ՄԻ՛ ԱՂԱՎԱՂԵՔ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻՆ ԵՎՍ Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե. Տեր-Խաչատրյանի` «Տնայնագործական գրականագիտության մայրամուտը» վերնագրով հոդվածին ամբողջությամբ անդրադառնալու ցանկություն չունենք, մանավանդ այն գիտական բանավեճի մշակույթին ոչ հարիր մի հոդված է, որի նպատակն ակնհայտ է` սեւացնել ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին եւ գրախոսվող հատորի խմբագիր Սիրանուշ Մարգարյանին: Այդ տեսանկյունից անդրադարձ կատարելու իմաստ չենք տեսնում, քանզի հայտնի բան է, որ Ե. Տեր-Խաչատրյանի «նեղ մասնագիտությունը» Սարինյանի դեմ պարբերաբար գրելն է: Սակայն ամենեւին էլ այն կարծիքին չենք, թե որեւէ մեկը` այդ թվում նաեւ ակադեմիկոս Սարինյանը, նրան քննադատող Երվանդ Տեր-Խաչատրյանը, նաեւ տողերիս հեղինակը, անթերի է եւ կարող է կատարել մի գործ` զերծ որեւէ թերությունից: Մինչդեռ այս գրախոսությունը կարդացողը տպավորություն է ստանում, թե գրախոսվող գիրքն անպիտան մի բան է: Իրականում այն ԳԱԱ գրականության ինստիտուտում ծրագրված «Հայոց գրականության պատմության» վեցհատորյակի երրորդ հատորն է, որին բախտ է վիճակվել ավելի շուտ լույս տեսնել, քան նախորդ հատորները: Հարց է առաջանում` նման մի ձեռնարկ ի կատար ածելու համար ինչ գիտական ներուժ է անհրաժեշտ: Օտարներն իրենց գրականության պատմությունը գրում են տասնյակ մասնագետների մասնակցությամբ. մեր պետությունը սակավ միջոցներ է տրամադրում գիտությանը: Իննսունամյա ակադեմիկոսն իր հինգհոգանոց աշխատախմբով կատարել է մի հսկայական աշխատանք, որն արժանի է դրվատանքի, որքան էլ այն, ըստ գրախոսի, թերություններով լեցուն լինի: Գիտության մեծ նվիրման արդյունք է այս հատորը, որը ծնունդ է առել տքնանքով, ու դրա դիմաց ոչ ոք ըստ արժանվույն չի փոխհատուցվել: Գրե՛ք այն մասին, որ գիտնականը ծիծաղելի աշխատավարձ է ստանում եւ ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու. այդ է պատճառը, որ տասնյակ տարիներ ԳԱԱ համակարգում աշխատող գիտնականները սիրտ ու հավես էլ չունեն գիտությամբ զբաղվելու: Իսկ նրանք, ովքեր նվիրումով դեռ շարունակում են աշխատանքը, արժանանում են այսօրինակ քննադատության: Թերություն չունի միայն չեղած բանը (ասենք` ծրագրված, բայց չտպված մյուս հինգ հատորները), պարոն Տեր-Խաչատրյան, իսկ եղածն ամբողջության մեջ պետք է գնահատել, ոչ թե ի ցույց դնել միայն թերությունները: Բայց այս մասին չէ, որ հարկ ենք համարում խոսել: Մեզ մտահոգողը գրականագիտության մեջ վերջերս սկսված բանավեճն է` նոր գրականության պարբերացման հարցի հետ կապված, ինչի մասին խոսել եմ նաեւ Ձեր վկայակոչած «ցնծության շեփորհանդեսին»: Ամբողջ հարցն այն է, որ մեզանում անցյալ դարում արմատացել է մի թյուր պատկերացում, թե հայ նոր գրականությունն սկսվում է 19-րդ դարից, ինչի կողմնակիցն է նաեւ Ե. Տեր-Խաչատրյանը, ով հայ նոր գրականության սկիզբը կապում է Խաչատուր Աբովյանի հետ. «Իսկ ո՞ւր է մնում մեր ողջ հայագիտությունը, ո՞ւր է մնում «հայագիտության վիթխարի կաղնին»` Մանուկ Աբեղյանը, որն, ի դեպ, իր «Գրականության պատմությունը» ավարտում է