ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Աչալուրջ հետեւեք գրքերին, դրանցից շատերը ենթակա են խստագույն դատի, ինչպես դատում են չարանենգ եւ վտանգավոր հանցագործներին. խլելով ընթերցողի թանկագին ժամանակը, նրանք մահացու հարված են հասցնում լավ գրքերին: Ջոն ՄԻԼՏՈՆ
Ինչպես ասում են, հերթական անախորժությունը անգլիական բարեկիրթ ընտանիքումՙ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրապարակ է հանել մի շատ ձախավեր գիրք, որ, ոչ ավել, ոչ պակաս, կոչվում է «Հայոց գրականության պատմություն. երրորդ հատոր»: Մինչեւ հիմա «Հայ գրականության պատմություն» էր («Սովետահայ գրականության պատմություն», «Հայ նոր գրականության պատմություն»), հիմա չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, դարձել է «Հայոց», այսինքնՙ «Հայերի գրականության պատմություն»: Պարզվում է, որ մյուս ժողովուրդները հիմար են, որ չեն գրում «Ֆրանսիացոց» կամ «Անգլիացոց գրականության պատմություն»... Ի դեպ, «Գրական թերթին» ուղղված իր նշանավոր Թղթում ինստիտուտի նորընծա տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դեւրիկյանը գրում էՙ «Հայ գրականության պատմություն» վեցհատորյակի երրորդ հատորը...»: Տնօրենը, պարզվում է, իրենց տպած գրքի ճիշտ անունը չգիտի... Ճիշտն ասած, տնօրենի եւ իր աշխատակցի` «Գրական թերթ»-ին ուղղված նամակները մի լավ հոդվածի հրաշալի նյութ են, բայց լավ կլինի, որ բանը դրան չհասնի, Աստված տա, որ ես այդ հոդվածը չգրեմ... Բայց դառնանք գրքին: «Հայ գրականության պատմության» հինգհատորյակը լույս է տեսել շուրջ հիսուն տարի առաջ, գաղափարական ա՛յլ ժամանակներում: Սպասելի էր, որ այս նոր հրատարակության մեջ պետք է մատնացույց արվեր նախորդ հրատարակության հնացածության աստիճանը, ցույց տրվեին բացթողումները, սխալները, վրիպումները եւ մնացած բոլոր թերություններն ու պակասությունները, շարադրվեին այն նոր սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվել է այս նոր հրատարակությունը, եւ ի ցույց դրվեին այս հրատարակության առավելությունները: Բայց նման բան չի արվել, որովհետեւ գրքում այդ ամենը չկա: Ենթադրվում է, որ Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի հրատարակած գրականության պատմության հատորը պետք է, ինչ խոսք, գրված լինի գրագետ լեզվով, գիտական (գրականագիտական) պատշաճ մտածողությամբ եւ շարադրանքով եւ իր մեջ պարունակի գիտական նոր բացահայտումներ, նոր գաղափարներ, գիտական օրինակելի տեսություն եւ ունենա գիտական կուռ համակարգ... Նման հրատարակությունը պետք է գիտական սպառիչ խոսք եւ ուղեցույց լինի ե՛ւ գիտնականների ու մասնագետների, ե՛ւ ուսանողության, ե՛ւ առհասարակ բոլորի համար: Մինչդեռ այս գրքում շատ բան անհաճո զարմանք ու տարակուսանք է պատճառում, շատ բան պարզապես մերժելի է, իբրեւ ոչ գիտական ըմբռնում ու շարադրանք, շատ բանՙ ուղղակի զավեշտական է, մի բան, որ շատ բնորոշ է այս հատորին: Հատորը հանգամանալից քննության ենթարկելու համար անհրաժեշտ են ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր էջեր: Հատորի նյութերը երկու կարգի են: Նյութերի մի մասը շարադրված է գրագետ, մասնագիտական լեզվով եւ գիտական պատշաճ մակարդակով: Այստեղ ես ասելիք չունեմ: Նյութերի մյուս մասը ծանր խոհերի է մղում եւ դառն զգացումներ է առաջացնում: Ես խոսելու եմ դրանց մասին: «Ներածության» մեջ (հեղինակՙ ակադ. Ս. Սարինյան) առաջարկվում է գիտական պարբերացման նոր մոտեցում եւ նոր սկզբունք: Անսպասելիորեն հայ գրականության եւ մշակույթի մեծագույն գիտակ է դառնում Լեոն: Իր հայրենակից Լեոյի հուշակոթողի նման բարձրացումը շատ հասկանալի է Ս. Սարինյանի պարագային, հասկանալի է եւ, ինչ ասեմՙ նաեւ ծիծաղելի: Ի դեպ, ահա թե ինչ կարծիք ունի, ինչ է գրում Վահան Տերյանը Լեոյի գրականագիտության մասին. «...մինչեւ որ մեջտեղից չվերանա հայկական տափակ մտածողության այդ կլասիկ ներկայացուցչի (Լեոյի.- Ե.Տ.