«ՆՎԻՐՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ» Գոհար ՇԱԳՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հնչեցին կյանքում զրնգուն երգի պես, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ...
«Ծնողներիս հետ կապված հուշերն ինձ մշտապես տանում են մանկությանս Ալավերդին, որտեղից ինձ համար սկսվել է երաժշտությունը: Ես լսել եմ այն Լոռվա կիրճերի լռության մեջ ու խշշոցում Դեբեթի, ծաղկազարդ սարալանջերի գունախաղերում ու մորս աստվածային երգեցողության մեջ: Մանկությանս Ալավերդին ինձ համար այդպես էլ մնաց աշխարհի կենտրոնը` իր ցաքուցրիվ տների մեջ առանձնացող մեր անուշաբույր օջախով, «խորհրդավոր» ժողկրթբաժնով, ուր գիշեր-ցերեկ աշխատում էր հայրս, «Սպանդարյան» դպրոցով, որտեղ դասավանդում էր մայրս, եւ քաղաքի մոռացված մի անկյունում ծվարած երաժշտական դպրոցով, որտեղ մատներիս հպմանն առաջին անգամ պատասխանեց դաշնամուրը: Այստեղ թեւ առան երազանքներս, որոնց ծնողներս հավատարիմ մնացին մինչեւ վերջ...» Սվետլանա Նավասարդյան
«Նվիրում ծնողներիս» խորագրով Սվետլանա Նավասարդյանի համերգը Ա. Խաչատրյան համերգասրահում, ինքնին աննախադեպ իրադարձություն մեր կյանքում, իսկական մեծարումը եղավ նրա ծնողներիՙ իրենց մեծ եվ արժանավոր դստեր կողմից, խոսքը եղավ երախտիքի ու շնորհակալության, որ փոխանցվեց ունկնդրին երաժշտության գերթափանց ուժով, սիրով ու ջերմությամբ: Հուզմունքից թեժացած դահլիճը դաշնակահարուհու հետ ամբողջացած «արձանագրում էր» տարածվող յուրաքանչյուր ելեւէջ, յուրաքահչյուր հնչյուն, հոգու ամենանրբին իսկ թրթիռը: Բեմում, թվում էր, արարողություն էր, եւ մեծ խորհուրդ կար այդ արարողության մեջ, մեծ, անջնջելի դաս: Մարդկանց կերպարանափոխված, բարությամբ լցված դեմքերը, արտասվախառն աչքերն այդ էին վկայում: Դաշնակահարուհու մեծ հոգու «ուղերձը» հասել էր մարդկայինի խորքերը, եւ ողողել դրանք սիրո եւ խաղաղության լույսով: Սվետլանա Նավասարդյան, անուն, որի հետ մեծացել ենք, ոչ միայն մեկ, այլ մի քանի սերունդ, սկսած XX դարի 60-ականներից: Իր մուտքն արվեստ եղավ բուռն ու երեվութային, այդպես էլ մնաց ու կմնա բոլոր ժամանակների սերունդների համար: Նման այն աֆորիզմին, որ նույն գիրքը տարբեր ժամանակներում եւ տարիքում կարդալով տարբեր ես գիտակցում, Սվետլանա Նավասարդյանի արվեստը, նույնպես ամեն ժամանակ, ամեն անգամ, այլ կերպ ես ընկալում, այլ ընթերցմամբ, նորովի բացահայտելով, ինչն ի դեպ պարտադրում է եւ ինքըՙ դաշնակահարուհին, որի ուրույն աշխարհընկալումըՙ փիլիսոփայական, նույն ժամանակ այնչա՜փ բանաստեղծական, կյանքի եւ արվեստի երեւույթների հիրավի տիեզերական ընդգրկումով, մշտապես շարժման մեջ է եւՙ փոփոխական: Ինչպես ամեն մեծ արվեստագետ, նա գիտակցում է իր պատասխանատվությունը առաջին հերթին հե՛նց արվեստի առջեւ: «Ի՞նչ է արվեստը,- հարցրեցի նրան մեկ անգամ:- Կյանքի գունավոր անդրադարձը», - պատասխանեց: Այսպես, ըմբոշխնում ենք նրա կատարողական արվեստը, երաժշտությունը, որ տանում է մեզ իր հետեւից դեպի յուրաքանչյուրիս ներաշխարհ, դեպի հեռուներ, որ մեզ համար անհասանելի են եւ այդ իսկ պատճառով դառնում են հուզական, անբացատրելի: «Նվիրում ծնողներիս»... Մեզանում հազվադեպ են նման համերգները: Հիշում