RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 13-05-2016



ՍԱՅԱԹՆՈՎԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-05-12 21:32:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2108, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆՙ ՆՈՐՈՎԻ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Զրույց «Հայագիտակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Ալբերտ Իսոյանի եւ սայաթնովագետ Վարդգես Զարգարյանի հետ

Իրանահայ մտավորական, մասնագիտությամբ ճարտարագետ Վարդգես Զարգարյանին հանդիպեցի «Հայագիտակ» հրատարակչությունում:

«Հայագիտակ»-ը 25 տարի շարունակ հայ գրահրատարակչական մշակույթը հարստացնում է գրական բացառիկ երեւույթներովՙ սկսած միջնադարյան տաղերգուներից մինչեւ մերօրյա տաղանդավոր գրողների երկերի հրատարակություններ, հանրագիտարանային բնույթի աշխատություններ, կարեւորագույն նշանակությամբ հայագիտական գրքեր. բավական է հիշատակել երկու անունՙ «Սեւ գիրք» եւ «Երկիր դրախտավայր»: Գիտական, քննական, ակադեմիական հրատարակությունները աշխատասիրվում, կազմվում են լավագույն մասնագետների կողմից, եւ ավելորդ է ասել մասնագիտական այն բարձր պատասխանատվության ու սկզբունքների մասին, որոնք ընկած են աշխատանքների հիմքում: Նշենք միայն ակնածանքի հասնող վերաբերմունքը ոչ միայն հեղինակի եւ ներկայացվող նյութի, այլեւ պոլիգրաֆիական արվեստի հանդեպՙ սկսած տառատեսակիՙ տեքստին համահունչ ընտրությամբ, թղթի որակի, գրքի ձեւավորման, կազմի բացառիկ գեղագիտությամբ: «Հայագիտակը» հայտնի է իր հուշանվերային քարե կազմ եւ կաշեկազմ եզակի, շքեղ հրատարակություններով, երբեմնՙ գրողների ոսկե եւ արծաթե հարթաքանդակներովՙ Աստվածաշունչ, Գր. Նարեկացի, «Ամենայն հայոց կաթողիկոսներ», Հ. Թումանյան, Շ. Ռուսթավելի, Ե. Չարենց, Վ. Տերյան, ,Ա. Պուշկին, «Գլուխգործոց ռուս քնարերգության»` Ս. Եսենին, Բ. Օկուջավա, "Армения, Армения: Русские поэты об Армении": Այս մասին ավելի հանգամանալի կանդրադառնանք առանձին հրապարակումով: Այսօրվա զրույցի առիթը «Հայագիտակի» տպագրած Վարդգես Զարգարյանի «Սայաթ-Նովա. Հայերեն խաղեր»ՙ աշխատության բարեփոխված, լրացված, նոր տարբերակն է, որի աշխատանքները հրատարակության փուլում են. գիրքը լույս կտեսնի շուտով:

Միջնադարյան հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծի արվեստի գաղտնիքները ավելի քան 1,5 դար եղել են բանասերների ուշադրության տեսադաշտում, սկսած նրա առաջին ուսումնասիրողիցՙ Գեւորգ Ախվերդյանից: 1852 թ. Մոսկվայում նրա հրատարակած Սայաթ-Նովայի խաղերի առաջին գիրքըՙ առաջաբանով եւ բառարանային ուղեցույցով, եզակի նշանակությամբ հրատարակություն էր. մինչ այդ Սայաթ-Նովան ապրում էր բանավոր հիշողություններում, դրանից հետո նրա անունը շրջանառու դարձավ գրական-մշակութային շրջանակներումՙ սկիզբ դնելով սայաթնովագիտությանը: Բազմաթիվ ուսումնասիրողներ եւ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղելՙ նշանավոր հայագետներ, բանասերներ, գրողներՙ Հովհ. Թումանյանից սկսած, Նիկոլ Աղբալյան, Մորուս Հասրաթյան, Գարեգին Լեւոնյան, Աշոտ Քոչոյան, Պարույր Սեւակ, Հենրիկ Բախչինյան, որոնց աշխատություններում Սայաթ-Նովայի կենսագրական մանրամասների, նրա ապրած ժամանակի եւ բանաստեղծական արվեստի յուրահատկությունների` նոր, հետաքրքրական բացահայտումներ, մեկնաբանություններ են արվել:

