ԿԱՆՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ 69-ՐԴ ԱՆԳԱՄ Պ. Ք. Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում մայիսի 11-ին, անվտանգության արտակարգ միջոցառումների պայմաններում, բացվեց միջազգային հեղինակավոր կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 22-ը: Ֆրանսիական եւ օտար լրատվամիջոցները հաղորդում են, որ բացման օրը մրցույթից դուրս ցուցադրվել է Վուդի Ալենի Cafe՛ Society ֆիլմը, որը սիրո պատմություն է 1930-ականների Ամերիկայում: Մրցութային ծրագրում գլխավոր մրցանակիՙ «Արմավենու ոսկե ճյուղի» համար «կպայքարի» 20 ֆիլմ: Իրենց նոր աշխատանքները ներկայացրել են Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենները («Անծանոթուհին»), Քսավիե Դոլանը («Սա լոկ աշխարհի վերջն է»), Օլիվիե Ասայասը («Անհատական գնորդը»), Բրյունո Դյումոնը («Մարմանդ ջրում»), Ջիմ Ջարմուշը («Պատերսոն»), Ալեն Գիրոդին («Շիտակ մնա»), Կլեբեր Մեդոնիչ Ֆիլհոն («Ջրհոս»), Քեն Լոուչը («Եսՙ Դենիել Բլեյքս»), Բրայանտե Մենդոզան («Ma Rosa»), Քրիստիան Մունջիուն («Ընտանեկան լուսանկարներ»), Ջեֆ Նիկոլսը («Loving»), Պարկ Չան Ուկը («Աղախինը»), Շոն Փենը («Վերջին դեմքը»), Քրիստի Պույուն («Սիեռա Նեւադա»), Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը («Նեոնային դեւը»), Անդրեա Առնոլդը («Ամերիկյան մեղր»), Մարիեն Էդը («Թոնի Էրդման»): Ֆրանսիան ներկայացված է Նիկոլ Գարսիայի նոր ֆիլմով («Քարային հիվանդություն»): Իսպանացի նշանավոր բեմադրիչ Պեդրո Ալմոդովարը Կանն է բերել իր նոր աշխատանքը («Ջուլիետա»), որը պատմություն է դստերը փնտրող մոր դրամայի մասին: «Հիմնական բնազդ» (1992) ֆիլմի բեմադրիչ Պոլ Վերհովենը հիմնական մրցույթին մասնակցում է Հոլանդիան ներկայացնող «Նա» ֆիլմով: Այս տարի միջազգային ժյուրիի ղեկավարը ավստրալացի բեմադրիչ Ջորջ Միլլերն է: Ժյուրիի կազմում են ֆրանսիացի բեմադրիչ եւ սցենարիստ Առնո Դեպլեշենը, ամերիկացի դերասան Դոնալդ Սազերլենդը եւ դերասանուհի Կիրստեն Դանստը, իտալացի դերասանուհի եւ բեմադրիչ Վալերիա Գոլինոն, դանիացի դերասան Մադս Միքելսենը, ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին, հունգար բեմադրիչ, օտարալեզու լավագույն ֆիլմի օսկարակիր Լասլո Նեմեշը եւ իրանցի պրոդյուսեր Քաթայն Շահաբին: |