ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՄՈԹԽԱԾ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ ԴԸՆԻ ԴՈՆԻԿՅԱՆԻ «Աղբաստան» վեպի առիթով, Երեւան, «Ակտուալ արվեստ», հրատ. 2013 թ. Այս գիրքը չափազանց դժվար է կարդալ: Դժվար է երկու, գուցեեւ երեք առումով: Նախ` հոգեբանական: Գիրքն ասես բազալտե տապանաքար լինի: Անդենականի շունչն ես առնում` հայկական եկեղեցիների հատակին սփռված ամրակուռ, սրբատաշ գերեզմանաքարերը հիշեցնող սեւագորշ, մահաբույր շապկից, որտեղ ներկայացվում է պատանքված մի դեմք, հավանաբար կանացի: Վախճանականության սարսափը մի կերպ հաղթահարելուց հետո երբ փորձում ես կարդալ, ապա դեմ ես առնում մի նոր արգելքի. գիրքը բացվում է մեծագույն դժվարությամբ, թվում է մի զորավոր զսպանակ կա, որն ասես հուշում է, թե մի՛ կարդա, որն, ասես, ուր որ է շրխկոցով կփակվի` իր հետ խավարի թագավորություն տանելով հանդուգն ընթերցողին: Իսկ երբ` բացված էջերը երկու ձեռքով ամուր պահելուց հետո , այնուամենայնիվ, համառում ես կարդալ, ապա հայտնվում է մի նոր խնդիր` անծանոթ տառատեսակը, որն ասես էջերով սփռված միջատների հարաշարժ, խժվժացող զանգված լինի: Մի քանի էջ կարդալուց հետո աչքերը հոգնում են: Անգամ խոշորացույցը չի օգնում: Այնուհանդերձ, այս դժվարությունն էլ երբ մի կերպ, օրը 10-12 էջ կարդալով հաղթահարում ես, ապա հայտնվում է հիմնականը, գրեթե անհաղթահարելին` ականատեսը դառնալ ապոկալիպսյան մշտածավալ պատկերների եւ սոսկումից չքարանալ: Անմիջապես հիշում ես Դանթեի տողը «Դժոխք»-ից. «Ո՜վ մտնողներ, թողեք հույսերը համայն»: Վեպի գործողությունները զարգանում են «քաղաքի թափոնների եւ մարդկային թափոնների միջեւ» (էջ 136), Երեւանի ամենաանբարեկարգ, վատահամբավ եւ, կարելի է ասել, դժոխային ծայրամասում` Նուբարաշենում, ուր, չգիտես ինչ մի չար զուգադիպությամբ հաստատվել է հայկական մարգինալության Բերմուդյան եռանկյունին` աղբանոց, քրեա-կատարողական հիմնարկ եւ որբանոց , մի հաստատությունՙ որի հետ կապված սկանդալային մի շարք պատմություններ ժամանակին հայտնվեցին մամուլում: Հեղինակը բառիս բուն իմաստով խրվել է արդի հայ իրականության մեջ: Ապշեցնում է մայրաքաղաքի, հատկապես նկարագրվող տեղանքի անսխալ իմացությունը: Այդպես մանրամասն կարող էր իմանալ ոչ միայն Երեւանում, այլ հատկապես այդ կողմերում ծնված ու մեծացած մարդը: Վեպն իր կառուցվածքով յուրատեսակ մի պատկերաշար է, որ հերթով ներկայացնում է աղբանոցի եւ հարակից տարածքների գործող անձանց: Ամեն մեկն ուրույն մի ճակատագիր է, որ զանազան հանգամանքների բերումով հայտնվել է այդտեղ: Նրանք եղել են հասարակության միջին եւ ստորին շերտերում, բայց, ահա, տարբեր ճամփաներով միավորվել, ինչ-որ չափով հավասարվել ու նույնացել են այստեղ` ստորինից ավելի ստորին մի