RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015



ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-08-27 21:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՓԱԽՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻՑ

ԹԱԳՈՒՀԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ԶԱՐՅԱՆ

Մեր թերթի մարտի 13-ի համարում լույս էինք ընծայել Կոստան Զարյանի առաջին կնոջՙ Թագուհի Շահնազարյան-Զարյանի (1889-1962) օրագրությունը գրողի հետ իր համատեղ կյանքի վերաբերյալ, ինչպես նաեւ գրողի կյանքի 1930-ից հետո ընկած ժամանակի դեպքերը եւ իրադարձությունների մասին հուշերը: Օրագրությունը, որը կազմում է 4 հատոր, գրված է ֆրանսերեն: Բնագրից թարգմանությունը արել է Սիրվարդ Զարյանըՙ Կոստան Զարյանի որդուՙ Արմեն Զարյանի դուստրը: Մեր նախապես ներկայացրած հատվածում նկարագրվում էր Զարյան սմոլի փախուստը Պոլսիցՙ 1914 թ. հոկտեմբերի կեսերին:

***

1914, նոյեմբեր, Բուլղարիա, Սոֆիա

Նայում եմ պատուհանից դուրս, ձյուն է գալիս: Մերկ ծառերի մի շարք, ճյուղերը ձյունով ծանրաբեռն. գեղեցիկ տեսարան: Փողոցը լուռ է, ու թեթեւ ոտնահետքեր իրենց դրոշմն են թողել ձյան վրա: Ցուրտ է, բայց սենյակում կա մի տաքուկ ջերմություն ու ամոքող մի սփոփանք: Այստեղ ամենուրեք ռուսական փայտի վառարանների վրա տաք թեյնիկներ են եռում: Իմ երկու փոքրիկները քնում են հրեշտակների պես:

Օրհնված լինի հյուրընկալ Բուլղարիան: Կոստյան հեռագիր է ուղարկել Վանյային, որ մենք ապաստան ենք գտել բարեկամ երկրում: Նա, որպես պատասխան, մեզ դոլարներ է ուղարկում:

Կոստյան, ինչպես ամեն տեղ, ծանոթանում է elite (ընտրյալ.- խմբ.) խավի մարդկանց հետ, որոնք ներկայիս Բուլղարիայում քիչ են: Մեր հյուրանոցում կան ռուս լրագրողներ իրենց գեղեցիկ կանանց հետ: Վիետորովըՙ «Պրավդայի» հայտնի թղթակիցը, Դերենտալը, մի ուրիշը եւս, նրանք խոսում են պատերազմի մասին: Այս միջազգային մթնոլորտը նորություն է ինձ համար եւ շատ հաճելի: Կամաց-կամաց թուրքական մղձավանջը հեռանում է օրեցօր:

***

Ամենօրյա առտնին կյանքը կրկին ընթացք է առնում, նույնիսկ պանդոկում: Աստիճաններից գալիս է Կոստյայի եւ մի ուրիշի ձայնը, որ չեմ ճանաչում: Այդ մյուսը ասում է.

- Այ քեզ բան, իմացա, որ ամուսնացել ես եւ երկու նորածինների հայր ես: Դու` ամուսնացա՞ծ, դու` երկու զավակների հա՞յր, անարխիստ, սա տեսնելը մեծ հրաշք է:

Կոստյան առանց ինձ իմաց տալու բացում է դուռը, ես մի փոքր ճիչ եմ արձակում, որովհետեւ կաթ եմ տալիս իմ նորածնին, իսկ Վահեն գորգի վրա իր արջուկի հետ խաղում է: Միանգամից անակնկալի գալով, երկուսը կանգ են առնում դռան շեմին:

- Բարեւ, տիկին,- ասում է եկվորը,- ներեցեք ինձ, ես Կոստյայի հին ընկերն եմ:

Նա ներս է մտնում եւ ձեռքս համբուրում, ինչպես անում են Ռուսաստանում: Իր ծնկների վրա է դնում Վահեին, եւ այդ օրվանից նրանք դառնում են անբաժան ընկերներ` Վահեի փոքրիկ արջուկով հանդերձ:

Մեր հյուրանոցի սրահում ենք, Կոստյայի բարեկամը այնտեղ է: Նա ասում է.

