ԿԱՐԴԱԼՈՎ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ «ԵՍ ԵՒ ԴՈՒՔ» ԳԻՐՔԸ Թորոս ԹՈՐԱՆՅԱՆ Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 10-ին հանդիսավոր պայմաններում բացվեց մեծագույն քանդակագործ Երվանդ Քոչարի գործերի ցուցահանդեսը, որ շարունակվելու է մինչեւ առաջիկա հոկտեմբերի 10-ը։ Այդ առթիվ ստորեւ հրատարակում ենք 2007 թ. լույս տեսած ալբոմի նկարագրականը։ Այս տարուան երփնագեղ աշունը անկասկած պիտի ունենայ Երվանդ Քոչարեանի Սասունցի Դաւիթի թուրի շեղփին փայլը, Վարդան Մամիկոնեանի քառասմբակ վազքը դէպի թշնամին, առաւելՙ «Նկարչութիւն տարածութեան մէջ» անունը կրող իր գործերուն շքահանդէսը, նկարչութիւնՙ զոր ստեղծեց մեծն Երվանդ Քոչարը։ Վերի տողերուս հաստատումը պիտի գտնէք, երբ փութաք դիտելու այն մեծղի ցուցահանդէսը, որ այս օրերուն կ"ընթանայ Ազգային պատկերասրահին մէջ։ Ու հիմաՙ 196 էջերու վրայ տարածուող այս գիրքըՙ «Ես եւ դուք» , զոր կազմած ու հրատարակած են Անատոլի Յովհաննիսեանն ու Լալա Մարտիրոսեան-Քոչարը , որպէս ջատագովելի հրատարակութիւնՙ ի պատիւ Երվանդ Քոչարին։ Կազմողները գիրքի յառաջաբանին մէջ կը գրեն. «Փարիզեան 13 տարիներին Քոչարն ունեցավ միայն 5 անհատական ցուցահանդես, մասնակցեց դարակազմիկ նշանակություն ունեցող միջազգային ցուցահանդեսներիՙ արժանանալով ամենաբարձր գնահատանքի»։ Այնուհետեւ խօսքը կը տրուի քանդակագործութեան ու գեղանկարչութեան մաէսթրօՙ Երվանդ Քոչարին... Առաջին գրութիւնը մոնումենտի մասին է։ Քարանձաւէն նոր դուրս եկած մարդը քարաժայռ մը կը բարձրացնէ իր ինքնութիւնը հաստատելու համար։ Երկրորդ գրութիւնը կը կրէ «Վերջին բոհեմը» վերնագիրը, որ անկասկած իր մասին է, ուր գրած է. «Արվեստագետի եւ տիրողների միջեւ բացված է մի վիհ։ Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրումՙ հաճախ մոռացված. նա հասկացված չէ... Արվեստագետի նուրբ եւ զգայուն հոգին ատում է օրենքը, որովհետեւ տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրենքից, ստեղծում իր ուրույն աշխարհը...»։ Ամբողջ հրատարակութիւնը ողողուած է գեղանկարներով, ըստ հեղինակներու, բնորոշելով ենթականերուն ներաշխարհը։ Պատրաստուածը ներաշխարհներու գիրք է, ուր կեանքը չէ դիտուած իր մակերեսէն։ Գործին առաջին բաժինին մէջ կը հանդիպինք դասախօսութիւններու եւ ելոյթներուՙ Քոչարի բերնէն, ուր գեղարուեստի մասին խօսած է վարպետը.- «Արվեստը պաթոս է մարդկային հոգու, էմոցիայի ծայրահեղ լարում. ահա մշտնջենավոր բովանդակությունն արվեստի։ Պատերազմը, ռումբերն ու թնդանոթները անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական է» ։ Խօսելով Լեոնարդօ դա Վինչիի մասին, Քոչարը կը գրէ.- «Նա աստվածացնում էր բնությունը եւ նրա ուսումնասիրությունը դարձնում իր կրոնը» ։ Իսկ խօսելով սոցիալիստական ռէալիզմի մասինՙ կը յուշէ.