RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 15-01-2016



ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-01-14 22:13:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1797, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՄԵԾ ԱՐՏԻՍՏԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Ռաֆայել ԵՐՎԱՆԴՅԱՆ

Հազար ինը հարյուր վաթսունյոթ թվականի դեկտեմբերի տասնչորսն էր, օրըՙ հինգշաբթի: Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» թատերգության հերթական ներկայացումն էր. Մեք Գրեգորի դերումՙ Վահրամ Փափազյանը: Այդ դերակատարումը եղավ մեծ ողբերգակի կարապի երգը:

«Իմ սիրտը լեռներում է» ներկայացման տոմս օրեր առաջ էի ձեռք բերել: Մեք Գրեգորի դերում բազմիցս էի տեսել ե՛ւ Վահրամ Փափազյանին, ե՛ւ Հովհաննես Ավագյանին: Սակայն այս մեկը առանձնահատուկ էր. մի քանի հետաձգումներից հետո մեծ ողբերգակը բեմ էր բարձրանալու թերեւս վերջին անգամ: Լուրեր էին տարածվել, թե Վահրամ Փափազյանը ասել է, որ կանխազգում է. իր մահկանացուն կնքելու է բեմում, այն պահին, երբ երկրային կյանքից հեռանում է շոտլանդացի «շեքսպիրյան ամենամեծ դերասանը»:

Դեկտեմբերյան ցուրտ երեկո էր: Համալսարանից դուրս գալովՙ հատում եմ «Օղակաձեւ զբոսայգին», մտնում Աբովյան փողոց եւ շտապում մայր թատրոն: Ձյուն-ձմեռ էր: Մոտենում եմ «Սեւան» հյուրանոցի շենքին եւ միանում թատրոն շտապող մարդկանց հոսքինՙ հընթացս լսելով պտտվող լուրերը. ախր Փափազյանը շատ տկար էր, վատառողջ, գրեթե անհուսալի. ի վիճակի կլինի՞ արդյոք այսօր խաղալու... Բոլորի դեմքին էլ նույն մտահոգությունն էր:

Արդեն մերձակա այգում եմ. այն լի է սպասողների մեծ բազմությամբ. չորս կողմը տոմս փնտրող-խնդրողներ են: «Խնդրում եմ, շատ եմ խնդրում. կվճարեմ... կրկնակին... քառապատիկը...», «Ավելորդ տոմս չունե՞ք, խնդրում եմ...»: Այսպեսՙ մինչեւ թատրոնի շենքը: Իսկ շենքի գլխավոր մուտքը վաղուց արդեն պաշարված էր, շրջապատված թատերասերների ահռելի զանգվածով:

Վերջապես հայտնվում եմ նվիրական դռան առջեւ: Փակ է ներսից: Հարվածում եմ բռունցքներով: Ինձ հետեւում են մյուսները: Աղմկում-գոռում ենք.

- Բացե՛ք դուռը, տոմսերով ենք...

Դուռը ճռռում-ճռճռում է ու բացվում... Ի՜նչ տոմս հարցնող... Ի՜նչ տոմս ցույց տվող... Եվ կատարվեց սպասելին: Առջեւում գտնվողներիս հրելովՙ հորձանքը խուժեց ներս: Նախասրահում մի երկու հոգի ոտնատակ են ընկնում: Մարդկանց թեւերի, ուսերի վրայով հայտնվում եմ դահլիճ տանող դռներից մեկի առջեւ: Մտնում եմ, վազում դեպի բեմի աջակողմյան մասը: Ձեռքերովս հենվում եմ բեմեզրինՙ հազիվ պաշտպանվելով, որ ոտնակոխ չլինեմ:

Շրջվում եմ, նայում չորս կողմս: Հանդիսասրահը լեփլեցուն է, ասեղ գցելու տեղ չկա: Բազկաթոռներին իրար գրկած են նստած, օթյակները նույնպես լի են մարդկանցով: Շարքարանքներում, աստիճաններին ոտք դնելու տեղ չկա: Դահլիճը ծփում է...

Վարագույները չեն բացվում: Ներկայացման սկիզբն ավետող զանգն անգամ չի ղողանջում: Մարդիկ մտահոգ են. վախ կա սրտներումՙ հնարավո՞ր է Վարպետը այս անգամ էլ բեմ դուրս չգա, չխաղա...

Տագնապն ավելի ու ավելի է սաստկանում, սպասումը դառնում է ծանր ու մաշող...

