RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 13-05-2016



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2016-05-12 21:32:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2652, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԴԷՊԻ ԲՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ

Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

Օրերս Հայաստանից իր, աւա՜ղ, վերջին վերադարձից անմիջապէս յետոյ Մոնրէալից հասաւ բօթը մահացաւ արձակագիր Հայկ Նագգաշեանը: Մահացաւ նորագոյն գրականութեան մէջ ամէնից բնապաշտ արձակագիրը, Վախթանգ Անանեանի բացած ճանապարհով նոր վերելքի ուղի պարզած դրօշակիրը: Թւում է մահը «խնայասէր էր» Հայկ Նագգաշեանի հարցում, քանի որ գրողն արդէն բոլորել էր իններորդ տասնամեակը: Սոյն թուի մարտի 14-ին, երեւանեան իր բնակարանում, նա նոյնիսկ մեզ հետ կատակում էր. «Իններորդ ալիքի վրայ եմ, բայց կը տեսնես, բարեկա՛մս, կը դիմանամ, կը տոկամ...»:

Իններո՛րդ ալիքը, իններո՛րդ տասնամեակը, իններո՛րդ համանուագը մէկիկ- մէկիկ բացել են բնութեան տարերքի սուր զգայութեան հրաշալի պահպանուած համը ու խօլական մղումների անանց կարօտը, որին մարմինը գուցէ արդէն «հաւատարիմ չէր», բայց երազը ափրիկեան անտառների զովութեան թելադրութեան տակ էր պահում գրողի մինչ ի մահ տրոփած սիրտը: Այն յաճախ, նաեւ առ այսօր, ի պահ էր տրւում եթովպիական վայրի ջունգլիներից չվերադարձած հայ որսորդ Հայկին, որը նոյնինքը Նագգաշեանն էր, նոյնինքը Ջորջիկը, Քոքայի լճում սիրոյ իմաստնութեան եւ բարոյախօսութեան այբուբենը գոց սորվող «թոթովախօս» Անտոնիոն ու բնութեան կանչերից թալկացած, բայց հոգու ազատութիւնը մինչեւ վերջ նախընտրած Գլարան, հայ ուսուցիչն ու Վահրամը, անգամ վայրի խափշիկ ցեղախմբերի ինքնութեան ենթագիտակցութիւնը, եւ ի հա՛րկէ, բնութեան հրաշքը վայրի կենդանին իր խլրտումներով, գեղեցկութեամբ, բնութեան մէջ լուծուելու, անէանալու ներքին կարելիութեամբ:

Հայկ Նագգաշեանի սիրտը անընդմէջ բացւում էր նրա գրական հրացոլքերի պրոբադիկ աւազանը ոգեղինած ժողովածուներում «Որսորդի ուղիներով», «Մարկերիթայի առիւծները», «Ափրիկեան անտառներուն մէջ», «Անաւարտ պատմութիւն», «Սրբազան ծառին տակ», «Դէպի ինքնութիւն», «Բնութեան կանչը», «Բերքահաւաք», որոնցում սրբացնում էր ամենանախնականը` բնութիւնը:

Հիմա բնութեան մէջ անէանալու, բնութեան ճամբով Աստծուն հասնելու հերթը այլեւս Հայկ Նագգաշեանինն է: Իր առիթով կարելի է յանդգնել անգամ սրբագրել «մահ» բառը: Չմահացաւ Հայկ Նագգաշեանը, այլ գնաց դէպի բնութիւն, «դէպի ինքնութիւն», այսինքն գտաւ վերջին ու անխարդախ բանալին:

Կորստեան ցաւը մերն է, գրականութեան անվրէպ որսորդը մահուան թակարդում: Մի առիթով գրել է, թէ իր թիրախի տակ գտնուող վայրի կենդանու ու սիրահարի հոգեվիճակների, վերջին տառապալից սպասումի եւ հանգուցալուծումի միջեւ կայ անհուն մի գեղեցկութիւն: Մեր կողմից նկատենք, որ Հայկ Նագգաշեանը բնութեան վայրկենական գեղեցկութիւնը թղթին եւ մեր յոգնած յիշողութեանը յանձնել կարողացած շռայլ ներուժն էր:

Գնա՛ց, ու իրեն առաջին ողջունողն այնտեղ Վախթանգ Անանեանն է: Գնա՛ց, որ այնտեղից այլեւս ամբողջացած տեսնի հայոց բնապաշտ արձակի գունեղ ու իր վրձնով հարստացած էջը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