հարթակում, որտեղից ավելի ցած իջնել անկարելի է, եթե ոչ իրենց քչփորած աղբի հետ գնալ ու անհետանալ որպես բիոլոգիական զանգված: Նմանություններ գտնելու հոռի սովորույթին տրվելով, անմիջապես հիշում ես Մ. Գորկու «Հատակում» պիեսը, բայցեւ տեղնուտեղը նկատում էական մի տարբերություն: Այո, այդ հանճարեղ ստեղծագործության մեջ նույնպես ներկայացվում են կյանքից դուրս շպրտված` հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ` ազնվականից ու չինովնիկից մինչեւ գողն ու պոռնիկը, սակայն հեղինակը շատ հպանցիկ էր խոսում իր պերսոնաժների «մարգինալացման» սոցիալական պատճառների մասին: Փաստորեն նա ներկայացնում էր լոկ հետեւանքը, սակայն ո՛չ մինչեւ «հատակն» իջնելու պատմությունն ու պատճառները: Անհարիր երեւույթ քննադատական եւ հատկապես սոցիալիստական ռեալիզմի համար, որի հիմնադիրն է համարվում այդ պիեսի հեղինակը: Մինչդեռ Դընի Դոնիկյանը ոչ միայն մանրամասնորեն պատմում է, թե ով ինչպես եւ ինչու հայտնվեց աղբանոցում, այլեւ քննադատական ռեալիզմին հարիր մի կրքոտությամբ տալիս է` մարդուն անասնական պայմանների մեջ գցող հասարակության պատկերը: Պատճառների լուրջ եւ անողոք վերլուծություն է ծավալվում վեպի ամբողջ ընթացքում: Մեղավորներն են թվարկվում հականե-հանվանե կամ չափազանց թափանցիկ ակնարկներով... Ի դեպ, այդ ճշգրտությունը, կարծում ենք, թուլացնում է վեպի քննադատական հզոր պաթոսը` հաղորդելով նրան տեղ-տեղ ակնարկային, նույնիսկ ֆելյետոնային բնույթ: Մինչդեռ, գեղարվեստական արձակի ընդհանրացումն ավելի ուժգին է եւ ավելի երկարակյաց, քան լրագրողական` որոշակի տեղի եւ ժամանակի մեջ ամփոփված հասցեավորումը, որի կյանքը չափազանց կարճատեւ է: Ճիշտ է, թարգմանության մեջ, ի տարբերություն բնագրի, անձնանունները եւ ակնարկները կարծես խմբագրվել են, սակայն ոչ անճանաչելի դառնալու չափ: Հայկական արդի իրականությանը քիչ թե շատ ծանոթ մեկն անմիջապես ջոկում է, թե ում մասին է խոսքը: Ասացինք, որ ընթերցողի հայացքի առջեւով շարունակ տողանցում են ապոկալիպսյան պատկերները: Հեղինակն էջ առ էջ, մեզ փաստորեն իջեցնում է Նուբարաշենի դժոխային պարունակները, մանրամասնորեն, գուցեեւ չափազանցված ներկայացնում աղբանոցի բնակիչների սոսկալի առօրյան: Թվում է արդեն նեխահոտ ես առնում գրքի էջերից, եւ ակամայից հարցնում ես` հետո՞: Պատասխանը ծնվում է աստիճանաբար, յուրաքանչյուր պերսոնաժի կենսագրությանը ծանոթանալուց, նրա առօրյան տեսնելուց, նրա երազանքներին հաղորդակցվելուց հետո: Մենք տեսնում ենք բարդ ճակատագրեր, մարդիկ, ովքեր հայտնվելով աղբի մեջՙ չեն կեղտոտվել եւ հոգու խորքում պահպանել են մաքրությունը, եւ, չնայած այդ դաժան փորձությանը, մնացել Մարդ: Իմիջիայլոց ասենք. Դ. Դոնիկյանի վեպն այս առումով շահեկանորեն առանձնանում է հայ արձակի մեջ վերջերս հաստատված մարգինալապատումից եւ աղբերգությունից, որտեղ, մի շարք հեղինակներ, հետեւողականորեն մեր աչքը խոթելով զանազան դեգենեռացված, պսեւդոազգային կերպարներ, մշակելով այլանդակի ախտավարակ մի գեղագիտություն, ձգտում են այդ կերպ ներկայացնել արդի հայ իրականության ընդհանրական պատկերը , որը վեպերի էջերից բարձրացավ նույնիսկ բեմ ու էկրան: Եվ, բնականաբար, էկզոտիկ շղարշով պատած այս գործերում քննական ամենաչնչին փորձն անգամ չկա պարզելու, թե մարդն ինչու է հայտնվել այդտեղ, քանզի դա չէ հեղինակների նպատակը, այլ աղբակեցության թաքնված հմայքները գովազդելը եւ դրա ֆոնին «զիբիլանոցային» հովվերգություն հյուսելը: Թե որքանով էր Դ. Դոնիկյանն արդարացի այս դաժան եւ պատրանքազուրկ վեպը գրելիս, առավել քան համոզիչ ապացուցեցին ապրիլյան վերջընթաց օրերը: Գեղագիտական եւ բարոյական տաղանդների միահյուսմամբ գրված ստեղծագործությունների առանձնահատկությունն այն է, որ քաղաքական ամեն մի նոր եւ կարեւոր իրադարձություն բացահայտում է դրանց իսկությունը եւ շարունակ արժեվորում, եթե իսկապես ճշմարիտ են ու տաղանդավոր: Արվեստի եւ գրականության երկը չի կարող ինքնին գեղարվեստորեն բարձրարժեք լինել, եթե բարձրարժեք չէ բարոյապես: Տարրական այս ճշմարտությունը նորից կարեւորվեց այս օրերին, երբ մեր երկիրը հերթական անգամ հայտնվեց կենաց- մահու կռվի մեջ: Առաջնագծում զոհված ու հերոսացած քաջարի պատանիները ցույց տվեցին, թե որտեղ է գտնվում իսկական աղբանոցը: Նրանք գրեթե բոլորը ծնվել ու դաստիարակվել էին անկտուր, կիսափուլ, խոնավ ու տարրական պայմաններից զուրկ տներում: Տներ, որոնք, թող ներվի մեզ, շատ չէին տարբերվում վեպի մեջ նկարագրված խարխուլ կացարաններից, որտեղ իրենց գոյությունն են քարշ տալիս կյանքի հատակն իջած, բայց խիղճն ու հոգին մաքուր պահած վիպական պերսոնաժները: Վեպը եւ նշված դեպքերն ավելորդ անգամ ապացուցեցին, որ աղբանոցն այդտեղ չէ, այլ կեղտոտ փողերով կառուցված դղյակներում, որոնք իրենց անպատկառ շքեղությամբ անարգում են` աներեւակայելի հրաշքով մաքուր մնացած ժողովրդի արժանապատվությունը: Հետինները դիվական մի վիճակախաղով հնարավորություն էին ստացել իսկապես առաջին դառնալու եւ առաջնորդելու ժողովրդին, սակայն չկարողացան հասկանալ պատմական այդ բացառիկ շնորհը եւ իրենց ընչաքաղցության, չտեսության, անհագության եւ կարճատեսության պատճառով մնացին նույն հետինը ` վտանգելով երկրի անվտանգությունը: Գրականության պատմությունը վկայում է անխախտելի մի օրինաչափության մասին. ստեղծագործություններ կան, որոնց հնչեցրած տագնապն անհանգստացնում է ոչ միայն գրական, այլեւ ամբողջ հասարակությունը: Դընի Դոնիկյանի «Աղբաստան»-ը դրանցից է, սակայն եթե հասարակությունն ընդհանրապես` անսպառ հոգսերի տակ կքած, կարող էր