ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՑԵՆԱՐ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՀԱՐՎԱԾՆԵՐՈՎ Նաիր ՅԱՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ դեկտեմբերին կռիվ էր ընկել: Եթե անկեղծ այնտեղ երբեք էլ խաղաղ չի եղել: Տիգրան Լեւոնյանի, Գոհար Գասպարյանի, Օհան Դուրյանի ժամանակներում եւս համակեցության ու հանդուրժողականության պարզ օրենքով ապրելու եւ ստեղծագործելու ավանդույթ այստեղ չի եղել: Ավագ սերունդը լավ է հիշում, թե օպերային թատրոնի տնօրեն եղած ժամանակ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ ի՜նչ դավեր էին նյութվում: Մի խոսքով անառողջ մթնոլորտն ու թշնամանքն այս թատրոնում սովորական երեւույթ են: Սովորական երեւույթ էր նաեւ, երբ 2001 թվականին Օհան Դուրյանի դեմ սկսվեց զազրելի մի արշավ, որի պարագլուխը թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն էր: Մշակույթի նախարարության կողմից խնդիր էր դրվել պաշտոնանկ անել քաղաքական հայացքներով իշխանություններին ընդդիմացող Օհան Դուրյանին: Ու դա արվեց օպերային թատրոնի միջոցով, ավելի ստույգ Գեղամ Գրիգորյանի: 14 տարի է անցել, բայց դեռ ականջներիս մեջ են Գեղամ Գրիգորյանի անվայել խոսքերը. նա բառացիորեն նսեմացնում, իր փողոցային բառապաշարով անարգում էր Օհան Դուրյանին: Ի դեպ, Վարպետին ուղղված այդ պարսավանքն անխռով ունկնդրում էր նաեւ երիտասարդ դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Օհան Դուրյանը հեռացավ Հայաստանից: Կարեն Դուրգարյանը նշանակվեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Հիմա Կարեն Դուրգարյանն է հայտարարում, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից, որովհետեւ նույն ուղտն իր դռանն է չոքել: Բայց այս անգամ Կարեն Դուրգարյանից փորձում են ազատվել ոչ թե նրա անձի հետ հաշվեհարդար տեսնելու համար, այլ որովհետեւ հեռահար նպատակներ կանՙ կապված գլխավոր դիրիժորիՙ նրա աթոռի հետ: Հուլիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակված Գեղամ Գրիգորյանը Կարեն Դուրգարյանին հայտնել է, որ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին գլխավոր դիրիժոր այլեւս պետք չէ: Գեղամ Գրիգորյանն այս որոշումը մեկնաբանել է այսպես թատրոնում կառուցվածքային փոփոխություններ է ուզում անել եւ գտնում է, որ գլխավոր դիրիժոր սիմֆոնիկ նվագախմբին պետք չէ, բայց միգուցե որոշ ժամանակ հետո վերականգնի հաստիքը: Որոշումը նա կայացրել է միանձնյա, որին չի խառնվել նաեւ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Իսկ թե մշակույթի նախարությունում ինչպես են վերաբերվում խնդրին ու հատկապես Գեղամ Գրիգորյանի որոշմանը, փոխնախարար Արթուր Պողոսյանը պատասխանել է, որ մշակույթի նախարարությունն իրավունք չունի խառնվելու ստեղծագործական կոլեկտիվների ներքին խնդիրներին: «Եթե Գեղամ Գրիգորյանն այդ թատրոնի հետ կապված իր տեսլականն ունի հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործություններ բեմադրել, ապա մենք նպատակահարմար ենք գտնում թույլ տալ զարգացնելու այդ մոտեցումը»,- ասել է փոխնախարարը: Իսկ այն, որ Կարեն Դուրգարյանը պատրաստվում է հեռանալ երկրից, պետական չինովնիկը նորմալ է վերաբերվել այն համարելով Դուրգարյանի խնդիրը: Ինչպես ժամանակին մշակույթի նախորդ նախարար Ռոլանդ Շառոյանը Գեղամ Գրիգորյանի ու Կարեն Դուրգարյանի միջոցով ազատվեց Օհան Դուրյանից քաղաքական առաջադրանք կատարելով, այնպես էլ հիմա մշակույթի ներկայիս նախարարն է փորձում այլոց, ավելի ստույգՙ մեր մշակույթի կառավարման վրա զգալի ազդեցություն ունեցող Արմեն Սմբատյանի շահերին միտված քաղաքականություն բանեցնել: Քավության նոխազը Կարեն Դուրգարյանն է, այսինքնՙ նա դարձավ «վերեւների» մշակած պլանի առաջին «զոհը»: Վաղուց մեր երկրի գլխավոր նվագախմբերի գլխին կախված է Արմեն Սմբատյանի որդունՙ Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, երաժշտական աշխարհում ավելի հեղինակավոր պաշտոնի նշանակելու մեծագույն ցանկությունը, որը տարիներ շարունակ փորձել է իրագործել մշակույթի նախարարը, բայց դեռ չի հաջողել: Արմեն Սմբատյանի փափագն է որդուն տեսնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի դիրիժորական փայտիկը ձեռքին: Հետեւաբար մինչ այժմ թիրախում վերոնշյալ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն է եղել: Սակայն նա տղամարդու, արվեստագետի այն տեսակն է, որը պատրաստ է պայքարել ու մատաղացու չդառնալ ուրիշների ախորժակը բավարելու համար: Էդվարդ Թոփչյանը փառատոներ, համերգներ անցկացնելուց, ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելուց բացի, ստիպված է ամենօրյա զգոնություն ու զգուշավորություն պահպանել, տեւական պայքար մղել իր «հակառակորդների» դեմ: Մի պահ պատկերացնենք 15 տարի ֆիլհարմոնիկը ղեկավարած, աշխարհի շատ նվագախմբերում հրավիրյալ դիրիժոր Էդվարդ Թոփչյանին ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատվածի դերում: Թոփչյանը մարդու այն տեսակն է, որը նման նսեմացում, նման խայտառակ պարտությունը թույլ չի տա: Նրանից ազատվել կհաջողվեր միմիայն ուրիշի ձեռքով կամ ընդհատակյա միջոցներ կիրառելով, բայց ոչ երբեք արդար «մենամարտի» միջոցով: Օրինակ դա հնարավոր կլիներ անել հենց նույն ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին տրամադրելով իրենց ղեկավարի դեմ: Սակայն ֆիլհարմոնիկում, բարեբախտաբար, համերաշխ, խաղաղ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված մթնոլորտ է, ինչը հաջողվում է պահպանել Էդվարդ Թոփչյանին: Օպերայի նվագախմբի երաժիշտները հանդես եկան ի պաշտպանություն իրենց ղեկավարի Կարեն Դուրգարյանի, սակայն այնտեղ կա Գեղամ Գրիգորյանի գործոնը, որը չկա ֆիլհարմոնիկում: Գեղամ Գրիգորյանին փոփոխություններ իրականացնելու իրավունքներ տալով, փաստորեն, Կարեն Դուրգարյանին պատին են դեմ տվել: Դե գնա ու բողոքիր, մաեստրո, մարդն ուզում է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել. եկել է, տեսել թատրոնի աշխատանքն ու չի հավանել, որոշել է խաղացանկ ու քաղաքականություն փոխել, գլխավոր դիրիժորի հաստիքը փակել. ինչ կարող ես անել: Օհան Դուրյանն ինչ է, վատ էր աշխատում, որ խարդավանքների միջոցով նրան անարգանքի սյունին գամեցիք, վտարեցիք թատրոնից ու երկրից: Օհան Դուրյանի նկատմամբ այդկերպ վարվողը ձեր ու յուրաքանչյուրի նկատմամբ նույնկերպ կվարվի, չկասկածեք. դա էություն ու կենսակերպ է: Ժամանակին նույն ձեւով վարվել են եւ իր Գեղամ Գրիգորյանի հետ, այնպես որ մարդը տարիներ շարունակ մի ներքին վրեժխնդրություն է փայփայում ժամանակին իրեն հասցված վիրավորանքի տեղը հանելու, անկախ այն բանից, թե ում գլխին կթափվի այդ վրեժն ու վիրավորանքը մեղավորի, թե՞ անմեղի: Գեղամ Գրիգորյանն ասել է, որ իր բնութագրմամբՙ մի շատ ուժեղ իտալացի դիրիժորի է բերելու որպես սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր (առայժմ ոչ գլխավոր դիրիժոր): Անունը չի ասել, որովհետեւ չի էլ հիշել: Բայց բոլորն էլ գիտեն, որ նա Ջանլուկա Մարչիանոն է 2015-ի ապրիլի 24-ի երեւանյան համերգին «24/04» նվագախումբը ղեկավարած դիրիժորներից մեկը: Նա կոնսերվատորիայի ռեկտորի ապագա փեսան է ու երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ընկերը: Ջանլուկա Մարչիանոն, ի դեպ, 1-2 տարի աշխատել է Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մասնակցել ադրբեջանական փառատոնի ու տարբեր նախագծերի, հարցազրույցներից մեկում շեշտել, որ իր համար մեծ պատիվ է համագործակցել ադրբեջանական նվագախմբի հետ: Դժվար չէ հասկանալ «վերեւների» հաշվարկները. Գեղամ Գրիգորյանը Ջանլուկա Մարչիանոյին կբերի օպերային թատրոն սկզբում որպես ուղղակի հրավիրյալ դիրիժոր: Այդ ընթացքում սիմֆոնիկ նվագախմբի օրինակով կհանվի նաեւ ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի հաստիքը (այլապես որտե՞ղ է տրամաբանությունը. օպերայի սիմֆոնիկը չունենա գլխավոր դիրիժոր, իսկ ֆիլհարմոնիկն ունենա՞), ինչին կհետեւի Էդվարդ Թոփչյանի հրաժարականը: Պատվախնդրությունը թույլ չի տա Թոփչյանին, որպեսզի ինքը ֆիլհարմոնիկի հետ շարունակի աշխատելՙ որպես սովորական, շարքային դիրիժոր, որը ստեղծված իրավիճակի բերումով իր փայտիկը ստիպված է լինելու «կիսել» այլ դիրիժորների հետ, որոնցից մեկն էլ կլինի Սերգեյ Սմբատյանը: Իսկ քանի որ Գեղամ Գրիգորյանը հայտնել է, որ չի բացառվում, որ 2-3 տարի հետո վերականգնի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը, հետեւաբար, Ջանլուկա Մարչիանոն կդառնա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ Սերգեյ Սմբատյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Տրամաբանական կամ ոչ տրամաբանական ինչ ընթացք կստանա այս սցենարը, պարզ կդառնա կախված Կարեն Դուրգարյանի հետագա գործողություններից, եթե դրանք լինեն, իհարկե, նաեւ Էդվարդ Թոփչյանի պայքարի ռազմավարությունից ու Կարեն Դուրգարյանին սատարելու հաստատակամությունից: Կարեն Դուրգարյանն ու Էդվարդ Թոփչյանը երբեք էլ միմյանցով հիացած չեն եղել, բայց այս պահին նրանց շահերը համընկնում են: Եթե նրանցից մեկն ու մեկը դիրքերը թուլացնի, ապա դա ճակատագրական պարտություն կլինի երկուսի համար էլ: |