Բանն այն է, որ գիշերը Փափազյանը վատ էր զգացել: Շտապօգնության բժիշկը հանգստացնող դեղեր էր ներարկել: Սակայն չէր օգնել: Հաջորդ կանչին եկած շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել էին հիվանդանոց: Տեղեկանալով այդ մասինՙ թատրոնի ղեկավարությունը որոշում է կամ ներկայացումը հետաձգել, կամ հանել: Այդ մասին հեռախոսով դերասանին հայտնում է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Միքայել Դավթյանը:

Ծառս է լինում առյուծի հոգին, մռնչում է, փրփրում:

- Ծո Մխիթար, ո՞վ իրավունք տվավ քեզիՙ ներկայացումը հանել: Մարդիկ տոմս են գնելՙ ինձ տեսնելու համար: Ինչո՞ւ եք հուսախաբ անում հանդիսատեսին: Մեռնիմ նե, պիտի՛ խաղամ: Ճիշտըՙ կուզեմ բեմին վրա մեռնիլ, հենց այս երեկոՙ ներկայացման ժամուն: Հասկցա՞ր...

Իսկ որեւէ մեկը կհանդգնե՞ր «չհասկնալ»:

Ի դեպ, բեմում մահանալու «մտահղացումը» Վարպետի ուղեղում բույն էր դրել այն ժամանակից, երբ զգում էր, որ ուժերը կամաց-կամաց ջլատվում են, եւ մոտենում է «աստծուց շահած» ապրելու այդ օրվա վերջը: «Ես,-ասում էր նա,- որոշել եմ, եթե մահը շտապում է իմ հետեւից, թող բեմի վրա գա ինձ դեմ-հանդիման: Տանը ես իրան ի՞նչ ավար եմՙ անկողնում ընկած, սմքած ու սահմռկած: Իսկ բեմում նա ոտ կգցի, շուռ կտա ինձ եւ ահագին աղմուկ-իրարանցում կբարձրացնի: Ինքն իր դերում կլինի, ես էլ իմ...»:

Վերջապես հնչում է ներկայացման սկիզբն ավետող երկար սպասված զանգըՙ առաջինը, երկրորդը, երրորդը...

Վարագույրը բացվում է:

Բեմում կատարվող գործողությունները ինձանից մի քանի քայլ հեռավորության վրա են: Տեսնում եմ դերասանների դեմքերի մկանների ամեն մի թրթիռը, լսում շշուկները, անգամ հուշարարիՙ տեքստը հիշեցնող կիսաձայնը:

...Բեմում մի հին, խարխուլ, սպիտակ տնակ է: Ներսից լսվում է Բեն Ալեքսանդրի բանաստեղծական տքնանքից հոգնած ձայնը: Նա արարման երկունքի մեջ է. գրում է ու բարձրաձայն կարդում գրածը: Չգտնված բառը տանջում է նրան... Իննամյա տղանՙ Ջոնին, խաղում է դրսում, չարաճճիորեն գլուխկոնծի տալիս: Հանկարծ լսվում է շեփորիՙ ամենասքանչելի, ամենահուզիչ նվագներից մեկըՙ Առնոյի «Իմ սիրտը լեռներում է» երգի մեղեդին:

Շեփորն ուսից կախՙ բեմ է մտնում Վահրամ Փափազյան-Մեք Գրեգորը: Հանդիսասրահը պայթում է. ծափահարություններ, բացականչություններ: Դերասանը գլուխ է տալիս, խոնարհվում, օդային համբույրներ ուղարկում բոլորին: Նորից ծափահարություններՙ ավելի բուռն, որոտընդոստ:

Հոգնատանջ էր դերասանը, դեմքըՙ դալկացած: Վերջին շրջանում կրկնվող հիվանդության պատճառով շատ բան էր փոխվել նրա կյանքում. չէր փոխվել, սակայն, նրա հմայքը: Նա նույն առնական գեղեցկությամբ տղամարդն էրՙ հոգնած, քիչ մարող ձայնով, որը, այնուամենայնիվ, առինքնում էր իր թավշյա փափկությամբ:

- Երիտասարդ, կարո՞ղ ես մի բաժակ ջուր բերել մի ծերուկի, որի սիրտը այստեղ չէ, այլ լեռներում է,-օգնություն հայցող դեմքով դիմում է Վարդուհի Վարդերեսյան-Ջոնիին...

