն դիմեցինքՙ նրա հոդվածներից մեկի խորագրով փորձելով արժեւորել գիրքը, նրանում տեղ գտած 55 դիմանկարը, որոնք բոլորն էլ, գրեթե առանց բացառության, ներկայացնում են XX դարի հայ կերպարվեստը, նրա ընթացքի բազմազանությունն ու յուրատիպությունը: Ընդհանուր համատեքստից դուրս թողնելով Էժեն Դելակրուային ու Հակոբ Կոջոյանին, որոնց անդրադարձներն ունեն իրենց հիմնավորումներն ու բացատրությունները, գիրքն ամբողջապես ընդգրկում է բացառիկ ու եզակի «վաթսունականները»ՙ գեղարվեստական այս շարժման շրջանակների մեջ դիտարկելով նաեւ Երվանդ Քոչարին, Հակոբ Հակոբյանին, որոնք գեղարվեստական այլ իրականության ներկայացուցիչներ լինելով, ներդաշնորեն ձուլվեցին այս ժամանակաշրջանինՙ դառնալով նրա առաջնորդներից: Պողոս Հայթայանը նույն այս «վաթսունականների» ծնունդ է իր գեղագիտական ըմբռնումներով ու ընկալումներով, այս ժամանակի տարեգիրն ու գնահատողն է, շատ հաճախՙ ուղղորդողն ու հուշողը, քանզի, ի տարբերություն շատ արվեստաբանների, նա գեղարվեստական փաստի արձանագրող ու գնահատող չի եղել միայն, այլեւ հուշել է, կանխատեսել, առաջադրել նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, իր հոդվածներից շատերում քննարկել տիրապետող գեղարվեստական ուղղությունների խնդիրներն ու առաջադրել նոր հայեցակարգեր, գեղագիտական նոր չափումներ եւ ընկալումներ: Նրան իրավամբ կարող ենք ազգային մոդեռնի ու նեոմոդեռնի տեսաբան համարելՙ այսպես առանձնացնելով մյուս արվեստաբաններից, այսպես ընդգծելով ու արժեւորելով նրա տեղը մեր կերպարվեստագիտության տեսական թափանցումների ընթացքի մեջ: Պողոս Հայթայանի սույն գրքի «գլխավոր հերոսը» ժամանակն էՙ տարափոխվող, նոր հայեցակարգեր առաջադրող ժամանակը, որի հոլովույթում են գործել արվեստաբանի կողմից արժեւորված նկարիչներն ու քանդակագործները: Ժամանակի ու գեղարվեստական իրականության զուգակցումը արվեստաբանը դիտարկել է ոչ այնքան գեղարվեստական միտումների բազմազանության, որքանՙ ազգային կերպարվեստի շարունակականության մեջ, առանձնացրել այն ավանդույթները, որոնք հայտածվելով նոր ժամանակների մեջՙ ձեւավորել են ժամանակների ու գեղարվեստական ավանդույթների կապը, քննարկման նյութ դարձրել հարստացումներն ու փոխհարստացումները: Այսինքն, բոլոր դիմանկարային ակնարկները, որոնք նաեւ տեսական բանավեճերի ու դիտարկումների ուրույն հանգրվաններ են, քննարկվել են ժամանակի ու ավանդույթների փոխկապակցումների համատեքստումՙ այսպես հետամուտ լինելով շարժման տեսությանը: Սա նոր մեթոդ է ազգային արվեստաբանության մեջ, սա ինքնահատուկ համադրականության սկզբունքն է, որը հաստատում է Պողոս Հայթայանը եւ հավատարիմ մնում իր առաջադրածին, իր կողմից սկզբունք հռչակվածին: Եվ Պ. Հայթայանի արվեստաբանությունը հենց սրանով է արժեքավոր, քանզի նա հետազոտում է յուրաքանչյուր կերպարվեստագետի ժառանգականության խնդիրը, ավանդույթի ու նորարարության փոխկապակցումը դիտարկում որպես ազգայինի դիալեկտիկական ընթացք: Սույն