ՍԵՎ ՆՇԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՋՈՆ ՍԻԼՎԵՐԻՆ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեւելի մարդ է Ջոն Սիլվերը. նա հիմարացրել է բոլորին: ՍԹԻՎԵՆՍՈՆ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Սարինյանը, որը, հանրահայտնի է, զանազան մրցանակների հետ նաեւ ակադեմիկոսի կոչում ունի, հրապարակ է հանել մի հատված ակադեմիկոսի իր օրագրից` «Մի նմուշ բացառիկ տգետի օրագրից» խորագրով: Ինձ համար անակնկալ էր, որ ակադեմիկոսը օրագիր է պահում եւ առավել անակնկալ ու անսպասելի էր, որ նա իր օրագրի հատվածը վերնագրել է «Մի նմուշ բացառիկ տգետի օրագրից»: *) Ինչ խոսք, պետք է արժանին հատուցել հարգարժան ակադեմիկոսի խոստովանական անկեղծությանն ու սեփական անձի ու ինքնագնահատության դառն ճշմարտացիությանը: Երբ կարդացի ակադեմիկոսի օրագրի այդ «մի նմուշը», պարզվեց, որ այն գրված է իբրեւ պատասխան իմ «Տնայնագործական գրականագիտության մայրամուտը» գրախոսական-հոդվածի, եւ լի է հայհոյանքով, լուտանքներով, հերյուրանքներով, անարգալից խոսքերով եւ զրպարտություններով, մի խոսքով` կեղտով ու ապականությամբ: Ամեն մարդ, որ գրիչ է վերցնում, թղթին է հանձնում այն ամենը, ինչով որ լցված է իր ներսը, իր էությունը: Պարզվում է, որ ակադեմիկոսի հոգին (եթե, իհարկե, բոցավառ այս լենինյան աթեիստը հոգի ունի) լցված է միայն կեղտով ու ապականությամբ: Սարինյանի գրածը ծայրից ծայր հայհոյանք է: Ահա թե ով է այս ակադեմիկոսը, ահա ձեզ ակադեմիկոսի մակարդակ: Ցավոք սրտի, հայ ակադեմիկոսը չգիտի, որ դաստիարակված ու բարեկիրթ մարդիկ առհասարակ չեն հայհոյում, որ հայհոյանքը առաջին հերթին նսեմացնում է հայհոյողին: Լավ կլիներ, Սարինյանը կյանքում գեթ մեկ անգամ բացեր ակադեմիկոս (իսկակա՛ն ակադեմիկոս եւ ոչ թե տեղեկանքով ու վկայականով) Արամ Ղանալանյանի հրաշք «Առածանին» եւ կարդար մեր ժողովրդի մի հին ու իմաստուն առածը, որն ասում է, թեՙ «Յա քուֆուր, յա ջաղդի անտեր շան հաչոց մեգ ին» (հայհոյանքն ու փողոցի անտեր շան հաչոցը նույնն են): Այս եղելությունը ունի իր նախապատմությունը: 2006 թվականին ակադեմիկոս Սարինյանը հրատարակել էր մի գիրքՙ «Ի հեճուկս» խորագրով: Այդ գիրքը ամբողջությամբ լուտանք եւ անարգանք է շատ լուսավոր ու պայծառ մարդկանց հասցեին: Գրքում սեւով սպիտակի վրա գրված էր, թե Պարույր Սեւակը եղել է ՆԿՎԴ-Չեկայի լրտես-գործակալ, Պիոն Հակոբյանը գող էր, արվեստաբան Վիլհելմ Մաթեւոսյանը, գրականագետ Ալբերտ Կոստանյանը, լեզվաբան Էդմոնդ Ավետյանը, Լեւոն Ներսիսյանը եղած-չեղածը «փորի քամի» են, որ Շառլ Ազնավուրը ընդամենը մանկուրտ է եւ այլն, եւ այլն: Ակադեմիկոս Սարինյանը կեղտաջուր էր լցնում մեծատաղանդ մարդկանց վրա, որոնց գրած մի պարբերությանը չարժե ինքը իր եղած-չեղածով: Սարինյանը անարգում էր Շառլ Ազնավուրին, նրան համարելով Այթմատովի