ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Երբ բանաստեղծի մտասեւեռումները տեւական փնտրտուքների մեջ դժվարանում են ելքեր գտնել, ծնվում են տողեր, որ հաճախ են բախում դռները հուսահատությանՙ Երբ ձանձրանում եմ ինձանից հանում եմ փոշոտ դարակներից մաշված քարտեզները, եւ հեռանում ՙ այլեւս չվերադառնալու համոզմամբ: Կամՙ Ամեն օր իմ մարմինն ու հոգին հոշոտում են մաս առ մաս մերձավորներս ու անթիվ-անհամար անծանոթներ: Մանվել Միկոյանի «Անդունդի եզրով քայլողը» բանաստեղծությունների նոր ժողովածուն («Տիր» հրատ., տպագրվածՙ պետպատվերով) էքզիստենցիալ տրամադրությունների ու հոգեվիճակների շղթա կարելի է համարել, որտեղ փորձում ես գտնել ընդհատվող կետագծերՙ սահմանային զգայնություններից մեկ այլ հարթություն դուրս գալու հույսով, որ երբեմն հաջողվում է: Ներսուզումները հաճախ այնքան են խորացած ու հեռացած օրերի ռիթմից, որ կարծես մտացածին մի ժամանակ ինքնահորինել - ինքնաստեղծել է այս երկրորդ իրականությունը, որտեղ տրամադրությունները հարթ պատկերներից մերթ ընդ մերթ անցում են կատարում ծավալային-տարածականի: Բանաստեղծը ապրում է երկակի կյանքովՙ այն իրականը, որից խույս տալ հնարավոր չէ, եւ այն հորինվածը, որտեղ որքան էլ ջանա թաքցնել առաջինի ստվերները, չի հաջողում, քանի որ դրանց գոյաձեւերը պայմանավորված են միմյանցով, եւ միայն ներքին ռիթմն է սահմանային կեցությանը հաղորդում գունային շնչառություն: Սա իսկապես իրական կյանքի խտացված արտահայտություն է, իսկ կյանքը, մեղմ ասած, հեշտ բան չէ... Ժամանակի ֆենոմենը ինքնին առեղծված ու խորհուրդ է, որ չի թարգմանվում ոչ ռեալ, ոչ իռեալ հասկացություններում. -եւ սահմանում չունի, եւ սահման չունի, միայն բանաստեղծը, արվեստագետն է փակագծերում տեղավորված ժամանակի ըմբռնումը փորձում փոխել, սեղմօղակից հանելՙ մոտեցնելու իր բնական, աբստրակտ վիճակին: Ժամանակը, որ այստեղ զգեստավորվել է թեթեւասահք բառով, դիմադրողականությունը հաղթահարելու պատրանք է ստեղծում: «ժամանակի փաթիլներ»ՙ ժողովածուի առաջին շարքի բանաստեղծություններից մեկում («Նամակներ արեւելքից») գերհագեցած օդի խիտ տրամադրությունները, որ կուպրանման իրականության հետեւանք են, մեկ-երկու հպումով նոսրանում, փոխում են գույներ ու ձեւերՙ ենթարկվելով ներքին ձայնի ու ռիթմի ցանկալի ազդեցության, որ ոչ թե պահի թելադրանք, այլ ելքի գիտակցված ընտրություն էՙ Ո՞վ է հորինելու թիթեռներից պոկված քամին ժամանակի, որ ինձ տանի օրվա քմայքներին հանձնած, ո՞վ է ինձ գամելու ունայնության խաչին, որ սնամեջ ցավից ես լիաթոք ճչամ... Մանվել Միկոյանի բանաստեղծական մտածողության ամենաբնորոշ գիծը, թերեւս, հագեցված ապրումն ու դրա անուղղագիծ տարածումն է, իսկ երբեմն էլՙ նոսր, թափառող զգացումների պատկերավորումն այնպես, որ անորոշ հորինվածքներն իրական համարվեն: Թեմատիկ առումով նրա հետաքրքրությունները մարդկային կյանքի ու ժամանակի, վերջավորի ու անվերջավորի միջեւ երկխոսություն ստեղծելու, ինչ-որ կապ գտնելու, անցյալը, այսօրն ու անհայտը մեկ ընդհանուր հեռանկարի մեջ տեսնելու որոնումներն են: Անդունդի եզրից այս կողմ ու այն կողմ մեկ քայլ է միայն, բայց ակնհայտ է նաեւ այս երկու վիճակները իրար կապող աներեւույթ շղթայի առաձգականությունը . պայմանական աշխարհը իրականության ստվերն է, նրա անբաժանելի մասը, դրա սուբյեկտիվ անդրադարձը, բանաստեղծի աբստրահանումը: Ժամանակների մեջ մարդու եւ բնության նախնական կապի խաթարումները առաջացնում են լքվածության զգացում, տարածվում մեր ողջ կենսաձեւի, գոյության, բարոյականության վրաՙ անհանգստացնող մի ալիք, որ մշտապես առկա է խոսքի ենթատեքստերում, որովհետեւ դա խաթարել է հենց իրենՙ մարդուն, օտարել ոչ միայն բնությունից, այլեւ ինքն իրենից: Ինքնահեռացման այս ցավը նա փորձում է մեղմել քաղաքային կյանքի մեջ բնության տարրեր ներմուծելովՙ զուտ նկարագրական բնապատկերից մինչեւ դրա խոհական-զգացական ենթիմաստներ: Կալանավոր ծառերՙ ասֆալտին խաչված, որ արմատներով հիշողության ձգվում եք խորքերը հողի, տեսակցության համար հարազատների հետՙ անտառ-երկրում ապրող: Մենք քայլում ենքՙ շնչելով ծուխն ու փոշին, ծամելով նույնասեռ տենչեր, մխիթարվելով միամտորեն, որ ծառ չենք խաչված կամ գազան: Անվարձահատույց տրվող-բաշխողի, չնկատվող զոհաբերությանՙ բնության խորհրդավոր գոյությանՙ ծառիՙ որպես խաչվածի պատկերը ավելի քան խոսուն ու իմաստավոր է: Այս տրամադրությունը առավել շոշափելի է դառնում «Ծառը» բանաստեղծության մեջ, որտեղ ծառի հետ նույնացումը բնության հետ մարդու հաշտեցման փորձ էՙ «Ինձ մնում է ըմբոշխնել երանությունը ցավի»: Կամՙ «Ես կտրած ծառ եմ, /որի արմատները տարածված են երկնքում»: Ցավի ճիչը խլացնելու ճիգերը, փախուստային տրամադրություններն արձանագրում են իրականությանՙ «օսլայված ու սափրված մտքերի» անփոխող դեմք-դիմակըՙ «Թանաքն է ուրիշ, բանաձեւերը նույնն են ամենուր». - սա ոչ այնքան համակերպում է, որքան ներքին դիմադրությունՙ մոտ չթողնել, իրենից հեռացնել այն, ինչը ծառին դարձնում է զոհ, ճշմարտությունը խուզում, անտարբերությունը թագադրում: Խոհի ու զգացմունքի այս փոխնիփոխ վիճակները ձեւավորում են ներքին կենսագրությունՙ հաճախ ընթեռնելի, երբեմն էլ թաքցված էջերով, որոնց վրայով սահող հայացքը աստիճանաբար մերձենում, ընտելանում է միմյանց չզիջող լույս ու ստվերին, անդունդի եզրով քայլողի սահմանային ապրումներին: Երեւույթի, առարկայի հետ նույնացումը, ապրումակցումը, ժամանակի մեջ դանդաղորեն տարրալուծվելով, հիշողության կետագծերի է վերածվում,- ցավի, գթության, հանդիպումի, բաժանումի, սիրո ու ատելության, մոռացումի, մաքառումի ու հույսի գունախաղերը այն «փաթիլներն» են, որով գոյավորում, իմաստավորում, հավերժի հետ զրույցի է բռնվում է մեր կյանքի ժամանակըՙ Ժամանա՛կ, ես ոչինչ չունեմ քեզնից թաքցնելու, դու ես ամենահուսալի այն հյուղակը, որտեղ ես պաշտպանվում եմ ամպրոպից ու կայծակից: Եվ լավագույն ավարտն իմ լինելու է հենց այդ հյուղակում: |