RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016



ՀԱՅԵՐՆ ՈՒ ՇԵՔՍՊԻՐԸ

Տեղադրվել է` 2016-04-28 21:16:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3828, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՇԵՔՍՊԻՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅ ԹԱՏՐՈՆ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

(Մի կարեւոր ճշտում)

Մեծագույն թատերագրի մահվան 400-ամյակի առթիվ

Հայ թատրոնի պատմոթւյունը (ինչպես յուրաքանչյուր հարցի պատմություն) լի է ոչ միայն չբացահայտված բազմաթիվ էջերով, այլեւ չկայացած իրադարձությունները շինծու փաստերով «հիմնավորելու» առատ փորձերով, որոնք հոդվածից-հոդված, գրքից-գիրք փոխանցվելով աղավաղում են իսկական պատմությունը: Այս հարցը վերաբերում է նաեւ Շեքսպիրի դրամատուրգիան հայ թատրոնում արմատավորվելու պատմությանը:

Հավատ ընծայելով ժամանակի միակ տպագիր աղբյուրին, մենք էլ որոշ տուրք ենք մատուցել այդ պատմությանըՙ ճշտելով թե ում շնորհիվ է Շեքսպիրը ոտք դրել հայ թատրոն, բայց ժամանակի հարցում ձախողվել ենք: Այս հարցն է, որ մեզ ստիպում է նորից անդրադառնալ անցյալի պատմությանը եւ վերականգնել ճշմարտությունը:

Շեքսպիրին հայ թատրոնի հետ կապող առաջին օղակը ձուլել են Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերը... Շեքսպիրի ծննդյան 300-ամյակի առթիվ 1864-ի հունվարի 29-ին միաբանության դպրոցական թատրոնում բեմադրվել է «Մակբեթ» ողբերգությունը: Բայց դա Շեքսպիրի բնագրի հետ առնչություն չունի: Այդ օրը ներկայացվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Ֆրանսուա Դյուսիսի (1783-1816) կողմից Շեքսպիրի պիեսի փոխադրության թարգմանությունը: Մասնակցել են ինը դերակատար, առանց կին դերակատարի: Հետեւապես նա իսկական Շեքսպիր չի եղել, այլ փոխադրության թարգմանությունը, որ կատարել է հայր Սամուել Կայսերյանը:

Մինչեւ 1964-ի ապրիլը Շեքսպիրի մուտքը հայ պրոֆեսիոնալ թատրոն համարվել է «Վենետիկի վաճառականի» առաջին բեմադրությունը 1866-ի մայիսի 8-ին (ներկայացվել է առաջին գործողությունից պատրաստված տեքստով, որ ֆրանսերենից թարգմանել է դերասան եւ ռեժիսոր Գեւորգ Չմշկյանը) Թիֆլիսի Թամալյանի քաղաքային թատրոնում:

1964-ի հոկտեմբերից առաջ է քաշվել նոր տեսակետ: Մեկ տարով առաջ է տարվել Շեքսպիրի մուտքը հայ թատրոն: Այս կարծիքն իբրեւ նորություն հրապարակ է հանել թատերագետ Լուիզա Սամվելյանը «Շեքսպիրյան անդրանիկ ներկայացումը պրոֆեսիոնալ հայ բեմում» վերնագրով հոդվածում: Սամվելյանի համար հիմք է ծառայել Խորեն վարդապետ Ստեփանեի խմբագրությամբ ու հրատարակությամբ Թիֆլիսում լույս տեսնող «Հայկական աշխարհի կռունկ» հանդեսի 1865-ի մայիսյան (N 7) համարում տպագրված «Թիֆլիսցի հայ»-Ստեփանեի «Մեր ներքին գործերը» հոդվածը: Լուրից պարզվել է, որ 1865-ի մայիսի 7-ին ներկայացվել են Վ. Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»-ի երկրորդ արարվածը, «Վենետիկի վաճառականի» առաջին արարվածի երրորդ տեսիլը եւ Վ. Դուկանժի «Թուղթ խաղացողի կյանք»-ի երկրորդ եւ երրորդ արարվածները:

Սամվելյանը չէ, ով էլ որ լիներ, չէր կարող չհավատալ ժամանակակից լրատուի գրածին: Ստեփանեն, միաժամանակ, գրել է. «Էս բոլոր խաղարկությունների մեջ տեսանք Թիֆլիսում առաջին անգամ պոլսեցի դերասան եւ դերասանուհի պ. Թովմաս Ֆասուլյաճյանին եւ տիկին Պայծառ Ֆասուլյաճյանին»: Այս տվյալից ոգեւորված, Սամվելյանը շտապել է եզրակացնելՙ «ուրեմն, արեւելահայ բեմում առաջին անգամ Շեքսպիր ներկայացնելու պատիվը Չմշկյանը պետք է զիջի Ֆասուլյաճյան ամուսիններին»:

Այս վճռական խոսքում Սամվելյանը սայթաքել էՙ գրելով, որ 1865-ի ամռանը Չմշկյանը, Ամերիկյանը եւ Մանդինյանը շրջագայության էին դուրս եկել, ուրեմն Շայլոկի դերը կատարել է Ֆասուլյաճյանը: Այս միտքը նա կրկնել է Երեւանի «Կոմունիստ» (ռուսերեն, 1965, N41), Փարիզի «Յառաջ» (1965, N10411) հոդվածներում եւ «Շեքսպիրը եւ հայ գրական ու թատերական մշակույթը» գրքում (Երեւան, 1974):

Թե Գեւորգ Չմշկյանի «Իմ հիշատակարանը» գրքում (1953) եւ թե Ստեփանեի հոդվածում գրված է, որ «Վենետիկի վաճառականի բեմադրության օրերին Թիֆլիսի թատրոնի վերը հիշատակված դեմքերը (Մ. Ամերիկյան, Ս. Մանդինյան) ոչ միայն Թիֆլիսում են եղել, այլեւ մայիսի 1-ից մինչեւ հունիսի կեսերը միասին խաղացել են «Երեսուն տարի կամ թուղթ խաղացողի կյանքը», «Երկուսս էլ քաղցած ենք, երկուսս էլ փող չունենք», «Էռնանի», «Կույրի զավակը կամ խելագար կինը» եւ այլ պիեսների բեմադրություններում:

Այս հարցում էլի մեղավորը նույն Ստեփանեն է: Իր հաղորդած լուրում նա գրել էՙ «Էս ամսի սկզբներին մեր դերասաններ պ. Չմշկյանը, Ամերիկյանն ու Մանդինյանը լսում ենք գնացին քաղաքից դեպի Շուշի եւ էնտեղից գնալու են զանազան քաղաքներ հայերեն թեատրներ խաղալու»: Բնագրից թե այլ աղբյուրներից օգտվողները, ուշադրություն չեն դարձրել, որ Ստեփանեի հաղորդած լուրի տակ դրված է 1865 հունիսի 20 տարեթիվը: Ստեփանեիՙ ուրիշներից լսած այդ լուրը «էս ամսի սկզբներն» համարելը պետք է հասկանալ ոչ թե մայիս, այլ հունիսը:

Եվ այսպես, կծիկը գլորվելով ավելի է մեծացել:

Թատերագետ Բաբկեն Հարությունյանն էլ 1865-ին ներկայացրած տեսարանի համար իր համոզմամբ դերաբաշխում է կատարելՙ Շայլոկ- Թովմաս Ֆասուլյաճյան, Անտոնիո- Գեւորգ Չմշկյան, Բասանիո- Գեւորգ Միտաղյան: Ժամանակի առումով նրա աղբյուրը Ստեփանեն է, իսկ դերաբաշխումըՙ իր մտահղացումը: Ֆասուլյաճյանների գործունեության գնահատման հարցում ավելի առաջ է գնացել անվանի թատերական գործիչ Ռուբեն Զարյանը : Իր «Էջեր հայ թատրոնի պատմությունից» գրքում նա գրել է. «Ֆասուլյաճյանն իր հետ բերել էր Պոլսի հայ թատրոնի պիեսներիցՙ հատկապես մելոդիաներ... Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» եւ «Էռնանի»: Վերջապես Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», որի բեմադրությամբ էլ գրվել է շեքսպիրյան երկերի բեմական պատմության առաջին էջը արեւելահայ իրականության մեջ: Մինչեւ Թովմաս եւ Պայծառ Ֆասուլյաճյանների Շայլոկը եւ Ջեսիկան, Թիֆլիսի հայ թատրոնում Շեքսպիրին բեմ չէին բարձրացրել»:

Ցավալի է, որ Չմշկյանի գործունեությանը քաջածանոթ թատերագետն այսպիսի եզրակացության է եկել եւ Չմշկյանին թողած Լ. Սամվելյանի օրինակով «Վենետիկի վաճառականի» մի այլ թարգմանություն է ակնարկել:

Իրեն նախորդների հարթած ճանապարհով է գնացել նաեւ թատերագետ Վարսիկ Գրիգորյանը : Նա էլ Պայծառ Ֆասուլյաճյնին համարել է Ջեսիկայի դերակատար, Պոլսից Ֆասուլյաճյանների բերած պիեսները Թիֆլիսում չլինելու մասին եւ այլ հարցեր: Մինչդեռ, 1865-ի մայիսի 1-ին պոլսեցի դերասանների մասնակցությամբ խաղացված «Թուղթ խաղացողի կյանքը» եղել է տեղական դրամատուրգ Միքայել Պատկանյանի թարգմանությունը, իսկ դրանից մի քանի շաբաթ անց ներկայացված «Էռնանին» էլՙ Ստեփան Պալասանյանի թարգմանությունը: Երկուսն էլ Թիֆլիսի թատրոնի խաղացանկի գործեր:

Վերը բերված թատերագետների հավաստիացումներն ու եզրակացություններն ամփոփվել են թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն XIX դ.» գրքում: Խոսեով 1865 թ. ներկայացումների մասին, նա գրել է. «Այս շրջանում բեմադրվում է նաեւ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1865 թ. մայիսի 7-ին): Ֆասուլյաճյանը խաղում է Շայլոկ, Չմշկյանըՙ Անտոնիո: Դա Շեքսպիրին դիմելու առաջին փորձն էր հայ բեմում:

Այս ձեւակերպման աղբյուրը Լ. Սամվելյանի «Շեքսպիրը եւ հայ գրական ու թատերական մշակույթը» գիրքն է (1974, էջ 103-104): Նա էլ վերցրել է Ստեփանեի «Մեր ներքին գործերը» լրատվությունից, որտեղ խոսք չկա «Վենետիկի վաճառականի» մի տեսարանի դերակատարների մասին:

Վերոհիշյալ բոլոր տվյալները հրապարակ են հանվել 1964-ին «Սովետական արվեստ» ամսագրում (N 4, էջ 22-30 եւ N11, էջ 33-38) մեր տպագրած «Շեքսպիրը հայ բեմում» տարեգրությունից հետո: Բոլոր այդ նորությունները մեր կարծիքով համոզիչ չեն եղել: Ուստի, հավատ ընծայելով Ստեփանեի որպես ժամանակակցի կողմից հայտնված տվյալ, ընդունել ենք 1865-ի մայիսի 7-ին տրված «Վենետիկի վաճառականի» առաջին ներկայացման փաստը: Մոտ երեք տասնամյակ առաջ վերոհիշյալ հեղինակների գրքերում տպագրված մեկնաբանությունները անհամոզիչ գտնելով, մի հոդված էինք պատրաստել, բայց Երեւանում տպագրվելու հնարավորություն չունեցանք: Ստիպված եղանք այն Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդեսին» ուղարկել եւ բարեհաճությամբ տպագրվեց 2001 թվականի ԻԱ (21) հատորում:

Պատմությունը մի փոքր հետ տանենք:

Անդրկովկասի թատերական կյանքում Շեքսպիրի առաջին թարգմանիչը, բեմադրիչը եւ դերակատարը (Շայլոկ-1866) հայ թատրոնը ռեալիստական ուղու վրա դնելու նախաձեռնողներից մեկը Գեւորգ Չմշկյանն է (1837-1915): Նա նախ թարգմանել է Շեքսպիրի «Թիմոն Աթենացին», որն ընկերների բացասական կարծիքի պատճառով ոչնչացրել է (1863): 1864-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Թիֆլիսում, Լարոշի ֆրանսերն թարգմանությունից հայերենի է թարգմանել «Վենետիկի վաճառականը»:

Չմշկյանը լինելով կամային մարդ, չէր զիջի, որ Ֆասուլյաճյանը խաղա իր թարգմանած պիեսի հերոսի դերը: Չմշկյանն իր թարգմանության ձեռագիր օրինակի վրա, որոշ գործող անձանց դիմաց նշել է դերակատարների անունները: Շայլոկի դիմաց միայն իր անունն է:

1866-ի ապրիլից սկսած, մոտ քսան տարի, Չմշկյանը տարբեր ժամանակներ ներկայացրել է «Վենետիկի վաճառականը» երկու գործողությամբ: Առաջին արարվածի երրորդ տեսիլը եւ չորրորդ արարվածի առաջին եւ երկրորդ տեսիլները: Այս համադրության մեջ կանացի կերպարներից մասնակցում են Պորցիան (Բասանիոյի կինը) եւ Ներիսան (Գրացիանոյի կինը): Լորենցո-Ջեսիկա զույգի պատմությունը չի խաղացվել: Ուրեմնՙ Պայծառ Ֆասուլյաճյանը Ջեիսկա չի խաղացել:

Չմշկյանի թարգմանության ձեռագրում Պորցիայի դիմաց գրված է Պայծառ Ֆասուլյաճյանի անունը: Նրա անունը ջնջելով գրվել է Սոփիո (Սոֆիա) Մելիք-Նազարյանի անունը: Ուրեմն պոլսահայ դերասանուհին բոլորովին մասնակցություն չի ունեցել «Վենետիկի վաճառականի» բեմադրությանը:

Բարեբախտաբար, Մատենադարանում, Ալեքսանդր Երիցյանի ֆոնդում (N160) պահպանվել է «Վենետիկի վաճառականի» 1866-ի ապրիլի 17-ին խաղացված ներկայացման ազդագիրը, որի վերնագրի տակ գրված է «Առաջին անգամ»: Ֆասուլյաճյաններից ներկայացմանը մասնակցել է միայն Թովմասը վաճառական Անտոնիոյի դերով: Ուրեմն Շեքսպիրը հայ թատրոն է մտել 1866-ի ապրիլի 17-ին, կիրակի օրը Թիֆլիսի քաղաքային թատրոնում, Գ. Չմշկյանի թարգմանությամբ, բեմադրությամբ եւ Շայլոկի դերակատարումով:

Այս առթիվ «Թիֆլիսցի հայ»- Ստեփանեն անդրադառնալով Չմշկյանի նախաձեռնությանը գրել է. «Մենք հասկանում ենք պ. Չմշկյանի գովելի միտքը Շեքսպիրի դրամա խաղալու: Շեքսպիրը թատրոնական աշխարհի աստվածն է: Ոչինչ չի կարելի ավելի լուսավոր, բարձր զարգացնող ու ազնվացնող պիեսը խաղալ, քան Շեքսպիրինը, բայց հարցրեք, չենք ասի ամբոխից, նաեւ նոցանցից, որոնք մոլորված հավատացած են, թե բան են հասկանում...

Վաղ է, պ. Չմշկյան, շատ վաղ է Շեքսպիրը մեզ համար դեռ... Խաղից երեւում էր, որ պ. Չմշկյանը աշխատել էր հրեայի րոլը (դերը- Բ.Հ.) նորա ձեւերով ճիշտ ներկայացնել: Ուրախ ենք, որ պ. Չմշկյանը աշխատում է գործը խղճմտանքով առաջացնել»:

Այսպիսով, համարձակորեն կարող ենք ասել, որ Շեքսպիրի մուտք գործելը հայ թատրոն կապված է միայն ու միայն Գեւորգ Չմշկյանի անվան հետ: Ահա դրա վկայականըՙ 1865 թվականի մայիսի 7-ին Թիֆլիսի հայ թատրոնում «Լուկրեցիա եւ Բորջիայի», «Վենետիկի վաճառականի» եւ «Թուղթ խաղացողի կյանքի» տեսարաններով ներկայացումը տեղի չի ունեցել: Ըստ Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթի (N16, էջ 120) ծանուցման, հայտնվել է, որ «Տիկ. Պայծառ Ֆասուլյաճյանի հիվանդության պատճառով մայիսի 7 ուրբաթ գիշեր խաղարկությունը Լուկրեցիա Բորջիա եւ այլն, հետաձգվեցավ երեքշաբթի օրը- մայիսի 11-ին»: Իսկ մայիսի 11-ի համար լրացուցիչ ոչ մի հայտարարություն չի եղել: Ահա թե ինչի է հասցրել Խորեն վարդապետ Ստեփանեի (Ստեփանյան) անպատասխանատու լուրը:

2016 թվականի ապրիլի 17-ը դարձել է Շեքսպիրը հայ պրոֆեսիոնալ թատրոն մուտք գործելու 150-ամյակի օր, իսկ ապրիլի 23-ը նրա մահվան 400-ամյակի օրն է: Ի դեպ, ծնվել ու մահացել է նույն օրըՙ 1564 եւ 1616 ապրիլի 23-ին:

Հայ թատերական 150-ամյա կյանքը կապված լինելով Շեքսպիրի անվան հետ, կարող է հպարտանալ իր շեքսպիրագիտական նվաճումներով, բեմադրությունների պատմությամբ, համաշխարհային թատրոնին տված մեծություններով: Արեւելքի ժողովուրդների թատրոնների պատմության մեջ Համլետի առաջին դերակատարը Պետրոս Ադամյանն է (1880), հինգ-վեց լեզվով Օթելլո խաղացողը միայն Վահրամ Փափազյանն է: Հայ դերասաններից 94-ը Օթելլոյի դերում հանդես են եկել տարբեր ժողովուրդների թատրոններում, նույնը կատարել են Համլետի 78 դերակատար:

Անցած 150 տարում Շեքսպիրից թարգմանվել է 36 պիես, որից 25-ը 1866-ից մինչեւ այսօր կայուն տեղ են գրավել հայ թատրոնի պատմության մեջ: Ունեցել ենք ամբողջական եւ մասնակի թարգմանություններով զբաղվող թարգմանիչներ (Հ. Մասեհյան, Խ. Դաշտենց), ըստ որումՙ նաեւ ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն թարգմանիչներ: Հայ թատրոնի շեքսպիրյան ներկայացումները ծափահարվել են 240 վայրերի հանդիսականների կողմից:

Ահա թե ինչպես է Շեքսպիրը հայ թատրոն մտել եւ ինչպես ու ինչքան գնահատվել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