եմ, ինչպես Սվետլանա Նավասարդյանը շատ տարիներ առաջ դուրս եկավ նույն դահլիճի բեմը վարդը ձեռքին: Մոտեցավ բեմի կենտրոնում տեղադրված «Steinway»-ին, վարդը ուղղեց դեպի իրեն, միաձուլվեց ռոյալի հետ, եւ ընթացավ համերգն, որն անհնար է երբեւէ մոռանալ: Ոչ մի ժպիտ չկար սովորաբար ժպտերես եւ բարեհամբույր արտիստուհու դեմքին: Նրան համակած թախիծը խոսում էր կախարդող հնչյուններով յուրաքանչյուրիս հետ, «քար կտրած» դահլիճի հետ... Ծնողներից մեկի հիշատակին էր համերգը: Չեմ նշում ումՙ միտումնավոր, այնքան միավորված են նրանք Սվետլանա Նավասարդյանի սրտում, անբաժանելի ու հարազատ: Նրանք ծնող են եւ անքակտելի ու մեկ բառովՙ ամբողջացած: Բնականոն էր ինձ համար համերգի խորագիրը, որովհետեւ գիտեի ինչ քնքշությամբ ու ջերմությամբ էին իրենց երկու դստրերին պարուրել Նավասարդյանների ընտանիքում: Որովհետեւ կային մանկությանս հիշողությունները 118-րդ դպրոցում ուսանելու տարիներիցՙ հարգարժան Հրանուշ Պետրոսյանին առնչված: Փայլուն մանկավարժՙ մաթեմատիկոս, պահանջկոտ ու արդարամիտ, որքա՜ն սերունդներ է դաստիարակել նա Ալավերդուՙ Սպանդարյանի անվան եւ 6-րդ դպրոցներում, այնուհետեւ Երեւանի Թելմանի անվան եւ 118-րդ դպրոցներում: 118-րդում աշխատել էին հորաքրոջս հետ: Հորաքույրս հիշում էր, որ նա պրոֆեսիոնալ երգչուհի էր: Նաեւ հիշում նրա աննկարագրելի գեղեցկության, ներթափանցելու ապշեցուցիչ ուժով անմոռանալի ձայնը: «Մորս ձայնը, արքայական լիրիկոդրամատիկ սոպրանոն, մի առասպել էր, հեքիաթ, քչերը կարող էին նրա հետ մրցակցել: Մինչ օրս չեմ կարող առանց հուզմունքի այն հիշել: Մորս ձայնը, աստվածային երգեցողությունը եղան իմ առաջին երաժշտական «համալսարանները...» Արտիստական խառնվածքով, բացառիկ անհատականություն էր մայրս, բազում շնորհներով օժտված, ինչպես ասում ենՙ «ինչին դիպչերՙ ծաղկում էր»: Փայլուն մանկավարժ-մաթեմատիկոս, պահանջկոտ եւ խիստ. ծաղիկներ էր աճեցնում մաթեմատիկայի իր կաբինետում, մետաղալարից պատրաստում անձեռակերտ թվացող երկրաչափական ֆիգուրներ... Հիշում եմ, մրցույթներից մեկում անարդարցիորեն ցածր էին ինձ գնահատել: Երբ գանգատվեցի, ասաց. «Ի՞սկ դու, ինքդ, գո՞հ ես քո նվագից»: Հարցը երբեք կրկնելու առիթ չեղավ: Իմ գոհ լինելն իմ նվագից, ինքնին դժվար մի բան, դարձավ այդուհետ հաջողությանս կամերտոնը եւ, կարծում եմ, նաեւ համեստ հաջողություններիս գրավականը: Մորս գաղափարներով ներշնչված, սովորեցի ու կատարեցի Բախի, Մոցարտի, Բեթհովենի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված բոլոր կոնցերտները, թվովՙ քառասուն հինգ, զբաղվեցի դիրիժորությամբ, նրա հորդորով ընտրեցի մասնագիտությունս, սիրեցի բեմը ու մնացի նրան կապված: Անգնահատելի է մորս դերն իմՙ իբրեւ արտիստի ձեւավորման եւ կայացման մեջ...»: Մինչեւ օրս մայրիկս երախտապարտ է այն ժողկրթբաժնի վարիչին, որը երիտասարդ, աշխատանքի գործուղվող մասնագետին, աշխատանքի նշանակեց մի զրույցով, ջերմագին մաղթանքներով ողջունելով նրա մուտքը ուսուցչական ասպարեզ: Եվ որքա՜ն մասնագետների էր գնահատել ու արարելու ճանապարհ հարթել, այդ ազնվագույն, բարեկիրթ ու բարի անձնավորությունըՙ Հովհաննես Սերգոյի Նավասարդյանը: Մասնագիտությամբ պատմաբան, կրթության ոլորտում հանրապետությունում