Այսպես է սկսվում Փափազյանի մուտքը բեմ: Ճիշտն ասածՙ այնքան էլ տպավորիչ չէր: Ավելին, նախորդ բեմադրությունների համեմատՙ մռայլ էր ու դժգույն: Դահլիճում շշուկներ են լսվում. «Մի՞թե Փափազը սպառվել է, այլեւս...»: Ոմանք սրտացավորեն օրորում են գլուխները, ոմանք հոգոց հանում եւ սպասում երկրորդ մուտքին. տեսնես ի՞նչ է լինելու...

Երկրորդ մուտքն է: Փափազյան-Մեք Գրեգորը հայտնվում է հանրահայտ երգի շեփորումով եւ խոսում սկզբում ցածրաձայն, նվաղուն, հետզհետե տոգորվելով աշխարհն ու մարդկանց դատող լքյալ խենթավուն իմաստնությամբՙ արտասանում իր մենախոսությունը, որը շեքսպիրյան քաղվածքների, մասնավորապես Լիր արքայի եւ Համլետի ասույթների մի սքանչելի փունջ էր:

Փչե՜ք, խենթ հողմեր, փչե՜ք, մինչեւ ձեր այտերը պայթեն:

Կատաղե՜ք, փչե՜ք...

Ծծմբաբոցե՛ր, որ սլանում եք մտքերից արագ,

Եկե՛ք խանձեցե՛ք սպիտակ գլուխս:

....Ես

Մի թշվառ, տկար, անարգված ծերուկ...

Լինե՞լ, թե չլինել...

Լինե՜լ, լինե՜լ...

...Իմ խեղկատակը, ավա՜ղ, կախված է,

Ո՛չ, ո՛չՙ չի շնչում:

Ինչո՞ւ ապրում են ձին, շունը, մուկը,

Իսկ դու չես ապրում...

Դու էլ հետ չես գա:

Երբեք, չես դառնա, օ՜, երբե՛ք, երբե՛ք...

Ապա շեփորը քիչ առաջ մեկնածՙ դիմում է Ջոնիին.

- Արձակիր, խնդրեմ, ա՜յ, այս կոճակը: Շնորհակալ եմ:- Եվ թուլացած հենվում է աստիճանի բազրիքին: Շեփորը վայր է ընկնում, ինքը մնում է հենված, գլուխը հետ գցած, բերանըՙ կիսաբաց, թույլ, անճարակ ու թալկացած: Հենց այդ դիրքում դերասանը անշարժանում, քարանում է: Բաբկեն Ներսիսյան-Բեն Ալեքսանդրը մոտենում է, ցուցամատը աննկատ հպում ուսին (Վարպետի պահանջն էր եղելՙ ուժգին չցնցել, ինչպես նախորդ ներկայացումների ժամանակ էր անում...): Կաշվի մեջ ամփոփված ոսկորների զանգվածը փլվում է, գլորվում աստիճաններից եւ անշնչացած տապալվում գետնին:

Հառաչում է հանդիսասրահը, մարդիկ լարվում են, վեր թռչում տեղներից, բռնում գլուխները, շատերը աչքերին են տանում թաշկինակները:

Տպավորությունը ցնցող է. թվացՙ Փափազյանը հանգավ:

Նույն տագնապը համակում է բեմի դերասաններին: Արուս Ասրյան-Ջոնիի տատիկը բռունցք արած ձեռքերը սեղմել է կրծքին ու տրորվում-տանջվում է. աչքերից արցունքներ են հորդում: Ներսիսյան-Բեն Ալեքսանդրը եւ Վարդուհի Վարդերեսյան-Ջոնին սահմռկած, կանգնած հետեւում են Փափազյանի բեմական այդ անսովոր վիճակին: Ծերանոցից երկու պահակների ուղեկցությամբ Մեք Գրեգորին տանելու եկած Ֆիլիպ Կարմայքլը մոտենում է ծերունուն ու զննում նրան:

Մեռած է,- ասում է նա:

- Ո՛չ, ճիշտ չէ: Նա դեր էր խաղում...Նա մեռած չէ,- ասում է Ջոնին:

Բեն Ալեքսանդր-Բաբկեն Ներսիսյանը մոտենում է Մեք Գրեգոր- Փափազյանին, ականջը մոտեցնուն նրա սրտին եւ թեթեւացած բացականչում.

- Վկա՜ է Աստված, որ նա մեր ժամանակի շեքսպիրյան ամենամեծ դերասանն էր:

Այս խոսքերից հետո սովորաբար դահլիճը ծափահարում էր: Սակայն այս անգամ այդպես չեղավ: Հանդիսատեսը սրտատրոփ սպասում է:

- Նա խաղում էր, պապա՛, նա մեռած չէ,- ասում է Ջոնին եւ մոտենալով փլված զանգվածինՙ հարցնում.

