«ԿԱՐԻՆԵԻ» ԱՆՆԱԽԸՆԹԱՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ Լոնդոնյան «Արկոլա» (ARCOLA) թատրոնի ամենամյա ամառային «Գրայմբոռն Օպերային փառատոնը» (Grimeborn Opera Festival) նպատակ է հետապնդում երաժշտասեր հանրությանը ներկայացնել ոչ միայն ժամանակակից օպերաներ կամ կայացած խաղացանկի նոր տարբերակներ, այլեւ ժամանակին ժողովրդականություն վայելող, բայց մոռացված ստեղծագործություններ: Այս տարվա փառատոնին հրավիրված է եղել նաեւ մեր հայրենակիցՙ տաղանդավոր դերասան, ռեժիսոր եւ Փարիզում «Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի» վաստակաշատ տնօրեն Ժիրայր Փափազյանը (Ժերար Բաբազյան), որին շատ սեղմ ժամկետում (ընդամենը 9 օր) հնարավորություն է ընձեռվել բեմադրելու «Կարինեի» (Լեբլեբիջի Հորհոր Աղայի) պարզեցված (նվագախմբի փոխարեն միայն դաշնամուրի ընկերակցությամբ) եւ կրճատված (ընդամենը 2 ժամ) տարբերակը: «Օպերա օպերայի մեջ» սկզբունքով կատարված Փափազյանի ներկայացման մեջ գործող անձինք, ըստ իրՙ Փափազյանի գնահատման, բարձր արհեստավարժությամբ կարողացել են 9 օրում անգլերեն լեզվով յուրացնել ինչպես երգերը, այնպես էլ խոսակցություններըՙ լիբրետոն, Փափազյանը երեւույթը վերագրում է Չուխաջյանի տաղանդին: «Նրանք առաջին իսկ րոպեից ՍԻՐԵՑԻՆ երաժշտությունը: Այդ պատճառով էլ այդքան ոգեւորությամբ կատարեցին իրենց դերերը: Կարծում եմ բեմականացման հաջողությունը կարող է խթան հանդիսանալ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ բեմականացնեմ անտեղ», գրում է նա խմբագրությանը հասցեագրված իր հակիրճ երկտողում, որին կցել է հատվածներ մի շարք անգլիական թերթերի գնահատանքի խոսքերից: Նա հաջողութունը «պատմական» է որակել, որովհետեւ «ինչքան գիտեմ, գրում է նա, անցյալ դարու 20-ական թվերին պոլսահայ թատերախումբը մեկնել է Լոնդոն բեմադրելու «Լեբլեբիջին» եւ վերադարձել հուսահատված: Բեմադրությունը ձախողվել էր»: «Արկոլայի» օգոստոսի 14-ի եւ 15-ի բեմադրության մեջ գլխավոր «դիրիժորը», որը բեմի խորքում դաշնամուրն է նվագել, եղել է միջազգային ճանաչման արժանացած երաժիշտ-կոմպոզիտոր Քելվին Թոմսոնը, ում կարծիքով «գործը հոյակապ է»: Կարինեիՙ գլխավոր հերոսուհու դերը հիասքանչ ձայնով, թուխ, սիրունիկ աչքերով ազգությամբ հույն երգչուհի Դանե Էլենին է կատարել, իսկ բեմականացման մեջ թատերական խմբի ղեկավարիՙ Արմենի դերը վստահվել է Էդուարդ Սակլատվալային: Ընդգրկված են եղել նաեւ անգլիացի եւ այլ ազգի երգիչներ, այսինքնՙ «անձնակազմը եղել է ինտերնացիոնալ»: «Կարինեի» բեմականացումը (3 գործողությամբ) իրականացվել է Իրինա Բրուքի օժանդակությամբ: Այն նվիրված է եղել երեք խիզախ կանանցՙ Արուսյակ Փափազյանին (1841-1907), որին համարում են առաջին արհեստավարժ դերասանուհին