վեպից ելած անբանական արարած, մանկուրտ, այն Շառլ Ազնավուրին, որի անունը ամբողջ հայ ժողովուրդը տալիս է առանձնակի սիրով ու խանդաղատանքով, պարծանքով ու հպարտությամբ: Եվ ո՞վ է Շառլ Ազնավուրին անարգողը. մարդ, որ իր եղած-չեղածով Ազնավուրի մեկ ձայնանիշը չարժե: Այո՛, ես ընդվզել եմ նման ստոր ու անարգ, մեզանում երբեք չեղած այս ամոթալի ու ցինիկ վերաբերմունքի դեմ: Ես գրեցի մի գրախոսություն, որտեղ իբրեւ պարզ հայ մարդՙ իմ վրդովմունքն արտահայտեցի ու նաեւ մանրամասն ցույց տվեցի, որ գրվածը ոչ միայն անբարո, այլեւ անգրագետ շարադրանք է: Ակադեմիկոս Սարինյանը ինձ վրա բաց թողեց իր ղոլամներից մի քանիսին (Գ. Անանյան, Ս. Աբրահամյան եւ ուրիշներ): Սրանք ինձ հայհոյանքի ու լուտանքների տարափի կապեցինՙ առանց իմ մատնանշումներից որեւէ մեկը հերքելու: Նրանցից մեկը, որին ակադեմիայի թղթակից-անդամության քվե էր պետք, ինձ վերագրեց հնարավոր եւ անհնարին հանցանքներ ու մեղքերՙ գողությունից մինչեւ մարդասպանություն: Ի վճարումն իր ստորության, նա իր քվեն ստացավ, բայց չվայելեց իր թղթակից-անդամությունը: Անցավ մոտ տասը տարի: Գրականության ինստիտուտը հրապարակեց մի խոտան գիրք: Ես գրախոսություն գրեցի այդ գրքի մասին: Պարզվեց, որ այդ գրքի մեծ մասը գրել են ակադեմիկոսը եւ հատորի «գիտական խմբագիրը»: Եվ ակնհայտ խոտանը գրքի հենց այդ մասն է: Հիմա էլ Սարինյանի աշիրաթից ինձ հայհոյողներ գտնվեցին: Բայց ակադեմիկոսը չբավարարվեց դրանով, նա որոշեց անձամբ հայհոյել ինձ, եւ իր Հայհոյագրով ցույց տվեց իր իսկական էությունն ու մակարդակը: Մինչեւ հիմա իր գրածները ցույց էին տալիս, թե ինչ մակարդակի գրագետ ու գրականագետ է ակադեմիկոսը, հիմա իր այս գրությամբ նա ցույց տվեց, թե ինքը ինչ բարոյական նկարագրի մարդ է: Պետք է խոստովանել, որ երկու կողմն էլ միանգամայն ներդաշնակ են: Գրականության ինստիտուտի երկարամյա կուսքարտուղարը հիանալի տիրապետում է իր կուսակցության փորձված մեթոդներին, 37 թվականի հայտնի հնարքներին, ինքը քեզ մեղադրանք է հասցեագրում, խորհրդավոր ու մշուշապատ ձեւերով, կեսակնարկությամբ քեզ զրպարտում է, պիտակներ է փակցնում, դու գնա արդարացիր: Ես իր այս զազրախոսություններին չեմ պատասխանելու, անզոր կատաղությամբ բռնված զառամյալ մարդ է, մի ոտքը` վաղուց գերեզմանում, նրան ի՞նչ ասես: Ես, իհարկե, ակադեմիկոսին չեմ հայհոյելու, չեմ ծաղրելու ու չեմ ծանակելու, որովհետեւ դա իրենից լավ ոչ ոք չի կարող անել: Ես ի՞նչ պիտի գրեմ, որ իրեն ավելի ծաղրեմ, քան իր գրություններն են ծաղրում իրեն: Իր զավեշտական գրությունները եւ ճոռոմ ու անգրագետ շարադրանքները եւ, իհարկե, նաեւ իր այս Հայհոյագիրը դա հազարապատիկ լավ են անում: Մեր սեգ ակադեմիկոսը իր այս Հայհոյագիրը շարադրել է իր նույն գրագիտությամբ, ինչ մնացած իր բոլոր օպուսները: Մարդը բառը գրում է, առանց իմաստը