ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱ. «ԵՍ ՍԻՐՈՒ՛Մ ԵՄ ՔԵԶ, ՄԵԾՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ...» Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ Մամուլում արդեն գրվել էր Լյուբով Կազարնովսկայի, ռուսաստանցի անվանի դիրիժոր Անատոլի Լեւինի, արցախյան նախագծի հեղինակ Սարինե Ավթանդիլյանի եւ աշխարհի լավագույն տենորներից Գեղամ Գրիգորյանի մամուլի ասուլիսի մասինՙ նվիրված Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային, որը, ինչպես եւ նախորդ երկու տարիների նմանատիպ ներկայացումները նվիրված ԼՂՀ Անկախության օրվան, կայացավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Նաեւ խոսվեց Երեւանում հիմնադրված օպերային արվեստի ակադեմիայի մասին: Հայկական աշխարհ ռուսաստանցի ականավոր արվեստագետների այցելության գագաթնակետը հանդիսացավ բարեգործական գալա-համերգը հօգուտ Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի, որը ստեղծվում է այժմ Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ պրոֆեսոր Գեղամ Գրիգորյան նախաձեռնությամբ: Հիասքանչ համերգը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, վարում էին, իհարկե՛, երկու վաղեմի բարեկամներ եւ գործընկերներՙ Լյուբով Կազարնովսկայան եւ Գեղամ Գրիգորյանը: Տիկին Կազարնովսկայան հիշեցրեց հանդիսականներին, որ նա իր պատանեկության մի քանի տարիները անցկացրել է Երեւանում, այստեղ սովորել երաժշտություն, ծանոթացել հայկական երաժշտության գլուխգործոցներին, մեծն Կոմիտասին. «Շնորհակալությո՛ւն, իմ սիրելի հայեր, որ պահպանել եք ձեր սրբազան սերը առ դասական երաժշտություն»,- ասաց Լյուբով Յուրյեվնան: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին ջերմ ընդունելության եւ իր բոլոր ձեռնարկումներում Հայաստանում եւ Արցախում վճռական աջակցության համար, նաեւՙ դիրիժոր Անատոլի Լեւինին, հրավիրյալ երգիչներին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ) եւ դրա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, իր խոսքերովՙ «... երիտասարդ, բայց շատ խոստումնալից դիրիժոր» Սերգեյ Սմբատյանին: «... Եվ թո՛ղ հավերժ լինի լույսը Հայաստանի եւ Արցախի վրա, եւ թո՛ղ Աստծո շնորհը իջնի այս երանելի հողի վրա»,- զգացականորեն բացականչեց երգչուհին: (Ի դեպ, «Ռեքվիեմ»-ի ընտրության կապակցությամբ Լյուբով Կազարնովսկայան տվեց հետեւյալ պարզաբանումը... Սա ո՛չ թե Վերդիի «Ռեքվիեմի» սգո քայլարշավն է հայկական հողում, այլ մարդկային ոգու բարձրացումը. «...Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը կատարվում է Արցախում հանուն խաղաղության, բարության եւ արդարության... Մենք երջանի՛կ ենք, որ կարող ենք հենց այս երաժշտությամբ փառաբանել հայ ժողովրդին, հայոց հողը, եւ, հատկապե՛ս, անել դա Արցախի հողում, որտեղ այդքան անհրաժեշտ է այդ երջանիկ վերելքը»): Հարկ է նշել նաեւ, որ «Ռեքվիեմը» հնչեց նաեւ արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակին): Սույն տողերի հեղինակն արդեն լսել էր հրավիրյալ «աստղերի»ՙ բաս Նիկոլա Ուլիվյերիի (Իտալիա), մեցցո-սոպրանո Վիշնյա Ռադոսավի (Սերբիա), ռուսաստանցիներ Ալեքսանդր Չերնովի եւ Յանա Սաֆոնովայի ելույթները Ստեփանակերտում: Սակայն հարկ է նշել, որ այս հրաշալի գալա-համերգին հանդես եկած հայ երգիչները, հատկապեսՙ արդեն միջազգային բեմահարթակներում բարձր վարկանիշ վայելող բարիտոն Գեւորգ Հակոբյանը (Դավիթ-Բեկի արիան Արմեն Տիգրանյանի համանուն օպերայից), երիտասարդ սոպրանո Սոֆիա Թումանյանը (ով հանդես եկավ երեք արիաներով տարբեր օպերաներից) եւ պատանի Գոշ Սարգսյանը (Դավիթ-Բեկ) ոչնչով չզիջեցին արտերկրի մենակատարներին, իսկ որոշ պահերինՙ գուցեեւ գերազանցում էին նրանց: Դուքսի արիանՙ «Ռիգոլետտո» օպերայից կատարեց Ալեքսանդր Չեռնովը Ռուսաստանից, հետո էլՙ աշխարհահռչակ «La donna est mobile»-նՙ ամբողջ դահլիճի ձայնակցությամբ... Հնչեցին նաեւ գործիքային ստեղծագործություններ. ՀՊԵՆ-ը պրոֆեսոր Անատոլի Լեւինի ղեկավարությամբ կատարեց նախերգանք «Ճակատագրի ուժը» օպերայից, իսկ Սերգեյ Սմբատյանի` Ինտերմեդիան Պուչինիի «Մանոն Լեսկո»-ից: «Եվ այժմ Անդրեյ Ռոսցիկը կկատարի Մորիս Ռավելի «Գնչուհի» պոեմը ջութակի եւ նվագախմբի համար»,- հայտարարեց Կազարնովսկայան, «մոռանալով» ավելացնել, որ Անդրեյը իր որդին է: Իսկ Սուձուկիի եւ մադամ Բատերֆլայի զուգերգը «Չիո-Չիո-սան» օպերայից սոպրանո Մարինա Պոլուխինայի եւ հզոր մեցցո-սոպրանո Վիշնյա Ռադոսավի կատարմամբ առաջացրեց ծափահարությունների իսկական մի տարափ... Այս հիանալի համերգի ընթացքում, որը, վստահ ենքՙ դեռ երկար կհիշեն ունկնդիրները, ցուցադրվեց տեսահոլովակ, որում Գեղամ Գրիգորյանը ցույց է տալիս ապագայի օպերային արվեստի ակադեմիայի բարեկարգվող շենքը, տարածքը, մանրամասնորեն պատմում, թե ինչը որտեղ է լինելու: Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանին աջակցության համար, նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են, աջակցել Ակադեմիայի ստեղծմանը: Այնուհետեւ Գեղամ Գրիգորյանն երգեց, իսկ գալա-համերգը եզրափակվեց «բոլոր աստղերի» խմբերգովՙ «Տրավիատա»-ից Խնջույքի հատվածով, եւ դեռ երկար չէին դադարում «բռավո՛»-ները եւ «բի՛ս»-երը ալեկոծվող դահլիճում... Ի դեպ, հանդիսականներին սպասում էր մի անակնկալ. «Բոլոր աստղերի» երգչախմբի եւ նվագախմբի դիրիժորի փայտիկը հանձնվեց Ջանլուկա Մարչիանոյինՙ հայտնի իտալացի դիրիժորին, ով հաճախ հրավիրվում է որպես գլխավոր դիրիժոր այնպիսի հեղինակավոր փառատոներին մասնակցելու, ինչպիսիք են, ասենք, ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող «Ալ-Բուստան»- ը Բեյրութում: Պրն Մարչիանոն, ով, ի դեպ, հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԼՂՀ-ն այցելելու համար, բացականչեց բեմից. «Ես երջանի՛կ եմ, որ եղել եմ Արցախում... Կեցցե՛ Հայաստանը...»: Լուսանկարներըՙ Անի Կիրակոսյանի եւ հեղինակի |