Սայաթ-Նովայով եւ 19-րդ դարի սկզբի մխիթարյան բանաստեղծներով»: Սա պարզապես մասնագիտական անիմացություն է, երբ նշվում է, թե Աբեղյանն «իր «Գրականության պատմությունը» ավարտում է Սայաթ-Նովայով եւ 19-րդ դարի սկզբի մխիթարյան բանաստեղծներով»: Հարկ է, որ գրաքննադատը կարդա Մանուկ Աբեղյանի երկերի Դ հատորի 5-րդ էջը, որտեղ պարզորոշ գրված է, որ «Էջեր դասախոսություններից» (ուր ներկայացված է Սայաթ-Նովան) եւ «Ուրվագծեր 19-րդ դարու հայոց գրականության պատմությունից» բաժինները «Հեղինակի ձեռքով մշակված չեն իբրեւ «Հայոց հին գրականության պատմության» աշխատության մասեր, բայց եւ տեղավորվել են սույն հատորում, որպես հին գրականության վերաբերող նյութեր»: Պարզապես հատորի խմբագիր Էմ. Պիվազյանը եւ խմբագրական խորհուրդը այն ներառել են այս հատորի մեջ` ելնելով հին գրականության մասին իրենց պատկերացումներից: Արդ, ճշմարտությունը բացահայտելու համար մեջբերում ենք Մանուկ Աբեղյանի վկայակոչված հատորից համապատասխան հատված, որպեսզի նախ Ե. Տեր-Խաչատրյանն իմանա Մանուկ Աբեղյանի դիրքորոշումը, ինչից հետո նոր միայն Աբեղյանով «հերքի» Սարինյանի (եւ ոչ միայն Սարինյանի) առաջարկած պարբերացումը: Ահա ինչ է գրում Մանուկ Աբեղյանը հայ նոր գրականության սկզբնավորման մասին. «Մեր նոր գրականության սկիզբը: -Ամենից առաջ կուզեի որոշել, թե ո՞ր ժամանակից պետք է դնել մեր նոր գրականության սկիզբը, արդյոք 18-րդ դարում Վենետիկի Մխիթարյանների՞ց, ինչպես դնում են հաճախ: -Ես կարծում եմ, որ Մխիթարյաններն եւ ինքը Մխիթար Աբբան սկիզբ չեն, այլ ծնունդ ու շարունակող են այն մեծ շարժման, որ առաջ է գալիս հայոց եկեղեցու մեջ 17-րդ դարում եւ տեւում է մինչեւ 19-րդ դարու կեսերը եւ այս կողմն եւս: Մեր հնի եւ նորի բաժանումը լինում է ոչ թե 18-րդ դարում, այլ 16-րդ դարու վերջերը եւ 17-րդի սկզբներում, երբ համատարած իշխում էր ավերակ եւ թանձր տգիտություն» (Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Դ. Երեւան, 1970, էջ 545): Շարունակության մեջ Ե. Տեր-Խաչատրյանը գրում է. «Մեղմ ասած, վիճելի է հայ նոր գրականության պատմությունը 17-րդ դարից սկսելը: Գիտական հիմնավորում եւ փաստարկումներ չկան, Լեոյի եւ այլոց դատողությունները չեն համոզում»: Մինչդեռ «հայագիտության վիթխարի կաղնի» Մանուկ Աբեղյանը շատ հստակ գրում է. «...մեր նոր գրականությունն սկսվում է 17-րդ դարում» (Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Դ. Երեւան, 1970, էջ 547): Այնպես որ, պարոն Տեր-Խաչատրյան, Մանուկ Աբեղյանը հայ նոր գրականության սկիզբ համարել է 17-րդ դարը: Եվ Մանուկ Աբեղյանին եւս աղավաղելու կարիք չկա: Ի դեպ, պարոն Տեր-Խաչատրյան, մեծանուն Աբեղյանը եւս գրականության պատմությունն անվանել է «Հայոց հին գրականության պատմություն», եւ դրա մեջ անընդունելի բան չկա, թեեւ «հայ հին գրականության պատմություն» եզրույթը եւս ընդունելի է: Եթե Աբեղյանի հիշյալ ուսումնասիրությունը ուշադիր չեք կարդացել, ապա Մանուկ Աբեղյանի կյանքի եւ գործի ամբողջական ստվարածավալ ուսումնասիրությամբ հանդես է եկել Սարգիս Հարությունյանը դեռեւս 1970 թվականին` օբյեկտիվորեն գնահատելով Աբեղյանի գիտական