կազմակերպչական գործի բացառիկ գիտակ: Հարուստ փորձառությունը սկսել էր դեռեւս հետպատերազմյան դժվարին տարիներին, ղեկավարել Ալավերդու, այնուհետեւՙ միավորվածՙ Ալավերդու եւ Նոյեմբերյանի (Բարանայի) շրջանային ժողկրթության բաժինները, հետագայում` Երեւանի Շահումյանի շրջժողկրթբաժինը, եղել Երեւանի 98-րդ դպրոցի տնօրենը, Երեւանի 102-րդ դպրոցի հիմնադիր-տնօրենը: «Հայրսՙ հանրապետությունում կրթության ջահակիրներից էր, անխոնջ նվիրվյալը: Լայնախոհ, բազմակողմանի զարգացած, քաջ գիտակցում էր իր առաքելությունը, իրեն հատուկՙ չափից անչա՜փ պատասխանատվությամբ: Աննմա՜ն մարդ էր, նվիրական: Հոգին զուլալ էր, Լոռվա կարկաչուն աղբյուրների պես: Ապրում էր մշտապես արթուն խղճով, աչքը օգնություն հայցողին, բուռ առ բուռ շաղ տալով բարության սերմերը... Ասում էր. «Եթե չկա մարդուն օգնելու ուրիշ հնար, միշտ կա բարի խոսքը»: Հիշողությունս տեղափոխում է ինձ, հետպատերազմյան տարիների Ալավերդին: Դպրոց բացելը, ուսուցիչներով համալրելը, դասագրքեր հայթայթելը, ամենը խնդիր էր, որ պիտի լուծեր հայրս: Աշխատում էրՙ գիշերը ցերեկ դարձրած աննկարարգելի ոգեւորությամբ: Աքորի, Լորուտ, Ուզունլար (Օձուն), Ստեփանվան... ինձ հարազատ անուններ, որ հնչում էին անընդհատ մեր ընտանիքում: Հիշում եմ, երբեմն չէր լինում մեքենա, եւ հայրս պարզապես ոտքով ուղեւորվում էր անհրաժեշտ վայրը: Կոչումով մանկավարժ հայրս, մեծապես հարգում ու գնահատում էր ուսուցչի աշխատանքը եւ աշակարտին: Այդպես էր ամենուր, որտեղ աշխատում էր, տասնամյակներ շարունակ: Անզուգական էր... Սրընթաց մտքով, անհանգիստ բնավորությամբ, պատանի տարիքից ինքնուրույն հարթել էր իր կյանքի ճանապարհը: Հիշում եմ, բացառիկ ընդունակությունները, ինչպես էր մտքում անճիգ բազմապատկում եռանիշ եւ քառանիշ թվերը, անգիր արտասանում տասնյակ բանաստեղծություններ, ինքն էլ փորձում էր գրել, մարգարտաշար ձեռագրով: Իր հավաքած հսկայական գրադարանը, իր սիրելի անտիկ շրջանի փիլիսոփաներից ու պատմաբաններից սկսած մինչեւ մեր օրերի հայկական, ֆրանսիական, ռուսական, ամերիկյան պոեզիան, լեցուն էր ամենատարբեր բնագավառների գրքերով: Իմ անանցանելի հետաքրքրությանս առարկան էր այն, մանկությանս տարիներից, այդպիսին մնաց մինչ այսօր: Հորս ջանքերով ստեղծվեց նաեւ իմ նոտաների գրադարանը, որը մշտապես համալրում էր: Առաջին իսկ ելույթներիցս սկսած, խնամքով հավաքում եւ պահում էր դրանց գրախոսականները եւ արժեքավոր տարաբնույթ այլ նյութեր: Ծնողական սիրո մարմնացում էր: Մեր, երեխաներիս աշխարահայացքն ընդլայնող, որքան պատմություններ էր արել, կապել բնության հետ: Տարիներ շարունակ, ուշ երեկոներին, գալիս էր իմ հետեւից Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, ուր անվերջ պարապում էինք սիրելի ուսուցչիսՙ Վաչե Ումր-Շատի հետ, հիշում եմ մեր ետճանապարհի անուշ զրույցները...»: Անմոռաց երկու անուն, վեհ սկզբունքների ու մարդկային հատկանիշների կրողներ, որոնցից անբաժան են նրանց երկու դուստրերըՙ Կարինե եւ Սվետլանա Նավասարդյանները: Կյանքի բերումով պիտի հանդիպեի Կարինե Նավասարդյանինՙ կիրթ ու ջերմ մարդուն, նաեւ իր գործընկերների հանդեպ, 122-րդ դպրոցի մաթեմատիկոս (նաեւ երաժիշտ) տնօրենին: Եվ Սվետլանա Նավասարդյանին, այդչափ պարզ, հմայիչ, անմիջական, նույն ժամանակ անհասանելիՙ մտքի արագությամբ եւ տաղանդի դրսեւորումներով: «Ծնողներս հատուկ պաշտամունք ունեին գիտելիքի նկատմամբ: Մայրս նույնիսկ ասում էր, որ խոնարհվում է «գեղեցիկ ուղեղի առջեւ»: Միշտ դեպի նոր հորիզոնները ուղղված, ազատամիտ եւ մարդասեր, իսկական Ուսուցիչ եղան իրենց հազարավոր աշակերտների (հայրս նաեւ դասավանդում էր), իմ եւ քրոջս համար, առաջին հերթին, թողնելով մեզ իբրեւ պատգամ կյանքում ճշմարիտ ձեւով կայանալու երեք պայման. աշխատասիրություն, պատվախնդրություն եւ բարյացակամություն...» Սվետլանա Նավասարդյանի ադամանդե այն հնչյունները, որ տարրալուծվել էին Մեծ դահլիճի մթնոլոտում, նվիրված ծնողներինՙ Հրանուշ Պետրոսյանի 95- եւ Հովհաննես Նավասարդյանի 100-ամյա հոբելյանական տարելիցներին, ունկնդիրն իսկապես ընկալեց ոչ միայն իբրեւ հուշապատում, այլեւ իբրեւ երջանիկ, կայացած, հաջողակ ու տաղանդաշատ դստեր մեծարումը իր թանկագին ծնողների, նույն զգացումներով պատելով ներկաներիս, այն զգացումներով, որ աշնանային Երեւանի փողոցներով տունդարձին սիրով էին լցրել բոլորիսՙ կյանքի, մեր ծնողների, նրանց հիշատակի, մեր ավանդությունների, մեր ընտանիքների նկատմամբ: Հոգիս լուսավորվել էր բարությամբ այն հնչյունների գերբնական ուժով, որ հաղորդվել էր նավասարդյանական երաժշտության կատարյալ կատարողականությամբ: Դասական երաժշտության երկերի գեղեցիկ մի փունջ, ընտրված դաշնակահարուհու համերգային ծրագրերից, հնչեց այդ երեկոՙ հրաշալի, վարպետ կատարմամբ եւ մեկնաբանությամբ: Դրանք էինՙ Յոզեֆ Հայդնի Դո մաժոր Սոնատը (N 35), Յոհաննես Բրամսիՙ Ութ Կապրիչչո եւ Ինտերմեձոն (ստ.76), դաշնակահարուհու սիրելի կոմպոզիտորիՙ Շոպենի պոլոնեզները, նոկտյուրնները, մազուրկաները, վալսերը: Ռոմանտիկ շունչն էր թեւածել դահլիճով մեկ: Իբրեւ «բիս» հնչեցրած Արամ Խաչատրյանի Ուզունդարանՙ քմահաճ, նազանի, եւ հատկապես Սուսերով պարը կատարողի փոխադրմամբ, տեմպի խենթանալիք արագությամբ եւ կրակոտ կերպարների վարպետ համադրությամբ ընդունվեցին արտակարգ ոգեւորությամբ: Դրանց հաջորդած Գլյուկի «Օրփեոսի» հանրահայտ մեղեդու հուզաթաթավ կատարումը ուղղակիորեն պայթեցրեց դահլիճը, ինչպես եւ Բախ-Զիլոտիի հռչակավոր սի մինոր Պրելյուդը, որ «փշրեց» սրտեր ու ներթափանցելով յուրաքանչյուրիս հոգի, դիպավ ամենանուրբ լարերին: Սվետլանա Նավասարդյանը այս անգամ սիրելի բեմ բարձրացավ ծնողների ծննդյան խորհրդով, առաջին իսկ հնչյունից տանելով մեզ իր ընկալումների աշխարհը, ի՛ր մոտեցումների, ի՛ր մտորումների անհուն խորխորատները. երջանկություն պարգեւլով լսողներին, եւ, կարծում եմ, ինքն իրեն: Երաժշտությունը, որ հորդում էր բեմից, հասանելի եւ անհասանալի էր, ինչպես անափ մեր երեւակայությունը, մեր մտքի թռիչքը, մեր անբացատրելի կապը հոգու եւ անցավորաց հետ. մեր զգացումները, որ շատ անգամներ անգիտակցելի են, սակայն այդ օրը միավորվեցին մեկտեղ: Դեռեւս V դարում պատմաբան-փիլիսոփա Դավիթ Անհաղթը աստվածաբանությունից հետո դասակարգում էր երաժշտությունն ու մաթեմատիկան, այնուհետեւ դրանցից ճյուղավորում մյուս գիտություններն ու արվեստները: Հետաքրքրական զուգադիպությամբ, հայրենի արվեստի փառքը բազմապատկողՙ մաթեմատիկոս-երգչուհու եւ պատմաբանի դուստրը այսօր