հասկանալու: Օրինակ, Սարինյանը գրում է. «Հիրավի ստորապատում, որ այս անգամ ցուցադրեց իր սնանկությունըՙ բախվելով ակադեմիական մտքի կարծրատիպին»: Ակադեմիկոսի գրագիտությանը նայեք. ո՞վ ցուցադրեց, ստորապատո՞ւմը: Այստեղ քերականական ենթական «ստորապատում» բառն է: «Ստորապատո՞ւմը ցուցադրեց իր սնանկությունը»: Մեղա՜ հայոց լեզվին... Եվ հետո, «կարծրատիպ», պարոն Սարինյան, նշանակում է «բթացած, քարացած, կաղապարված, այլեւս փտող միտք, դատողություն» (եթե, իհարկե, միտք ու ուղեղ կա): Չեմ ժխտում, որ կարծրատիպ եք եւ այն էլ ինչպիսի՜ կարծրատիպ: Իրոք, շատ հզոր կարծրատիպ եք, մեծահարգ ակադեմիկոս, ուղղակի անմրցելի կարծրատիպ: Մարդը բառերը գրում է` առանց դրանց իմաստը հասկանալու: Դե, բնական է, հայերենը Սարինյանի համար մի կերպ սովորած օտար լեզու է, այսքանն էլ` հազիվ: Իր Հայհոյագրում չկա մի նախադասություն, որ քերականորեն գրագետ լինի: Ափսոս, տեղ եւ հնարավորություն չկա տող առ տող դա ցույց տալու: Իր Հայհոյագրի առաջին իսկ տողերում հարգարժան, ես կասեի, ակադեմիկոսը իմ անվանափոխության մեջ նենգություն, հանցանք ու ոճիր է տեսնում («...թե ինչ միտումով է կատարվել անվանափոխությունը, թողնում ենք նրա խղճին») եւ դա ասում ու կրկնում է իր Հայհոյագրի գրեթե ամեն պարբերության մեջ: Ինչո՞ւ եմ փոխել անունս: Շատ պարզ նպատակով` ոճրագործի եւ հանցագործի իմ անցյալը թաքցնելու համար: Անունս փոխելուց հետո ոչ ոք այլեւս չգիտի, որ ես նույն Յուրի Խաչատրյանն եմ: Ի՞նչ է, պիտի ասեք, որ դա անհեթեթություն է կամ անբանական մարդու խո՞սք: Ակադեմիկոսը բոլորովին այլ կարծիքի է. ո՛չ, անունը փոխելով համաշխարհային հանցագործը փորձում է թաքցնել իր հետքերը: Այս տեսակ ակադեմիկոս էլ ո՞ր երկիրը, ո՞ր ժողովուրդն ունի: Հիմա ասեմ, թե անվանափոխության միտումը որտեղից կարելի է ճիշտ իմանալ: 1924 թվականին հեռավոր, կորած մի village-ում մի մազքութ արարած է ծնվում: Անունը դնում են, ոչ ավել, ոչ պակաս, Տրոցկի: 1928 թե՞ 29 թվականին, երբ իսկական Տրոցկուն արտաքսում են երկրից, այս տեղական Տրոցկին փոխում է իր անունը,- հինգ տարեկանում արդեն հանճար էր, տիեզերական միֆի հերոս,- եւ դնում է Սերոժ (հին հայկական գեղեցիկ ու բարեհնչուն անուն): Ինքն էլ հետո Սերոժը դարձնում է Սերգեյ: Ահա, այս տեղական Տրոցկին մեր կարծիքով անունը փոխել է իր տրոցկիստական-զինովեւական կեղտոտ ու ստոր անցյալը թաքցնելու, իր ոճրագործ կյանքի հետքերը կորցնելու համար: Սերգեյ Սարինյանը լավ է ճանաչում այդ Տրոցկուն եւ նույնպես պնդում է, թե սրիկան անունը փոխել է իսկապես իր տրոցկիստական ոճրագործ անցյալը թաքցնելու համար: Ուրեմն ակադեմիկոսը թող հարցնի իր հարազատին եւ իմանա անվանափոխության բուն միտումը: Այս պանծալի ակադեմիկոսը ընդունակ չէ նույնիսկ պարզ երգիծանքը հասկանալու: Ես գրել եմ. «Զարմանալի է, թե