RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015



ԳԻՐՔ-ԷՍՍԵ

Տեղադրվել է` 2015-06-11 22:34:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1237, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԿՈԼԱԺԸ

Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, ում հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաեւ այն ժամանակի մասին է, նաեւ այն ժամանակվա մարդկանց մասին, նաեւ Փարաջանովի ժամանակի մասին» , - սա ՀՀ ժողովրդական արտիստ, ականավոր կինովավերագրող Ռուբեն Գեւորգյանցի «Փարաջանով. Կոլաժ երկուսի համար» գրքի բնաբանն է, յուրատեսակ հանձնարարականը, որն ուղղորդում է ընթերցողին, հուշում: Ըստ էության, մեծերի յուրատեսակ զրույցն է, հիշողությունների ու հուշերի միջոցով ժամանակի մեջ ապրածի մարմնավորումն ու ներկայացումը: Սերգեյ Փարաջանովի մասին քիչ չի գրվել, եղել են էսսեներ, հիշողություններ, «Նռան գույնը» ֆիլմի ստեղծման պատմությունը, գիտական ուսումնասիրություններ: Սակայն հայ կինոբեմադրիչներից որեւէ մեկն այնպես համահավաք ու այնպես ամբողջական չի անդրադարձել 20-րդ դարի համաշխարհային կինոյի մեծություններից մեկին, ինչպես վարվել է Ռուբեն Գեւորգյանցըՙ հայ եւ համաշխարհային կինոյում իր հետագիծը ձեւավորած, վավերագրական կինոյի տիրույթներն ընդարձակած անհատականությունը:

Ռուբեն Գեւորգյանցի փարաջանովյան անդրադարձները չեն ամփոփվում այս գրքով, գիրքն ընդամենը հիշողությունների ու մտորումների, տաքուկ զգացողություններ ծնած հանդիպումների մասին է, մինչդեռ կինոբեմադրիչը ստեղծել է նաեւ իր տեսակի մեջ ինքնատիպ ու ուշագրավ, ինքնահատուկ գեղարվեստական լուծումների եւ գեղագիտական ընդհանրացումների վրա հենվող ֆիլմ, որն ամենաամբողջականներից մեկը եղավ այն ամենի մեջ, ինչը կինեմատոգրաֆում ստեղծվել է որպես փարաջանովյան կերպարի որոնման եւ հաստատման առհավատչյա: Սույն գիրքը Փարաջանովի մասին է, բայց ոչ միայն նրա, որովհետեւ գրքի էջերից հառնում են շատ ծանոթ ու նշանավոր դեմքեր, Ռուբեն Գեւորգյանցը հիշատակում է Գայանե Խաչատրյանին, հայ Թիֆլիսի ամենանշանավոր անհատականություններից մեկին, որի անունը հայտնի էր համաշխարհային շատ շրջանակներում, մինչդեռ այդպես էլ Հայաստանում շատ քիչ խոսեցին նրա մասին, քիչ արժեւորեցին, մինչդեռ նա մեր կերպարվեստում կանգնած է Մինաս Ավետիսյանի կողքինՙ իբրեւ նորարարության ու ազգային մոդեռնի մեծերից մեկը:

Ռուբեն Գեւորգյանցի գիրք-էսսեն սկսվում է Փարաջանովի հետ հեռակա ծանոթությամբ, երբ այդ ծանոթության համար կամուրջ դարձան «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմն ու այն իր ուսանողական ընկերների համար բացահայտած «մամոչկան»ՙ վաղամեռիկ Դավիթ Մկրտչյանըՙ Դոդոն, որի սիրելի ու թանկ կերպարը հառնում է գրքի էջերից: Հենց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմով է ձեւավորվում Փարաջանով-Գեւորգյանց բարեկամությունը, որը հետագայում բազմաթիվ ծալքավորումներ է ստանում, այդ ծալքավորումների մեջ ներառնելով բոլոր նրանց, ովքեր առնչվել են մարդ-առեղծվածին, ովքեր ձեւավորել են Փարաջանովի մասին միֆը: Ռուբեն Գեւորգյանցն իր գրքում ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին, Տոնինո Գուերրային, Ռոման Բալայանին, Լեոնիդ Գուրեւիչին, Նիկիտա Միխալկովին, մարդկանցՙ ովքեր կան ու ապրում են Գեւորգյանցի հիշողություններում, ովքեր իրենց ներկայությունն են հաստատել նրա կենսագրության մեջ եւ ովքեր իր նման ապրել են Փարաջանովով, ապրեցրել նրան: Իհարկե, պատումի հենքում կինոբեմադրիչի ընտանիքն է, հայրըՙ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կինոբեմադրիչ Ստեփան Կեւորկովը, հայկական դասական կինոյի ստեղծողներից մեկը, պատմա-հեղափոխական թեմայի լավագույն մեկնաբանը: Գրքի «Փլավը» գլխում Գեւորգյանցի մայրն է, ապաՙ Փարաջանովը: Փլավը դարձել է մտերմության նշանը, մի հարկի տակ միավորել դասական կինոյի ու «պոետիկ» կինոյի մեծերինՙ ստեղծելով մի զարմանալի-ինքնատիպ տրիպտիխ, որի երրորդ «կտավն» ինքն էՙ երիտասարդ Ռուբեն Գեւորգյանցը: Ինչպես այս, այնպես էլ գրքի մյուս գլուխներում առկա է ջերմ ու անմիջական պատումը, ուշագրավ դիտողականությունը, որոնք էլ հուշում են Ռուբեն Գեւորգյանցի գրական ձիրքի մասին: Իսկ այդ ձիրքը, բեմադրիչի առաջին գրական փորձերը գնահատողներից մեկը Փարաջանովն է եղել: Ռուբեն Գեւորգյանցն անդրադառնում է «Սայաթ-Նովա» սցենարին, որի հենքի վրա էլ նկարահանվեց «Նռան գույնը», որը սկզբնավորեց մի նոր շրջան համաշխարհային կինեմատոգրաֆում, բանաստեղծական մետաֆորը վերածեց գեղարվեստական-կինեմատոգրաֆիական մետաֆորիՙ նրա միջոցով միտքը դնելով շարժման մեջ, ստեղծելով մտքի ու պատկերի ուշագրավ միաձուլումը: Ուրույն ներշնչանքովՙ Ռուբեն Գեւորգյանցը ներկայացնում է սցենարի ընթերցանությունըՙ այստեղ եւս բացահայտելով շատերին անծանոթ Փարաջանովին. «Քար լռության մեջ միայն նրա ձայնն էր սավառնում դահլիճում: Ես էլ էի այնտեղ: Դա պոեզիա էր: Բալետ էր դա: Մնջախաղի թատրոն: Դա ասմունքի մեծ արվեստ էր: Մենք բոլորս տեսանք ֆիլմը: Մի ահռելի ֆոկուս էր դա... Եվ երբ նա ավարտեց ընթերցումը, դահլիճը երկա՜ր-երկար մունջ էր: Փարաջանովը մի տեսակ շփոթված նայեց շուրջը: Եվ այստեղ դահլիճը պայթեց: Բոլորը նետվեցին դեպի նա, բայց չգիտեինՙ ինչ ասել, թոթվում էին ձեռքերը, գգվում էին, ծիծաղում ու արտասվում, այո՛, արցունքներից թաց էին մարդկանց աչքերը: Այդ օրը, այդ ժամին հեղաշրջում կատարվեց ամենքիս գիտակցության մեջՙ ահա այսպիսի կինո էլ կա «այսպիսի մի ուրիշ կինոլեզու էլ կա: Սա մի նոր դպրոց է»: Անչափ կարեւոր է այս դիտարկումը, որովհետեւ այստեղ եւ՛ մեկ անգամ եւս բացահայտվում է Փարաջանովի արտիստիկ կերպարը, նրա ունիվերսալ էությունը, ե՛ւ, միաժամանակ, խոսվում է փարաջանովյան ինքնատիպության մասին, ինչի մասին տվյալ ժամանակաշրջանում լռել են շատերը, «Նռան գույնի» առթիվ լույս տեսած մի շարք գրախոսականներում բացակայել է այն, ինչը փարաջանովյան հայտնության արտահայտությունն էր, նրա գեղագիտության եզակիությունը: Ռուբեն Գեւորգյանցը ժամանակի վարագույրն է բացում եւ ասում այն, ինչը ժամանակին չի հնչել, սակայն քողարկվել է, քանզի Փարաջանովը ելնում էր խորհրդային կինոյում հաստատված «սոցիալիստական ռեալիզմի» մեթոդաբանության դեմ, համաշխարհային կինոյում հաստատում պոետիկ-էլիտար կինեմատոգրաֆի գոյության իրավունքը: Փարաջանովի մեծագույն ողբերգությունն այն էր, որ ապրում էր չհասկացվածության, իր յուրատիպ հեղափոխականության մեջ, նա ելնում էր կարծրատիպերի դեմ, բարձր արտիստականությունն էր դարձնում իր ստեղծագործության հենքը, ինչը ոչ միշտ էր ընկալելի, ընդունելի: Կար մեծ հակամարտություն Արվեստագետի ու Ժամանակի միջեւ: Ռուբեն Գեւորգյանցի այս մեկ դիտարկումն արդեն փոխում է մեր պատկերացումները, հաստատում այն միտքը, որ, այնուհանդերձ, մեծ նորարարը մենակ չէր, կար մի սերունդ, որն արդեն իսկ տեսնում էր հայտնությունը, որը մտովի դառնում էր համախոհ: Ռուբեն Գեւորգյանցի այս խոտովանությունը նաեւ միջոց է դառնումՙ յուրովի ընկալելու ու գնահատելու կինոբեմադրիչին, առավել խորքով ընկալելու գրքում տեղ գտած գնահատականներն ու դատողությունները, մտածումները:

Իր գրքում Ռուբեն Գեւորգյանցը դիմել է հետաքրքիր կառուցվածքիՙ առաջին գլուխների էքսպոզիցիոն բնույթից աստիճանաբար անցում կատարելով դեպի Փարաջանովի տառապանքը, նրա անվերջանալի թվացող կալանավորումները եւ այն նամակները, որոնք ստացել է գրքի հեղինակը: Նամակներից յուրաքանչյուրը մի նովել է դարձել, մի հուզիչ պատմություն, ցույց տվել մեծ հեգնանքն իբրեւ գոյափիլիսոփայական դրսեւորում դիտարկող արվեստագետի վերաբերմունքն աշխարհին եւ իրականությանը, այն ամենին, ինչի մեջ ապրել է ինքը: Ռուբեն Գեւորգյանցը չի փորձել խիստ զգայական դարձնել իր պատումը, անընդհատ շեշտել արվեստագետի մեծագույն ողբերգությունը: Դա կխեղճացներ մեծ մտածողին եւ մեծ Ազատամիտին, կհասարակացներ նրան: Ուստի Ռուբեն Գեւորգյանցը արվեստագետի կալանավայրից ուղարկված նամակներում կարեւորում է ոչ թե հոգեվիճակը, այլՙ միտքը, գաղափարը: Նամակների մի զգալի մասն ուղղված է որդուն, կնոջը, ուստի հասկանալի է, թե կարճառոտ տողերի մեջ ինչ պիտի ամփոփեր Փարաջանովը, ինչին պիտի սեւեռեր իր ուշադրությունը:

Առանձնակի դրամատիզմ ու նաեւ մեծ հիացում կա Փարաջանովի թաղմանը նվիրված նովելում, որը նաեւ կարող ենք գրական ավարտուն ստեղծագործություն համարել, քանզի Ռուբեն Գեւորգյանցն ունենալով արտակարգ դիտողականություն, գեղարվեստական ընկալում եւ իրականությունը գեղարվեստորեն պատկերելու մեծ վարպետություն, ինչը յուրովի արտացոլվել է նրա կինոյում, կարողացել է տեսնել ու վերարտադրել արտասովորը, եզակին, այն պահը, երբ սպիտակ մորուքով մարդը ծնկի է եկել Փարաջանովի դագաղի մոտ, կրծքից պոկել զորավար Անդրանիկի հուշամեդալն ու փակցրել մեծ բեմադրիչի կրծքին... Շատերս ենք հիշում այդ պահը, հիշում ենք երեւանյան տոթակեզ օրն ու Ազատության հրապարակում մարդկանց ձեռքերի վրայով «լողացող» դագաղ-նավակը, որը դեպի հավերժություն էր տանում 20-րդ դարի ամենաառեղծվածային մարդկանցից մեկին, սակայն միայն Ռուբեն Գեւորգյանցն է որսացել պատմական եզակի պահը, յուրատիպը եւ դարձրել իր նովելի հենքը:

Ասացինք, Ռուբեն Գեւորգյանցի գիրքը իսկապես կոլաժ է, որովհետեւ այստեղ ներառված են զրույցներ, նամակներ, մտքեր Փարաջանովի մասին, նովելներ, Միխաիլ Դուդինի հոդվածը եւ այլն: Իր այս յուրատեսակ խայտաբղետությամբ գիրքն ամբողջական ու համահավաք մի դիմանկար է, մեծն Փարաջանովի դիմանկարը: Ծավալուն չէ այս գիրքը, այն հագեցած է լուսանկարներով, սակայն իսկապես մեծ գիրք է, որովհետեւ նվիրված է Փարաջանովին, իրեն, Հենրիկ Մալյանին, Ֆրունզե Դովլաթյանին, գրեթե բոլոր նրանց, ովքեր կերտեցին ժամանակի կերպարը: Բայց առաջին հերթինՙ Փարաջանովին եւ իրեն, որովհետեւ կինոբեմադրիչ-հեղինակը Փարաջանովի միջոցով ներկայացրել է նաեւ իր գեղարվեստական ընթացքը, հասունացումը, որի բարձրակետերից մեկը Մեծ Սերգոյին նվիրված ֆիլմն է...

...Ես ծանոթ ու մտերիմ եմ եղել Սերգեյ Փարաջանովին, մի շարք առիթներով հյուրընկալվել եմ նրա հարկի տակ, նրան տեսել եմ Գայանե Խաչատրյանի արվեստանոցում: Գրել եմ Փարաջանովի մասին մի քանի հոդված, ինձ համար փորձել եմ պարզել Փարաջանով-երեւույթը, Փարաջանով-առեղծվածը: Ռուբեն Գեւորգյանցի գիրքը շատերիս որոնածի ու փնտրածի հաստատումն է:

(Կրճատումներով)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