Մտածողության համամարդկային ընդգրկումով Սայաթ-Նովան հայ միջնադարում եզակիներից էր: Նրա ստեղծագործության լեզվական առանձնահատկություններըՙ բազմալեզվյան հանգամանքը, բարբառային բառերի հաճախակի կիրառումը, ժամանակի մեջ դրանց կրած իմաստային, հնչյունային փոփոխությունները, անհրաժեշտ բացատրական բառարանների բացակայությունը պատճառ են եղել նրա արվեստի ոչ լիարժեք մեկնաբանության, հաճախՙ թյուրըմբռնման: Օտար շատ բառերի ոչ ստույգ մեկնաբանություններ նույնիսկ կենսագրական որոշ դրվագների սխալ ենթադրությունների առիթ են դարձել: Բառարվեստի այս բարդությունը մինչ այսօր էլ լիովին հաղթահարված չէ: Սայաթ- Նովայի ստեղծագործության կատարյալ ուսումնասիրություն, ինչպես նշում են մասնագետները, հնարավոր է իրականացնել ոչ միայն անմիջական հարեւան ժողովրդի լեզվիՙ վրացերենի, այլեւ պարսկերենի, թուրքերենի, ոմանց կարծիքով նաեւ արաբերենի իմացությամբ:

Վարդգես Զարգարյանը սայաթնովագիտության ասպարեզին անհավակնոտ անձնավորություն էՙ հայ ժողովրդական-աշուղական երգարվեստի հանդեպ սակայն խորագույն սիրով, եւ պատահական դիպվածն է առիթ դարձել Սայաթ-Նովայի բառարվեստով նրա լրջագույն ուսումնասիրության.- ինքն ասում է, որ ընդամենը ազատ ժամանակներին է զբաղվել այս գործով, արդյունքումՙ բազմաթիվ օտար բառերի իմաստային ճշգրտումների նրա կատարած աշխատանքը ոչ միայն նպաստել, օգնել եւ օգնելու է հետագա ուսումնասիրողներին, այլեւ էական փոփոխություններ է առաջացրել Սայաթ-Նովայի շատ ստեղծագործություններիՙ մինչ այդ եղած մեր պատկերացումներում եւ մեկնաբանություններում: Տեւական աշխատանքի առաջին վավերացումը «Բառք ու բանք Սայաթ-Նովայի» գիրքն էրՙ տպագրված Թեհրանի «Նայիրի» հրատարակչության կողմից, 2009-ին: Սայաթ- Նովայի 27 նոտագրված բանաստեղծությունների բարբառային տարրերի, օտար բառերի, դարձվածների ու արտահայտությունների բացատրական այդ ձեռնարկ - ուղեցույցը մասնագետները համարեցին հիշյալ խաղերի նորովի մեկնաբանություն:

Այս գրքի երեւանյան շնորհանդեսը առիթ դարձավ նոր, առավել ընդլայնված ուսումնասիրությանՙ Ալբերտ Իսոյանի առաջարկով եւ այն հրատարակելու պատրաստակամությամբ: 2013- ին նրա ղեկավարած «Հայագիտակ» հրատարակչությունը լույս ընծայեց Վարդգես Զարգարյանի «Սայաթ - Նովա. Հայերեն խաղեր» աշխատասիրությունը: 68 խաղերից յուրաքանչյուրին կից տրված են պարսկական եւ թուրքական ծագում ունեցող, նաեւ դժվար հասկանալի հայերեն բառերի եւ արտահայտությունների հիմնավոր բացատրություններ, գրքի վերջում զետեղված է առանձին ընդհանուր բառարան, հավելված բաժինը ներառում է անցյալի անվանի բանասերների, գրողների, արվեստագետներիՙ Սայաթ-Նովայի գնահատության մի քանի նմուշներ (Հ. Թումանյան, Գ. Լեւոնյան, Մ. Հասրաթյան, Մ. Աբեղյան, Ն. Աղբալյան, Լեո, Ա. Ինճիկյան, Գ. Բաշինջաղյան, Մ. Սարյան, Ա. Խաչատրյան, Վ. Բրյուսով...):

Տպավորիչ է Երվանդ Քոչարի հեղինակած Սայաթ-Նովայի (ժամանակին Գյումրիում տեղադրված, հետագայում հանված)ՙ շատերին անհայտ արձանից մնացած կիսանդրու վերատպությունը գրքի շապիկին:

