«ԿԱՄԱՐԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 25-ՐԴԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ԱՆՓՈՓՈԽ ՃԱՆԱՊԱՐՀ Տարեցտարի գրական-գեղարվեստական հանդեսների տպագրության եւ դրանց նկատմամբ հետաքրքրության նվազման ֆոնին, ասպարեզում երբ հայտնվում է նոր ծրագիրՙ հետաքրքրական ուղղվածությամբ, մանավանդ որ գեղարվեստական մակարդակ կարողանում է պահել երկար ժամանակ, դառնում է ուշագրավ երեւույթ. այդպիսին Բեյրութում լույս տեսնող գրականության եւ գեղարվեստի «Կամար» պարբերաթերթն էՙ խմբագրությամբ Ժիրայր Դանիելյանի: Նոյեմբերը հանդեսի համար հոբելյանական ամիս է. տասը տարի առաջ լույս տեսավ «Կամարի» առաջին համարը, իսկ այս նոյեմբերինՙ 25-րդը: Հայաստանում եւ սփյուռքում կատարվող մշակութային որեւէ կարեւոր իրողություն «Ազգ»-ի ուշադրության տեսադաշտում է մշտապես եղել եւ շարունակում է մնալ այդպիսին: Խմբագրատանը ստացված «Կամարի» յուրաքանչյուր համար ունեցել է անդրադարձ-հոդված թերթի էջերում: Հոբելյանական այս 25-րդը նախորդներից տարբերվում է ծավալով. այն ավելի ընդգրկուն էՙ հարուստ թեմատիկ բազմազանությամբ: Համառոտ խմբագրականում հիշեցվում է պարբերաթերթի որդեգրած մշակութային քաղաքականությունըՙ առաջնորդվել համահայկական խնդիրներով եւ հետաքրքրություններով, որքան էլՙ աշխատակազմի առանձին անդամների այս կամ այն հստակ պատկանելությանը, շարունակել մնալ անկախ պարբերական, զերծ կուսակցական որեւէ կողմնորոշումիցՙ պահպանելով գեղարվեստական - բովանդակային պատշաճ մակարդակ ու դիմագիծ: Հիմնադրման առաջին իսկ օրերից «Կամարն» ունեցել է բարոյական - նյութական որոշ աջակցություն, համակիրների, ընթերցողների իր շրջանակը: Այս անցած տարիներին հանդեսի տպագրությունն իրականացվել եւ այժմ էլ շարունակվում է իրականանալ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ: «Կամարի» առանձնահատկությունը իր համահայկական բնույթն է. հանդեսի էջերում հավասարապես ներկայացված են թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի անցյալի եւ ներկայի մշակութային իրադարձություններ, հեղինակների գործեր: Հիմնականում տեղ են զբաղեցնում գրական - գեղարվեստական եւ գրաքննական բնույթի հրապարակումներ, նաեւ արխիվային նյութեր, հուշագրություններ, էսսեներ: Գեղարվեստի մյուս տեսակներից հանդեսի էջերում գրեթե մշտապես հանդիպում են բովանդակային եւ հետաքրքրական հոդվածներՙ կերպարվեստին, թատրոնին եւ արվեստի այլ ճյուղերին վերաբերող, տեղեկություններ նոր լույս տեսած կարեւոր հրատարակությունների մասին: Հանդեսի գեղարվեստական ձեւավորման սկզբունքըՙ անցյալի եւ ներկայի հայ նկարիչների գործերի միջոցով, ընթերցումը դարձնելով գրավիչ, ճանաչողական նշանակություն ունի նաեւ: Հոբելյանական թողարկման մեջ խմբագրակազմը հնարավորինս ամփոփել է հին ու նոր հեղինակներին, ըստ որում «Կամարը», կարելի է ասել, ունի հեղինակային կայուն կազմ. գեղարվեստական գրականության բաժնում ներկայացված են բանաստեղծներ Հրաչյա Թամրազյանը, Հակոբ Սարգիսյանը, Խաչիկ Տետեյանը, Շուշիկ Տասնապետյանը, հատված Հակոբ Մովսեսիՙ ազգային խորը ոգով եւ բանաստեղծական շնչով գրված «Շարական» գործից, արձակ էջեր Նորայր Ադալյանից, Խաչիկ Խաչերից, Արամ Սեփեթճյանից, Արա Արծրունուց, Համբիկ Մարտիրոսյանից, Լեռ Կամսարից: Հարուստ եւ հետաքրքրական են գրականագիտության բաժնի հրապարակումները: Լուսինե Ավետիսյանը փորձել