-Խ.) ժառանգությունը, մեր գրական քննադատությունը չի կարող առաջ գնալ եւ ծառայել իր նպատակին»: Կարծեմ թե Տերյանը գրականություն մեզանից,- չեմ ուզում ասել` ձեզանից,- լավ էր հասկանում: Իսկ ո՞ւր է մնում մեր ողջ հայագիտությունը, ուր է մնում «հայագիտության վիթխարի կաղնին»ՙ Մանուկ Աբեղյանը, որն, ի դեպ, իր «Գրականության պատմությունը» ավարտում է Սայաթ-Նովայով եւ 19-րդ դարի սկզբի մխիթարյան բանաստեղծներով: Պարբերացման մասին խոսելիս հարգարժան ակադեմիկոսը մատնացույց է անում եւ վկայակոչում է Մոսկվայի հրատարակած քառահատոր «Ֆրանսիական գրականության պատմությունը» ռուսերեն լեզվով: Վկայակոչում էՙ առանց այդ հրատարակության մատենագիտական տվյալները բերելու: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ: Պատասխանը, իհարկե, պարզ է: Որովհետեւ «Ֆրանսիական գրականության պատմության» առաջին հատորը լույս է տեսել 1946 թվականին: Զարմանալի է, որ գիտնական-գրականագետը մատնացույց է անում ոչ թե որեւէ ժամանակակից գիտական ուսումնասիրություն, այլ ուղիղ յոթանասուն տարի առաջ Ստալին-Բերիայի քաղաքական ռեժիմի հրատարակած, Ստալին-Բերիայի երկրի գաղափարախոսությամբ շարադրված գիրքը: Եվ առավել զարմանալի է, թե ինչու հարգարժան ակադեմիկոսը, որը «Ներածության» առաջին էջում օտարալեզու գրականություն է մատնացույց անում, չի վկայակոչում արդի ֆրանսիական գրականագիտության որեւէ գիրք: Էական չէ, թե ռուսները յոթանասուն տարի առաջ ինչպես էին պարբերացնում ֆրանսիական գրականությունը, էական է այն, թե ֆրանսիացիներն իրենք ինչպես են այսօր պարբերացնում իրենց գրականության պատմությունը: Սա կլիներ իրոք գիտական մոտեցում: Մեղմ ասած, վիճելի է հայ նոր գրականության պատմությունը 17-րդ դարից սկսելը: Գիտական հիմնավորում եւ փաստարկումներ չկան, Լեոյի եւ այլոց դատողությունները չեն համոզում: Սայաթ-Նովայի երգերը (բանաստեղծությունները) չեն, որ ձեւավորել են հետագա դարերի հայ գրականությունը, մինչդեռ «Աղասու ձին, այո՛, շատերի տակ խաղաց»: Սայաթ-Նովայի խաղերը ոչ ազդել են գրականության վրա, ոչ նոր գրական լեզվի ու նոր գրականության ճանապարհ են բացել, ոչ էլ գրականություն են ստեղծել, մինչդեռ Աբովյանը ստեղծել է ողջ ետաբովյանական գրականությունը: Նոր ժամանակների հայ ողջ գրականությունը, բոլոր հայ գրողները դուրս են եկել,- Աղասին շինել չէր հագնում,- Աղասու չուխայից: Մի քանի էջ առաջ անցնենք («Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում», հեղինակ` ակադ. Ս. Սարինյան) եւ տեսնենք, թե հարգարժան ակադեմիկոսը ինչպես է նորոգում այդ նյութի շուրջ մեր գրականագիտությունը: Ահա մի օրինակ: Նկատի առեք, որ առհասարակ, տեղի սղության պատճառով առաջիկայում ես միշտ մատնացույց եմ անելու միայն մեկ կամ երկու օրինակ: Պարզվում է, որ հայ բանասիրությունը (բոլոր հեղինակներին եւ բոլոր ուսումնասիրությունները մատնացույց չեմ անելու, միայն տե՛ս, օրինակ, Պաղտասար Դպիրի «Տաղեր»-ի վերջին, լիակատար ժողովածուն, Երեւան, 2007, էջ 61 եւ այլն) տասնամյակներ շարունակ միամտաբար կարծել է, թե Պաղտասար Դպիրի «Ի նընջմանէդ արքայական...» սկսվածքով տաղը ուղղված-հասցեագրված է Հայաստանին: Մինչդեռ, ըստ ակադեմիկոս Սարինյանի, պարզվում է, որ դա ընդամենը էրոտիկական բանաստեղծություն է. «Եվ սակայն սերը մնում է անհաս, որ, ավա՜ղ, անէանում է սիրուհու հավիտենական քնի ողբերգական վերջավորությամբ. Ի նընջմանէդ արքայական, Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր, Էհաս նըշոյլն արեգական, Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր: Պատկեր սիրուն, տիպ բոլորակ, Լըրացելոյ լուսնոյն քատակ, Ո՛չ գըտանի քեզ օրինակ, Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր: Կորուստն անվերադարձ է, վիշտըՙ անամոք, ու կարծես չկա դարձի արահետ»: Ակադեմիական հրատարակությունը պետք է ներկայացնի գիտության նոր, վերջին խոսքը: Գիտական նոր հայացքը, նոր հետազոտությունը պետք է ամփոփի, ճշտի, հարստացնի նախորդ ուսումնասիրությունների փորձը: Անհատական մի շարադրանքում, առանձին մի հոդվածում կարելի է գրել նաեւ նման բան. դա հեղինակի կարծիքն է, բայց գրականության պատմության մեջ, այն էլ «Հայոց», պետք է առնվազն նախորդ հետազոտությունները, նախ, փաստականորեն հերքել, համարել սխալ, անճիշտ, ոչ գիտական եւ հետո միայն գիտականորեն հիմնավորելով առաջադրել նոր տեսակետ (Աստված եղածը տեսակետ համարի): Մինչդեռ... Բայց անցնենք առաջ, հասնենք «Սայաթ-Նովային» (հեղինակ` ակադ. Ս. Սարինյան): Այսօր, փառք Աստծո, կա գիտական սայաթնովագիտություն, որ լուրջ պատմություն եւ վավերական ձեռքբերումներ ունի: «Գիտական» եմ ասում, որովհետեւ մեր այս խայտառակ ժամանակներում, բացարձակ տգետների, դիլետանտների, գրամոլների մեր այս անփառունակ ժամանակներում գոյացավ նաեւ զանազան կասկածելի անձանցՙ գրական լեզվից եւ գրականությունից անսահման հեռու, իրենց գյուղի բարբառով ու հնչերանգով մի կերպ խոսող ավտովարորդներիՙ «սամասվալի շոֆերների» «սայաթնովագիտությունը»ՙ օծված գիտության զանազան կասկածելի դոկտորների անուն-ազգանուններով, նրանց տված օրհնությամբ ու հանձնարարականներով: Այսօր փաստորեն նոր էջ է ավելանում «սամասվալի շոֆերների» «սայաթնովագիտությանը»: Գրականության պատմության այս հատորում ողջ սայաթնովագիտությունը փաստորեն անտեսված էՙ Գեւորգ Ախվերդյանից մինչեւ Մորուս Հասրաթյան եւ մինչեւ մեր օրերը: Փոխարենը ի՞նչ է հրամցվում: Ահա, օրինակ, հույժ գիտական վերլուծության մի պարբերություն: Շարադրանքի գրագիտությունը հեղինակինն է: «Աշուղական պոեզիայի եւ Սայաթ-Նովայի համեմատական դրվածքով (sic!) ընդհանրություն են նշմարում եվրոպական ժողովրդական արվեստի ուղղությունների (sic!) հետՙ հունական ռապսոդներ, ֆրանսիական տրուբադուրներ, գերմանական մինեզինգերներ եւ այլն: Եվ սակայն գրականության գիտական պատմագրությունը (sic!) դրանք դիտում է որպես մշակութային ուրույն, բանահյուսական ուղղություն գրականության զուգահեռի վրա: Նույն սկզբունքով պետք է դիտվի նաեւ աշուղական պոեզիանՙ գրականության զուգահեռի վրա: Այստեղից ինքնին ծագում է ակադեմիական հարցադրումը. ո՞ր ուղղությանն են պատկանում աշուղական պոեզիան եւ Սայաթ-Նովանՙ կլասիցիզմի՞, ռոմանտիզմի՞, սիմվոլիզմի՞, թե՞ մի այլ իզմի» (էջ 30): Նախ, պարզվում է, ինչպես առաջին նախադասությունն է ցույց տալիս, որ հունական ռապսոդները, ֆրանսիական տրուբադուրները, գերմանական մինեզինգերները, անձինք, ոչ ավել, ոչ պակաս, «եվրոպական ժողովրդական արվեստի ուղղություններ» են: Մեղա՜, մեղա՜... Եվ հետո, «գրականության գիտական պատմագրությունը դրանք դիտում է որպես մշակութային ուրույն, բանահյուսական ուղղություն գրականության զուգահեռի վրա»: Ուրեմն, դրանք գրականությունից տարբեր մի բան են, գրականությունըՙ մի այլ բան. դրանք, դուրս է գալիս, գրականություն չեն, նույնը չեն եւ գրականությանը զուգահեռ երեւույթներ են: Եվ քանի որ դրանք պետք է դիտել «գրականության զուգահեռի վրա», ուրեմն որտեղի՞ց է առաջանում անհեթեթ, ուղղակի զավեշտական հարցադրումը. «Այստեղից ինքնին ծագում է (ի՞նչ տրամաբանությամբ.- Ե.Տ.-Խ.) ակադեմիական հարցադրումը. ո՞ր ուղղությանն են պատկանում աշուղական պոեզիան եւ Սայաթ-Նովանՙ կլասիցիզմի՞, ռոմանտիզմի՞, սիմվոլիզմի՞, թե՞ մի այլ իզմի»: Զարմանալի է, թե անբավ գիտելիքների, ահռելի իմացականության եւ մեծ ինտելեկտի տեր, առանձնապես հարգարժան ակադեմիկոսը ինչո՞ւ է խոսքը ընդհատում կես ճանապարհին, ինչո՞ւ հարցը չի շարունակում մինչեւ վերջՙ «սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, իմաժիզմի, սյուրռեալիզմի...»: Սրանք, իհարկե, ճիշտ են, բայց, մեր մեջ ասած, ես կարծում եմՙ ամենաճիշտը դադաիզմն է: Սայաթ-Նովան ակնհայտ դադաիստ է: Մարդը ինքը իր ձեռքով գրել է, չէ՞... Դադա պիտի թարիփդ ասէ... Եթե որեւէ մեկը, թեկուզ ուսանողական դասընթացի սահմաններում, գիտի, թե որոնք են կլասիցիզմի, ռոմանտիզմի կամ սիմվոլիզմի քաղաքական, պատմական, փիլիսոփայական, էսթետիկական ու գրական նախահիմքերը, ինչ են իրենցից ներկայացնում գրական այդ ուղղություների պոետիկան եւ գրական արվեստը, էլ չեմ խոսում ժամանակի ու ժամանակագրության մասին, զարմանքից ափիբերան կմնա: Ուրեմն Սայաթ-Նովան ուղիղ գծով կապվում է, ասենք, Ժան Մորեասի եւ 1886-ի սեպտեմբերին իր հրատարակած «Սիմվոլիզմի մանիֆեստ»-ի հետ: Ու դեռ Ստեֆան Մալարմեն, Ժյուլ Լաֆորգը, Վերլենը, մյուսներըՙ ձեզ վրադիր: Սա, եթե այսքան տխուր ու ցավալի չլիներ, շատ զավեշտական էր լինելու: Հիմա տեսնենք, թե մեծարգո ակադեմիկոսը Սայաթ-Նովայի պոեզիան որպիսի խորունկ վերլուծության է ենթարկում, ինչը ի չիք է դարձնում նախորդ ժամանակների սայաթնովագետների գրականագիտությունը, խոսքն ու շարադրանքները եւ ինչը, ենթադրվում է, պետք է համարել սայաթնովագիտության նոր, բարձր աստիճան եւ հայ «գրականության գիտական պատմագրության» նոր, աննախադեպ մակարդակ. «Զարբաբ ու զար իս, ծովից հանած անգին քար, տեսնողին ապշահար ես անում, նմանը չտեսա ոչ հնդու կողմերում, ոչ ֆռանգի պատկերներում: Գովքդ դավթար եմ արել, քանզի ուրիշ է տիպարդ, ես քեզանից չեմ հեռանա, մինչեւ «չհասնի մահիս վադեն», թող քեզ ուրախությունը լինի, իսկ Սայաթ-Նովայինՙ տառապանքը («Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զառ իս, գովելի»): Աշխարհում դու իմ միակն ես, անմատչելի ես, ամուր, ինչպես ադամանդի քարը, դու Լեյլի ես, տեսնողիդ Մեջնուն ես դարձնում, շուրթերդ նաբաթ են, քանզի նոքար Սայաթ-Նովան անկարող է «դիմանալ էսչափ չարին» («Յիս քու ղիմեթըն չիմ գիդի»): Բլբուլը վարդին է փնտրում, աշուղն իր յարին, բլբուլին վարդն է այրում, աշուղին իր յարը, ո՛չ վարդն է հայտնվում բլբուլին, ո՛չ աշուղին յարի պատկերը, երկուսին վիճակված է նույն տառապանքը, թող աշուղը լա երկուսի