Օսմանյան կայսրությունում, եւ ուրեմն նաեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում: Շաղիկ Քոյլույանին (1854-1895), որին համարում են առաջին արհեստավարժ օպերային երգչուհին եւ առաջին ֆաթիմա/Կարինեի դերը կատարողը Ստամբուլում (1875-ին Չուխաջյանի բեմադրած օպերայում): Եվ Աֆիֆե Ժալեին (1902-1941), որին համարում են մահմեդական թատրոնի առաջին դերասանուհին Թուրքիայում: Կից թարգմանաբար հատվածներ անգլիական տարբեր թերթերի արձագանքներից: Ինդիփենդենտը (Independent) օգոստոսի 15-ի իր համարում 1875 թվի կատակերգությունը դասել է թերթի «շաբաթվա ընտրյալ բեմականացումների» շարքին, որն անպայման պետք է դիտել: Ակնարկի հեղինակՙ Ժոզեֆին Աբաբիոյի կարծիքով «Կարինեն» լի է ուրախ, անհոգ հումորով: «Այս օպերան բաղկացած է երաժշտական պարտիտուրաներով եւ դրամայով, որոնց կարելի է հանդիպել ավանդական օպերաներում, բայց սրանում կա նաեւ պարոդիա, որը հստակորեն կարելի է բնութագրել նորարարություն: Բեմականության ամբողջ ընթացքում բեմադրիչ Փափազյանը պատմողի դերում է եւ նրա ժամանակ առ ժամանակ կատարած բեմական ցուցումները հուշում են, որ շատ կարճ ժամկետներում է իրականացվել բեմադրությունը: Այդուհանդերձ Դանե Էլենիի կատարումը լուրջ եւ համոզիչ է: Այս օպերայի, եւ որեւէ այլ օպերայի, լավագույն ասպեկտը երաժշտությունն է, եւ այն բարեհնչուն է, կրքոտ ու առինքնող: Ապշեցուցիչ է, թե ինչպիսի ձայնային ելեւէջներ կարելի է ունկնդրել ընդամենը մի քանի վոկալի եւ դաշնամուրի առկայությամբ: Սա կոմիկական օպերա է, որը սովորականից այն կողմ է անցնում եւ հանդիսատեսին պարգեւում է նոր մեկնաբանություն: Արդեն կայացած արվեստի ձեւին նորովի մոտենալը, մեկնաբանելը միշտ էլ ռիսկոտ է, բայց արժե առնել այդ քայլը: Փափազյանը շեղվել է որոշ նորմերից եւ հինը միաձուլել նորին եւ դա նրան հաջողվել է: Բրիտիշ Թեաթր (British Theatre) պարբերականում Թիմ Հոկշտրասերը օգոստոսի 18-ին չորս աստղ գնահատականը տալով «Կարինեին» գրում է. «Կարինեն հազվադեպ թռչուն է բոլոր առումներով: Այն 5 մասանոց օպերետ է 1870-ականներին ստեղծված, այսինքնՙ «Կարմենի» ժամանակակիցն է: Բայց այդտեղ նմանություններն ավարտվում են: Հեղինակը հայազգի կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանն է, սուլթանի ժամագործի որդին, որը նշանակում է Ստամբուլի 19-րդ դարի կեսերի կոսմոպոլիտական աշխարհի մի մասնիկը լինել: Այն ինչ մենք լսեցինք Արկոլայում, մեծապես տարբերվում էր բնագրից: Նվագախմբի փոխարեն դաշնամուրն էր մեզ ուղեկցում Քելվին Թոմսոնի նուրբ ու հրաշալի կատարումով: Նոր լիբրետտոն եւ մեկնաբանությունը Ժիրայր Փափազյանինն էր, մղիչ ուժը ամբողջ այս նախաձեռնության: Երաժշտական առումով ստեղծագործությունը մեծ հմայք ունի եւ եթե փակ աչքերով