RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2016-01-17 20:37:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՊՈԼՍԱՀԱՅ ՆՈՐԱԳՈՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՎՆԸՙ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքում, նախաձեռնութեամբ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆ. Սուրէն Դանիէլեանի, նոյեմբերի 9-ին տեղի ունեցաւ պոլսահայ նորագոյն գրականութեանը նուիրուած ցերեկոյթ: «Սփիւռք» կենտրոնի սրահը հիւրընկալել էր Պոլսից ժամանած ասմունքի առաջատար վարպետ Սիլվա Չիլպօղոսեան-Կոմիկեանին եւ Զահրատի այրիինՙ տիկին Անայիս Եալտըզճեանին:

Բացման խօսքում պրոֆ. Սուրէն Դանիէլեանը ներկայացրեց հիւրերին: Նա մասնաւորապէս ընդգծեց Զահրատի կենսական յարատեւութեան հարցում տիկին Անայիսի նուիրումը. բանաստեղծի մահից յետոյ հասցրել է արդէն երեք ժողովածու լոյս ընծայել: Նա գրչի մարդ է եւ իր մնացած կեանքը նուիրել է ամուսնու գեղարուեստական աշխարհի նորովի բացայայտմանը: Սիլվա Կոմիկեանը համահայկական չափումներով հայ բանաստեղծութեան լաւագոյն մեկնաբանններից է, արուեստագէտՙ բառի ամենալայն իմաստով: Նա կեանքի դպրոց է անցել նախ եւ առաջ պոլսահայ տաղանդաւոր արձակագիր Վարդան Կոմիկեանի շնորհիւ, որի աշակերտուհին էր, կինը, զինակիցը: Եւ նրանից է, որ առ այսօր պահում ու պահպանում է ազնուականութեան շուքը: Ս. Դանիէլեանը նշեց, որ այս տարի լրացաւ Կոմիկեանի 100-ամեակը:

Այնուհետեւ անդրադառնալով պոլսահայ գրականութեանըՙ նա ընդգծեց. «Թէպէտ մենք բանաստեղծական աշխարհից ենք, մասնագէտներ ենք, բայց պոլսահայ բանաստեղծութեան արժէքների հետ ուղիղ շփումը բաւարար չի թւում: Եւ այստեղ բոլորովին էլ նկատի չունենք դասախօսութիւնների, վերլուծութիւնների սակաւութիւնը: Այսօր լրացնում ենք այդ բացը: Այս ցերեկոյթի շնորհիւ, սիրելի՛ ուսանողներ, ձեզ ի պահ են տրւում պոլսահայ նորագոյն շրջանի լաւագոյն կտորները: Պոլսահայ գրականութիւնը Զահրատի, Զարեհ Խրախունու, Ռոպէր Հատտէճեանի, Զաւէն Պիպէռեանի եւ այլոց թելադրութեամբ կարողացաւ ֆրանսահայ եւ ամերիկահայ գրական օջախներից խլել նրանց ժամանակաւոր առաջնորդութիւնը, դառնալ սփիւռքահայ գրականութեան առաջատար օջախը, շարունակել անցեալ դարի 10-ական թթ.ին ընդհատուած թռիչքը: Սա մեծագոյն երեւոյթ էր, որը խոնարհումի արժանի է:

Ես կուզենայի այսօրուայ հաւաքն անցնէր հենց այդ կարգախօսի ներքոյ, այն գիտակցութեամբ, թէ ինչպէ՞ս այդ գրականութեան ներկայացուցիչները կարողացան օջախին վերադարձնել տոհմիկ նկարագիրը, որ ունէր Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Մ. Մեծարենցի, Ռ. Սեւակի շնորհիւ, ինչպէ՞ս կարողացան նրանց դիմագիծը եւ դրօշը բարձր պահելու կորովը ունենալ: Սրա մէջ մեր գրականութեան բարձրագոյն արժէքն է: Ահա թէ ինչն է ի պահ տրւում ձեզ»:

Ապա ձայնը տրուեց Սիլվա Կոմիկեանին, ով մէկ ժամից աւելի արեւմտահայերէնի իր զտարիւն զգացողութեամբ եւ վարպետ կատարումներով լսարանը պահեց հիացումի մթնոլորտում: Յայտագիրը կազմուած էր Օննիկ Ֆչըճեանի, Վարդ Շիկահերի, Անդան Էօզէրի, Իգնա Սարըասլանի, Զարեհ Խրախունու, Ռոպէր Հատտէճեանի եւ, ի հա՛րկէ, Զահրատի ստեղծագործութիւններից: Վերջում ներշնչանքով արուեստագիտուհին արտասանեց Պարոյր Սեւակ:

Հանդիսութեան աւարտին Զահրատի նկարագրի շուրջ խօսք ասաց եւ ցերեկոյթի առթիւ իր խանդավառութիւնն արտայայտեց տիկին Անայիս Եալտըզճեանը:

Իսկ բանասիրական բաժանմունքի դեկան պրոֆ. Եուրի Դաւթեանը, ամփոփելով բանաստեղծութեան այս իւրատեսակ փառատօնը, շնորհակալութիւն յայտնեց Ս. Դանիէլեանինՙ ուսանողութեանը գրականութեան հետ նման բարձր շփումի հնարաւորութիւն ընձեռելու, տիկին Անայիսինՙ իր ներկայութեան, իսկ տիկին Սիլվայինՙ արհեստավարժ կատարման համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