ՊԱՏՄԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ «Վերք Հայաստանին»ՙ ռումիներեն Խաչատուր Աբովյանի կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը խոշոր խթան հանդիսացան 19-րդ դարի եւ հետագա ժամանակաշրջանի հայ գրականության, մանկավարժական մտքի, բանահյուսության, պատմության, հայրենագիտության բնագավառների զարգացման համար: Նրա 1948թ. անհետացումից հետո մեծ հետաքրքրություն առաջացավ թե՛ նրա անձի, թե՛ ստեղծագործության նկատմամբ` հատկապես հայրենասիրական մեծ պոռթկումով գրված «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպի շուրջ: Վեպը ոչ միայն նոր ուղու վրա բերեց հայ գրականությունը պատմական իրադարձությունները գեղարվեստական ոճով ներկայացնելու նոր ուղղության սկզբնավորման տեսակետից, այլեւ փոխեց հայ ժողովրդի նկատմամբ պատկերացումները: Խ.Աբովյանի կյանքով, ստեղծագործությամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նրա անմահ ստեղծագործությունը թարգմանվեց տարբեր լեզուներով: Յուրաքանչյուր այդպիսի նախաձեռնություն Հայաստանի, հայ ժողովրդի, նրա պատմության ճանաչողության խորացման կարեւոր ներդրում է: Այսօր արդեն այդ թարգմանությունների շարքում դասվեց ռումիներեն թարգմանությունը, որի իրականացնողն է հայ գրականության նվիրյալ, հայրենասեր, նախկին ռումինահայ, այժմ Ավստրալիայում ապրող գրող, թարգմանիչ Սարգիս Սելյանը, որի մեծ նախաձեռնությունը նկատելիորեն տարբերվում է նախորդ թարգմանություններից, ինչի հաստատումն է գեղեցիկ ոճով շարադրված, գրեթե ամեն ինչ մեկնաբանող առաջաբանը: Խ.Աբովյանի ծննդյան 210 եւ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Ս.Սելյանի ներդրումը միլիոնավոր ռումինացիների ներգրավում է հայոց ճակատագրի իմացության ոլորտ, նպաստում հայության ու նրա հայրենիքի նկատմամբ հետաքրքրվողների քանակի ավելացմանը |