գիրքը կարող էր նյութ դառնալ գիտական հիմնավոր աշխատության, որում տեսական թափանցումների ու դիտարկումների արդյունքում կստացվեր մի չափազանց հետաքրքրական հետազոտություն, որը համապարփակ կներկայացներ այն կերպարանափոխություններն ու զարգացումները, որոնք գերակա դարձան ամբողջական մշակութային շերտ կազմող «վաթսունականցիների» շնորհիվ: Պողոս Հայթայանի հետազոտած ոչ բոլոր նկարիչներն են «ենթարկվում» «վաթսունականցիների» առաջադրած մեթոդաբանական խնդիրներին, ոչ բոլորն են իրենց ձեռքբերումները կապակցում գեղագիտականի այն ընկալումներին, որոնք հաստատեց այդ սերունդը: Նրանցից ոմանք գործում են իրենց ձեւավորած ժամանակի մեջ, ազգային կերպարվեստի ավանդույթների հարստացման յուրատիպ առաջադրանքներով, սակայն անգամ հակադրության մեջ են սերնդակիցների հետ: Սա մեր կերպարվեստի առանձնահատկություններից է, որն այնպես խորքով եւ ինքնատիպորեն է զգացել ու վերարտադրել արվեստաբանըՙ ամեն մի նկարչի մեջ շեշտելով-ընդգծելով բնորոշը, ոչ տիպականը, այլՙ անհատականը: Արվեստաբանը քննում է ազգային դիմագծի ներկայության խնդիրը, ինչը նրա համար յուրատիպ չափորոշիչ է: Ազգայինի շեշտավորումը բնավ էլ չի նշանակում պահպանողականություն, մեկուսացվածություն եւ կամ գավառականության արտահայտություն: Արվեստաբանը դեմ է չափանիշների ու արժեքների անկմանը, եվրոպական կամ համաշխարհային կերպարվեստի տարբեր դրսեւորումների էպիգոնությանը, դրանց արհեստական ներմուծմանը: Ամեն մի համադրում պիտի լինի գեղարվեստական որոշակի խնդիրների շրջանակում, պիտի բխի այն տեսադրույթից եւ գեղագիտական սեւեռումից, որոնք տվյալ արվեստագետինն ու նրա ժողովրդինն են: Ահա արվեստաբան Հայթայանի սկզբունքը, ահա սույն գրքում տեղ գտած հոդվածների ելակետը եւ բացատրությունը: Պողոս Հայթայանը մի ամբողջական համապատկեր է ներկայացրել իր գրքումՙ անդրադառնալով XX դարի երկրորդ կեսից, մասնավորաբար վաթսունական թվականներից մեր կերպարվեստում որոշակի ներդրումներ արած, գեղարվեստական տեսադաշտը ընդլայնած բոլոր նշանավոր ու նկատելի անհատականություններինՙ երբեմն ներքին փոխկապակցվածություն տեսնելով նրանց միջեւ, տեսնելով միասնական գեղագիտական խնդիրների բազմազան լուծումներ եւ նոր մոտեցումների երեւակումներ: Բարդ ժամանակաշրջանի քննությամբ է զբաղվել Պողոս Հայթայանը: Բարդ, որովհետեւ յուրովի փշրվում-ավերվում էին սոցիալիստական ռեալիզմի մեթոդաբանության հաստատած շատ կաղապարներ, տեղի էր ունենում ձեւի ու բովանդակության բախում, ազգային մտածողությունը դառնում էր դոմինանտ, շատ նկարիչներ, ինչպես Վերածննդի մեծերը, վերադառնում էին ազգային արմատներին, միջնադարյան գեղանկարչության գունային-կոմպոզիցիոն որոշ հաստատումներին եւ այդ ամենի մոդեռնացմամբ հասնում էին ժամանակի գեղարվեստական խնդիրների արծարծմանը: Այս բարդ ու ինքնատիպ ժամանակի ամենակարճ բանաձեւումը տվել է Պողոս Հայթայանըՙ Ռուբեն Ադալյանին նվիրված հոդվածը կոչելով «Արդիականի որոնումները»: Ռուբեն Ադալյանը ժամանակի գեղարվեստական բոլոր ձեւերի ու մոդեռնիստական հաստատումների ինքնատիպ խորհրդանիշն է, սերնդի խորհրդանիշը, որի գեղանկարչության սկիզբը հրաշալի Ռենեսանսն է, շարունակությունըՙ արդիականության որոնումը: Եվ հենց Ադալյանի ստեղծագործությանը տրված բնութագրումն էլ դառնում է բանաձեւ մի ողջ սերնդի համար, ժամանակի համար: Ժամանակ եւ անհատ փոխհամաձայնության խնդիրը դարձնելով բոլոր հոդվածների ուրույն հայեցադրույթըՙ Հայթայանը կարողացել է նուրբ ու խորագնա դիտումներով եւ վերլուծություններով ներկայացնել Վարոս Շահմուրադյանի, Մինաս Ավետիսյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Ջիոտտոյի, Արտո Չաքմաչյանի, Արա Շիրազի, Սեյրան Խաթլամաջյանի, Վարուժան Վարդանյանի, Էդվարդ Արծրունյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, այլոց ստեղծագործությունները: Այս եւ չթվարկածների շարքում կան կերպարվեստագետներ, որոնք լինելով չափազանց ինքնատիպ անհատականություններ, հանիրավի մոռացության են տրվել, նրանց նկատմամբ ձեւավորված անտարբերությունը առիթ է եղել ոչ թե շնորհների պակասի, այլ չհասկացվածության, քանզի առավել խորքային են նրանք, քան ընկալվել ու գնահատվել են: Այսպես, գրքի նվաճումներից մեկը Ջիոտտոյին նվիրված հոդվածն է, որի միջոցով ծանոթանում ենք մի բացառիկ նկարչի, որն ազգային մեծություններից մեկն է, կերպարվեստում սեփական օրենքները, կոմպոզիցիայի սեփական կանոնները հաստատած հզոր անհատականություն: Լինելով ազգային կերպարվեստի թիֆլիսյան դպրոցի ներկայացուցիչ, Գեւորգ Գրիգորյանըՙ Ջիոտտոն, բոլորից առանձնանում էր «ընդգծված ազգային խորքով, մոնումենտալ կերտվածքով, խորը դրամատիզմով»: Այս առանձնահատկությունը շեշտելով, Հայթայանը խորացել է նկարչի դիմանկարների եւ նատյուրմորտների մեջ, տեսել դրանց եզակիությունը, գունային զարմանալի լուծումները, որոնք տանում էին դեպի թանձր խտացումներըՙ կարծես հակադրության մեջ մտնելով նույն թիֆլիսյան դպրոցի մեծանուն ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արտակարգ գունախաղերի հետ: Ներշնչանքով ու ոգեւորությամբ է գրել Պողոս Հայթայանը Ռուդոլֆ Խաչատրյանի մասին, ստեղծել ամբողջական դիմանկար-ակնարկՙ արծարծելով նաեւ նկարչի մարդկային ֆենոմենալ կերպարի առանձնահատկությունները, ուշադրություն սեւեռել այն հանգամանքին, որ Խաչատրյանի արվեստի ինքնատիպությունը նրա յուրատեսակ թեզի մեջ է. «Մարդուն դիտել «ներսից», հասկանալ նրա աստվածային եւ տիեզերական խորհուրդները, տարածաժամանակային ընդգրկումներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց հետեւանքով առաջանում է ձեւերի մի նոր շղթա, ուր իրականն ու երեւակայականը միահյուսվում են իրար: Միթոսի, այլաբանության, կերպափոխության երեւույթները դառնում են առանցքային գեղարվեստական խնդիրներ»: Իսկապես բացառիկ դիտարկում, որը հաստատում է Պողոս Հայթայանիՙ կերպարվեստի խոր իմացությունը, նկարչի ստեղծագործության եզակիության ընկալումն