ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԸ Արտաշես ԱՐԱՄ Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի առաջին ցուցադրությունը: Առավելագույնի սպասումը ֆիլմի դիտումը վերածել էր յուրօրինակ արարողակարգի: Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակը` Վիգեն Չալդրանյանը եւ սցենարի համահեղինակըՙ Ռուբեն Հովսեփյանը, արծարծվող նյութին մոտեցել էին վավերագրողի երկյուղածությամբ: Ֆիլմ-երկխոսություն, ֆիլմ-խոհագրություն, ֆիլմ-էսսե: Ֆիլմի անհավակնոտ վերնագիրն իսկ հուշում է, որ Վիգեն Չալդրանյանը իր առջեւ չի դրել հայոց հանճարի կյանքի պատմությունը, կենսագրությունը էկրանին փոխադրելու ստեղծագործական գերխնդիրը: Ռեժիսորն իր ֆիլմը փորձել է խարսխել իրավիճակների, հոգեվիճակների վրա եւ դա կայացրել է մանրանկարչական նրբագեղությամբ եւ ճշգրտությամբ: Հանճարեղ երգահանի փարիզյան Վիլ-Ժուիֆ մեկուսարանում անցկացրած վերջին տարիները, վերջին օրերը: Կոմիտասյան ստեղծագործական ճանապարհի բացարձակ թռիչքները, երբ զտվում, բյուրեղանում, մաքրագործվում էր Հայոց Մեղեդին, եւ կյանքի եղերական մայրամուտի այդ ծանր, տանջալից, տեւական լռությունը: Իր հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթեւոսյանն ասում է. «Ոչ պարտությունը եւ ոչ էլ մահն ինքը սարսափելի չեն, սարսափելին ցնորվելն է: Խելագար սահում ես վիճակների եւ մարդկանց միջով, որ երբեւէ քո կյանքն են եղել, քիչ է մնում դարձյալ ընկալես ու կապվես, բայց չի՛ լինում, չի՛ լինում, իմացության սայթաքուն լանջերից վիժում ես ներքեւ...»: Եվ ֆիլմի այն ցնցող, հուզիչ ու բազմախորհուրդ տեսարանը, երբ մեծանուն երգիչը` Արմենակ Շահմուրադյանը այցելում է իր հանճարեղ, բայց հիվանդ ու աշխարհից մեկուսացած ուսուցչին: Ժամանակակիցների վկայությամբ նման հանդիպում իսկապես եղել է: Եվ երբ Արմենակ Շահմուրադյանը իր «Հայաստան, երկիր դրախտավայրն» է հնչեցրել, Կոմիտասը հոգեւոր պայծառացումի մի քանի վայրկյան է ունեցել եւ «Արմենակ ջան» բացականչելով նետվել է դեպի իր աշակերտը: Եվ Վիգեն Չալդրանյան հայ ռեժիսորի արժանապատիվ, խիզախ, փլված, խեղված, ավերակված ժամանակը այսօրվա մեջ վերակերտելու ճիգը: Հնարավոր չէ Կոմիտասի մասին ֆիլմ ստեղծել, զանց առնելով այսօրվա հայ մարդու տագնապներն ու հույզերը, մաքառումն ու ձգտումները, բեկումներով եւ կորուստներով լեցուն կյանքը: Կոմիտասյան «Կոտրեր գերաններ, խախտեր է սներ»-ը, Կոմիտասի մշակած պանդխտության երգերը եւ այսօրվա ահագնացող արտագաղթը: Կոմիտասյան «Տո լաճ, տնավերը»-ը, եւ այսօրվա հայ երիտասարդի առինքնող ընդվզումը: «Խիզախ, իր երկրին տեր երիտասարդություն է կյանք մտել»- ընդունված կանոնակարգի պատասխանատուին հակադարձելով, սրտի թրթիռով եւ հիացմունքով ասում է ռեժիսորը: Եվ Կոմիտասի ոգեղեն կերպարըՙ նոր ժամանակների խոտոր եւ վտանգաշատ կեռմանների վրա: Այն, ինչը Վիգեն Չալդրանյանը ներկայացրել է հանդիսատեսի դատին, հաստատապես դուրս է ֆիլմ հասկացության տիրույթներից, եւ այն, արտաքին մարտահրավերներով կաշկանդված, ներքին դժվարություններով կալանված, հոգու եւ մարմնի համար այս դժվարին ժամանակներում, հայ հանդիսականին դեպի Պարույր Սեւակի բնորոշմամբ «մեր տաղի քուրմը, մեր խաղի մոգը» երկրպագության եւ խոստովանության է տանում: «Կարծես խլացել ենք»-խոստովանում է ֆիլմի կերպարներից մեկը գրողը, ով գիրք է գրում Կոմիտասի կյանքի մասին: Լատիներեն NOTA տերմինը նշանակում է եւ օրենք, եւ նշանագիր, այդ թվում նաեւ` երաժշտական: Եվ «Վարդապետի լռությունը» սույն ֆիլմը յուրօրինակ կոչնակ է հնչեցնում, թե որքանով է գործում գոյաբանական մեր կոդը, թե մենք ազգովին որքան ենք հեռացել հանճարեղ երգահանի սահմանած հոգեւոր- երաժշտական նշագրերից ու նշագծերից: Ֆիլմում ներկայացված են Կոմիտաս վարդապետի տարիքային երեք փուլերը, որոնք տեսիլների պես հերթագայելով ներկալվում են հավերժության ծիրի մեջ: Դերակատարներ Արտո Խաչատրյան, Վաչե Շարաֆյան, Գռաֆսեր: Երեք հասակ, երեք հանգրվան, երեք ակնթարթ, որոնք վիթխարի, ճակատագրական դեր են խաղացել հայոց հոգեւոր վերելքի, հայ մարդու հոգեւոր ինքնահաստատման ճանապարհին: Սահանցում են ֆիլմի առինքնող, խորն ու տարողունակ կադրերը, եւ ընկալելի է դառնում, որ Վիգեն Չալդրանյանը իր «Վարդապետի լռությունը» ֆիլմը ստեղծել է իր ստեղծագործական լեցուն, հագեցած ճանապարհի ընթացքում, ստեղծել է կադր առ կադր, երկյուղելով եւ ակնածելով, տառապելով ու կասկածելով, ներշնչվելով ու բացահայտելով: Ֆիլմում Կոմիտասի կյանքի բեղուն ու բազմաշերտ պատմությունը վերծանող հեղինակը, դերակատարՙ Վարդան Մկրտչյան, տանջալից որոնումների մեջ է: Հոգեբանական ճամփորդություն դեպի Կոմիտասի ներաշխարհը, եւ ելեւէջում են Կոմիտասի կյանքի վերջին տարիների սարսռեցնող, բայց եւ համազգային հղումներով լեցուն ակնթարթերը: Հայաստան աշխարհից, Կոմիտասի ծննդավայրից, Էջմիածնից հազարավոր վերստեր հեռու գտնվող Փարիզի երկինքը, Փարիզը` երկնքից, դեպի Վիլ-Ժուիֆ մեկուսարան տանող, գրավիտացիոն դաշտ հիշեցնող ճանապարհը: Հիվանդանոցի սահմռկեցուցիչ, դաժանորեն գոց դռները, կարծես հոգու, սրտի վրա դրված վանդակաճաղերը, եւ Կոմիտասի ձայնը, Կոմիտասի երգը` այդ վանդակաճաղերին բախվող, թեւը կոտրածՙ թռչուն: Դեպի Կոմիտասն ընթացող ճանապարհները տարբեր են: Յուրաքանչյուրը դեպի Կոմիտաս տանող իր ճանապարհն ունի: Եվ վանդակաճաղերի հետեւից, գեհենական անցյալի հեռուներից աշխարհին, մարդկանց, գալիքին հառված Կոմիտասի հայացքը ընդգրկում, տեսնում, ճանաչում է բոլորին: Եվ դեռատի, բայց կյանքի դառնությունը ցմրուր ճաշակած, հանրությունից օտարված այդ խենթ ու անպաշտպան հոգին, ուրիշի պտուղը իր կրծքի տակ կրող այդ զարմանալի հայուհին, այդ կին-այլաբանությունը` Սոնան: Դերակատարՙ Անի Ղազարյան: Ցավը, մեծ ցավը հասականալու համար այն պետք է վերապրել: Եվ դերասանուհին իր կերպարը ստեղծելիս, ընթացել է դեպի Կոմիտաս տանող այդ դժվարագույն արահետով: Հիշողության ուժը, արյան հիշողության հզոր շարժումը, եւ անցյալի խորխորատներից, մոռացության երախից փրկվում են Չարենցի բնորոշմամբ «Հայոց հրեղեն հանճարի» եղերական, եղերականության մեջ լուսավոր կյանքի բազում դրվագներ: Յուրաքանչյուր հայ իր հոգու խորքում իր Կոմիտասն ունի, եւ Վիգեն Չալդրանյանը ի գործ դնելով արդիական կինոյի արտահայտչականությունը, ռիթմն ու խորհրդանիշերը, հայ հանդիսականին է ներկայացել իր Կոմիտասով: Այդպես գուրգուրանքով, ցավով ու ջերմությամբ վերհիշում ու վերապատմում են սեփական տոհմի պատմությունը: Այդպես վերականգնում են փշրված խճանկարի կորսված բեկորները: «Վարդապետի լռությունը» ֆիլմի ռեժիսորը իր Կոմիտասին որոնել ու գտել է այսօրվա հայ մարդու մաքառման, հույսի ձգտումների եւ սպասումների մեջ: Եվ կոմիտասյան «Մոկաց Միրզե»ն հնչում է իբրեւ գոտեպնդումի կանչ, իբրեւ սատարումի ուղերձ: Ֆիլմում խորհրդանշական այնպիսի բացահայտումներ, գեղանկարչական այնպիսի ցոլացումներ կան, որին ռեժիսորը հասել է ներքին կռահումով: Գաղտնատեսի աչք ու ձիրք պիտի ունենաս, որպեսզի տեսնես իրականության ներքին կյանքը: Եվ հանկարծ նկատում ես, որ պատուհասված մարմինը, մարմնի պատյանը ընկրկել է, բայց անկոտրում, ստեղծագործ ոգին շարունակում է ճախրել առեղծվածին մերձ: Եվ սերունդների կապը, սերունդների հանձնառությունը: Եվ հիվանդանոցի միջանցքով, ասես մղձավանջի միջով անցնում է գրողը, նրան ակնդետ հետեւում են այդ տխուր հաստատության բնակիչները, եւ նրանց բոլորի լայն բացված աչքերում դաջված են սպասումն ու տագնապը գալիք օրվա հանդեպ: Եվ կոմիտասյան երգը հրաշք բալասանի նման ցողվում է նրանցՙ բոլորի վրա: Եվ տարիներ շարունակ իր դաժան լռությանը գամված հայը, «0» հիվանդասենյակի այդ բնակիչը նույն այդ բալասանի շնորհիվ սկսում է երգել: Բռնությամբ լռեցված հոգին վերագտնում է իր ձայնը, տեր է դառնում իր ձայնին: Եվ եթե այսօր հայ ջութակահար պատանին «Քելեր-ցոլեր» է նվագում, ուրեմն մեր ժողովուրդը դուրս է գալու հերթական փակուղուց, ուրեմն հայ մարդու համար շեն ու լուսավոր առավոտներ են բացվելու, ուրեմն այս երկիրը երկիր է դառնալու, դառնալու է զորեղ պետություն: Ֆիլմը դիտում էի Շուշանիկ դստերս հետ եւ դիտելու ընթացքում դուստրս ստեպ-ստեպ շրջվում էր դեպի ինձ, շրջվում ու ոչինչ չէր ասում: Ասելու կարիք էլ չկար, ասելիքը ծվարել էր նրա աչքերում: Նա դեպի ինձ էր շրջվում, երբ ֆիլմում պատկերվածը խորապես հուզում էր նրան: Անկասկած «Վարդապետի լռությունը» ֆիլմը երկար խորհելու, մտորելու առիթ է ընձեռում այսօրվա հայ հանդիսատեսին, մի փաստ, որն անչափ կարեւոր է այսօրվա հայ մարդու համար: Կոմիտասի կերպարը, Կոմիտասի