լսեի այն, զգալու էի երեւի Ռոսսինիի եւ ոչ թե Վերդիի կամ Օֆենբախի ազդեցությունը: Մեղեդին հատուկ քաղցրություն ունի եւ ժողովրդական երաժշտության հակվածություն, որն էլ բնութագրում է նրա հայկական ակունքը, բայց նվագակցությունները հանկարծակի առույգություն են առաջացնում եւ հուշում, թե ինչպիսի հմայիչ եւ հարուստ պիտի հնչեր այդ ամենը նվագախմբի առկայության պարագայում: Դրամատիկական առումով պատմությունը ոչ ավելի լավն է, ոչ էլ ավելի վատը ռոմանտիկ պատահականություններով, կենցաղային իրավիճակներով հարուստ մի շարք այլ օպերետներից: Երկու առումներով, այդուհանդերձ, այս մեկը որոշակիորեն առանձնանում է: Բեմի վրա կանանց ելույթ ունենալ-չունենալու հարցը վիճահարույց խնդիր էր հեղինակի ապրած դարաշրջանում: Երաժշտության եւ լիբրետտոյի մեջ կան այնպիսի երանգներ, որոնք սովորական աղմկալի զավեշտախաղից վեր են դասում այս մեկը: Ավելին, կա շատ հետաքրքրական բանավեճ այն մասին, թե ինչ դեր ու արժեք ունեն թափառական կատակերգուներն ու ձեռնածուները: Գործողությունների ավարտին վերջիններս հավասար մոտեցում են պահանջում կանոնավոր ձեւավորված, պաշտոնական թատերական խմբերի հետ: Այս հարցն էլ չափազանց այժմեական էր այդ ժամանակվա թատերական գործիչների համար: Վոկալի առումով անթերի էր: Երգչախմբային եւ բալետի տեսարանները տեղ-տեղ կոմիկական զեղումներովՙ հիանալի: Հաճելի էր տեսնել, թե ինչպես է յուրաքանչյուրն ուրախությամբ եւ վստահությամբ դրսեւորում իրեն այս հազվագյուտ ստեղծագործությունում: «Տեսարժան պիեսներ» (Plays to See): Օգոստոսի 18-ի համարում Օուեն Դեյվիսը գրում է. «Այս օպերան տարօրինակ, բայց զմայլելի փոքրիկ մարգարիտ է: Հայկական մշակույթի առաջատար գործիչներից Չուխաջյանը երիտասարդության տարիներին ուսանել է Միլանում եւ ուրեմն հասկանալի է, որ այս թեթեւաժանր ստեղծագործությունը կրել է իտալական ազդեցություն: Բայց այս ստեղծագործության կրճատված տարբերակում բեմադրիչ Փափազյանը լավագույնս է կարողացել ընտրություն կատարել կոմպոզիտորի փորձած զարմանալիորեն լայն երաժշտական ոճերից: Արդյունքում մենք ունենք սքանչելի մի ստեղծագործություն, գուցե ոչ գլուխգործոց, բայց մի գործ, որը պարունակում է իրական բերկրանքի որոշակի պահեր: Փափազյանը իր ներածական խոսքերով ուղեկցում է մեզ ամբողջ օպերայի ընթացքում եւ իր պատմությամբ ու թովչանքով խթանում գործողությունների թավալումը: Դանե Էլենինՙ հերոսուհին երգում է մաքուր տոնայնությամբ, պահպանում է դերի պահանջած ձայնային ելեւէջների սահունությունը: Էդուարդ Սակլատվալան գուցե իդեալական չէ Արմենի իր դերում, սակայն ձայնային տվյալներով (տենոր) կարողանում է արիաները մատուցել վարպետությամբ: Այս երկուսի կատարումները ինձ համար բեմականացման գագաթնակետն