RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2015-08-27 21:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 836, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀՈՒՄՈՐՆ ՈՒ ԵՐԳԻԾԱՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱԳՐԵՍԻԱՅԻ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Փառատոնային ալբոմ-կատալոգՙ «Պանդորայի արկղը»

Մարդկությունը «Պանդորայի արկղը» վաղուց բացել ու չի էլ ուզում փակել... Կատարելության ճանապարհին նա դեռ շատ սարսափներ պիտի հաղթահարի, անվերջական իր սխալներից սայթաքի ու այդպես էլ դասեր չառնելովՙ չհասնի: Անարդարությունը կույր է, բռնությունըՙ խուլ, ու այդ պատճառով աշխարհի վրա չեն դադարում ողբերգությունները, պատերազմներն ու սովը: Ողբերգությունը կամ սովը չեն երգիծվում, բայց դրանց պատճառներնՙ այո՛:

«Արեւավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնը, որ արդեն երրորդ անգամ է անցկացվում Երեւանում, այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, անց կացվեց մարտի 19-ից ապրիլի 1-ը Հայաստանի նկարիչների միությունում եւ կրում էր «Պանդորայի արկղը» խորհրդանշական խորագիրը: Նախորդ երկու փառատոներըՙ առաջինը 2013-ինՙ հայ գրատպության 500-ամյակին նվիրված, երկրորդըՙ 2014-ինՙ «Վերադարձ Նոյին», թեմատիկ-ժանրային բազմազանությամբ եւ ընդհանուր կազմակերպվածությամբ մեկնարկային հաջող սկիզբ էին, որը ենթադրում էր հետագա ավելի լայն գործունեություն ու հասուն շարունակություն: Այս տարվա մրցութային փառատոնին մասնակցում էին 47 երկրի 141 երգիծանկարիչ, որոնց մեջ նաեւ հեղինակներՙ Թուրքիայից եւ Ադրբեջանից: Ընդհանուր ստերեոտիպային մտածողությունը, թե նման ցուցահանդեսները չեն պատշաճում պատմական տվյալ իրողությանՙ ազգային ողբերգության հիշողության մեր ցավին, առաջին հայացքից է թվում իրավացի, որովհետեւ այս ծրագրի թեմատիկ խորքայնությունը եւ գաղափարական մոտեցումը մերժում է վերոնշյալ մոտեցումը:

«Պանդորայի արկղի»ՙ մարդկությանն ուղղված դժբախտություններն ու չարիքը բնավ պարտադրված չեն. սա ընտրություն է, եւ մեր ողջ ընթացքը դրա հետեւանքն է: Պատմական փորձը, ամենադաժան, ողբերգական դասերն անգամ մարդուն հետ չեն պահել ու չեն պահում պատերազմներից ու բռնություններից, որի հետեւանքը այսօրվա կյանքի ծայրահեղ հակասություններն ու բարոյական անկումն է: Չարիքըՙ ցեղասպանությունների, տեռորի, ազգային, կրոնական, ռասսայական խտրականության, այլատյացության կերպարանքով, սպառնում է ոչնչացնել կյանքի արմատը:

Երգիծանքն ու հումորը կարող են բացել կյանքի շատ փակագծերՙ ավելի պատկերավոր ու խոսուն, հաճախ գրոտեսկի սուր միջոցներով արտահայտել ու փորձել բացահայտել արատավոր երեւույթներն ու դրանց պատճառներն ավելի խորն ու համակողմանի: Այս խնդրին էին հետամուտ փառատոնի կազմակերպիչները: Ներկայիս քաղաքակրթության ճգնաժամը, որի արմատները անցած դարի ողբերգական սկզբի մեջ է պետք փնտրելՙ Հայոց ցեղասպանության եւ մարդկության կողմից դրան համարժեք գնահատական չտալու ցավալի իրողությամբ ու հետագա շարունակությամբ, հաղթահարելու միջոցը հակադարձող ուժերի ու շարժումների անհրաժեշտությունն է: Մարդկության առաջադեմ մասը այսօր, ինչպես անցյալում է եղել, չի կորցնում զգոնությունը, այս պայքարի մեջ արվեստը, արվեստագետները կարեւոր դեր են միշտ ունեցել: Փառատոնի տնօրեն Հարություն Սամուելյանի խոսքերով, իրենց նպատակը ոչ միայն գրաֆիկական հումորի միջոցներով չարի հակամարդկային կերպարանքները ներկայացնելն է եղել, այլ նաեւ փորձել փակել, լռեցնել չարիքի անոթը: Կարեւոր է եղել գաղափարին համամարդկային հնչեղություն հաղորդելը. «Մենք գրում, կարդում, նկարում եւ խոսում ենք մեկ լեզվովՙ դա երգիծանկարչության լեզուն է: Այս ժանրի ներկայացուցիչները իրենց վրա են վերցրել աշխարհը ավելի լավատես դարձնելու ծանր բեռը: Հուսով եմՙ նմանատիպ միջոցառումները էլ ավելի կմիավորեն համաշխարհային երգիծանքի ասպետներին մեկ գաղափարի շուրջը», ասում է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը :

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության դառը դասերից է, ոճրագործության դեմ երգիծանկարի միջոցով միջազգային պայքարի այս ձեւը նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան արվեստի մյուս տեսակների նմանաբնույթ արտահայտությունները:

Փառատոնի վավերացումը տպագիր ալբոմի միջոցով ամբողջական պատկերացում է տալիս մրցութային ծրագրի եւ դրա իրականացման մասինՙ ընդգրկելով մրցանակային երեք տեղերի հաղթողների, Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի եւ Նկարիչների միության Հատուկ մրցանակի արժանացածների, նաեւՙ մնացած հեղինակների լավագույն աշխատանքները: Ալբոմ - կատալոգի վերջին էջերում զետեղված պատմական երգիծանկարչություն բաժնում ներկայացված են ժամանակի արեւմտահայ («Ապտակ», «Մալխաս», «Խաթաբալա») եւ միջազգային մամուլում հրապարակված երգիծանկարներ, որոնք ոչ միայն պատմական, նաեւ այժմեական նշանակություն ունեն: «Պատմական արկղ» կոչվող այս հատվածը ցուցահանդեսային էքսպոզիցիայում ունեցել է նույնպիսի տպավորիչ ներկայություն, ինչպես ալբոմ-կատալոգում է, ի մասնավորի ազդեցիկ են ֆրանսիական Le Rire (1894-1940) հումորային հանդեսի մի քանի համարներում ներկայացված համիդյան Թուրքիայի արյունոտ, հայահալած քաղաքականության անմիջական արձագանքները:

Առաջին մրցանակը շահած Վիտոլդ Բարբարայիՙ Շվեդիայից լեհական ծագումով հեղինակի աշխատանքը ուշագրավ է թեմատիկ հստակությամբ եւ ասելիքի ուղղակիությամբ. թուրքական հայտնի արնագույն ֆեսըՙ մահվան նշանով, խտացնում է այդ պետության մարդատյաց ու մարդասպան քաղաքականությունը - վերեւում Արարատն է...

Փառատոնին ամենից ակտիվ մասնակցություն ունեցել են հարեւան երկրիՙ Իրանի երգիծանկարիչներըՙ ներկայացնելով բազմաբնույթ, խոսուն ենթատեքստերով աշխատանքներ, որոնցում աշխարհում տիրող չարի տարատեսակ դրսեւորումների մերկացումները պատմում են հաջորդաբար հոշոտվող երկրների անապատացող իրականության, անտունի, որբացած երեխաների լքվածության, ցավի, ագրեսիայի ու բռնության մասին: Երկրորդ մրցանակակիր բոլոր 14 հեղինակներըՙ Զահրա Խադեմ Շարիաթ, Էֆաթ Ամջադիփուր, Մահդիեհ Սաբաղքար, Ալի Ռեզա Ֆարսադ, Թարավաթ Նիկի Նոշարի, Շահրամ Ռեզաի..., Իրանից են: Երրորդ մրցանակիրը Լեհաստանում բնակվող հայաստանցի Տիգրան Վարդիկյանն է: Եվս 11 հեղինակներՙ հատուկ մրցանակների արժանացած, ներկայացված են ալբոմ- կատալոգի էջերում:

Փառատոնի մասնակցության աշխարհագրությունը բավական լայն ընդգրկում է ունեցելՙ Իրան, Ռուսաստան, Ավստրալիա, Բրազիլիա, Անգլիա, Բելգիա, Ավստրիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Պորտուգալիա, Չինաստան, Սիրիա, Եգիպտոս, Սերբիա, Չեխիա, Լեհաստան, Կոլումբիա, Մարոկո, Մոնտենեգրո, Չիլի, Ալժիր..., այդ թվում, ինչպես նշվեց արդենՙ Թուրքիա եւ Ադրբեջան: Հեղինակների տեսադաշտում մարդկությանը հուզող ամենահրատապ խնդիրներն ենՙ բռնություն, այլասերում, ագրեսիա, պատերազմ, սով, տեռոր, էկոլոգիական, սոցիալական աղետներ:

Ալբոմ-կատալոգը բացող լուսանկարները պահի արձանագրումներ ու հիշողություններ լինելուց բացի, նաեւ անմիջական տպավորություն են հաղորդում ցուցահանդեսի հետաքրքրական էքսպոզիցիայի մասին, փոխանցում ակտիվ ու գրավիչ այն մթնոլորտը, որ այս տարվա մարտյան օրերին տիրել է Նկարիչների միության սրահում:

Ալբոմ-կատալոգը տպագրվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 28-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