վիշտը. Ղարիբ բըլբուլՙ ձայնըդ մալում, Յիս ու դուն էրվինք մե հալում. Սայաթ-Նովեն ասացՙ զալում, Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու: («Ուստի՞ գու քաս, ղարիբ բըլբուլ») (էջ 34) Եզրահանգումը թող ընթերցեղն անի: Մեծահարգ ակադեմիկոսը անմիջապես շարունակում է. «Այս կարգի իմիտացիաները կարող են միայն գաղափար տալ սայաթնովյան երգի «սյուժեների» մասին ու նաեւ արտահայտել բնագրի գեղարվեստական հմայքն ու խոհափիլիսոփայական արձագանքը» (էջ 34): Ի՞նչ իմիտացիա, ինչի՞ իմիտացիա... Սայաթ-Նովայից մեջբերման մեջ ի՞նչն է իմիտացիա, ինչի՞ իմիտացիա է... Սա միայն ինքը գիտի: Եթե մարդ փորձ անի թափանցելու այս բառերի խորքը, փորձի իմաստ եւ տրամաբանություն գտնել, կհասնի ծայրահեղ սահմանիՙ զառանցագին անհեթեթության կամ բանականության կորուստի: Բայց շարունակենք: Անցնենք մի երկու էջ եւ նորից կարդանք հարգարժան ակադեմիկոսի գիտական խորունկ վերլուծությունը. «Դաստամազդ ռեհան է, ունքերդՙ ղալամով քաշած, տեսքիդ կարոտ մնացի երկու տարի, կարոտից հիվանդացել եմ, Մեջնունի պես սարերն եմ ընկել, Լեյլիից լուր չունեմ, սիրուցդ սիրտս վառվում է, հովանալու ճար չունեմ, Աստված վկա քեզնից բացի ուրիշ յար չունեմ, թող ես մեռնեմ, միայն թե դու ողջ լինես, միայն թե նազ մի անի, նազդ ինձ սպանում է («Դաստամազտ սիմ ու շարբաբ...»): Բլբուլը բաղին է կարոտ, սիրածդՙ քո ձեռքի արաղին, ծոցիդ շամամներն անուշահոտ են, տեսքդ աննման է, ունքերդ անղալամ քաշած ոսկու փայլ ունին, կեցվածքդ համակ կարոտ է, ես ուրիշ յար չունեմՙ աշխարհումը իմը դուն իս: Թեկուզ թագավոր կանչի, թեկուզ Լողման բժիշկը, ոչ ոք իմ վիշտը չի հասկանա, քանզի խոցս խարանին կարոտ է, ուրեմն լսիր տառապյալի խոհամիտ աղերսը անցավոր աշխարհի մասին (ու դեռ մեջբերումն էլ հետը.- Ե.Տ.-Խ.). Գիշեր-ցերեկ ման իմ գալի, էշխետ յանա-յանա, գոզալ, Անգաճ արա մատաղ իմ քիզՙ մէ քիչ կամաց գնա գոզալ, Աշխարըս ումն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա գոզալ, Մակամ միռա՞վ Սայաթ-Նովեն, անգաճըտ խաղին կարոտ է:» (էջ 36) Եվ այսպես անվերջ, այսպես է այս գրքում իր շարադրած բոլոր էջերում, բոլոր պարբերություններում ու նախադասություններում: Ափսոս, տեղ չկա բոլոր նախադասությունները մեկ-մեկ բերելու եւ բառ առ բառ դրանց էությունը բացելու ընթերցողի առջեւ: Սա՞ է գիտական շարադրանքը, պարոն Վարդան Դեւրիկյան, սա՞ է ակադեմիական մտածողությունը, սա՞ է ձեր ասած պատկառելի գրականագիտությունը, սա՞ եք պաշտպանում հնարավոր բոլոր ձեւերով: Լավ, թողնենք «Սայաթ-Նովան» էլ: Հայ ոչ մի գրողի կյանքը, գործն ու ժամանակը այնպիսի խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշգրտորեն ու հստակությամբ չի ուսումնասիրված, ինչպես Խաչատուր Աբովյանի: Եվ դրա համար առաջին հերթին մենք պարտական ենք մեծատաղանդ գիտնական եւ հմուտ, ընտիր բանասեր Պիոն Հակոբյանին: Այո, մենք այսօր ունենք իսկական, գիտական աբովյանագիտություն: Բայց այս գրքում, այս «Հայոց»-ի մեջ մեր աբովյանագիտությունը պարզապես նետված է մի կողմ եւ տեղը դրված է նույն Սայաթ-Նովայի շարադրանքի ոճով նյութ, որը միտումնավոր թե ակամա անտեսում-շրջանցում է մեր գիտական աբովյանագիտությունը: Փոխարենը ընթերցողին է հրամցվում պարզունակ մի շարադրանքՙ լեցուն սխալներով, սխալ ձեւակերպումներով եւ մերժելի տեսակետներով: Օրինակ, «1830 թվականի սեպտեմբերին Աբովյանն արդեն Դորպատում էր: Այստեղ Աբովյանը մնում է վեց տարի...» (էջ 128): Ոչ, սխալ է: Աբովյանը Դորպատում մնացել է հինգ տարի, հինգ ամիս եւ տասը օր` 1830 թվականի սեպտեմբերի 4-ից մինչեւ 1836 թվականի հունվարի 14-ը կամ 18-ը: Կասեք` մանրուք է, բայց գիտական-ակադեմիական գրքում նման «մանրուք» չի լինում: Ցավալին այն է, որ նման «մանրուք»ներն այս գրքում բազմաթիվ են: Կամ թեՙ «Հակասությունները ցարական չինովնիկության հետ ավելի ու ավելի սուր բնույթ են ստանում...» (էջ 130): Սխալ է, Աբովյանն ինքը, ի վերջո, իր պաշտոնով ցարական չինովնիկ էր, ութերորդ աստիճանի աստիճանավոր: Բավական է հիշել միայն «Թուրքի աղչիկը» պատմվածքի «Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին...» սկսվածքով հատվածը, որպեսզի հասկանալի լինի, որ Աբովյանը շատ խոնարհ աստիճանավոր էր եւ այն անձը չէր, որ կարող էր ցարական իշխանության հետ հակասություններ ունենալ: Ինչքա՞ն կարելի է Աբովյանից լենինյան հեղափոխական սարքել: Ափսոս, տեղ եւ հնարավորություն չկա պարբերություն առ պարբերություն այս բոլորը դիտարկելու: Այսպիսի շարադրանքի հեղինակը կամ գրականության ինստիտուտը պետք է գրավոր ասեր ու հայտարարեր, որ սխալ են ու մերժելի ինստիտուտի իսկ հրատարակած նախորդ ուսումնասիրությունները, ասպարեզի վրա եղած եւ մինչեւ այսօր գիտականորեն չհերքված տեսակետներն ու աշխատությունները եւ հետո նման շարադրանք ներկայացներ ընթերցողին: «Ղեւոնդ Ալիշան»-ը (հեղինակ` բ.