տարածում է հայ երաժշտությունը աշխարհով մեկ: Միջազգային բազմաթիվՙ Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան եւ Սիդնեյի մրցույթներում հաղթանակած դաշնակահարուհինՙ «Հայ մեծ դաշնակահարուհին» ինչպես նրան անվանում է արտասահմանյան մամուլը, հանդես է եկել համերգներով աշխարհի ավելի քան քառասուն երկրներում, այդ թվում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ եւ այլն: Պատահական չէ, որ նրա առջեւ շատ վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների եւ համերգասրահների դռները, ինչպիսիք են Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճը, Սիդնեյի Opera House, Բրյուսելի Palais des Beaux-Arts, Փարիզի Gaveau, Լայպցիգի Gewandhaus, Բուենոս Այրեսի Teatro Colon, Տոկիոյի Asahi Hall, Օսակայի Phoenix-Hall, Ստոկհոլմի Nybrokajen եւ այլ դահլիճները: Միջազգային հռչակ ու ճանաչում վայելող Սվետլանա Նավասարդյանի երաժշտական կարիերան լի է նաեւ անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով` Եվգենի Սվետլանով, Վալերի Գերգիեւ, Վասիլի Սինայսկի, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ եւ շատ ուրիշներ: Սվետլանա Նավասարդյանի մեկնաբանած երկերի ցանկը ներառում է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված վաթսունից ավելի կոնցերտ, այդ թվում` Բախի, Մոցարտի եւ Բեթհովենի բոլոր կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր: Մեծն Նոյհաուզի սկզբունքների հետնորդ երաժիշտը (աշակերտել է պրոֆեսորներ Յակով Զակին եւ Վաչե Ումր-Շատին) սերտորեն համագործակցում է Փարիզի Ecole Normale de Musique, Ստոկհոլմի Lille Academia, Էսսենի Hochschule fur Musik, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ: Սվետլանա Նավասարդյանը ՀՀ կառավարական բարձրագույն պարգեւի` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է (2010 թ.), նաեւՙ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից շնորհված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուՙ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ (2015 թ.): «Ես երջանիկ մարդ եմՙ սքանչելի ծնողներ եմ ունեցել: Ամեն ինչի հասել եմՙ շնորհիվ ծնողներիս: Նրանցով եմ ճանաչել ու սիրել կյանքը, մարդը, մարդկայինը... Գեղեցիկի գերի, տոն բերող, տոն ստեղծեղ մարդիկ էին, թանկագին ծնողներս, գովքը կյանքի: Մարդիկ էին պաշտելի, որոնց համար անունը, փառքը լոկ համեստ ուղեկիցներն էին կատարվող գործի եւ որոնց բարոյական վեհ սկզբունքներն ի հեճուկս ամեն ինչի մնացին անպարտելի: Ապրեցին թեւավորված, թեւ տալով ուրիշին: Հնչեցինՙ զրնգուն երգի պես, որ ունի սկիզբ եւ չունի վերջ...»: Հ.Գ.- Որքան հաճախ ենք մենք ասում «դեպքերի բերումով է ստացվել»: Սակայն Աստծո կամոք լինում է... ընթանում ես, ինչպես Եկեղեցու դռներով, որ կողմից ցանկանում ես, կարող ես ներս ու դուրս անել, ընթանում ես, սակայն միայն առաջ գնալով: Խորհուրդն էՙ ճամփաները բաց են. Ընթացիր ուղիղ, եւ «միայն առաջ», ինչպես սիրում է իր խոսքով ոգեւորել ու խրախուսել մեծ դաշնակահարուհին: Համամարդկային այս արժեքներով ապրելով, նա շատերիս է ոգեշնչում ու հնարավոր դարձնում թվացյալ անհնարինը: Նկար 1. Փոքրիկ Սվետլանան ծնողների հետ |