«ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՑ Հ. Ծ. Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մալթայում նկարահանված «Խոստումը» ֆիլմը վերջապես գտել է իր դիստրիբուտորին, լայն շրջանառության մեջ դնող ընկերությանըՙ հանձին «Open Road Films»-ի, եւ ամերիկյան մայրցամաքի մոտ 2000 կինոդահլիճներում, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ցուցադրվելու է ապրիլի 28-ից սկսած: Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը, ըստ հոդվածի հեղինակ, թերթի խմբագիր Ալին Գրիգորյանի, նկարահանվել է Քըրք Քրքորյանի հիմնած «Survival Pictures» ընկերության կողմից, եւ իր ձեւաչափով եւ զգացմունքային առումներով հիշեցնում է համաշխարհային ճանաչման արժանացած «Dr. Zhivago» եւ «Lawrence of Arabia» ֆիլմերին: Պրոդյուսերն է դոկտ. Էրիկ Իսրայելյանը: Ռեժիսորըՙ Թերի Ջորջը, որ հայտնի է իր «Hotel Ruanda» ֆիլմով: Իր խորհուրդներով մեծապես օգնել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Իսրայելյանի խոսքերով Քրքորյանը ցանկանում էր, որ ֆիլմը լոկ «պատմական դասախոսություն» չլինի, այլ պարունակի «հանրությանը հետաքրքրող նրբերանգներ»: «Մերձավոր Արեւելքում եւ այլ վայրերում կատարվող իրադարձություններըՙ էթնիկական հետապնդումներն ու բռնի տեղահանությունները երեւույթներ են, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը: Ես, ճիշտ է, հեռու եմ եղել կինոաշխարհից, բայց իմ արյան մեջ է այդ բոլորը: Իմ մեծ հոր հայրը երգել է Մեծն Կոմիտասի երգչախմբում: Այդ նկարը որպես սրբազան մասունք պահպանվել է մինչ օրս», նշել է Իսրայելյանը: |