վաստակը: Ավելին` 2006 թվականին «Պատմա-բանասիրական հանդես»-ում Սարգիս Հարությունյանը ներկայացրել է Մանուկ Աբեղյանի գիտական վաստակի ուրվագիծը` շատ հստակ նշելով, որ Մանուկ Աբեղյանը հայ հին գրականության ավարտ համարել է 17-րդ դարը. «Այսպես. հին գրականության առաջին, անգիր շրջանը (նկատի առնելով այս շրջանի բանահյուսության մեջ պատմական իրականության գեղարվեստական ընկալման եւ անդրադարձման եղանակը)ՙ Աբեղյանը կոչում է «Նախնական առասպելապատմական բանահյուսություն»: Երկրորդ շրջանը (V-X դդ.) կոչում է «Եկեղեցաքաղաքական մաքառման գրականություն», նկատի առնելով նրանում անդրադարձած պատմական իրականությունն ու գաղափարական հիմնական միտումները, իսկ երրորդ շրջանը (XI-XVII դդ.), ինչպես արդեն տեսել ենք, անվանում է «Վերածնության գրականություն», հաշվի առնելով պատմական իրողություններն ու գրականության մեջ աշխարհիկ ոգու վերածնման միտումները» (Հարությունյան Սարգիս, Մանուկ Աբեղյան. գիտական վաստակի գնահատման ուրվագիծ (Ծննդյան 140-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, 2006, 1, էջ 15): Այնպես որ, պարոն Տեր-Խաչատրյան, Աբեղյանին աղավաղելու հարկ չկա: Ավելին` միշտ հիշեք Մանուկ Աբեղյանի խոսքը իսկական գիտնականի մասին. «Բանասերը, ինչպես եւ ամեն իսկական գիտական աշխատող, միայն մեկ մեթոդ ունի, այն է` նա բազմակողմանի կերպով ճիշտ դիտում է օբյեկտիվ իրականությունը եւ դրանից հանում է իր հասկացությունը, ինչպես փիլիսոփայորեն ասում են, մտածությունը անդրապատկերում է օբյեկտիվ իրականությունը: Սովորական լեզվով ասում ենք, թե հետազոտողն, ուղիղ հետեւության հասնելու համար, պետք է բազմակողմանի ուղղատեսություն ունենա իր դիտած առարկայի նկատմամբ, եւ իր հետազոտության ժամանակ լինի ուղղամիտ եւ ուղղադատ» (Մ. Աբեղյան, Երկեր. հ. Է, Երեւան, 1975, էջ 121): Բանականությունն է, որ հնարավորություն է տալիս մարդուն ուղղամիտ լինելու. հանուն անձնական մաշված բանավեճերի մի՛ կորցրեք Ձեր ուղղամտությունը: Գրախոսության ժանրը պահանջում է խոսել նաեւ գրքի արժանիքների մասին. մի՞թե այդ հատորը ոչ մի արժանիք չունի, ինչո՞ւ չեք հիշատակել գրքի արժանիքները` նշելով հանդերձ բազմաթիվ թերություններ: Ի դեպ, պարոն Տեր-Խաչատրյան, Ձեր հիշատակած ցնծության շեփորհանդեսին խոսել եմ հենց հայ նոր գրականության շրջանաբաժանման մասին` շեշտելով, որ դա Սարինյանի բերած նորույթը չէ, այլ դեռեւս Մխիթարյանները, Մանուկ Աբեղյանը, ավելի ուշ նաեւ այլ հայագետներ (օրինակ` Կյուրեղ Քիպարյանը) Սայաթ-Նովային չեն դիտել հայ միջնադարյան գրականության շրջանում: Ասեմ ավելին` գրքի մասին եղել են նաեւ այլ գրականագետների օբյեկտիվ գնահատականներ, նաեւ քննադատություններ, որոնց պատասխանելով` Սարինյանն ասաց, որ եթե մեկը կարող է այս գրքում նկատել մեկ թերություն, ապա ինքը կարող է նշել 100 թերություն: Փորձե՛ք օբյեկտիվ լինել եւ կհամոզվեք, որ անգամ Ձեր մատնանշած ընդունելի թերությունները եւս ամենեւին չեն նսեմացնում հիրավի դրվատանքի արժանի այս աշխատությունը: Պարոնա՛յք, եկեք մտածենք գիտությունն ու գիտնականին արժեւորելու մասին, ոչ թե շարունակաբար վարկաբեկենք միմյանց: |