անբավ գիտելիքների, ահռելի իմացականության եւ մեծ ինտելեկտի տեր, առանձնապես հարգարժան ակադեմիկոսը ինչո՞ւ է խոսքը ընդհատում կես ճանապարհին, ինչո՞ւ հարցը չի շարունակում մինչեւ վերջՙ «սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, իմաժինիզմի, սյուրռեալիզմի...»: Սրանք, իհարկե, ճիշտ են, բայց, մեր մեջ ասած, ես կարծում եմՙ ամենաճիշտը դադաիզմն է: Սայաթ-Նովան ակնհայտ դադաիստ է: Մարդը ինքն իր ձեռքով գրել է, չէ՞. «Դադա պիտի թարիփդ ասե...»: Ակադեմիկոսը գրում է, թե ես առաջադրում եմ «արտառոց մի սահմանում, թե Սայաթ-Նովան ակնհայտ դադաիստ է, չգիտակցելով, որ դադաիզմը իբրեւ գրական ուղղություն ծագել է 20-րդ դարասկզբին»: Ծայրահեղ, ուղղակի անհեթեթության հասնող զավեշտը էլ ո՞նց է լինում: Ես երգիծել եմ, ծաղրել եմ իր գրածը, ինքը նույնիսկ սարկազմը չի հասկանում եւ սովորեցնում է, թե դադաիզմը ծագել է «20-րդ դարասկզբին»: Բոլորը հասկացել են, միայն ինքը չի հասկացել: Եթե ակադեմիկոսը չի հասկացել պարզ ու ակնհայտ ծաղրը, սարկազմը հարց է, թե ինչպես կարող է նա առհասարակ գրականություն հասկանալ: Եթե հասկանալով է նենգափոխել, ուրեմնՙ արածը պարզ ստորություն է: Ահա մի զավեշտական ճոռոմ նախադասություն եւս, որ շատ սազական կլիներ Պարոնյանի հայտնի հերոսին. «Նրա (Երվանդ Տեր-Խաչատրյանի - Ե.Տ.-Խ.) նպատակը եւ հոդված գրելու շարժառիթը ոչ թե գիտություն անելն է, այլ սարինյանական միֆի մերժումը, միֆ, որ հաստատված է պատմությամբ եւ անխոցելի է կատարելապես»: Ճոռոմաբանության անգերազանցելի նմուշ: Ի դեպ, ես, թող ներվի ասելը, լավ գիտեմ սփյուռքահայ գրական մամուլը: Վերջապես, գոյություն ունի մատենագիտություն, որ ստույգ եւ ճշգրիտ պատկերն է սփյուռքահայ գրականության: Հետաքրքրական է, որ մեր այս տիեզերական միֆի կենտրոնական հերոսի անունը, հռչակավոր, մեծահանճար գրականագետի անունը սփյուռքահայ գրականությունը առհասարակ չգիտի: Սփյուռքի համար ինքը պարզապես գոյություն չունի: Սա էլ ակադեմիկոսի անխոցելի միֆի համամոլորակային տարածումը: Բայց բուն անհավատալի զավեշտը, ակադեմիկոս Սարինյանի անձի բուն ծաղրը իր գրած հաջորդ նախադասությունն է: Իմ բազմաթիվ մատնանշումներից մեկի մասին ահա թե ինչ է գրում խիստ հարգարժան ակադեմիկոսը. «Ինչ վերաբերում է հատորում տեղ գտած անունների տառադարձության վրիպակներին, ապա այն հնարավոր եմ համարում տարբեր ժամանակներում տարբեր սկզբնաղբյուրների օգտագործման պարագայում, այնպես որ Պաղտասարն ու Բաղդասարը, Ռայնկոլտն ու Ռայնգոլդը չեն վիճարկի 3-րդ հատորի գիտական արժեքը...»: (Հենց այստեղ ու այս պահին է, սիրելի ընթերցող,- եթե հիշում եք,- որ հայտնի ֆիլմում Ռեւազի ոչխարները մորթողներից մեկը` հովիվ Իշխանը, Սոս Սարգսյանի միլիցիոներին ասում է` Որովհետեւ տգետ ես:) Մի այս ակադեմիկոսի խելքին ու մակարդակին նայեցեք: Այսքան