- Տիկին Զարյան, վաղը երեկոյան տարեկան դիմակահանդես-պարահանդես կա, Սոֆիայի բոլոր դիվանագետները ներկա պիտի լինեն եւ հնարավոր է, որ գահաժառանգը ներկա լինի: Տարվա ամենալավ պարահանդեսն է, եկեք, աղաչում եմ:

Նա մի փոքր աչք ուներ ինձ վրա, ինչը Կոստյային ու ինձ ժպտալ էր տալիս: Նա պնդեցՙ ասացեք, որ կգաք:

- Իսկ Արմե՞նը, ո՞վ նրան կաթ պիտի տա,- պատասխանեցի:- Լավ, մի լուծում կգտնենք, այնպես չէ՞, Կոստյա:

Մենք կգանք, բայց ժամը 11.00-ից հետո:

***

Իսպանական մի քող գլխիս, մի կարմիր վարդ սեւ հագուստիս վրա, եւ ահա պատրաստ եմ մեծ պարահանդեսի համար: Կոստյայի ու իմ առաջին պարահանդեսն է:

Հսկայական մի սրահ` ամբողջովին ծաղկեփնջերով զարդարված: Սոֆիայի ամենաբարձր խավի մարդիկ այնտեղ էին, քայլում էին, պարում, դիվանագիտական ողջ հանրությունն էր այնտեղ, բարձրաստիճան սպաներ: Մի խոսքովՙ Սոֆիայի ամենաուշագրավ խավը այնտեղ էր: Ես զվարճանում էի: Կոստյայի բարեկամը ինձ ծիծաղեցնում էր, շատ զվարճախոսն էր, մտավորական, նուրբ եւ երաժշտությունից լավ հասկացող:

- Ցավալի է, տիկին Զարյան, որ դուք չեք պարում:

- Ոչ, ես չեմ պարում, բայց սիրում եմ պարողներին դիտել:

- Նայեցեք, այնտեղ, հեռվում այն զույգը, ի՜նչ նուրբ են եւ ի՜նչ լավ վալս են պարում, կարծես թռչում են:

Բայց արի ու տես, որ մեզ մի լավ արկած էր սպասում...

Կոստյայի բարեկամը ձեռքիս գծերն էր նայում, երբ սրահում հանկարծ մի պայթյուն ու լուսարձակում տեղի ունեցավ: Այնտեղ, հեռվում, ուր պարում էր այդ զույգը, առաստաղը փլված էր ու փոշու ամպ էր բարձրացել, գետնին փռված վիրավորներ կային: Ահավոր այս իրարանցման մեջ մարդիկ փախուստի դիմեցին շքեղ պարահանդեսային հագուստներով, ծիծաղելի դիմակներով. բոլորը մղվում էին դեպի ելքը: Կիսամերկ ուսեր, զինվորական փայլուն ուսադիրներ, Pierrot-ի դիմակներ, Arlecchino-ի պես հագնված, գնչուներ, պարուհիներ, բոլորը, բոլորը վախից փախչում էին սարսափած: Ասեք Գոյայի ողբերգական կտավը լիներ: Հանկարծ Կոստյան ինձ փաթաթեց մուշտակով, եւ մենք մեզ նետեցինք ինքնաշարժը: Բարեկամը մեքենայի դուռը փակելուց առաջ Կոստյային փսփսաց.

- Մենք լավ ազատվեցինք, մակեդոնացիների դրած ռումբ էր, միայն մեկ քառորդը պայթեց, այլապես աղետը ավելի մեծ կլիներ: Մահափորձը պատերազմի մինիստրի դեմ էր: Քաջ եղեք եւ բարի գիշեր:

- Կոստյա,- ասացի,- մեր կյանքը որքան ողբերգական է դառնում, հազիվ ենք շունչ առնում:

- Էհ, սիրելիս, պատերազմը նոր է սկսվել, եւ ասեմ, որ ես Թաթիիս համար բավական տանջվել եմ:

- Կոստյա՞:

- Ի՞նչ, սիրելիս:

- Եթե մեռած լինեինք այս գիշեր, մեր փոքրիկները որբ կմնային:

- Այլեւս մի մտածիր:

Հազիվ պանդոկ հասած, վազում գրկում ենք մեր փոքրիկներին, որ հանգիստ քնած էին իրենց մահճակալին սպասուհու հսկողությամբ: Մի քանի օր հետո ամբողջ քաղաքը ոտքի էր հինգ զոհերի թաղման համար: Մահափորձի այդ հինգ զոհերի թվում էր այն զույգը, որ այնքան լավ պարում էր: Այսպես ավարտվեց իմ առաջին ու վերջին պարահանդեսը:

***

Մայիս ամիս, Սոֆիա, դեպի Կրասնո Սելո (Գեղեցիկ Գյուղ)

Կոստյայի բարեկամը մեզ խորհուրդ է տալիս հեռանալ եւ գնալ Կրասնո Սելոՙ քաղաքից գնացքով մի ժամ հեռու: Մենք ապրում ենք փոքր մի առանձնատանը, մի տեսակ կես առանձնատուն եւ կես գյուղական տնակ, շատ մոտ եղեւնիների անտառին, իսկ մի փոքր հեռու Վիտոշկան է: Մեր պարտեզը շատ ընդարձակ էր, կար 500 տեսակի վարդ (ինչպես ասում են, Բուլղարիան հայտնի է իր վարդերով) ու մի փոքր առու հոսում էր պարտեզի ամբողջ տարածքով: Ամեն առավոտ բուլղարացի դեռատի մի աղջիկ գալիս հենվում էր պարսպին ու ինձանից ծաղիկներ խնդրում: Տալիս եմ նրան, եւ նա վարդերով զարդարվում է, դնում է մազերի մեջ, կրծքին: Իր ետեւից եկող ծեր մորաքույրը խնդրում է, որ ներողամիտ լինեմ:

- Նա խենթ է,- ասում է ծեր կինը,- դժբախտ մի սիրուց կորցրել է խելքը:

Հետո նրանք հեռանում են ու քայլում անծայր դաշտերով, իսկ հեռվում մի կետի պես Սոֆիան էր երեւում: Ամբողջ այդ դաշտերը ծածկված էին բազմագույն ծաղիկներով, որ հեքիաթային բույր ունեին: Երիտասարդ աղջիկը ուրախությունից աջ ու ձախ էր վազումՙ շուրջը լեցուն ծաղիկներ: Նա մերթ ընդ մերթ խորասուզվում էր գորգանման ծաղիկների մեջ, որտեղից արեւի շողերը ցոլացնում էին հրավառ բոցեր: Կիլոմետրերով մարգարտածաղիկ, կակաչներ, մանուշակագույն, դեղին ու սպիտակ ծաղիկներով խոտաբույսեր, աղավնիճ, գույներ ու սարսուռ: Օդը բուրումներով լեցված էր, իսկ ներքեւում Վիտոշկան կարծես պարում էր: Վահեն տասնութ ամսական էր ու ամեն առավոտ դիտում էր այս պատկերը եւ կեռասներ ծամծմում: Կոստյան իր համար գնում է մի սեւ ուլիկ, որին անվանում է բա-բա-բա, բայց ուլիկը դա չի հասկանում: Այս քաղցրությունը, գարնան զմայլելի հանգստությունը, տանտիրոջ ջերմ հյուրընկալությունը մեր տանջված հոգիներն է փայփայում: Կոստյան այս լռության մեջ մեծ ոգեւորությամբ էր աշխատում իր եռերգության վրա:

***

Երեկոյան Սոֆիայից վերադառնալուց հետո Կոստյան ինձ ասաց.

- Սիրելիս, այս երեկո մի համով խորոված բադ պատրաստիր, ես քեզ պիտի ծանոթացնեմ մի հայտնի գրականագետի հետ: Նա պաշտում է երաժշտությունը բոլոր լեհերի պես, անունն է Պշիբիշեւսկի:

Երեկոյան շատ ուշ նրանք եկան, ինչպես միշտ, Կոստյայի ընկերոջ հետ միասին: Ես օջախի առջեւ հուսահատ կանգնած էի. բադը չէր եփվում, բան չէի կարող անել, չէր եփվում: Յոթանասունն անց լեհ մի պարոն էր, շատ վայելուչ, մի փոքր ճմռթված ռեդինկոտով, սպիտակ մի ծաղիկ լամբակին: Աջ ձեռքում բռնել էր մի սպիտակ ձեռնոց: Իսկ աջի՞նը, կորցրել եմ, ասաց: Հասակավոր իր կերպարանքով մի փոքր խոնարհվեց ու ձեռքս համբուրեց, ապա գնաց ու փլվեց մեր բազմոցի վրա, որ բավականին պինդ էր: Ընթրիքի ժամանակ առատ գինին մոռացնել տվեց իմ կիսաեփ բադը, եւ տրամադրությունները բարձրացան: Պշիբիշեւսկին մեզ զվարճալի պատմություններ էր պատմում նշանավոր մարդկանց մասին, որոնց ինքը անձամբ ճանաչում էր: Իբսեն, Կնութ Համսուն, Ավգուստ Սթրինբերգ... Եվ ուրիշ էլ ո՞ւմ. Ֆրանց Իոսիֆի արքունիքի բարոնուհիների եւ կոմսուհիների: Ինքը ծանոթացել էր այդ բոլոր հայտնի անձերին, որոնք մեզ համար խորհրդավոր արարածներ էին: Իբրեւ իսկական լեհ` նա օժտված էր հոգեկան նրբությամբ եւ եվրոպական մշակույթի մեծ գիտելիքներով: Իր խոսք ու զրույցը շատ հաճելի էր եւ գրավիչ: Ինքը հրապուրված էր ինձնով ու Բեթհովենի նվագս լսելուց հետո խոստացավ ինձ բանաստեղծություն ձոնել:

Յոթանասունհինգ տարեկան էր, եւ երբ իրեն ներկայացրի ութ ամսական մեր փոքրիկ Արմենին, ասաց, որ պիտի մի բանաստեղծություն էլ գրի «կապուտաչյա փոքրիկ հրեշտակի» համար: Կոստյայի բարեկամը ժպտաց, խմեցինք, ու ես նրա համար Շուման նվագեցի, որին նա պաշտում էր ինձ նման:

Կոստյան այս փոքր առանձնատանը հիանալի աշխատեց եւ գրեթե վերջացրեց իր եռերգությունը: Կրասնո Սելոն իր դրախտային լռությամբ, մաքուր օդով, ծղրիդների երգեցողությամբ, այս բոլորով մեծապես նպաստում էր իր աշխատելուն եւ մեր երջանկությանը:

- Վաղը,- ասաց Կոստյան,- գեղեցկացիր, ես քեզ պիտի տանեմ Բուլղարիայի ամենամեծ տիկնոջ մոտ, որի հետ Ֆերդինանդ թագավորը ցանկացել է ամուսնանալ: Նա հայտնի բուլղար բանաստեղծ Պենչո Սլավեցկովի այրին է եւ իր հերթին` բանաստեղծուհի:

Հաջորդ առավոտ մենք երեքս գնում ենք նրա մոտ: Դուք պիտի տեսնեք, ասաց Կոստյայի բարեկամը, որքան գեղեցիկ է: Ես սիրահարված եմ, բայց, ավաղ, անհույս է... Նա ձեզ անմիջապես կհավանի, պիտի տեսնեք: Ահավասիկ նախասենյակի խորքից նա գալիս էր, ի՜նչ հայտնություն, աստվածուհու մարմնով, թագուհու քայլվածքով, հասմիկաքար սեւ փայլուն աչքերով, հագել էր մարմնին սեղմ զգեստ, իսկ գանգուր մազերը հավաքված էին մի նուրբ ցանցում, ինչպես ընդունված է Բուլղարիայում այրի մնացած կանանց համար: [*] Ես ապշահար էի, բանաստեղծի համար ճշմարիտ ներշնչում է: Ես ինձ հարց տվեցիՙ ինչպե՞ս է այս նախնական Բուլղարիայում, որտեղ կանայք ունեն գեղջկական տեսք, ծնվել այս նուրբ գեղեցկությունը: Նա ինձ հրավիրեց նստելու իր մոտ բազմոցի վրա եւ շաքարահատ հրամցրեց: Կոստյան եւ իր բարեկամը ոգեշնչված ու հրճվանքով անդադար խոսում էին: Իսկ նա լուռ ու ժպտերես լսում էր նրանց: Ես հուզվում էի: Դուրս գալիս բարեկամը ասաց.

- Գիտե՞ք, որ ծեր Ֆերդինանդ թագավորը խելակորույս սիրահարված էր նրան եւ ուզում էր հետը ամուսնանալ, բայց նա հրաժարվեց:

- Գիտե՞ք քանի տարեկան է:

- Սա ձեզ կզարմացնի, հիսուն տարեկան է: Ինքը ասաց ինձ:

(*) Ի դեպ, այդ սովորությունը դարասկզբին ընդունված էր նաեւ Ֆրանսիայում. կնշանակիՙ համարյա ամբողջ Եվրոպայում: Ծ.խ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