ու դրա տեսական ձեւակերպումը: Շատերն են գրել Ռուդոլֆ Խաչատրյանի մասին, սակայն նման դիպուկությունը բնորոշ է միայն Պողոս Հայթայանին, որովհետեւ ինչպես այս, այնպես էլ մյուս հոդվածներում նա կարողանում է ի ցույց դնել կերպարվեստագետի գաղափարական-փիլիսոփայական սեւեռումները, գեղագիտական հաստատումները, գեղարվեստական հայտնությունները: Արվեստաբանը սահմանագծեր չի դնում 60-70-80-ականների սերունդների միջեւ, չի տարանջատում նրանց, սակայն Վարդան Թովմասյանի, Սամվել Չիբուխչյանի, Վահան Ռուսելյանի, Արա Հայթայանի եւ այլոց ստեղծագործությունները գնահատում է իբրեւ էվոլյուցիոն իրողություն մեր կերպարվեստում, իբրեւ «վաթսունականցիների» հաստատումների նոր դրսեւորումներՙ միանգամայն նոր գեղարվեստական «առաջադրանքների» համածիրում: Արվեստաբանը կարողանում է ինքնատիպ կապ ձեւավորել նշյալ անունների եւ արդեն իսկ դասական մոդեռնի լավագույն ներկայացուցիչներ Ռուբեն Ադալյանի, Րաֆֆի Ադալյանի, Հարություն Կալենցի, Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունների միջեւ: Պողոս Հայթայանը առանձնացնում է փորձարարության տարբեր դրսեւորումները տարբեր սերունդների ստեղծագործությունների մեջ, սակայն շեշտում է մի կարեւոր հանգամանք, ըստ որի բոլորի համար առաջնայինը ազգայինի տարաձեւումներն են: Հայթայանը շեշտել է այն հանգամանքը, որ «ժամանակակից արվեստը բարդ գործընթաց էՙ համաշխարհային մշակութային երեւույթ, ուր ավանդական ֆենոմեններին (լույս, գույն, պլաստիկա, նորաձեւեր) գալիս են միանալու պատմամշակութային շերտեր, սոցիում, քաղաքականություն, կեցություն: Ավանդական ժանրային սահմանները վաղուց արդեն խախտվել են, առաջացել նորերը, ինչ խոսք, ինտելեկտուալ բազմակողմանի կրթվածություն պահանջող»: Սա նրա համար ոչ միայն ըմբռնողություն է, եզրահանգում, այլեւՙ ելակետ եւ հայեցադրույթ: Այս ամենի շեշտավորմամբ է նա դիտարկել իր գրքում ներկայացված բոլոր նկարիչներին ու քանդակագործներին: Ասել է թեՙ Պողոս Հայթայանն առաջադրել է նոր դիտակետեր եւ նոր մոտեցումներ, նաեւ հուշել մեր արվեստաբանության նոր ճանապարհը, քանզի շատ հաճախ արվեստաբանություն ասելով մենք հասկացել ենք պատմագեղարվեստական ընթացքի նկարագրություն եւ ստեղծագործության թեմայի ու սյուժեի վերապատմում, լավագույն դեպքումՙ կոմպոզիցիայի ու գույնի արտարծած զգացողությունների մատուցում: Պողոս Հայթայանը ստեղծել է հայեցակարգային-կոնցեպտուալ արվեստաբանություն եւ ամեն ինչ ենթարկել այդ արվեստաբանության առաջադրած խնդիրներին: Պողոս Հայթայանի գիրքը մեր ազգային արվեստաբանության կարեւորագույն հանգրվաններից մեկն է, գիտական սեւեռումների բազմաթիվ հուշումներ պարունակող, մի ողջ ժամանակաշրջանի գեղարվեստական կերպարներ արտացոլող իրողություն, որը կարող է նաեւ դասագիրք ու յուրատեսակ հանրագիտարան հռչակվել: Սա նշանավոր արվեստաբանի վաստակի ու գիտական-արվեստաբանական ժառանգության խտացումն է: Ուրեմնՙ խիստ արժեքավոր եւ առանձնահատուկ: |