- «Եգիպտոսն ստեղծեց աբստրակտամտային ռեալիզմ։ Քրիստոնեությունը մարդուն պոկեց այս աշխարհից եւ ստեղծեց միստիկական ռեալիզմ, Հունաստանը ստեղծեց կլասիկական ռեալիզմ, առեւտրական կապիտալըՙ իր ռեալիզմը, գեղարվեստը վաճառքի վերածելով» ։ Քոչար վարպետը կ"եզրակացնէ.- «Վերն ասածըՙ բոլոր արվեստները ռեալիստական են, եւ չկա ռեալիզմից դուրս արվեստ» ։ Դարձեալ խօսելով արուեստի մասին մաէսթրոն կ"ըսէ.- «Հավատքի խնդիր է խոսել արվեստի մասին։ Ուրեմն թողեք ամեն տեսակ ռեպրոդուկցիաներից դուրս եկած նկարչությունը եւ մտեք բնութիւն. հասկացէք նրա ուժը, նրա գեղեցկությունը» ։ Իսկ ելոյթի մը ընթացքին կ"ըսէ.- «Իսկական գեղանկարչի համար շատ կարեւոր է գոնե մի քիչ մարգարե լինելՙ այսօրվա մեջ տեսնել վաղը...» ։ Ժամանակակից արձանագործութիւնը եւս իր մշտական նիւթն է, ուր ըսած է.- «Մեր երազները, տեսիլքները երկրի վրա երկրային չեն։ Տիեզերք գնալուց առաջ մարդն արդեն գտել էր կոսմիկական ֆորմաներ։ Օրինակՙ Ալբերդ Ջակոմեդիի ֆիգուրները կարծես լուսնային են, այդ մարդկանց չի ձգում ալեւս Երկիրը, նրանք ենթակա չեն Երկրի ձգողականությանը» ։ Առանձին բաժին մը կայ մաէսթրոյի գրած յօդուածներուն մասին, ուր կը խօսուի գոյնի ու ֆորմայի շուրջ, յայտնելով.- «Իմ նկարների մեջ կարծես անցնում է «ինչո՞ւ» հարցը, իսկ Պիկասոյի նկարների մեջՙ «ինչպէ՞ս»ը։ Ինձ հետաքրքրում ու զբաղեցնում է ֆորմայի դրությունը, իսկ Պիկասոյինՙ որպիսությունը։ Պիկասոն այդ դեպքում գալիս է Վան Գոգից, իսկ եսՙ Սեզանից։ Սեզանն ու Վան Գոգը միանգամայն իրար չեզոքացնող ու հակադիր ուժեր են» ։ «Շրջանակ» յօդուածին մէջ կ"ըսուի.- «Շրջանակը այնպիսի անհրաժեշտութիւն է դարձել, որ նկարիչները դրան չեն էլ անդրադառնում. ո՞վ գիտէ, որ շրջանակը նկարի հանդերձանքն է, որ աւելի ցայտուն է դարձնում նկարը» ։ Մեծ ըլլալով մաէսթրոն կը խօսի ոչ միայն մեծերու, այլ նաեւ անտեսուածներու մասին, սկսելով Յարութիւն Աթոյեանէն։ Պարոնեանի երկերուն պատկերազարդումները դիտելով դիտած ու ախորժած կ"ըլլանք մեծագոյն երգիծաբանին «Մեծապատիւ մուրացկաններ» պիեսը։ Շիշմանեանի մենագրութիւնը Էդկար Շահին մեծ օֆորտիստի արուեստի մասին կրակի տակ է Երվանդ Քոչարի կողմէ, գովելով հանդերձ Շիշմանեանի մաքուր հայերէնն ու ոճը եւ նոյն գործը կարեւոր ներդրում նկատելով մեր արուեստի պատմութեան մէջ։ Միքայէլ Արուտչեանի մէկ ձեւաւորումը յաջող նկատելով հանդերձ վարպետը կ"արձանագրէ.- «Ցավոք պետք է ասել, որ «Եզոպոս» ներկայացման երաժշտության ձեւավորումը ոչ միայն չի նպաստել պիեսի ներքին բովանդակության բացահայտմանը, այլեւ խաթարել է նկարչի աշխատանքը» ։ Դարձեալ Պիկասոյի մասին.- «Նրա անհանգիստ հոգին նույն տեղում երկար չէր սիրում մնալ, եւ երբ նրան ասում էին, թե սիրում է փնտրել, պատասխանում էր, թե ինքը չի փնտրում, այլ գտնում է» ։ Յակոբ Գիւրջեանի մասին.- «Փարիզ, Փարիզ... որքան բոցավառ սրտեր... մոխրանում են բագինիդ վրա... Ոչ ոք տիրացավ քո սրտին, այլ միայն ամենաերջանիկներն արժանացան կախարդական ժպիտիդ, որ անմահություն է խոստանում... այդ երջանիկներից էր Հակոբ Գյուրջյանը։ Կովկասի համար Հակոբ Գյուրջյանը մի արեւ էր, որ շլացրեց եւ շշմեցրեց իր փայլով» ։ Նոյնը Մարտիրոս Սարեան վարպետին մասին.