գ.թ. Ս. Մարգարյան, հատորի գիտական խմբագիր) երկու շերտ ունի: Մի շերտը պարզունակ, խեղճ, անօգնական շարադրանք է, մյուս մասըՙ անկապ բառերի ու կամայական, քմահաճ դարձվածքների անհասկանալի զուգակցումներ, ինչպես որ գրված են «Ներածությունը», «Գրականության նորոգությունը», «Սայաթ-Նովան», «Խաչատուր Աբովյանը» եւ այլ բազմաթիվ էջեր: Ահա, օրինակ, շարադրանքի առաջին իսկ էջում (էջ 131)ՙ «Մկրտության ավազանի անունն էր Քերոբե»: Սա անհեթեթություն է: Քարե ավազանը անուն չի ունենում: Ավազանում մկրտում են: Ոչ թե «մկրտության ավազանի անունն էր Քերոբե», այլ,- հայերեն գրագետը սա է,-«ավազանի անունով»: Եվ ոչ թե Քերոբե, այլ Քերովբե: Եվ իհարկե, առանց «մկրտություն» բառի: Ահա «գիտական» փայլուն շարադրանքի եւս մեկ բացառիկ օրինակ: Ո՜վ նոր լեզվաբանություն, ո՜վ նոր քերականություն: «Սիրո քնարական զեղումներով Ալիշան նահապետը վերապրում է (sic!) Հայոց աշխարհում մի ժամանակ եղած Աստծո դրախտը (sic!), դրախտում ապրող մի աստվածային ժողովուրդ (sic!)...» (էջ 177): Չեմ շարունակում, ուշադրություն դարձրեք` «Ալիշան նահապետը վերապրում է... դրախտը,... [Ալիշան նահապետը վերապրում է] աստվածային մի ժողովուրդ...»: Անհեթեթությունն ու զառանցանքը էլ ո՞նց են լինում: Սա այսպես է եւ անվերջ է: Ինչքան կարելի է գրել` շարադրանքի գրագիտությունը հեղինակինն է: Եվ, պարոն Վարդան Դեւրիկյան, դուք պնդում եք, որ այս ձախավեր գիրքը խմբագրվա՞ծ է: «Հաջորդ տարին լինում է (Ալիշանը.- Ե.Տ.-Խ.) Մանթովայում, Լոնտրայում...» (էջ 172): Ի գիտություն այս շարադրության հեղինակի, իտալական այբուբենում «թ» տառ չկա, «թ» տառ գոյություն չունի: Մանտովան քաղաք է Հյուսիսային Իտալիայում: Իսկ շարադրողը գիտի՞, արդյոք, թե ինչ է «Լոնտրան», այն էլ «տ»-ով: Ուրեմն, մարդ, որ մի տեղից արտագրում է, գոնե պիտի գրագետ արտագրի: Ի դեպ, արտագրության մասին եւ առիթով: 1952 թվականին «Ակոս» ամսագիրը իր երկու եւ երեք միացյալ համարը նվիրել է Լեւոն Շանթին: Հանդեսում ի թիվս այլ նյութերի, տպագրված է Գասպար Իփեկյանի «Շանթի գրական վաստակը» հոդվածը: Ահա, օրինակ, թե ինչ է գրում Իփեկյանը իր այդ հոդվածում. «Միաժամանակ, գերմարդի տեսութիւնը իր ծայրայեղ անհատապաշտ հիմքովՙ սկսել էր քարոզուիլ դարավերջի փիլիսոփայէ մըՙ Նիցչէն, որուն արձագանգ կուտային Նորվեկիայի հանճարեղ զաւակըՙ Իբսէն, իր թատերգութիւններով եւ հանճարեղն Վակներ, որ կը վերակենդանացնէր իր օբերաներովՙ գերման հին հեթանոսական ուժի եւ վայելքի պաշտամունքը, յետ-մահու Վալալայի որսորդական դրախտի երանութեան խոստումներով: Ռայնկոլթ, Սիկֆրիթ, Ուալքիրի, Լոհէնկրին, Փարսիֆալՙ իրար կը յաջորդէին: Եւ կամ, քրիստոնէական աստուածպետականութեան դէմ ըմբոստացածՙ Ռիենցի եւ Վենիւսի երկրպագուՙ Թանհէօյզըր, կրօնա-աւանդական բռնութեան դէմՙ ախոյաններ կը հանդիսանային»: 1991 թվականին մեծահարգ ակադեմիկոս Ս. Սարինյանը հրատարակում է իր «Լեւոն Շանթ» մենագրությունը: Իր գրքի էջերում նա խոսում է Գասպար Իփեկյանի հոդվածի մասին եւ ահա տեսեք, թե Իփեկյանի հոդվածի վերը բերված հատվածը ինչ տեսք է ստանում ակադեմիկոսի գրքում. «Ուշագրավ է, որ ակնարկի հեղինակը Նիցշեի, Իբսենի եւ Վագների առկայությամբ հիշատակում է նաեւ այլ անուններՙ Ռայնգոլդ, Զիգֆրիդ, Ուայլկիրի, Լոհենկրին, Պարսիֆալ, ապա նաեւ «քրիստոնեական աստվածապետականության դեմ ըմբոստացած Ռիենդի եւ Վենյուսի երկրպագու Թանհոյզեր», որոնք նպաստել են Շանթի մտավոր որոնումների ու պատկերացումների ձեւավորմանը» (Սերգեյ Սարինյան, «Լեւոն Շանթ», Երեւան, «Նաիրի», 1991, էջ 33): Գրագիտությունն ու տառադարձումը, իհարկե, հեղինակինն են: Ուրեմն, «Ռայնկոլթ»-ը - «Ռայնգոլդ», Ուալքիրին - «Ուայլկիրի», Լոհէնկրինը - «Լոհենկրին», Փարսիֆալը - «Պարսիֆալ», Թանհէօյզըրը - «Թանհոյզեր»: Այս տառադարձումը պարզ ցույց է տալիս, որ հարգելի ակադեմիկոսը չգիտի, թե դրանք ովքեր են: Եթե հարգարժան ակադեմիկոսը իմանար, թե դրանք ովքեր են, ապա գոնե «Ուալքիրի»-ն կտառադարձեր «Վալկիրիա» ձեւով, ինչպես գրում եւ արտասանում են գերմանացիները եւ ինչպես որ ընդունված է մեզանում: «Ռիենցին» դարձել է «Ռիենդի». սա, իհարկե, ոչինչ, էական չէ: Էականը այն է, որ Նիցշեի, Իբսենի եւ Վագների անունների