են: Սակայն սա համախաղ է, որը պահանջում է ներդաշնակ կատարում, եւ երեկոյի իսկական ցնծությունն այն էր, որ թվով քիչ մասնակիցներով (չնայած երբեմն բեմը խիստ մարդաշատ էր) ստեղծագործությունը գրավիչ ձեւով ներկայացրեց Կոնստանդնուպոլսի փողոցների եւ թատերական աշխարհի իրարանցումն ու զվարճանքը: Պարային որոշ համարներ իսկապես հնարամիտ էին եւ զարմանալ կարելի է, թե ինչքան էներգիա էր ներդրել խումբը երկու օրվա բեմականացման համար: Դաշնամուրային ընկերակցությունը Քելվին Թոմսոնի կողմից զգայուն եւ արդյունավետ էր: Նաեւ անընդմեջ կենտրոնացածության սխրանք: Երախտիքի խոսք ուղղելով Արկոլային այս բեմականացման համար, հույս ունեմ, որ Փափազյանը կգտնի մեկ ուրիշ վայր, որը նրան ավելի շատ ժամանակ եւ միջոցներ կհայթայթի, որպեսզի նա կարողանա ներկայացնել այս ստեղծագործությունը ավելի լայն հասարակությանը: Այս օպերան գրվել է նույն տասնամյակում, ինչ «Եվգենի Օնեգինը», եւ հրաշալի կլիներ տեսնել ամբողջական բեմականացումը նվագախմբի ամբողջ կազմով: «Թեաթր Ֆուլսթոփ» (Theatre Fullstop): Օգոստոսի 16-ի համարում Քերոլին Քոպլինը գրում է. (Փառատոնի) Բեմադրություներից մեկը, որ անպայման արժե տեսնելՙ Տիգրան Չուխաջյանի «Կարինեն» է, որի մեջ արեւելյան եւ եվրոպական ոճերը միաձուլված են: «Կարինեն» բուֆֆ-օպերա է կոմիկականի, սատիրականի եւ ֆարսի տարրերով: Բեմադրիչ Ժիրայր Փափազյանը, ով գրել եւ անգլերենի է թարգմանել բնագրի այս վերամշակված տարբերակը, տեղեկացնում է մեզ, որ իր պարտքն է բացատրել մեզ բեմականացման այն տեսարանները, որ մենք չենք տեսնելու: Փափազյանի սրամիտ եւ խելամիտ ձեւով արված այս արդիականացված տարբերակը մեծապես հետաքրքրաշարժ ու զվարճալի է` համեմված Շեքսպիրից եւ այլ դասական գործերից արված դիտավորյալ սխալ մեջբերումներով: Արեւելյան տարրերի միաձուլումը եվրոպականի հետ ինտրիգային է դարձրել բեմադրությունը: Ես նույնիսկ նմանություններ նկատեցի Ջիլբերտ եւ Սուլիվանի (Gilbert and Sullivan) ստեղծագործության հետ: Օպերա օպերայի մեջ սկզբունքով այս ծիծաղաշարժ եւ ինքնատիտպ բեմականացումը մեզ պարգեւում է ծիծաղ, ռոմանտիկա եւ գեղեցիկ արիաներՙ վարպետորեն կատարված գործող անձանց կողմից: Դանե Էլենին սքանչելի է որպես շնորհաշատ Կարինե, իսկ Էդուարդ Սակլատվալանՙ համոզիչ որպե Արմեն: Ժիլ Դեվիսը Մարգարի դերում իսկական ավազակի ոգի է դրսեւորում, իսկ Լեոն Բերգերը որպես Լեբլեբիջի Հորհոր արտակարգ կոմիկական կերպար է: (վարկանիշ 4/5): Ներկայացմանը լայնորեն արձագանքել է նաեւ թուրքական մամուլը: Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Նկար 1. Տեսարան ներկայացումից Նկար 2. Դանե Էլենի (Կարինե) եւ Լեոն Բերգեր (Հոր-Հոր աղա) Նկար 3. Տեսարան ներկայացումից. կենտրոնում` Ժիլ Դեւիս (Մարգար) |