RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-24 23:50:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2278, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԹԱԽԾԱՆՈՒՇ ՄԻ ՀՈՒՇԱԳԻՐՔ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հասմիկ Աբեղյանի «Օրերս ինձ հետ են...» հատորը

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Աբեղյանին Երեւանում շատերն են ճանաչում որպես մեծանուն հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի թոռնուհի, Գիտությունների Ակադեմիայիՙ իր պապի անունը կրող Գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի երկարամյա աշխատող, որը մասնակցել է Ռափայել Պատկանյանի, Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին, իսկ այժմ գործընկերների հետ աշխատում է Թումանյանի կյանքի տարեգրության վրա։ Հասմիկ Աբեղյանին շատերը գիտեն նաեւ որպես ձայնագրող դերասանուհի, որը մանկական ձայնով խոսելու իր բացառիկ ձիրքի շնորհիվ 19601980-ականներին մասնակցել է հայկական մուլտֆիլմերի ձայնագրմանը եւ կինոնկարների կրկնօրինակմանը, բազմաթիվ ռադիոներկայացումների եւ ռադիոհաղորդումների։ Նրա ձայնով են խոսում մեր սիրված մուլտհերոս պինգվին Վինը, «Սխալ արտահայտություն» հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմի հերոսները։ Մեր Կլարա Ռումյանովան է տիկին Հասմիկը. եթե զարգացած մուլտարտադրություն ունենայինք, անկասկած նրա ավանդը շատ ավելին կլիներ այդ բնագավառում։ Ինչպես ժամանակին ասել է հայ ականավոր գիտնական Արամ Ղանալանյանը, «Մեր Հասմիկի մեջ մայրիկից անցել է երաժշտությունը, հայրիկիցՙ դերասանությունը, պապիկիցՙ բանասիրությունը։ Որոշ պայքարից հետո պապը հաղթեց» (տես սույն գիրքը, էջ 105)։

Իսկ վերջերս Հասմիկ Աբեղյանը հանդես է եկել հուշագրությամբՙ «Օրերս ինձ հետ են...» վերնագրով։ Գրքի առաջին իսկ էջում նա նշում է, որ «Երբեք հավակնություն չեմ ունեցել գիրք գրելու (չհաշված գիտական հրատարակությունները)։ Այս գրառումները կատարում եմ մտերիմներիս, բարեկամներիս, ինձ ճանաչողների համար, որ երբ հիշեն ինձ եւ ցանկություն ունենան զրուցելու հետս, թերթեն գրառումներս եւ ինձ զգան իրենց կողքին» (էջ 4)։ Սակայն իրականում սույն հատորը կհետաքրքրի ոչ միայն նրան անձամբ ճանաչողներին, այլեւ հայ գրականության, բանասիրության ուսումնասիրությամբ, հայաստանյան կյանքի 19401990-ականների ժամանակահատվածն ուսումնասիրողներին եւ հետաքրքրվողներին։

Առաջին իսկ էջերից գիրքը գրավում է իր ջերմությամբ եւ անմիջականությամբ, կարդացվում մեկ շնչով եւ ցանկություն է առաջանում վերստին թերթել որոշ էջեր։ Հեղինակին քիչ թե շատ ճանաչողները տեղյակ են նրա խիստ դրական, գերզգայուն, հումորի անսպառ զգացումով օժտված, զվարթախոհ նկարագրին, գիտեն կյանքում նրան բաժին ընկած դառնությունները, ուստիեւ պատահական չէ, որ սույն հատորում այնքան գիրկընդխառն են ուրախն ու տխուրը, թախծոտն ու զվարճալին։ Ծիծաղՙ արցունքների միջից։ Ընթերցելիս անընդհատ հիշում էի լուսահոգի նկարիչ Հակոբ Հակոբյանի հատորի վերնագիրըՙ «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս»...