անուշադրության մատնել չնչին տպաքանակով լույս տեսած այս երկը, ապա անբացատրելի եւ աններելի է հայ գրաքննադատության ամոթխած լռությունը: Խոսքն այն մասին չէ, որ մամուլը պիտի անպայման լցվեր դրվատալից հոդվածներով, ամենեւի՛ն: Վեպը տարբեր ընթերցումների առիթ է տալիս: Այլՙ որ անդրադարձը պիտի լիներ բնազդայինի չափ անխուսափելի, ինչպես, ասենք, մեր մարմինն է, մեզնից անկախ, կծկվում ցրտից ու ցավից: Բայց, ինչպես երեւում է այս եւ մանավանդ կանաչ թղթի վրա գրվող հարահոս գրախոսություններից, մեր գրաքննադատությունը մեծավ մասամբ կորցրել է ոչ միայն առողջ բնազդը, այլեւ խիղճը: Եթե մամուլում որեւէ գրավոր անդրադարձ չնկատվեց, ապա գրական շրջանակներում փորձ արվեց մեկնաբանել, գնահատել եւ նույնիսկ դասակարգել այս վեպը: Երեւանի արտիստական սրճարաններից մեկում, մոտ երկու տասնյակ գրող, լրագրող ու թարգմանիչ զրուցեցին խնդրո առարկա հեղինակի եւ նրա երկի շուրջ: Քննարկումը կարծես մակերեսային էր եւ մի տեսակ անհամարձակ: Բուն խնդիրն այդպես էլ չարծարծվեց: Ավելի շատ խոսք եղավ այն մասին, թե որ գրականության մեջ պիտի դրվի այս երկը` Սփյուռքի՞, ֆրանսիակա՞ն, թե՞ Հայաստանի... Եվ կարծես ընդհանուր եզրակացության չեկան, մինչդեռ հարցն իսկապես կարեւոր է , եւ այնքան էլ դյուրին չէ դրան պատասխանել: Ավելի քան քառասուն տարի առաջ, երբ տպագրության էի պատրաստում մեկ այլ ֆրանսագիր հայազգիի` Վահե Քաչայի ժողովածուն, հեղինակին խնդրեցի, որ առաջաբան գրի այդ գրքի համար: Նա սիրով համաձայնեց եւ իսկույն ուղարկեց խնդրած նյութը, որտեղ մասնավորապես ասում էր, թե իր գործերը, ճիշտ է, «գրված են ֆրանսերեն, բայց մտածված են հայերեն»: Իսկ Վիլյամ Սարոյանը պարզապես հայտարարում էր, թե ինքը անգլերենով արտահայտվող հայ գրող է: Ամենեւին չկասկածելով այս երկու մեծ գրողների անկեղծությանը, այնուամենայնիվ, պիտի ընդունենք, որ նրանց ստեղծածը ֆրանսիական եւ ամերիկյան գրականության բնորոշ արտահայտություններ են, որքան էլ որ «մտածված են հայերեն»: Հարցը միայն լեզուն չէ, որն, անշուշտ, գրականության ազգային պատկանելության կարեւոր ցուցիչներից մեկն է, այլ այն հիմնական հանգամանքը, որ նրանց ստեղծագործությունները մտահղացվել ու ծնվել են այդ երկրների մշակութային անդաստանում եւ որ դրանցից դուրս, որպես այդպիսին, երբեք չէին ծնվի: Դընի Դոնիկյանի պարագայում լեզուն, ասես, դառնում է երկրորդական, իսկ վեպը թվում է, թե ծնվել է ֆրանսիական գրականությունից դուրս, եւ որ իր ողջ էությամբ լիովին հայկական է, շատ ավելի հայկական, քան հայերեն գրված շատ ու շատ գործեր: Հարյո՛ւր տոկոսով հայկական է, չնայած երեք հարյուր վաթսուն էջերից ոչ մեկի վրա ՀԱՅԱՍՏԱՆ բառը չենք գտնի: Ավելին` երբ փարիզյան հրատարակությունն ենք բացում, թվում է կարդում ենք ֆրանսերեն թարգմանությունը