կողքին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը հայտնաբերում է եւ դնում է այլ մտածողների եւ փիլիսոփաների անուններ: Ուրեմն, ըստ ակադեմիկոս Սարինյանի, Վագների օպերաների գործող անձինք փիլիսոփաներ եւ մտածողներ են, որոնք Նիցշեի, Իբսենի ու Վագների առկայությամբ «նպաստել են Շանթի մտավոր որոնումների ու պատկերացումների ձեւավորմանը»: Այստեղ արդեն, ինչպես ասում են, հայ գրականագիտական մտքի զավեշտը հասնում է իր բարձրակետին: Այո՛, նենգ ու դավադիր շատ, շատ բան կա այդ սփյուռքահայ հեղինակների տեքստերում: Խեղճ մարդիկ զանազան մտքեր ու գաղափարներ, քաղաքների կամ այլ հատուկ անուններ են արտագրում եւ իզուր տեղը ընկնում են կրակը: Առհասարակ «Հայոց գրականության պատմության» այս չարաբաստիկ հատորի այն հատվածները, որոնք շարադրել են ընդհանուր խմբագիրն ու հատորի «գիտակա՛ն» խմբագիրը, գրված են ուղղակի խեցբեկագույն լեզվով: Անկապ բառերի եւ անիմաստ դարձվածների անհեթեթ համակցումները երբեմն վերածվում են զառանցանքի... Ահա մի օրինակ. «Խորտակված սիրո էլեգիան, վշտի անձնական հեծեծանքները տարիների հեռավորության վրա ձգտում են իրականությունից դժգոհ անհատի տիեզերական թախծի: Տեսիլքների ու անուրջների մտապատկերներում վերստին հառնում է վերհուշը, բայց երեւակայության պատրանքը տեղի է տալիս գորշ իրականությանը, եւ մնում է ազատության բաղձանքը, որ հասու է թերեւս միայն սառը գերեզմանումՙ «Ա՜խ յիւր կետ վերջին եհաս սեաւ կյանք իմ // Ա՜խ, ես ե՞րբ մեռայց, ե՞րբ հանդուրձիցիմ» (էջ 27): Ի՞նչ է նշանակում «վշտի անձնական հեծեծանք». իսկ ոչ անձնական հեծեծանքը ո՞րն է, ի՞նչ է նշանակում «հեծեծանքները տարիների հեռավորության վրա ձգտում են իրականությունից դժգոհ անհատի տիեզերական թախծի»: Ո՞վ կարող է մեկնել, բացատրել այս բանդագուշանքը: Հաջորդ այսպես կոչված նախադասության իմաստին ըստ երեւույթին մարդկային բանականությունը չի կարող հասու լինել: Կամ թե` «Եվ սակայն հեռացումն ու փախուստը չեն ակնկալում (sic!) անհայտ հեռուներ: Ներքին դեգերումները հետադարձ են կատարում (sic!, sic!) դեպի համընդհանուր սիրո ավետարանական ճշմարտությունը: Պետք է ապավինել արարչության խորհրդին, աղոթել Աստծուն մեղանչումի ու զղջումի հորդորանքով եւ Ավետարանի մեջ որոնել երջանկության խորհուրդը» (էջ 27): Մի կողմ թողնենք «ներքին դեգերումները հետադարձ են կատարում» անհեթեթությունը (հետադարձ կարող է կատարել ուղղագիծ շարժում կատարողը), տեսեք, որ հարգարժան ակադեմիկոսը չգիտի «մեղանչել» բայի բառարանային իմաստը: «Մեղանչել» նշանակում է «մեղք, հանցանք գործել»: Դուրս է գալիս, որ «պետք է աղոթել Աստծուն մեղք, հանցանք գործելու ու զղջումի հորդորանքով...»: Եվ հետո` ի՞նչ է նշանակում «աղոթել հորդորանքով». ո՞ւմ ես հորդորում` Աստծո՞ւն: Բայց Աստծուն խնդրում ու աղերսում են եւ ոչ թե հորդորում: Մարդ եմ ասել, որ այս լեզվից ու այս քերականությունից բանական միտք ու խոսք հանի: Սա՞ է գիտական գրականագիտությունը, սա ակադեմիական մտածողություն եւ գրականագիտական շարադրա՞նք է: Գնանք հասնենք գրքի վերջը: Հարյուրավոր օրինակներից ահա մի օրինակ: ««Րաֆֆին գեղագիտական որոշակի սկզբունք է կապակցում վեպի ամբողջ կառուցվածքումՙ ստեղծելով բնության մի յուրօրինակ պատմություն, որը վեպի գաղափարի սյուժետային զարգացումը անդրադարձնում է իր տարերքների երաժշտությամբ» (էջ 564): Ո՞վ կարող է հասկանալ վերը գրվածը, ի՞նչ է նշանակում «որոշակի սկզբունք է կապակցում»,- կապակցում են մի բանի, այստեղ «կապակցում է» ինչի՞ն, ո՞ւր է խնդիրը (տրական հոլովը), ի՞նչ է նշանակում «ստեղծել բնության պատմություն», որտե՞ղ է վեպում այդ «բնության պատմությունը», ո՞վ կբացատրի, ո՞ր հանճարը, թե ի՞նչ է նշանակում «..վեպի գաղափարի սյուժետային զարգացումը (sic!) անդրադարձնում է (sic!) իր տարերքների երաժշտությամբ (հազար անգամ sic!)»: Վերը բերված օրինակները փնտրված օրինակներ չեն, դրանցով լեցուն է հարգարժան ակադեմիկոսի ամեն մի էջը, ամեն մի պարբերությունը: Գրականագիտությունը ճշգրիտ, ստույգ գիտություն է, ունի իր ուրույն լեզուն, մտածողության ձեւերը, իր եզրույթներն ու իր բառապաշարը, իր հասկացություններն ու ըմբռնումները: Գրականագիտությունը ստեղծվում է գրականագիտական լեզվով եւ մտածողությամբ եւ ոչ թե բառերի կամայական համակցումներով, անկապ ու անհեթեթ բառերը քով-քովի շարելով: Դա գիտության լեզվի հետ ոչ մի կապ չունեցող լեզու է, որ կարող է միայն անգետ-անիմաց մարդու վրա իբր թե գիտական լեզվի տպավորություն թողնել: Ինչ վերաբերում է գրքի էջերում սփռված փաստական սխալներին, վրիպումներին եւ այլն, ապա դրանց թիվը ոչ թե տասնյակ է կամ հարյուր, այլ դրանք պարզապես հարյուրավոր են եւ անհաշիվ: Օրինակներըՙ ինչքան ուզեք: 21-րդ էջում գրված է «Պաղտասար Դպիր», 28-րդ էջումՙ «Բաղդասար Դպիր»: 72-րդ էջում գրված է «...