- «Հայաստանի արեւը կարծես դեռ իր աչքերի մեջ է, որոնք կծկվում են այնպես, ինչպես երբ մարդ արեւին է նայում, մինչ սեւ, ալիքավոր մազերը ստվերի մեջ են պահում ճակատը։ Սարյանի արվեստը ձեւափոխում ու շնչավորում է իրերն ու գույները իր արեւի դյուցազներգության մեջ իբրեւ լիրիկ։ Նա արեւի բանաստեղծ է, եւ նրա արվեստը կապրի այնքան, որքան կապրի մեր սերը դեպի արեւը» ։ Վահրամ Գայֆեճեանը կ"ապրի իր եղրեւանիներով նաեւ։ «Նա իր լիրիկական ջութակով բարձր որակով եւ վարպետությամբ նվագեց իր պարտիտուրան հայ արվեստի մեծ սիմֆոնիայում» ։ Այսպիսի յարգանք բոլոր մեծութիւններու նկատմամբՙ մեծէ մը։ Նոյն մեծարումին արժանացած է Բաժբէուկ Մելիքյանը։ Նաեւ Գավուքը։ Կալենցը «Երգող գոյներու վարպետն է»։ Աւետ Ասատուրըՙ գնահատուած բոլորէն։ «Բոկոտն Արքայեազնը» Ռուդոլֆ Խաչատրեանն է։ Յուշերու շարքէն սիրով կը ճանչնանք Եղիշէ Թադեւոսեանը, որ յղացաւ ստեղծել հայ արուեստագէտներու միութիւն Թիֆլիսի մէջ։ Որուն դէմ էր Բաշինջաղեանը մեկնելով այն միտքէն, որ հայրենիք չունի արուեստը։ Բայց Սուրէնեանցը բարձրաձայնած էՙ «Հայրենիքը պետք ունի արվեստին»։ Այդպէս ալ հիմնուեցաւ այդ միութիւնը։ Գիրքին «Գրական-գեղարուեստական ժառանգութիւն» բաժինին մէջ վարպետ գրողի մը կը հանդիպինք, որ ինքն էրՙ Երվանդ Քոչարը, որ ընթերցողը կրնայ զարմացնել իր ներաշխարհը պեղող թիֆլիսեան ողջ կեանքը մանրազնին ներկայացնող, Կայէնի ու Աբելի հոգեբանական երեսները երկու տողի մէջ տրուող վերլուծումով, այնքան վարպետօրէն։ «Փշրանքներ» բաժինին մէջ նոյն իմաստասէրն է Երվանդ Քոչարը։ Օրինակներով հաստատենք.- «Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձեւով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի եւ ընկալվում է ակնածությամբ» ։ «Ոչ ոք չի ուզում մեկնել Այստեղից, որովհետեւ ոչ ոք չի վերադարձել Այնտեղից... Իսկ նոր եկողներն էլ անլեզու են» ։ «Առանց անկումի ապրել կը նշանակի գնալ թույլ դիմադրության գծով» ... «Արվեստագետի համար ստվերը այնքան նյութական է, որքան առարկան. դրանք հավասարապես նկարչական օբյեկտներ են» ։ «Սերն ապրում է, երբ սոված է, եւ մեռնում էՙ երբ կշտանում է... Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է» ... «Ես եւ դու» բաժինով կը փակուի գիրքը նոյնպէս փիլիսոփայական խոհերով, որոնց կը հետեւին հեղինակին մաղթանքները.- «Պահեցեք ու պահպանեք հայ լեզուն, վառ պահեք հայ մշակույթի ջերմացնող ատրուշանը, որ բոլորիս սրտերի մեջ է, եւ բերում ենք շատ հեռու դարերից, անհիշելի ժամանակներից» ։ 2007 թ.ին լոյսին եկած այս գիրքը ինչո՛ւ հասաւ ինծի 2015 թ.ի օգոստոսին։ Թէեւ ուշ, բայց ժամանակին, երբ նոր հասած էի բոլոր հայերու հայրենիքըՙ Հայաստան։ Փա՜ռք Երուանդ Քոչարին։ Երեւան, 30 օգոստոս 2015 |