է Ինտրայի նամակների բովանդակությունից վերհանել ուրվագծումներ բանաստեղծի «Ներաշխարհի» ստեղծման պատմության: Հայկական էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի գրական երկու մշակումներիՙ Հովհաննես Թումանյանի եւ Եղիշե Չարենցի համանուն գործերի բառապաշարային յուրահատկություններին է անդրադառնում Նելլի Հ. Թիրաբյանը: Պեպո Սիմոնյանիՙ որպես գրողի եւ որպես մարդու, կերպարի իր մեկնաբանությունն է ներկայացնում Թամար Հովհաննիսյանըՙ հեղինակի մի քանի գործերի անմիջական, զգայական ու բանաստեղծական տպավորություններով: Գրողի ստեղծագործական առավել ամբողջական ու համակողմանի վերլուծություն - գնահատում կարդում ենք գրականագետ Երվանդ Տեր - Խաչատրյանիՙ «Գրականութեան ճամբի ուղեւորը» հրապարակման մեջ, որտեղ նա անդրադառնալով հեղինակի բանաստեղծական ժողովածուներին, ուշադրությունը կենտրոնացնում է գրական արխիվին: Բազմաբովանդակ ու բազմամյա գործունեությամբ Պեպո Սիմոնյանը լիբանանահայ մշակութային - գրական եւ հանրային կյանքում կարեւորագույն դեր է կատարելՙ թե՛ որպես գրող, բանաստեղծ, մշակութաբան, թե՛ որպես մանկավարժ, ազգային- կուսակցական գործիչ: Եր. Տեր Խաչատրյանը հանգամանորեն անդրադառնում է նրա գրականագիտական ժառանգությանը, որի մի զգալի մասը կենդանության օրոք գրողը ամփոփել եւ հրատարակել էր «Էջեր եւ նիւթեր գրականութեան» խորագրով երկհատորյակում: Գրական արխիվի մնացած նյութըՙ գրախոսություններ, դասախոսությունների գրառումներ, գրական խոհեր ու մտորումներ եւ այլ գրություններ, ըստ որում նաեւ անտիպ, այդ թվում նաեւ ձեռագիր, հիմք են հանդիսացել նոր ժողովածուի ստեղծման: Մի քանի հետաքրքրական հոդվածներՙ ուշադիր ընթերցում պահանջող, ներկայացնում են Վաչե Ղազարյանը («Նամականի Արայ Գալայճեանի . Ա. Փոխանակումներ Օննիկ Սարգիսեանի եւ Սիմոն Սիմոնեանի հետ»), Ժիրայր - Վահէ Մալճյանը («Յակոբ Օշական»), Հակոբ Ադամյանը («Հրանդ Տինք եւ Ֆէթհիյէ Չէթին»), Ժալալ Խուրին («1960-ականներու լիբանանեան թատրոնին ոսկեդարը. Առասպե՞լ, թէ՞ իրականութիւն. Հայ արուեստագէտներու ներկայութիւնը լիբանանեան թատերաբեմերու վրայ»): Հետաքրքրական եւ բավական ուշագրավ տեղեկություններ պարունակող հրապարակում է Ալեքսան Պերեճիքլեանի «Անու՞նՙ Անյարիրներ»-ը. այն 19-րդ դարի վերջերին սկիզբ առած գեղարվեստական շարժում էրՙ նոր, երբեմն արտառոց արտահայտչաձեւերովՙ որպես բողոք լճացած, սպառած կանոններով, անկենդան արվեստային երեւույթների դեմ: Մովսես Ծիրանին, որին հատուկ է գեղանկարչության տարբեր ասպեկտների, հեղինակների գործերի համակողմանի, խորը դիտարկումները, այս անգամ իր վերաբերմունքը արվեստի տասհազարամյա զարգացումների եւ դրա ժամանակակից հանգրվանում արվեստագետի այսօրվա կերպարի եւ անելիքի հանդեպ այսպես է ձեւակերպում. «Եթէ միջակ տաղանդի տէր ընչաքաղցը նախ եւ առաջ կը մտածէ ի՞նչ ընելու մասին, ապա իրաւ արուեստագէտը նախ կորոշէ «ինչ չընել» եւ ապա միայնՙ ի՞նչ ընելու մասին: Ի վերջոյ, մերօրեայ կեանքով իմաստաւորուած ժամանակին զուգահեռ, արուեստը կը շարունակէ գոյատեւել, սակայն կը տուայտի ի՛նչ ընելու եւ ի՛նչ չընելու միջեւ»: Հանդեսի վերջին էջերում ափսոսանք ու ցավի հետ մեկտեղ վերստին արժեւորվում, գնահատվում են վերջերս կյանքից հեռացած Զարեհ Խրախունու, Վարուժան Խտըշյանի, Պերճ Ֆազլյանի ստեղծագործական ժառանգությունը, նրանց արվեստի կարեւոր ներդրումը հայ մշակույթի մեջ: |