RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 25-09-2015



ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-09-24 23:50:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1667, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԵՐԲ ՄԻՏՈՒՄԸ ՁԵՒԱԽԵՂՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

Մեր նախանցյալՙ սեպտեմբերի 11-ի համարում լույս էինք ընծայել գրականագետ-արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանի քննադատական հոդվածը ակադ. Սերգեյ Սարինյանի գլխավորությամբ Գրականագիտության ինստիտուտի հրատարակած «Հայոց գրականության պատմություն» վեցհատորյակի 3-րդ հատորի մասին: Ներկա համարում, ի պատասխան ադ հոդվաzծի, նույնությամբ տպագրում ենք երկու հոդվածՙ հաջորդաբար Վարդան Դեւրիկյանի եւ Վանո Եղիազարյանի կողմից ստորագրված, որոնց հաջորդելու է, արդեն մեր առաջիկա համարում, Սերգեյ Սարինյանի պատասխան հոդվածը Ե. Տեր-Խաչատրյանին:


«Ազգ» ի 2015թ. սեպտեմբերի 11-ի համարում լույս տեսած Երվանդ Տեր-Խաչատրյանի «Տնայնագործական գրականագիտության մայրամուտը» հոդվածը սկսած վերնագրից գրված է զարմանալի մի անհանդուրժողականությամբ: Գիտական բանավեճը, դիտողությունները եւ անգամ քննադատությունը կարելի է ներկայացնել ավելի բարեկիրթ շարադրանքով, առավել եւս, եթե ասելիքի մեծ մասը վերաբերում է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին: Թերթային երեք էջ գրավող հիշյալ հոդվածից մենք կանդրադառնանք միայն այն հարցադրումներին, որոնք վերաբերում են հայ գրականության պատմության ակադեմիական նոր վեցհատորյակի վերջերս լույս տեսած երրորդ հատորի կառուցվածքին ու պարբերացմանը, մնացյալի պատասխանները թողնելով հատորի անմիջական պատասխանատուներին:

Հոդվածագրին վրդովեցրել է, որ գիրքը կոչվում է «Հայոց գրականության պատմություն»: Հայոց բառը մեր հորինածը չէ, այլ գալիս է դարերի խորքիցՙ սկսած «Հայոց միջնադար» արտահայտությունից եւ շարունակվում «Հայոց պատմություն», «Հայոց լեզվի պատմություն», «Հայոց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն» վերնագրերը կրող հայագիտական բազմաթիվ հրատարակություններով: Հիշենք նաեւ Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր կոթողային աշխատությունը:

Իհարկե, Հայոց-ը այսօր մի քիչ հնաբույր է եւ ինստիտուտում որոշակի քննարկումներ են եղել, սակայն, ի վերջո, այդ անվանումն է ընտրվել, որում քիչ դեր չի խաղացել նաեւ Աբեղյանի հեղինակությունը, ում անունով կոչվում է Գրականության ինստիտուտը:

Ե. Տեր-Խաչատրյանի հոդվածում եւ վերջերս հայտնված մի շարք բանավոր կարծիքներում այն հարցադրումն է արվում, թե ինչով է այժմյան երրորդ հատորը տարբերվում «Հայ նոր գրականության պատմության» ակադեմիական հինգհատորյակից: Ասենք, որ հիմնովին սխալ մոտեցում էՙ իրար հետ համեմատել նախորդ եւ այժմյան հրատարակություններն այն պարզ պատճառով, որ նախորդը հինգ ծավալուն հատորների մեջ ընդգրկում էր 19-րդ դարից մինչեւ 1910-ական թթ. գրականության պատմության ընթացքը:

Հինգհատորյակին զուգահեռ կային նաեւ Մ. Աբեղյանի երկհատորյակը նվիրված հայ հին գրականությանը եւ վերջապես խորհրդահայ գրականությանը նվիրված Հրանտ Թամրազյանի եւ Սուրեն Աղաբաբյանի հատորները: Բոլոր այս գործերում հանգամանալից շարադրանքով եւ տարբեր ստեղագործությունների նկարագրալից վերլուծություններով ներկայացվում է հայ գրականության պատմությունը:

Այժմյան վեցհատորյակը ընդգրկում է հայ գրականության ամբողջական պատմությունը: Հետեւաբար, այն պետք է ունենա առավելաբար տեսական ուղղվածություն հաշվի առնելով, որ փաստերը եւ գրական ստեղծագործությունների նկարագրություններն արդեն պատշաճ ձեւով տեղ են գտել հայ գրականության տարբեր շրջափուլերը ընդգրկող վերը հիշված հատորներում:

Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը իր նշանավոր «Ռուս գրականության տեսական պատմություն» գրքի առաջաբանում հռետորական հարց տալով, թե ինչ է նշանակում գրականության տեսական պատմություն եւ թե կարող է լինել ոչ տեսական պատմություն եւ կամ ընդհանրապես ոչ տեսական գիտություն, հետեւյալ բացատրությունն է տալիս: Գրականության պատմությունը նաեւ նկարագրական շարադրանք ունի, իսկ տեսական պատմության դեպքում ենթադրվում է, որ ընթերցողները գիտեն տվյալ հեղինակների կյանքը եւ ստեղծագործությունների սյուժեները եւ այդ ամենի իմացության հիմքի վրա շարադրվում են տեսական եզրահանգումները:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ ներկայացվող հատորը գրականության տեսական պատմության փայլուն մի օրինակ է: Այն պետք է դիտարկել այս տեսանկյունից եւ ոչ թե կեղծ հակադրություն ստեղծել երկու հրատարակությունների միջեւ:

Հաջորդ չարչրկված հարցը ժամանակային պարբերացումն է, թե մինչեւ որ ժամանակահատվածը պետք է տանել նոր գրականության սկզբնավորումը: Ոչ միայն գրականագիտության մեջ, այլեւ հասարակական ընկալումներում իշխող տեսակետը Խաչատուր Աբովյանին հայ նոր գրականության հիմնադիր համարելն է, բայց ոչ թե այն ըմբռնմամբ, որ նրանով սկսվեց հայ նոր գրականությունը, այլ որպես սկզբնավորված նոր գրականության խորհրդանիշ: Նախորդ հինգհատորյակը եւս այս մոտեցման վրա է հիմնված: Նույն ձեւով եւ նոր վեցհատորյակի քննվող երրորդ հատորի սկզբում զետեղվել է Խ. Աբովյանի գունավոր լուսանկարը:

Ե. Տեր-Խաչատրյանի հակակրանքը Ս. Սարինյանի հանդեպ այնպիսի արտառոց աստիճանի է հասնում, որ նրան վիրավորելու, հակադրվելու համար փորձում է մերժել անգամ Լեոյի նման հսկային, ընդհանուր համատեքստից կտրված բերելով Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» հոդվածի խոսքերը: Խոր ողբերգականությամբ եւ ներքին հակասականությամբ լեցուն այդ հոդվածում Տերյանը մերժում է նաեւ Մխիթարյանների գիտա-գրական ժառանգությունը եւ Հայոց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում: Այնպես որ Տերյանի մի բնորոշման հիման վրա Լեոյի կոթողային գործերը պետք չէ մերժել հանուն անձնական հաշիվների:

Ինչ վերաբերում է հայ նոր գրականության սկզբնավորման հարցին, ընդունվել է աբեղյանական պարբերաբաժանումը, որով 17-18-րդ դարերը համարվում են գրականության նորոգության շրջան, եւ այս մասին հստակ նշված է քննվող հատորում: Այնպես որ, Ե. Տեր-Խաչատրյանն իր զայրույթը պետք է ուղղի ոչ թե Գրականության ինստիտուտի, այլ Մանուկ Աբեղյանի դեմ:

Պետք է հիշել, որ կան փոխներթափանցումների եւ փոխշփումների շրջաններ, որոնք բնորոշ են տարածական եւ ժամանակային սահմանագծերին: Շփման գոտինՙ « » բնորոշ է ոչ միայն ռազմաճակատի երկու դիրքերի միջեւ ընկած չեզոք գոտուն, այլեւ երկու հարեւան ժողովուրդների սահմանային շրջանների մշակույթին եւ կամ մի ժողովրդի պատմության հին եւ նոր շրջանների սահմանագծին գտնվող գրականությանը եւ մշակույթին:

Իրեն հարգող յուրաքանչյուր գիտնական պետք է տարբերակի գիտական վիճելի տարբեր տեսակետներ պարունակող հարցերը մասնագիտական չիմացությունից եւ ըստ այդմ կառուցի իր շարադրանքը: Ե. Տեր-Խաչատրյանը, ցավոք, չի հետեւել այս պարզ սկզբունքին: Այն, ինչ որ նա ներկայացնում է որպես սխալ կամ չիմացություն, իրականում միեւնույն հարցի վերաբերյալ առկա տեսակետներից մեկն է: Հոդվածագիրը լավագույն դեպքում կարող էր ասել, որ ինքը մյուս տեսակետի կողմանակիցն է:

Բերենք բնորոշ երկու օրինակ: Հոդվածագիրը որպես քննադատություն ասում է, Պաղտասար Դպիրի «Ի ննջմանէդ արքայական» սկսվածքով բանաստեղծությունը ներկայացված է ոչ թե որպես Հայաստանին նվիրված, այլ որպես «Էրոտիկական բանաստեղծություն»: Նախ զարմանալի է, որ այդպես է անվանում սիրային եւ քնարական բանաստեղծությունը: Երկրորդՙ ոչ մի հիմք չկա պնդելու, որ այս բանաստեղծությունը անվերապահորեն նվիրված է Հայաստանին:

Միջնադարյան այլաբանությունից եկող ավանդույթով այն կարող է վերաբերել նաեւ Տիրամոր ննջմանը: Հօգուտ այս երեք տեսակետներից յուրաքանչյուրի կարելի է մի շարք փաստարկներ բերել, բայց դա չի նշանակում, որ մյուս երկու տեսակետներին հետեւողները սխալ են գրում:

Հոդվածագիրը նույն անհանդուրժող ոճով է գրում նաեւ Խ. Աբովյանի պարագայում, այն արտառոց տեսակետը հայտնելով եւ այդ տեսակետը վերագրելով մեծանուն Պիոն Հակոբյանին, թե Աբովյանը եղել է խոնարհ աստիճանավոր ու որեւէ հակասություն չի ունեցել ցարական իշխանությունների հետ:

Շարունակ հակադրվելու ճիգով արժե՞ արդյոք այսքան նսեմացնել Աբովյանին, երբ ժողովուրդն իր անխաբ զգացողությամբ եւ Չարենցն իր նշանավոր «Դեպի լյառն Մասիս» ստեղծագործությամբ գծել են ըմբոստ Աբովյանի կերպարը, որը հավաստվում է նրան վերաբերող վավերագրերով:

Այս ամենի եւ մի շարք այլ հարցադրումների մասին կարելի էր շատ ավելի մանրամասն եւ հիմնավոր գրել, եթե թերթային ծավալները թույլ տային: Ճիշտ կլինի, սակայն, որ նման հարցերը բարձրացվեն գիտական պարբերականներում եւ պատշաճ գիտական քննարկման ենթարկվեն, իսկ մամուլում քննվեն հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցողները:

Վերջում կցանկանայի անդրադառնալ երկու հարցի, որոնք անմիջաբար ինձ են վերաբերվում:

Առաջինՙ մի շարք պարբերությունների սկզբում Ե. Տեր-Խաչատրյանն ինձ է դիմում մեծարելով «պարոն Վարդան Դեւրիկյան» խոսքերով:

Պարոն Ե. Տեր-Խաչատրյան, միգուցե բացատրեիք, թե ինչու եք քանիցս ինձ այսպես դիմում, երբ այս հատորը լույս է տեսել իմ տնօրեն դառնալուց առաջ:

Երկրորդՙ շատ մեղմ ասած, Դուք ճիշտ չեք ասում, թե ինստիտուտում ժողով է գումարվել ինստիտուտի աշխատակցուհի Ամալյա Ալեքսանյանին աշխատանքից ազատելու համար: Տիկին Ալեքսանյանը ինքը մի քանի անգամ բանավոր, ապա եւ գրավոր դիմել է ժողով գումարելու եւ քննելու այն հարցը, թե ինչու երրորդ հատորի համար իր գրած երկու նյութերի դիմաց նշվել է Ա. Ալեքսանյան, որով շփոթություն է առաջանում նրա եւ Արամ Ալեքսանյանի գրածների միջեւ: Ի դեպ, նա ինքը չեկավ իր իսկ պահանջած ժողովինՙ ասելով, որ վատառողջ է: Ասվածը կարծում ենք տիկին Ալեքսանյանն ինքը եւս կհաստատի:

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես որեւէ մեկին իր գրածի համար աշխատանքից երբեք չեմ ազատի, անկախ նրանից, թե արդ գրածը որքանով է իմ դեմ եւ կամ որքանով է ընդունելի կամ մերժելի իմ ըմբռնումների տեսանկյունից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