RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-11 22:34:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1090, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ. «ՆՈՒՅՆԻՍԿ ԽՍՀՄ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉՈՒՆԵԻՆՔ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՐՈՒՍՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔ»

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Ավարտին է մոտենում Արամ Խաչատրյանի անվան տասնմեկերորդ մրցույթը

Հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը արդեն 11-րդ անգամ մեկնարկեց մեծագույն կոմպոզիտորի անունը կրող երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը (այս տարիՙ ջութակի գծով), որն անցնում է ՀՀ նախագահի տիկին, մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ինչպես նույն օրը կեսօրին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում նկատեց մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, միջազգային հումանիտար-մշակութային համագործակցության գծով ՀՀ նախագահի խորհրդական, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը , երբ 2003-ինՙ Արամ Խաչատրյանի 100-ամյակի շրջանակներում իրենք անցկացրեցին իր անվան առաջին մրցույթը, այն, թեեւ միջազգային էր, սակայն մասնակիցները հիմնականում հայեր էին, եւ այն էլՙ ընդամենը մի քանի երկրից:

Դեսպան Սմբատյանի վկայությամբ, այսօր, 11 տարի անց, մրցույթին մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ 16 պետություններից, եւ վստահությամբ կարելի է ասել, որ մրցույթը ճանաչելի է միջազգային մշակութային ասպարեզում.

«Իհարկե՛, այստեղ կարեւոր հանգամանք է այն, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից հանդիսանում է մի շատ հեղինակավոր կազմակերպությանՙ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ, որը, բնականաբար, ամբողջ երաժշտական աշխարհում ներկայացնում է Հայաստանը եւ մրցույթը, սակայն օբյեկտիվ գործոնն այստեղ այն է, որ մենք այս բոլոր տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել իսկապես միջազգային մակարդակ, ինչպե՛ս կազմակերպման եւ անցկացման, այնպե՛ս էլ ժյուրիի անդամների, նաեւՙ մասնակիցների մակարդակի առումով: Եվ չեմ կարծում, որ չափազանցություն կլիներ ասելը, որ մեր մրցույթը զբաղեցնում է իր արժանի տեղն այնպիսի միջազգայնորեն ճանաչված մրցույթների շարքում, ինչպիսիք են Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթը, Բրյուսելի եւ Մոնրեալի մրցույթները»:

Այս տարի ստացվել էր մրցույթին մասնակցելու 60 հայտ, եւ նրանցից ընտրվել են 25-ը:

Հուրախություն մեզ, նրանցից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ են, մշտապես բնակվող Հայրենիքում, ընդծեց պրն Սմբատյանը: Նա շնորհակալություն հայտնեց WFIMC-ին այն բանի համար, որ տրամադրել է որպես ժյուրիի անդամ հիրավի համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների եւ մանկավարժների:

Ժյուրիի նախագահն է ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը:

Ինչպես նկատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, անխոս, լիովին հաջողված նախագիծ է, եւ այս հաջողությունը պետք է գնահատել ըստ արժանվույն:

Պրն Պողոսյանը տեղեկացրեց, որ մայիսի 8-ին կայացած WFIMC-ի տարեկան գլխավոր վեհաժողովի նիստում որոշվել է «դիրիժորություն» մասնագիտությունն ընդգրկել այս մրցույթի ցանկում, ինչը, իհարկե՛, վկայություն է մրցույթին ավելի բարձր վերաբերմունքի: Նաեւ որոշում է ընդունվել Ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայի 2016-ի նիստը Երեւանում անցկացնելու մասին:

Էդուարդ Թադեւոսյանի խոսքերով, մրցույթի միջազգային ճանաչման փաստը պարտավորեցնող է, հատկապես` երիտասարդ մասնակիցների համար:

Պատասխանելով «Ազգ»-ի հարցին, Արմեն Սմբատյանը մասնավորապես ասաց. «Գիտե՛ք, դժվարին 90-ականների սկզբին երազում էի, որ Երեւանը, Հայաստանը կրկին դառնան մշակութային փառատոների կենտրոն, եւ այսօր կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականացավ... Ավելի՛ն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանն այսօր համաշխարհային մշակութային կենտրոն է, անկախ Հայաստանում այսօր այնքան շատ են մշակութային միջոցառումները, որ դրա մասին մենք երազել անգամ չէինք կարող նույնիսկ Խ. Միության տարիներին... Վենետիկի Բիենալեում հայկական տաղավարը վերցնում է Գրան Պրին, գրեթե բոլոր մեր համույթները, ե՛ւ մեծերի, ե՛ւ երեխաներիՙ մեծ, աննախադեպ հաջողությունների են հասնում շրջագայելով աշխարհով մեկ, վիթխարի ցուցահանդեսներ նվիրված հայերին եւ Հայաստանին աշխարհի լավագույն թանգարաններումՙ Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա` բոլորը չեմ էլ կարող թվարկել ... Ինչո՞ւ մենք, հայերս, մշտապես, անդադար խոսում ենք միմիայն նեգատիվ, բացասական բաների մասին... Մինչդեռ այսօր մեզ թթվածնի նման պահանջվում է դրականը, այսպես կոչված պոզիտիվը... Եվ մեր հարստագույն մշակույթը, հնագույն եւ հավերժ երիտասարդ, կարող է եւ պետք է լինի հենց այդ «պոզիտիվի» անսպառ աղբյուր...»:

Ա. Սմբատյանը բարձր գնահատեց պետության դերը հայ մշակույթին աջակցելու հարցում: Ըստ նրա, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը «իր համեստ ներդրումն ունի հայ բարձրակարգ արվեստի մասսայականացման եւ արտերկրում ներկայացնելու» գործում:

Հունիսի 12-ին եւ 13-ին կկայանա մրցույթի եզրափակիչՙ երրորդ փուլը, որին կմասնակցեն մեկական երաժիշտ Ֆրանսիայից, Իտալիայից, Սերբիայից, նաեւ` Դավիթ Արդուխանյանը (ՌԴ) եւ Մարիամ Վարդանյանը (ՀՀ): Առաջին օրը նրանք կկատարեն Մոցարտի թիվ 3 կամ թիվ 5 կոնցերտը ջութակի համար, իսկ մյուս օրըՙ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը:

Հունիսի 14-ին տեղի կունենա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