Ասում ենՙ մտավորական է նա, ում պապն է մտավորական։ Տոհմիկ մտավորականի ընտանիքում ծնված Հասմիկ Աբեղյանի հուշագիրքը տարբերվում է հայ հեղինակների գրած համանման հատորների մի զգալի մասից նաեւ այն բանով, որ այստեղ ներկայացված միջավայրը բացառապես քաղաքային է եւ պատկերում է պատմական մի ժամանակաշրջանՙ առանց կտրուկ վայրիվերումների։ Այն դեպքում, երբ սովոր ենք մեր հուշագիրների մոտ ավելի շատ կարդալ գյուղի, դժվարին տարիների, եթե ոչՙ գաղթ ու պատերազմի մասին։ Երեւանի ուրբանիստական մշակույթը իր լույս ու ստվերով առկա է հուշագրքի գրեթե բոլոր էջերում, զգացվում է հեղինակի մեծ սերը իր ծննդավայրի, իր բնակավայրի հանդեպ, եւ երեւանցիներիցս շատերը կիսում ենք նրա ափսոսանքը. «Մեր հին շենքերը, քարերը ամենաջերմ հիշողություններ են պահում Երեւանից, իմ սիրելի Երեւանից, այս պատճառով քանդվածն ու վերացածը ցավ է պատճառում, քանի որ դրանցից յուրաքանչյուրը մի կտոր է պահում մեր մանկությունից» (էջ 97)։ Շատ չեն նաեւ մեր այնպիսի հուշագրությունները, որտեղ «գործող անձինք» մտավորական եւ մշակութային շրջանակներից են. այդ առումով եւս շահեկան է «Օրերս ինձ հետ են...» գիրքը, որտեղ պատմությանն ի պահ են տրվել մանրամասներ բազմաթիվ արժեքավոր անձանց վերաբերյալ։ Ի տարբերություն շատ հուշագիրներիՙ Հասմիկ Աբեղյան հուշագիրը չի կենտրոնանում իր անձի վրա, երբեք չի զբաղվում ինքնաթմբկահարմամբ, այլ առավելապես պատմում է իր ժամանակակիցների մասին։ Մեկ անհատի կենսագրության միջոցով պարզվում է ժամանակակիցների մի հարուստ դիմասրահՙ բանասերներ, գրողներ, դերասաններ, բժիշկներ, երաժիշտներ, հասարակ մարդիկՙ նրա, մեր, բոլորիս ժամանակակիցները, հայտնի ու անհայտ մարդիկ, որոնք բոլորն էլ իրենց հետքն են թողել Աբեղյանի կյանքում։ Անկախ այն հանգամանքիցՙ այսօրվա ընթերցողը ճանաչում է այդ մարդկանց թե ոչ (իսկ շատ-շատերին պարզապես չի կարող ճանաչել), այդ անծանոթների մասին կարդում է հաճույքով, քանի որ նրանց դիմանկարները կերտված են ջերմությամբ, հետաքրքրական շեշտադրումներով, հումորով, թեկուզեւՙ երբեմն անհարկի թվացող մանրամասներով։ Այլեւս չասած ծանոթների մասին, որոնց վերաբերյալ մանրամասնությունները նոր երանգներով հարստացնում են այդ մարդկանց նկարագիրը։ Օրինակ, ինչպիսի մարդ է եղել հայ բանասերների կողմից մշտապես խնկարկված Մանուկ Աբեղյանը... եւ թե ինչպես 1937-ին նա նույնպես սպասել է, որ «զտումներ» իրականացնողները կգան նաեւ իր ետեւից... եւ իսկապես եկել են, սակայն... շփոթելով բնակարանը, ինչից, սակայն, չի ուրախացել մեծ գիտնականն ու մեծ մարդը, որը դառնացած ասել է. «...էլի՛ անմեղ մարդու տարան» (էջ 184)։