ասելուց, այսքան գրելուց հետո ակադեմիկոսը էլի կարծում է, թե Ռայնգոլդը գրող է, գիտնական ու փիլիսոփա: Կարծում է, թե Ռայնգոլդը անձ է եւ նրան դնում է Պաղտասար Դպիրի կողքին: Միֆական ակադեմիկոս, չեք ասի՞, թե Ռայնգոլդը որ երկրի փիլիսոփա ու մտածող է, ի՞նչ աշխատություններ է գրել, մենք էլ կարդանք, սովորենք, թերուս ու տգետ չմնանք: Ռայնգոլդը, տիեզերական միֆի հերոս ակադեմիկոս, Վագների քառագրության առաջին օպերայի (նախերգանք-օպերայի) խորագիրն է, որ բառացի նշանակում է «Հռենոսի ոսկին»: Որ մի տեղից արտագրում եք (դուք դրա անունը դնում եք «տարբեր սկզբնաղբյուրների օգտագործում»), գոնե գրագետ եւ խելքով արտագրեք: Դե, մենք տգետ եւ թերուս ենք, ձեզ նման չենք ուսումնասիրել Ռայնգոլդի, Թանհոյզերի, Պարսիֆալի, Լոհենգրինի, Վալկիրիայի եւ այլ նման նշանավոր մտածողների աշխատությունները: Ուրիշ մեկը իր փոխարեն ամոթից գետինը կմտներ, իր հեչ վեջը չի, իր ճյուղին թառած շարունակում է իր ճռվողանք-հայհոյանքը: Եվ այս խելքի ու այս մակարդակի տեր մարդը անլուր հայհոյանքներ է հասցեագրում ինձ: Այդպես էլ մանր հրեայի խորամանկությամբ վերախմբագրում է իր գրածը ռապսոդների եւ տրուբադուրների մասին: Միեւնույն է, գրքում իր գրածը մնում ու մնում է: Ակադեմիկոսը դժգոհում է եւ հարց է տալիս. «Գրականության պատմության 3-րդ հատորը կոլեկտիվ ուսումնասիրություն է, հեղինակային կազմի մեջ մտնում են նաեւ Արամ Ալեքսանյանը, Թադեւոս Խաչատրյանը եւ Ամալյա Ալեքսանյանը: Հարց է ծագում. քննադատ Երվանդը ինչո՞ւ չի անդրադառնում նաեւ նրանց հոդվածներին եւ նույնիսկ ակնարկում է գիտական ինչ-ինչ դրական հատկանիշների մասին» (մեջբերման գրագիտությունը հեղինակինն է - Ե.Տ.-Խ.): Հետաքրքրական է, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պատճառաբանությամբ ակադեմիկոսը մյուս հեղինակների անունները չի հիշում. օրինակՙ Մարատ Թադեւոսյանի անունը: Իմ պատասխանը շատ պարզ է. որովհետեւ նրանց շարադրանքը քերականորեն եւ լեզվաբանորեն գրագետ է, գրագետ շարադրանք է, ակադեմիկոսի շարադրանքները` ոչ: Իր այս Հայհոյագիրը ասվածի վառ վկայությունն է ու վավերական ապացույցը: Ակադեմիկոսը իր Հայհոյագրում անազնիվ է, խարդախող ու նենգող: Նա ակնհայտորեն վերախմբագրում է «Պատմության» հատորում իր գրածները, մտածելով, որ ընթերցողը հո չի բացելու գիրքը եւ դնի իր Հայհոյագրի կողքին: Ես տեղի սղության պատճառով չեմ կարող բոլորը մեկ առ մեկ մատնացույց անել: Այսպես, ես գրել եմ. «Գիտական հիմնավորումներ ու փաստարկներ չկան, Լեոյի ու այլոց փաստարկները չեն համոզում»: Ինքը իմ գրածը դարձրել է այսպես. «Լեոյի եւ այլոց, այսինքն Աբեղյանի դատողությունները չեն համոզում»: Ամոթ է, ուղղակի գետինը մտնելու բան է, պարոն Սարինյան: Ինչո՞ւ եք ավելացրել «այսինքն Աբեղյանի» բառերը: «Այլոց»-ը դուք եք եւ ոչ թե Աբեղյանը: Ես ուսանողությունից ի վեր Աբեղյանի պաշտամունք ունեմ, թեեւ, ինչ կա որ, կարելի է չհամաձայնել նաեւ Աբեղյանի հետ: Բայց այս դեպքում ձեր արածը ուղղակի ստորություն է: Ինչ խոսեմ մի մարդու հետ, որ ենթադրաբարՙ քրիստոնյա է եւ հատորներ է գրում հայ դասական գրականության մասին, հայ դասական գրողների մասին եւ նույնացնում է բարեկենդանն ու վարդավառը, որը սեւով սպիտակի վրա գրում է, թե «Քրիստոսը եկել է մի հասարակ գյուղից, որտեղ նա ապրել է շարքային մարդու կյանքով», ոչ մի տեղ չի համբարձվել, այլ իջել է մարդկանց մոտ»: Ուրեմնՙ Քրիստոսը ոչ մի տեղ չի համբարձվել, այսինքնՙ համբարձվում են ոչ թե երկինք, այլ որեւէ մի վայր, որեւէ տեղ, ասենքՙ Լենինական, Կիրովական, Արթիկ, Սոչի... Ինչ խոսես այս մակարդակի մարդու հետ... Իրականում տասնամյակներ շարունակ ի՞նչ է արել Սերգեյ Սարինյանը: Նա սովետական քաղաքական-գաղափարական դիսցիպլինների` մարքսիզմ-լենինիզմի, պատմական մատերիալիզմի եւ գիտական կոմունիզմի բառապաշարը բերել է հայ գրականագիտություն եւ խառնել 1950-ական թվականների սովետական առանց այն էլ գաղափարական գրականագիտության բառամթերքին: Իր շարադրանքները անհաս ու անգետ մարդկանց կարող են թվալ նույնիսկ հույժ գիտական, մինչդեռ իրականում դրանք շատ հեռու են իսկական գրականագիտությունից: Բավական է չնչին համեմատություն անել իսկական գիտնականների շարադրանքների հետ` Ժիրմունսկուց, Էյխենբաումից, Մեյլախից, Տինյանովից մինչեւ Ավերինցեւ ու Գասպարով, Աբեղյանից, Արամ Ղանալանյանից, Արամ Ինճիկյանից մինչեւ Պիոն Հակոբյան ու Պողոս Խաչատրյան, պարզ ճշմարտության մեջ քանիերորդ անգամ համոզվելու համար: Եթե ակադեմիկոս Սարինյանը գրականագետ ու գիտնական լիներ, տրամաբանական շարադրանք աներ, տրամաբանական տեսակետներ առաջադրեր ու զարգացներ, կարելի էր նրա հետ իսկապես վիճել եւ վիճել գիտական փաստերով ու փաստարկումներով: Բայց նա տասնյակ տարիներ իր ծավալուն գրությունները լցրել է Լենինից, Ստալինից, Խրուշչովից, Բրեժնեւից եւ ուրիշ բոցավառ լենինյաններից առնված հեկտարանոց մեջբերումներով, գրել է սովետական գաղափարական շարադրանքներ, որոնք կզարդարեին «Լենինյան ուղիով» եւ «Ագիտատորի եւ պրոպագանդիստի բլոկնոտ» հանդեսները, իսկ դրանց տեղը վաղուց իր հարազատ գործընկերներիՙ Արտաշես Ոսկերչյանի, Արամայիս Կարապետյանի եւ այլոց գրվածքների կողքին է, պատմության աղբափոսը: Միայն թե նրանք «չկայացան», ակադեմիկոս չդարձան, իսկ ինքը «կայացավ» եւ պանծալի ակադեմիկոս դարձավ: Պարոն Սարինյանը հավատացած է, որ մեզանում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա, եւ իր անիմաստ շարադրանքները ապագայում համարվելու են գիտություն, գրականագիտություն եւ որ իսկական գրականագիտություն Հայաստանում երբեք չի լինելու: Բայց կան մարդիկ էլ, որոնք, այնուամենայնիվ, եթե նույնիսկ համոզված