Ինչպես ասվեց, պատահական մի դիպված է առիթ հադիսացել Վ. Զարգարյանիՙ սայաթնովյան բառ ու բանքի ուսումնասիրության: Նա պատմում է, որ տարիներ առաջ հայաստանցի երաժիշտների մի խմբի հետ Կասպից ծովի ամառանոցային մի վայրում Սայաթ-Նովայի երգերի կատարման ժամանակ զգացել է որոշ բառերիՙ ինչպես օրինակՙ իլթիմազ (աղաչանք, թախանձանք), անհասկացողություն երգիչների կողմից: Երբ հարցրել է դրանց իմաստը, ներկաներից ոչ ոք, նույնիսկ համալսարանական կրթությամբ, հին եւ նոր պարսկերենին հրաշալի տիրապետող անձնավորությունը չի իմացել: Ասել էՙ «Տղաներ, եթե բոլոր բառերի իմաստը իմանաք, ավելի խորը հույզերով կերգեք: Այս դիպվածը ստիպեց խորհելու, որ թերեւս շատերի համար ընկալելի չեն Սայաթ-Նովայի խոսքի նրբերանգները»: Եվ որոշել է զբաղվել Սայաթ-Նովայի գործերի ուսումնասիրությամբՙ հավաքելով ստվար քանակությամբ նյութեր, ուսումնասիրություններ, տարբեր բառարաններ, դրանցից առանձնացնում է պարսկերենՙ 15 հատորյա, ստվարածավալ 24 000 էջանոց բառարանը:

- Պրն Իսոյան, որպես հրատարակչի, առաջին հարցը ուղղեմ ձեզ: Ի՞նչը հատկապես արժեւորեցիք Վարդգես Զարգարյանի նախորդ ուսումնասիրության մեջՙ առաջարկելով շարունակել եւ ընդլայնել սկսած գործը:

Ալբերտ Իսոյան - Սայաթ-Նովայի ստեղծագործության բառաքննությամբ հարկավոր էր զբաղվել լրջորեն, բազմակողմանիորեն, եւ այդ պատվավոր աշխատանքին լծվեց պարսկահայ, թեհրանաբնակ Վարդգես Զարգարյանը:

Սայաթ-Նովայի խաղերը հիմնականում մեկնաբանվել են ՙ լեզվական տարբեր շերտերինՙ դրանց իմաստային, բարբառային փոփոխություններին, նաեւ պարսկերենին լիարժեք չտիրապետելով: Չնայած կատարված լրջագուն ուսումնասիրություններին, որոնցում, շեշտը կենսագրական մանրամասների վրա է հիմնականում դրվել, բառաքննական այնպիսի վերլուծություն, ինչպես Վարդգես Զարգարյանն է կատարել, մինչ այսօր չի եղել: Իհարկե կազմվել են բարառաններ, բայց բազմաթիվ վրիպումներ են թույլ տրվել: Եվ նույն անճշտությունները անցել են մի հեղինակից մյուսինՙ ցավալիորեն աղբյուրը չնշելով: Սխալ մեկնաբանությունների պարագայում արդարացումն այն է եղել, թե դրանք տվյալ հեղինակի մեկնաբանությունները չեն, վերցրված են նախորդ որեւէ հրատարակությունից, եւ, փաստորեն, նույն սխալները մի հրատարակությունից մյուսն են թափառել: Վ. Զարգարյանի առավելությունն այն է, որ նա ամբողջ շեշտը դնում է ոչ թե կենսագրական սուր կամ անհայտ էջերի այլՙ բառաքննության վերլուծության վրա, որի արդյունքում Սայաթ-Նովայիՙ մինչ այսօր անհայտ, անտեսված, չմեկնաբանված կամ սխալ մեկնաբանված բառերի, բառ - արտահայտությունների նրա կատարած բազմաթիվ ճշգրտումներ - բացատրությունները, լինելով շատ արժեքավոր, նորովի ընթերցում են պահանջում:

- Ավելի համոզիչ լինելու համար կարելի՞ է նշեք մի քանի տարածված օրինակներ:

- Այսպեսՙ Սայաթ-Նովան ասում էՙ «Բանդիվան փարվան իմ էլի. նըստած է, շիրազ է անում» : Նախորդ մեկնաբանները շիրազը որպես քաղաք են ներկայացնում եւ մեծատառով էլ գրում են, բայց ի՞նչ է նշանակումՙ քաղաք անել (մեկ ուրիշ մեկնաբանությամբ` շիրազ- ձեռագործի տեսակՙ Պարսկաստանի Շիրազ քաղաքի անունով - Մ.Բ.): Երկար պրպտումներից հետո Վ. Զարգարյանը, որ քաջ տիրապետում է արդի եւ հին պարսկերենին եւ թուրքերենին, գտավ, որ շիրազ նշանակում է կաթնաշոռ , փսորել , միտքը փոխել , այսինքնՙ բանաստեղծը գովքն է անում աղջկա, իսկ նա մտափոխվել է: Շատ տարծված է Շահրադել բառի ոչ ճիշտ մեկնաբանությունը: Գ. Ախվերդյանի բացատրությամբ դա տոնավաճառ է, հետագայում այս մեկնաբանությունը կրկնել են ուրիշ ուսումնասիրողներՙ Գ. Լեւոնյանը, Մ. Հասրաթյանը, Գ. Ասատուրը, Հ. Բախչինյանը, Ա. Քոչոյանը. վերջինս զբաղվել է Սայաթ-Նովայի լեզվով, կազմել է բառարան: Ըստ նրանց, սա Դելի քաղաքն է, որտեղ ի ձայնավորը սղվել է: Եվ հետաքրքրական է դրանից բխող այն ենթադրությունը, թեՙ Սայաթ-Նովան Հերակլի արշավանքներին մասնակցել եւ եղել է Հնդկաստանում: Փաստորեն կենսագրությունն էլ է փոխում բառը: Իրականում Շահրադելը Աստրախանի հին անունն էՙ Վոլգա գետի ափի Հաշտարխան քաղաքը, որը Խազարական թագավորության մայրաքաղաքն էր: Այն ժամանակ այդ գետը Աթել էր կոչվում, հետագայում անվանափոխվել է: Սայաթ-Նովան օգտագործում է «Շահրադելի բազարում» արտահայտությունը, որը ժողովրդի հիշողության մեջ որպես Հաշտարխանի բազար է մնացել, որտեղ գուսանական եռաստիճանՙ երեք լեզուներով մրցույթներ էին անցկացվում. նրանք, ովքեր երեք լեզվով էին երգում, վարպետներ էին, երկու լեզվով երգողները վարպետ չեն համարվել:

Վարդգես Զարգարյան - Բացի դրանից, այդ քաղաքը Մետաքսի ճանապարհի վրա էր գտնվում, Պարսկաստանի ամենահարուստ քաղաքներից մեկն էր, ամենալավ ապրանքները Հաշտարխանում էին ճարվում: Այսինքնՙ աշուղը դիմելով աղջկան, ասում էՙ չճարվող, լավ ապրանք ես:

Համան բառը նշանակում է յաման, թունդ , սաստիկ , խիստ լացել , ոչ թե շարունակաբար լացել, ինչպես մինչ այդ հասկացվում էր: Կամՙ ամբարչա , ամբար - համպար բառից (անուշաբույր հյութ): Սա կանացի զարդ էՙ դրվագված ոսկե սրվակ, լցված անուշահոտ համպարով, որ անցյալներում կանայք կախում էին վզներից, որի նմուշը փնտրել, գտել եւ բերել եմ Հայաստան:

Ա. Ի. - Այո, նա այդպիսի աշխատանք էլ է կատարում, պարսկական շուկաներից գտնում է շատ բառերի իրեղեն ապացույցները եւ գնում դրանք: Տարիների ընթացքում Սայաթ-Նովայի լեզվի, բարբառի, բառապաշարի մեր չիմացությունը խորանում է, եւ սրանք կարեւոր, առարկայական հիմնավորումներ են:

Եվս մեկ օրինակՙ Սայաթ-Նովան գրում էՙ Վարդիս խարը շատացել է : Այս բառը ( խարը ) մեկնաբանվել է որպես փուշ: Թումանյանը առաջինն է եղել, որ կատարել է մոտավոր ճիշտ բացատրությունՙ ասելով, որ դա միջատ է: Վ. Զարգարյանն ավելի է որոշակիացրել բառի իմաստըՙ գտնելով, որ դա մայիսյան փայլուն , կանաչ բզեզն է , որը սնվում է վարդի` դեռ չբացված թերթերով:

Վ. Զարգարյանի մեկնաբանությամբ հարյուրավոր բառեր ճշգրտվել, մեկնաբանվել, ստուգվել են. այն աշխատանքը, որ պետք է ժամանակին կատարվեր, չի եղել եւ սայաթնովագիտությունը գնացել է բանավիճային ուղղությամբ: Սայաթ- Նովայի մի տողը լուսավոր, մյուսըՙ մթագնած է, որովհետեւ տվյալ բառի իմաստը անհայտ է, կամ եղած մեկնաբանությունը չի լրացնում, չի շարունակում նախորդի իմաստը: Սայաթնովագիտության համար այս խնդիրը միշտ է եղել, որովհետեւ նրա օգտագործած լեզուն փոխվել է, շատ դեպքերում անհետացել: Գուսանը ժողովրդին է դիմում, որովհետեւ նրա՛ համար է երգում ու նրա լեզվով, այդ լեզուն, սակայն, վաղուց չկա:

Ասեմ նաեւ, որ գրքում հնարավոր են որոշ վրիպումներ, թույլ մեկնաբանություններ, կան եւ այնպիսիք, որոնց հետ ես համաձայն չեմ:

Օրինակՙ «Աշխարհըս մե փանջարա է. Թաղիրումեն բեզարիլ եմ» , այստեղ, իմ կարծիքով, թաղ - ը նշանակում է ճաղավանդակ . բանաստեղծը աշխարհը տեսնում է ճաղավանդակից, բանտից եւ հոգնել է:

Վ. Զ. - Նա ասում է ՙ աշխարհը պատուհանից եմ տեսնում, գլխիս վերեւ թաղ կա, ծածկ, առաստաղ, այսինքնՙ բեզարել է առաստաղից, փակ վիճակից, ուզում է երկնակամար տեսնել, դուրս գալ, ծարավ էՙ կյանքի:

Մ. Բ. - Հիշյալ բառերի մեկնության օրինակներն արդեն վկայում են բառիմաստային այս փոփոխությունների կարեւորությունը: Ի՞նչ ազդեցություն, նշանակություն կունենա դա սայաթնովագիտությամբ հետագայում զբաղվողների համար :

Ա. Ի.- Հայնեին հարցնում ենՙ հե՞շտ է թարգմանել: Ասում էՙ այո, գերմաներենի փոխարեն պետք է դնել ֆրանսերեն բառը: Իրականում նա ծաղրում է: Թարգմանության պարագայում բառը պետք է զգալ տվյալ համատեքստում, ինչպե՞ս է կիրառված, ի՞նչ փոփոխություներ է կրել այդ բառը ժամանակի ընթացքում: Վ. Զարգարյանը այստեղ հիշատակեց երգիչների, որոնք երգում ենՙ շատ բառերի իմաստները չհասկանալով: Ես անդրադառնամ ժամանակին արված թարգմանական փորձերին: Սայաթ- Նովայի բանաստեղծություններից Հմայակ Շեմսը արեւմտահայերեն է թարգմանել, բայց շատ բառերի ճշգրիտ իմաստները չիմանալով, հաճախ անհեթեթ բան է ստացվել: Վալերի Բրյուսովն է թարգմանել բազմաթիվ բանաստեղծություններՙ դարձյալ մի շարք բառերի սխալ մեկնաբանությամբՙ տողացի թարգմանության սխալների պատճառով:

Վ. Զարգարյանի այս ուսումնասիրությունը գալիս է օգնելու ճշգրիտ տեքստ ստեղծելուն, երբ տեքստը իմաստային լուրջ փոփոխությունների է ենթարկվում, դրա ճշգրտության շնորհիվ բանաստեղծի կենսագրական շատ մանրուքներ են նաեւ բացահայտվում, ստեղծագործության նորովի ընկալում է պահանջվում, բացի այդ, եղած թարգմանությունների մեջ նույնպես փոփոխության անհրաժեշտություն է առաջանում, ինչը հետագայում նման փորձերի ժամանակ նկատի կառնվի անշուշտ, որից միմիայն կարող է շահել սայաթնովագիտությունը, թարգմանությունը եւ իհարկեՙ ընթերցողը:

Նկար 1. Ա. Իսոյանը եւ Վ. Զարգարյանը «Հայագիտակ» հրատարակչությունում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 13-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