Պատկերելով տարբեր սերունդների մարդկանցՙ հուշագիրը, առանց իդեալականացնելու որեւէ մեկին, գրեթե բոլորին հիշում է դրական գույներով, նրա «հերոսները» մեծ մասը գեղեցիկ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Դա կյանքը վարդագույն ակնոցով նայելու շնորհիվ չէ, այլ այն պարզ ճշմարտության, որ դրական մարդը, անկախ կյանքի դժվարություններից եւ ճակատագրի հարվածներից, ընդհանուր առմամբ շրջապատված է լինում դրական անձանցով։ Այնպես որ Աբեղյան հուշագիրը չի գրել հուշեր ի հեճուկս, այլՙ հանուն, վերականգնել է անցյալի մեր բազմաթիվ համաքաղաքացիների, արժեւորել թե՛ երախտավորին, թե՛ համեստ մշակինՙ համարյա միշտ հիշելով նրանց նախնիներին, համառոտ կենսագրությունը, կատարած գործերը եւ չմոռանալով հիշել նաեւ նրանցից շատերի հետ կատարված զվարճալի դեպքերը։ Մի քանի անձինք կերտված են գրեթե գեղարվեստական ուժով։ Ընթերցողի սիրելին են դառնում Հասմիկի պաշտելի պապիկը եւ հայերենի առաջին ուսուցիչըՙ Մանուկ Աբեղյանը, մայրըՙ Գրետան, մտերիմ ընկերուհինՙ Անահիտ Չարենցը, Պարույր Սեւակը, շատ այլ գրոց-բրոց եւ արվեստի մարդիկ... բայց հատկապես Լուսիկ բաբոն, որիՙ հայ ավանդական մեծ մոր կերպարում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր սեփական տատիկին։ Զգալի է մեծ պատկառանքը, սերը, նվիրվածությունն ու գորովն իր ավագ, տարեկից ու նաեւ կրտսեր գործընկերների հանդեպ, որոնց մեջ առանձնանում է իր թանկագին գիտական ղեկավարըՙ ականավոր գրականագետ Արամ Ինճիկյանը։ Ահա ինչպես է կերտել նրա կերպարը Հասմիկ Աբեղյանը. «Ինձ համար Աստծո պարգեւ էր իր հետ աշխատելը, մտերմանալը, շփվելը։ Միշտ մտածել եմՙ հնարավո՞ր է արդյոք մարդկային այդքան դրական հատկանիշներ կրել իր մեջ. լինել անսահման բարի, մեղմ, մարդասեր, պատրաստակամՙ օգնելու դիմացինին, համեստ, քաղաքավարի, ընդառաջող.... Յուրաքանչյուր շփում եւ զրույց Արամ Ինճիկյանի հետ ինձ համար նորություն էր բերում: Ես շատ բան ունեի իրենից սովորելու եւ սովորեցի...» (էջ 252)։ Անհնար է առանց հուզմունքի կարդալ այն էջերը, որ վերաբերում են հորՙ Սուրեն Աբեղյանի հետ ընդամենը մեկ անգամ հանդիպմանը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռազմագերի դարձած եւ ստիպված ԱՄՆ-ում ապաստանած Սուրենը (Սունդուկյանի անվան թատրոնի երբեմնի դերասանը) քառասուն տարի բաժանված է եղել հարազատ դստրիկից, որը 1981-ին ի վերջո կարողացել է երկու ամսով մեկնել Միացյալ Նահանգներՙ հաղթահարելով խորհրդային բյուրոկրատիայի հարուցած խոչընդոտները...

Ներկայացված անձանց կենսագրականների միջոցով վեր են հանվում մի ողջ ժամանակաշրջան եւ պատմական իրողություններՙ պատերազմական եւ հետպատերազմական Խորհրդային Հայաստանի դժվարին իրականությունը, 1950-1980-ականների առօրյա կյանքը, տիրող մթնոլորտըՙ մայրաքաղաքային իր առանձնահատկություններով, դպրոցական, համալսարանական առօրյայով, բակային խաղերով եւ ճամբարներով, մշակութային կյանքով, ուղեւորություններով Ռուսաստան եւ սոցերկրներ, ուրախ եւ տխուր օրերով, երբ դեռեւս տեխնիկան չէր իշխում մարդկանց վրա, երբ տակավին այնքան ջերմ էին հարաբերությունները մարդկանց միջեւ, երբ ամեն առիթով մարդիկ հավաքվում էինՙ ուրախանալու, երբ ինքնաբուխ ընկերական հավաքույթները առօրյայի սովորական մաս էին կազմում... Սովոր ենք լսել եւ կարդալ, որ Ստալինի մահվան օրը բոլոր խորհրդային մարդիկ, ներառյալ երեխաները, պարտադիր պիտի հրապարակավ լաց լինեին, սակայն, բարեբախտաբար, եղել են եւ ողջամիտ մարդիկ, որոնք արգելել են այդ ցուցադրականությունը։ Ահա Հասմիկ Աբեղյանը վկայում է, որ իր ուսուցչուհինՙ Վարսիկ Եսայանը, խիստ ձայնով ասել է արտասվող դասարանին. «Բարձրացրե՛ք գլուխներդ, ինչո՞ւ եք լաց լինում։ Ոչի՛նչ չի պատահել։ Արցունք չտեսնեմ» (էջ 151)։ (Մայա Պլիսեցկայան էլ իր հուշագրքում վկայել է, որ Ստալինի մահվան լուրն առնելուց հետո իր մայրն ասել է. «Сдох-таки тиран!»)։