մի գործի, որի հայերեն բնագիրն անհետացել է, եւ հիմա նորից թարգմանությունից թարգմանվել է հայերեն եւ իր տեղը վերականգնել Հայաստանի գրականության շարքերում: Միաժամանակ, ուզենք թե չուզենք, այս վեպն իր հեղինակի հետ մաս է կազմում նաեւ Սփյուռքի` թեկուզ այն փաստով, որ հեղինակն այդտեղից է: Եվ եթե ընդունենք այդ հանգամանքը, ապա Դ. Դոնիկյանը ներկայանում է որպես առաջին սպիտակ ագռավը համատարած սեւերի շարքում: Փաստորեն առաջին դեպքն է, երբ Սփյուռքից եկած մտավորականն աչքերից հեռացնում է վարդագույն ակնոցը, առանց վարանելու խախտում տաբուները, մխրճվում հայաստանյան իրականության ամենածանր խնդիրների մեջ, մերկացնում, անողոքաբար դատապարտում եւ մեզ հետ հավասար կիսում մեր ցավերը: Թերեւս սրանով պետք է բացատրել, որ վեպն անուշադրության մատնվեց նաեւ Սփյուռքում , որտեղ, անկախությունից հետո, Հայաստանի բազում թերությունների մասին լռում էին կամ խոսում կիսաձայն, անհամարձակ, մեղմաբանություններով: Հիշում եմ 1992 թ. սփյուռքահայ մի արձակագիր մի քանի շաբաթով այցելեց քարանձավի վերածված, խուժանաբար թալանվող Հայաստան, ընդարձակ, թերթերից մեկի էջերում երեք ամիս շարունակ տպագրվող ուղեգրություն շարադրեց, որտեղ ընդամենը երկու մտահոգիչ բան էր թվարկվումՙ «ավիա» օտարաբանությունը «Հայկական ավիաուղիներ»-ում եւ կայարանի ժամացույցը, որը նրան վրդովեցնելու աստիճան աշխատում էր Մոսկվայի ժամանակով, բայց հեղինակը խոհեմաբար լռում էր բազմաթիվ աչք ծակող այլանդակությունների մասին, այդ թվում եւ, որ վերադառնալիս, «Զվարթնոց» օդանավակայանում, Փարիզ մեկնող ուղեւորներին, երկու ժամ պահել են անշարժ օդանավի մեջ, 40 աստիճան շոգի պայմաններում, առանց օդորակիչի... Ոչինչ, թող դժոխային բաղնիք առնեն, թող երկիրը կործանումի ճամփան բռնի, կարեւորը «ավիան» հայերեն լինի: Խանդավառ կուրությամբ գրված նման բազմաթիվ նյութեր էին տպագրվում այդ օրերին արտերկրի հայկական մամուլում: Այսպիսին էր այդ տարիների սփյուռքյան մտայնությունը, որը չափազանց դանդաղ, մեծագույն դժվարությամբ փոխվում է այսօր: Դ. Դոնիկյանն ի սկզբանե հեռու էր այդ մտայնությունից, երբեմն ծայրահեղությունների հասնելու աստիճան: Այս վեպին նախորդել են ֆրանսերեն գրված բազմաթիվ հոդվածներ եւ գրքեր, որոնցում հեղինակն իրատես քննադատության դիրքերից խոսում էր Հայաստանի խնդիրների մասին: Դրանցից երկուսը, այս վեպից առաջ, թարգմանվեցին եւ լույս տեսան հայերեն: Այս օրերին, երբ քառօրյա պատերազմի թելադրանքով պահանջ է ծնվել արմատապես վերանայել մեր հասարակության բոլոր բաղադրիչները վերից վար, կարծում ենք, որ Դենի Դոնիկյանի վեպն իր կառուցողական քննադատությամբ օգտակար կլինի երկրի բարոյական մթնոլորտի առողջացման անհետաձգելի գործում: Փարիզ Նկար 1. ԴԸՆԻ ԴՈՆԻԿՅԱՆ |