Արսեն Կոմիտաս Բագրատունին (Անթիմոսյան, 1790-1866)», մինչդեռ պետք է լիներ «Արսեն վարդապետ Բագրատունի» կամ «Հայր Արսեն Բագրատունի (Կոմիտաս Անթիմոսյան, 1790-1866)»: 203-րդ էջում, իբրեւ վերնագիր, «Պոեզիան», 577-րդ էջում, «Բովանդակության» մեջ, «Պոեզիա»: 410-րդ էջում տողատակում գրված է` «Ա. Տեր-Սարգսենց, Վառարանիմ կայծեր», մինչդեռ պետք է լինի «Ս. Տէր-Սարգսենց, Վառարանի իմ կայծեր կամ մաս մը իմ հին խաղերից»: 411-րդ էջում տողատակում գրված է «Հոդվածը գրել է Ա. Կոստանյանը»: Ո՞վ է այս «Ա. Կոստանյանը», որտե՞ղ եւ ինչո՞ւ է գրել այդ հոդվածը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է դա հայտնվել այս աննախադեպ «Հայոց»-ի մեջ, մնում է անհասկանալի: Առհասարակ, հատորի հեղինակների մասին ընդհանրապես տեղեկություններ չկան այս «ակադեմիական» ու «գիտական» գրքում. Կ. Դանիելյանը եւ Ա. Կոստանյանը ինստիտուտի աշխատակիցնե՞ր են, հատուկ այս հրատարակությա՞ն համար են գրել իրենց նյութերը... Փնթիությունՙ ինչքան ասես: 314-րդ էջումՙ «Գաբրիել Սունդուկյան» գլխում առաջին տողը ասում է. «Կյանքը: Գաբրիել Սունդուկյանը ծնվել է...»: Եվ բոլորը նույն տառատեսակով, մինչդեռ «Կյանքը» ենթավերնագիր է, պետք է տպվեր այլ տառատեսակով: Տասնյակ էջեր կան, որոնց տողատակում գրված է «Նույն տեղում, էջ...»: Երբեմն մի քանի էջ պետք է ետ դարձնես, որ գտնես, թե այդ «նույն տեղում»-ը ինչին է վերաբերում: Մինչդեռ ծանոթագրական պարզ կարգը ասում է, որ «նույն տեղում» կամ «նշվ. աշխ.» գրում ես, երբ էջում արդեն մեկ անգամ նշված է տվյալ աշխատությունը: Այն տպավորությունն է,- եւ իրոք այդպես է,- որ գրքի շարվածքը նույնությամբ մատուցվում է իբրեւ էջադրում: Օրինակները բերեցի տարբեր տեղերից, անվերջ թվարկումը իմաստ չունի: Այս գրքի ի՞նչն է խմբագրված, հարգելի պարոն Դեւրիկյան, որ դուք «Գրական թերթին» ուղղված Ձեր հայտնի Թղթում գրում եք. «...այն մեծ աշխատանքը, որը կատարել է հատորի խմբագիր բ. գ. թ. Ս. Մարգարյանը»: Հատորի խմբագիրն էլ, իր հերթին, «Գրական թերթին» իր նամակն է հասցեագրել, ափսոս, որ հավակնոտ ու ամբարտավան, հայհոյանքով լեցուն եւ մանավանդ ոչ գրագետ մի գրություն: Իր նամակում հատորի «գիտական», ինչպես ինքն է շեշտում իր նամակում, խմբագիրը գրում է` «տնօրինության կողմից հրավիրված նիստ», հայերեն ճիշտ եւ գրագետ կլինի ասել «տնօրինության նիստ»: Քիչ ներքեւ «տնօրինությունը» դառնում է «դիրեկցիա»: Հայերեն չեն գրումՙ «...խմբագիրն է, ով...», հայերեն կգրենՙ «խմբագիրն է, որը...» եւ այսպես շարունակ: Հատորի «գիտական» խմբագիրը չի կարողացել «Գրական թերթին» ուղղված իր ճոռոմ ու մեծամիտ երկու տողը խմբագրել, նա ինչպե՞ս պիտի խմբագրեր այդ հատորը: Որո՞նք են հատորում ընգրկված ժամանակահատվածի վերաբերյալ եւ առհասարակ հայ գրականության շուրջ նրա ծանրակշիռ եւ ուշագրավ ուսումնասիրություններն ու աշխատանքները, որոնք նրան գիտական ու բարոյական իրավունք կտային ակադեմիական հատորի խմբագիրը լինելու: Մարդը, որ կարծում է, թե գրքի ցանկը կամ բովանդակությունը կազմում է հրատարակչությունը կամ տեխնիկական խմբագիրը, ի՞նչ բարոյական իրավունք ունի խմբագիր լինելու: Խմբագիրը պատասխանատու է իր խմբագրած գրքի ամեն մի էջի, ամեն մի տողի եւ նույնիսկ կետադրության համար: Խմբագիրը պետք է գաղափար ունենա եւ պատասխանատու լինի նաեւ գրքի ձեւավորման, չափի, տառատեսակի եւ շատ այլ բաների համար: Սա համընդհանուր պարզ իրողություն է եւ ամենեւին էլ նորություն չէ: Այն, ինչ մատնացույց է արել Ամ. Ալեքսանյանը, շատ չնչին բան է, ուղղակի ոչինչ բան գրքի իրական պատկերի համեմատությամբ: Եվ տեսեք, թե մեր բարքերի անբարո դրսեւորումը ուր է հասնում: Թեպետեւ ինստիտուտի տնօրինությունը չի հերքում, ընդունում է Ամ. Ալեքսանյանի մատնանշումները, այնուամենայնիվ ժողով է հրավիրում եւ քննարկում է Ամ. Ալեքսանյանին աշխատանքից հեռացնելու հարցը: Ճիշտ է, տնօրինությունը, ի վերջո, չի հեռացնում Ամ. Ալեքսանյանին, բայց ամոթալին այն է, որ մեկնումեկը, գոնե մի մարդ վեր չի կենում ասելու, թե սա գիտական հիմնարկին վայել բան չէ, խաղք ու խայտառակություն է, եւ որ անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա, որ խանական ու տնայնագործական գրականագիտությունը ոչ մի կապ չունի գիտական ակադեմիական հրատարակության հետ: Ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը «Գրական թերթին» ուղղված իր նշանավոր Թղթում ասում է, թե «երրորդ եւ չորրորդ հատորների բոլոր հեղինակները կնշվեն չորրորդ հատորում»: Ի՜նչ զավեշտ է. պետք է հուսալ եւ հավատալ, որ երկրորդ հատորի հեղինակներն էլ կնշվեն հինգերորդ հատորում: Այ քեզ ակադեմիական հրատարակություն եւ գիտական խոսք: Իր Թղթում տնօրենը գիրքը քննարկելու կոչ է անում, բայց գիրքը պետք էր քննարկել մինչե՛ւ տպագրությունը, տպագրությունից հետո որեւէ քննարկում ինչո՞վ կլավացնի գիրքը: Ինստիտուտի գիտական խորհուրդի որոշմամբ տպագրված գիրքը ունի խմբագրական խորհուրդ: Բայց պարզվեց, որ այդ խորհրդի անդամները ո՛չ տեսել են այդ գիրքը եւ ո՛չ էլ կարդացել: Ինքնին հասկանալի է, որ քննարկման մասին խոսք չի էլ կարող լինել: Ըստ ամենայնի, այս գիրքը մինչեւ տպագրությունը տեսել են միայն ընդհանուր խմբագիր ակադեմիկոս Ս. Սարինյանը եւ «գիտական» խմբագիր բ. գ. թ. Ս. Մարգարյանը: Այս չարաբաստիկ հատորը ոչ ժամանակագրություն ունի, ոչ անվանացանկ: Գրքի գրեթե բոլոր գրություններում առկա է նույն ձեռքը, գրեթե բոլոր գրություններում նույն անկապ ու անհեթեթ կապակցումներն են, նույն անհեթեթ լեզուն: Խանական մի մութ ձեռք ստվերել է հատորի գրեթե բոլոր գրությունները: Հասանք վերջապես հարցերի հարցին, որն իր խորքում ոչ թե հարց է, այլ պատասխան: Սա ավելի մեծ խաղք ու խայտառակություն է եւ վերջին շեշտն է այս ամոթալի պատմության: Հատորը լույս տեսնելուն պես ինստիտուտի տնօրինությունը ցնծության շեփորահանդես է կազմակերպում եւ գինեձոնի պես մի բան է սարքում: Եվ գիտական բարձր կոչումներով ու աստիճաններով զարդարված անձինք,- անկեղծ ասած, նրանց ոչ անուն-ազգանուններն են կարեւոր, ոչ նրանց աստիճանները եւ ոչ էլ իրենք, կարեւորը երեւույթն է,- սազը առած, միմյանց հետ մրցակցելով, գովում եւ երկինք են հանում այս ձախավեր գիրքը: Ինչպե՞ս բացատրել սա, ինչպե՞ս հասկանալ այս ճղճիմ երեւույթը: Հնարավոր է երկու տարբերակ: Առաջինը այն է, որ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դեւրիկյանը եւ օրվա հերոս մյուս դոկտորները կարդացել են հատորը, շատ էլ լավ տեսել ու նկատել են այն ամենը, ինչը մատնացույց արվեց վերեւում, եւ դավադիր լռություն պահպանելով գրքի իրական պատկերի շուրջ, սեփական շահադիտական նպատակ հետապնդելով (հանկարծ ու մի բան դուրս չգա, տաքուկ ճահիճը չխաթարվի) գովաբանում են ակադեմիական ակնհայտ խոտանը: Երկրորդ հնարավոր տարբերակը այն է, որ նույն մարդիկ կարդացել են հատորը, բայց իրենց մտավոր ու մասնագիտական կարողությունները թույլ չեն տվել նրանց ճիշտ տեսնելու, ճիշտ հասկանալու եւ ճիշտ գնահատելու կարդացածը, ինչը ամենեւին էլ հեռու չէ այդ ինստիտուտից ու նրա մարդկանցից: Այս գրքի գոյության փաստը ասվածի վառ վկայությունն է: Երկու տարբերակն էլ շատ ամոթալի ու անպատվաբեր է մեր գիտության ու մշակույթի համար, երկու տարբերակն էլ շատ դառն խոհեր են արթնացնում եւ մղում են ծանր եզրակացությունների: Հարգելի ընթերցողներ, դուք կարդացիք բերված օրինակները, ծանոթացաք այդ «ակադեմիական» շարադրանքի մակարդակին եւ, համոզված եմ, հանգեցիք շատ տխուր ու ծանր եզրակացության: Այո՛, ես էլ եմ ձեր կարծիքին: Եվ` վաղուց: Ֆրանսիայում, երբ պետական միջոցներով խոտան գիրք են տպագրում, հրատարակիչներին վարչական տույժերի են ենթարկում, մեծ տուգանքների եւ այլն: Չինաստանում նման գրքերի հեղինակներին եւ հրատարակիչներին խստորեն պատժում են: Հայաստանում նրանց արժանացնում են պետական պարգեւների եւ ջերմ խրախուսանքի: Ոչ ոք, ով էլ որ նա լինի, իրավունք չունի հայ գրականության եւ հայ գրականագիտական մտքի հետ այնպես վարվելու, ինչպես խանական ձեռքը վարվել է այս գրքում: Կարծում եմ, տնօրինությունը եւ հրատարակիչները պետք է պատասխանատու լինեն ակնհայտ խոտանի համար: Հայ գրականությունը վեր է ամենքից եւ ամեն բանից: Այս գրքում դեռ շատ ու շատ, ուղղակի անթիվ-անհամար բան կա մատնացույց անելու... Գրականության ինստիտուտի տնօրինությունը եւ մանավանդ «գիտական» խմբագիրը փոխանակ այս ամենի մասին մտածելու, թուրը առած պայքարում են գրքի որակի բարձրացման համար: Ինչպես հայտնի գրողն է ասում, ուզում են փրկել երկրորդ կարգի թարմության իրենց ապրանքը: Հոտած պանիր են արտադրել եւ հիմա զանազան նամակներով սրան-նրան հայհոյելով բարձրացնում են իրենց պանրի որակը: Պարոնայք, եթե դա է փրկարար միջոցը, ինձ սրանից հետո գիշեր-ցերեկ անդադար հայհոյե՛ք, եւ ձեր գիրքը կդառնա կատարյալ գիրք, իրո՛ք գիտական եւ իրո՛ք ակադեմիական: |