Գրքին անտեղյակ ընթերցողը կարող է հարց տալ, թե միայն լավի ու դրականի՞ մասին է գրում Հասմիկ Աբեղյանը, արդյո՞ք նա միտումնավոր աչք է փակում ժխտականի հանդեպ։ Ոչ, իհարկե։ Կան նաեւ հատուկենտ բացասական «հերոսներ», որոնց անարդարացի վերաբերմունքը եւ տարբեր արարքները հոգեխոց են պատճառել զգայուն աղջկան, սակայն հուշագրքից պարզ է դառնում, որ լինելով անչար, ներողամիտ, բարեհոգիՙ ինքը ուժ է գտել ներել նրանցՙ եւս մեկ անգամ ապացուցելով այն ճշմարտությունը, որ ներել կարողանալը բարձրագույն արժանիք է։

Անզուսպ քրքիջով են ընթերցվում գրքին հատուկ համ ու հոտ տվողՙ անձամբ հուշագրի եւ նրա ծանոթների հետ կատարված այլեւայլ զվարճալի դիպվածները, որոնք Հասմիկ Աբեղյանը պատմում է այնպես, ասես ընթերցողն անձամբ է դրանց ականատեսը դառնում։ Օրինակ, Կոստան Զարյանի անանուն երկրպագուի կողմից նրա բնակարանը ներխուժելու ողբերգազավեշտական դրվագը, Գրականության եւ արվեստի թանգարանում կատարված պատմությունները... իսկ կինո «Նաիրիի» հերթում Հասմիկի գլխին եկածը եթե բեմադրվիՙ կզարդարի յուրաքանչյուր կինոկատակերգություն։ Եվ կամ ինչպես է արդեն ուսանող դարձած, սակայն չարաճճիությունը պահպանած Հասմիկն իր մանկական ձայնով զվարճացրել լեզվաբանության դասախոս Էդվարդ Աղայանինՙ ողջ կուրսին փրկելով ստուգարքը մեկ առ մեկ հանձնելու պարտականությունից եւ կամ նույն կերպ կատակել իր խստությամբ հայտնիՙ Գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդապահ Գոհար Ազնավուրյանի հետ... Բազմաթիվ են նման պատմությունները, բոլորը չես թվարկի...

Եթե մի բառով փորձեմ բնորոշել Հասմիկ Աբեղյանի հուշագրությունը, ամենից սազականը կլինի «թախծանուշ» բառը։ Հաճախ է նա այս կամ այն հուշը պատմելու ավարտին բացականչումՙ երանի՜ այդ օրերին... Եվ հաճախ է այս կամ այն անձի վերաբերյալ իր խոսքն ավարտում բարեմաղթանքների եւ օրհնանքի հեղեղովՙ մաղթելով նրան արեւշատություն, երկար կյանք, ամենայն բարիք... Հասմիկ Աբեղյանի թախծանուշ այս հատորի առթիվ գրածս սույն անդրադարձը ես նույնպես ցանկանում եմ ավարտել նրա իսկ ոճովՙ մաղթելով նրան այդ նույն արեւշատությունը, երկար կյանքը, ամենայն բարիքը... ու նաեւ ընթերցողական խորին երախտագիտությունըՙ իր ապրած օրերը շռայլորեն եւ նման տպավորիչ կերպով մեզ հետ կիսելու համար։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