էլ չեն, ապա գոնե հավատում են, որ Հայաստանում մի օր իրոք լինելու է իսկական գիտական միտք, լինելու են իսկական գիտնականներ, իսկական գրականագետներ, եւ մեր ժամանակների գրական ողջ աղբը նետվելու է պատմության աղբափոսը: Եվ այսքանից հետո, պարոն Սարինյան, ես ընդունում եմ իմ պարտությունը: Դուք անպարտելի եք, որովհետեւ դուք միայնակ անհատ չեք եւ ձեր թիկունքում բանակ ու նավատորմ կա: Եվ ձեր կողքին մշտապես ձեր աշիրաթը կա, փայլուն ձեւով վերարտադրված սովետահայ գրականագետների բանակը, որոնց լիաբուռն գիտական աստիճաններ եք բաշխել եւ որոնց գրականագիտությունը, բանասիրական գործն ու գրական քննադատությունը ոչ ոբ չի տեսել, ասպարեզում չկա եւ երբեք էլ չի լինելու: Գերմանացի նշանավոր գրողը դեռեւս 18-րդ դարում ձեր մասին վաղուց գրել է, թե Սարինյանի դեմ աստվածներն անգամ անզոր են կռվելու: Դե, եթե աստվածներն անգամ անզոր են, ես` հասարակ մահկանացուս, ի՞նչ կարող եմ անել: Դուք Յուջին Լայոնսի ասած «homo soveticus»-ն եք, ահռելի գռեհկության եւ բացարձակ տգիտության մեր տիրական ժամանակների մարմնավորումն ու հերոսը, որ դեռ շատ երկար իշխելու է սովետական երկրի տարածքի վրա: Որքան էլ որ ինձ հայհոյեք, որքան էլ ձեզ կոտորեք, ժողովուրդն ասում էՙ թռնեք երկինք - իջնեք գետին, որքան էլ կատու խփեք պատերին, ձեր գրածը եւ ձեր հատորի «գիտական խմբագրի» գրածը մնում է այն, ինչ արդեն գրված ու տպված է: Ինձ այդքան հայհոյեցիք, բայց հատորը,- զարմանալի բան է,- դրանից ամենեւին չլավացավ: Մյուս անգամ երբ կորոշեք նորից ինձ հայհոյել, նախ տող առ տող պատասխանեք իմ ասածներին եւ ոչ թե վայրիվերո անկապ բառեր շարեք իրար ետեւից, ինչպես անում եք ձեր համաշխարհային նշանակություն ունեցող բոլոր գրվածքներում, եւ հետո հայհոյեք: Ուրեմն` ի՞նչ: Ուրեմն` հե՛չ: Թող հավե~տ ապրի աշխարհում Այս Ջոն Սիլվերը բուրյան, Այս թռի՛չքը մեր լայնահուն, Եվ բարբա~ռը այս նաիրյան... *) Հիշյալ հոդվածը սկզբնապես ուղարկված էր «Ազգ»ին: Խմբագրությունս գտավ, որ 8-9 էջանոց հոդվածում, հեղինակի իսկ շահերից ելնելով, պետք է զանց առնվի ընդամենը 5-6 տողանոց մի պարբերություն, որտեղ հեղինակը երկար-բարակ բացատրում էր, թե հետին ի՜նչ մտքերով է Երվանդ Տեր-Խաչատրյանը փոխել իր անուն-ազգանունը եւ հենց դրա, ավելի ճիշտՙ նաեւ դրա համար վերջինիս մեղադրում էր «նենգափոխության» մեջ: Խմբագրությանս առարկությունն այն էր, որ ամեն մարդ ազատ է, մանավանդ դատարանի որոշմամբ, ինչպես այս պարագայում, եւ մանավանդ տոհմական իր անուն-ազգանունը վերականգնելու նպատակով, փոխելու իր անունը: Ակադեմիկոսը, հարգարժան միջնորդի միջոցով (նա մեզ հետ երբեք ուղիղ չի առնչվել) կանգնեցրեց հոդվածի տպագրումը մեր թերթում եւ հրատարակեց այլ թերթում: Դա էլ նրա՛ իրավունքն է...: Ավելացնենք, որ սրանով ավարտում ենք այս բանավեճը: - Ծ.Խ.։ |