ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊՐՈՒՄԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Անի Աճառյանի անհատական առաջին ցուցահանդեսը Նկարիչ-դիզայներ Անի Աճառյանի աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսով բացեց ուսումնական այս տարին Գեղակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջյան» ցուցասրահը: Ակադեմիայի դիզայինի ֆակուլտետն ավարտելուց հետո Անի Աճառյանը ուսումը շարունակել է բուհի ասպիրանտուրայումՙ միաժամանակ աշխատելով այնտեղ, նաեւՙ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Ակադեմիական կրթության կարեւոր մասը համարվող ցուցահանդեսային ներկայացումները անհրաժեշտություն ենՙ ուսանողների ստեղծագործական բացահայտումների, նրանց ինքնահաստատման ճանապարհին: Այս հանգամանքը նկատի ունենալովՙ ռեկտոր Արամ Իսաբեկյանը շատ սիրելի ու գնահատելի է համարում հատկապես ուսանողների եւ շրջանավարտների ցուցահանդեսային մասնակցությունը բուհի ցուցասրահում: Նա դրվատանքով խոսեց դիզայնի մասնագիտությամբ հեղինակի գեղագիտական ճաշակի ու մտածողության, գեղանկարչական տարրերով հագեցված, խնամքով աշխատված գործերի մասին, նկատելով, որ դա նաեւ Սարո Գալենցի դասավանդման մեթոդի արդյունքն էՙ ուսանողի միտքը ստեղծագործական պրպտումների մղելու: Անի Աճառյանի ուսանողական տարիների, բազմաթիվ ցուցահանդեսների նրա ակտիվ մասնակցությանՙ այդ թվում նաեւ արտերկրում եւ ստեղծագործ մոտեցումների մասին խոսեց կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը : Կարո Գալենցը ընդգծեց հեղինակի ժամանակակից մտածողությունըՙ համահունչ ներկա կյանքի ռիթմին ու պահանջներին եւ կարեւորությունըՙ այս հայացքն ուղղելու մեր քաղաքին անհրաժեշտ նոր, արդիական կերպարի ձեւավորման գործընթացներին: Անի Աճառյանի ներկայացրած աշխատանքներըՙ արված վերջին երկու տարիներին, կրում են «Եղեռն» ընդհանուր խորագիրը.- 1915-ի ողբերգության արձագանքները վերապրումի ենթագիտակցական արտահայտություններ են. «Ստեղծագործելիս չեմ մտածել Եղեռնի մասին, էսքիզները ինքնաբերաբար են ստեղծվել, այդ ամենը կապված է իմ նախնիների վերապրումների հետ, ինքս անգիտակցաբար միջնորդ եմ դարձել այդ հիշողությունները վերծանելու եւ տեսանելի մակարդակի հասցնելու»: Նա նաեւ նշեց, որ այս մոտեցումը կարելի է ինչ-որ տեղ է համարել փորձարարական լուծում, մասնավորապես եռաչափ ինտերակտիվ գեղանկարի պարագայում, երբ դիտողը կարող է հաղորդակցվել ոչ միայն տեսանելիի, նաեւ լսելիի մակարդակներում: Ցեղասպանության վերապրումի փոխանցման եւ դրա գեղարվեստական արտահայտություններիՙ հիշողության մտավորականացման Անի Աճառյանի ձեռագիրը անհատական դրոշմ ունիՙ մտածողության ինքնատիպությամբ առանձնացող,- վերապրումներ, որոնք խորքում, զգացականի մակարդակներում են հաղորդակցելի, եւ ավելի պարզ, ըմբռնելի են դառնում, երբ հեղինակը պատմում է իր մասին: Անվանի հայագետիՙ Հրաչյա Աճառյանի ծոռը լինելն արդեն իսկ պատասխանատվություն է նրա անբասիր անվան առաջ, մանավանդ երբ այդ զգացումը ապրելու եւ ստեղծագործելու գիտակցված վիճակ է դառնում: Անին պատմում է, որ մայրական կողմի պապը անգլիական նավով փրկվել է, կարճահասակ լինելը նրան օգնել է թաքնվել եւ հասնել Եգիպտոս, որտեղ հանդիպել է հարազատներին, որ համախմբվել եւ բռնել են Հայաստան դարձի ճանապարհը: Ընտանեկան միջավայրում մշտապես լսած պատմություններըՙ տարիների ընթացքում վերածված ենթագիտակցական ապրումների, արտահայտություններ գտել են գեղարվեստական ինքնատիպ լուծումներում, որոնց գունային ճիշտ համադրումները, ձեւերի մշակված զուգակցումները խոսում են հեղինակի մտածողության, ոճի եւ կատարողական կուլտուրայի մասին: |