դիմանկարը, Կոմիտասի ոգեղեն ներկայությունը մեր ամենօրյա սառչող ու անշքացող կյանքում, եւ Վիգեն Չալդրանյանը իր մտահղացումն իրականացրել է շինականի, հողագործ մշակի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ: Ֆիլմին առանձնակի գրավչություն են հաղորդում Սոնա Վանի բանաստեղծությունները: Ցուրտ, ամայի միջանցքներում, ուր մետաղական փայլով վետվետում է մեռնող լույսը, անզիջում ու տիրական հնչում է բանաստեղծուհու ձայնը, մեզ հիշեցնելով մեր թանկ ու անդառնալի կորուստների մասին եւ փայփայելով վերագտնումի հույսը: Բանաստեղծի ձայնը կարծես հնչում է անցյալի հեռուներից եւ արձագանքվում գալիքի հորիզոններում: Մեծն Կոմիտասն իր կյանքի վերջին օրերն անցկացրել է մենության մեջ, մեկուսարանի սառը, գորշ ու անձուկ պատերի ներսում, եւ մենք` հայ ժողովուրդը, նրա կողքին չենք եղել: Չենք փորձել նրա խորը վերքին սպեղանի դնել: Եվ Վիգեն Չալդրանյանի այս ֆիլմը թերեւս մեր բոլորի համազգային ուշացած խոնարհումն է Հայոց Վարդապետի առջեւ եւ Հայոց Մեծի ներումը հայցելու մեր հնարավորությունը: Անչափ խորհրդանշական են նաեւ ֆիլմի երաժշտական լուծումները. Կոմիտաս, Կլոդ Դեբյուսհ, Ավետ Տերտերյան: Կոմիտասյան մեղեդիները նրբորեն հյուսված հայ եւ համաշխարհային երաժշտական գանձարանի ռիթմերին: Ասել է, թե Կոմիտասի երաժշտությունըՙ նոր ժամանակների հոլովույթում: Թոթափել վախը, երկվությունը, խլությունն ու կուրությունը եւ շիտակ, ասպետական հայացքով նայել ապագայի դարպասներին: Եվ մեր համազգային պահանջատիրության վաղեմի վճիռը պետք է որ փաստվի այսօրվա հայի եւ հայի կուռ, անտրոհելի հարաբերությունների շղթայում: Եվ «Վարդապետի լռությունը» ֆիլմով մեզ փոխանցվող Կոմիտասի կերպարը մեզ հորդորում է, որ մենք եւս մեկ անգամ մեր սրտի նժարներով կշռենք հող ու հայրենիք ասվածը: Վիգեն Չալդրանյանը իր «Վարդապետի լռությունը» ֆիլմը պետք է ստեղծեր հենց այս ժամանակի մեջ, հենց այս ժամանակահատվածում, երբ մենք ազգովին հոգեւոր առաջընթացի Բարձր գեղեցկության, սիրո, նվիրումի, լավի եւ բարու կարիք եւ պահանջ ունենք: Արժեքներ, որակներ, որոնց բացակայությամբ անհնար է ճանապարհ գնալ, առավել եւս հաղթահարել սպասվող, վերահաս դժվարությունները: Իր այս ֆիլմով Վիգեն Չալդրանյանը հայ մարդու առջեւ դեպի Կոմիտասի լեցուն, լուսավոր ու ծովածավալ աշխարհ տանող անակնկալ դռներ է բացել, հստակ արահետներ է ուրվագծել, արահետներ, որով հաղթարշավով անցնելու են նորերը: Այս օրերին մայրաքաղաքի կինոթատրոններում ցուցադրվում է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, եւ ես` շատ կուզենայի, որ հանդիսականների շարքերում շատ լինեին երիդասարդները, նրանք, ում կարողությունից, կամքից ու ջանքից է կախված, թե ինչպիսին է լինելու վաղվա Հայաստանը, թե ինչպիսի առավոտներ են բացվելու Հայաստան աշխարհի վրա: (Կրճատումներով) |