- Դուք մեռա՞ծ եք, պարոն Մեք Գրեգոր,- ապա բարձրացնում նրա ձեռքը եւ բաց թողնում: Կենդանության ոչ մի նշույլ...

Պահակները «հանգուցյալի» թեւերից բռնածՙ տանում են դեպի ետնաբեմ: Վարագույրը չի փակվում. դա կարծես մի փոքր հույս է ներշնչում:

Եվ իրավ. մի քանի րոպե անց բեմ է մտնում Փափազյանը: Դժվար է նկարագրել պահը, որը միանգամից լցվեց նրանից հորդող ջերմությամբ: Բեմում փափազյանական հանրահայտ ժպիտն է. ալեկոծումը հանդարտվեց, դահլիճը շունչը պահած հիանում է իր մեծ արտիստով:

Նայում եմ դերասանին, ու նա հայացքիս առջեւ սկսում է կերպարանափոխվել. տրորում եմ աչքերս... Չէ՛... Ահա սա Օթելլոն էՙ հաղթամարմին, Ֆիզիկական ահռելի ուժի տեր առնացի զինվորականը, ապաՙ հավատի կործանումից դառնացած, աշխարհին ու մարդկանց դիմադարձ կանգնած հուսախաբ ու անօգնական մավրը: Նրան հետեւում են Համլետն ու Դոն Կարլոսըՙ ծանր մտքերի տակ կքած, կենաց ու մահիՙ «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ» հավերժահունչ հարցի պատասխանը որոնող երիտասարդները: Ահա եւ խտացված վերացական մտածողությամբ Ուրիել Ակոստանՙ իրարամերժ ապրումների հորձանքին հանձնված, մարդու բանականությունը շղթայող բռնկալ ոգու դեմ ծառացած, դեպի ընդհանրացման վերին սահմանը գնացող «փորթուգալացի այդ հրեան»: Արբենինը. ամբարտավան ու հախուռն, եսակենտրոն ու շաղակրատ, ռուս ազնվականական վերնախավի հետ անհաշտ ու ըմբոստ... կամովին դեպի մահվան անդունդը գահավիժող հերոսը...

Շանթահարող, սարսափազդու կիկլոպյան աչքով Մակբեթը...Ակամա ոճրագործ դարձած Կորրադոն... Լքված ու հալածված Լիրըՙ ալեհեր գլուխը հողմերին տված... Քինն է... Ռոմեոն... Գոդդան... Տեսիլաթափ եմ լինում: Նորից Մեք Գրեգորն էՙ «ժամանակի շեքսպիրյան ամենամեծ դերասանը»ՙ հայրենի լեռների կարոտը սրտում անթեղած:

Փափազյանը շարունակում է ժպտալ: Դահլիճը հրճվանքից պայթում է, բեմըՙ լցվում ծաղկեփնջերով... Հանկարծ արտիստը բարձրացնում է ձեռքը, եւ դահլիճը հոտնկայս քարանում է: Մի երկու քայլ առաջ է գալիս, մի փունջ ծաղիկ առնում գիրկը եւ հնչեցնում իր վերջին բեմական խոսքը.

Փա՜ռք քեզ, իմ հարազա՛տ, իմ հա՛յ հանդիսատես:

Ասում է ու խոնարհումով ծնկում բեմեզրին:

Ու փակվում է վարագույրը...

Որպես հետգրություն

Հազար ինը հարյուր վաթսունութ թվականի հունվարի վեցին ազդագրերը թատերասեր հասարակայնությանը հրավիրում էին Սունդուկյանի թատրոնՙ մեկ անգամ եւս ըմբոշխնելու Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» թատերգության մեջ Մեք Գրեգորի կերպարը մարմնավորող Վահրամ Փափազյանի խաղը: Այն նվիրված էր լինելու մեծ ողբերգակի ծննդյան ութսունամյակին: Ներկայացումը, ցավոք, տեղի չունեցավ. Վարպետը հրաժարվեց խաղալՙ առողջության ծայրահեղ վատ լինելու պատճառով:

Կարճ ժամանակ անց նա մեկնեց Պետերբուրգ-Օլգինոՙ դստերՙ Մարիայի մոտ, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Այդ օրը հունիսի հինգն էր:

Նրա աճյունը տեղափոխվեց Երեւան, եւ հայրենի հողը իր գիրկն առավ քսաներորդ դարի խոշորագույն ողբերգակին:

(Կրճատումներով)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 15-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