ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ «ՈՍԿԵ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ» ՀՈՒՅՍՈՎ Նաիր ՅԱՆ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անմխիթար խաղացանկի մասին կարծիքները մեկ անգամ չեն հնչել: Երկարատեւ ու համառ ընդմիջումից հետո մշակույթի նախկին նախարարը վերջապես վերականգնեց այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը եւ նշանակեց բեմադրող ռեժիսոր, դերասան Արմեն Էլբակյանին: Վերջին մեկ տարում մայր թատրոնի բեմը նորոգվել, տեխնիկապես վերազինվել է: Այդ հաճույքը մեր երկրի վրա 8 միլիոն եվրո կնստի: Նման ծախսերից հետո թատրոնի խաղացանկը թարմացնելու, նոր ոգով ու ձեռագրով աշխատելու մասին կարծիքները դարձան ուղղակի պահանջ ու անհրաժեշտություն: Գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո Արմեն Էլբակյանի առաջին բեմադրությունըՙ «Պեպոն», ներկայացվեց տարեվերջին: Պրեմիերայից հետո այն խաղացվել է ընդամենը մեկ անգամ, հետեւաբար հասարակական կարծիքի ու արձագանքի մասին հիմա անհնար է որեւէ բան ասել: Ըստ մտավորականների ու լրագրողների շրջանում ձեւավորված կարծիքի, Էլբակյանի «Պեպոյի» առաջին տպավորությունը լավ էր: «Պեպոն» մտավ մայր թատրոնի էլբակյանական խաղացանկ, իսկ խաղացանկը հավակնում է մոտ ապագայում ընդլայնվել ու հարստանալ: Թե ինչ շեշտադրումներ եւ քաղաքականություն կունենա այն, պարզ դարձավ Արմեն Էլբակյանի հետ զրույցից:
- Պարոն Էլբակյան, հավանաբար Դուք էլ եք բազմիցս լսել, որ մայր թատրոնի խաղացանկը թարմացման, նորացման կարիք ունի: - Ոչ միայն լսել եմ, այլ ես էլ եմ այդ կարծիքին, ու հենց այդ ծրագրով ու նպատակով էլ եկել եմ այստեղ : Պատահական չէ, որ առաջինը «Պեպոն» բեմադրեցի: Թատրոնի խաղացանկային քաղաքականությամբ պետք է լրջորեն զբաղվել ու ժողովրդին վերադարձնել մեր գրականությունը, դրամատուրգիան: Թատրոնՙ ժողովրդի համար. այս նպատակով ենք աշխատում: Մեր ծրագիրը հետեւյալն էՙ ստեղծել ազգային խաղացանկ: Սա չի նշանակում, թե անտեսելու ենք համաշխարհային դրամատուրգիան, օտարազգի հեղինակների գործեր էլ կբեմադրենք, բայց առայժմ պետք է ստեղծենք ազգային խաղացանկ, որպեսզի մեր ժողովուրդը գա թատրոն ու այդ ներկայացումներում իրեն տեսնի: Մենք պետք է նախ մեր նե՛րսը նայենք, մե՛զ ճանաչենք, մե՛րը գնահատենք ու արժեւորենք: - Այսինքնՙ ենթադրելի է, որ բացի «Պեպոյից», նախաձեռնել եք հայկական այլ պիեսներ էլ բեմ հանել: - Հենց հիմա աշխատում ենք Հրաչյա Բեգլարյանի «Քարակապ» պիեսի վրա: Երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է բեմադրում: Ներկայացումն արցախյան հերոսամարտի մասին է. մեր թատրոնի երիտասարդ դերասաններն են խաղում: Ավագներից Ջուլիետա Ստեփանյանը շատ հետաքրքիր դեր է կերտել: Առաջիկայում կբեմադրենք «Հարսնացու հյուսիսիցը»: Այս պիեսը Ժորա Հարությունյանն է գրել, բեմադրել է Վարդան Աճեմյանը, հնչել է Առնո Բաբաջանյանի երաժշտությունը: Նրանց հիշատակին էլ հենց նվիրված կլինի ներկայացումը: Ոչ թե վերականգնելու ենք աճեմյանական բեմադրությունը, այլ նորովի ենք մոտենալուՙ նոր լուծումներ ու մեկնաբանություն: - Դուք, իհարկե, տեսել եք Վարդան Աճեմյանի այդ բեմադրությունը: - Իհարկե, չէի կարող չտեսնել. կինսՙ Աննա Էլբակյանն էր հարսնացուն: - Այնպիսի տպավորություն էՙ ասես մայր թատրոնի «ոսկե ժամանակներն» եք ուզում վերականգնել, հատկապես աճեմյանական: - Մի մոռացեք, որ ես սունդուկյանցի եմՙ չնայած այդ բառը չեմ սիրում: Դեռ թատերականի ուսանող էի, երբ այստեղ Փայլակ խաղացի Խորեն Աբրահամյանի բեմադրած «Հաջի Փայլակ» ներկայացման մեջ: Այս բեմի «ոսկե ժամանակաշրջանը» ես ինքս տեսել եմ, երբ խաղում էր մեր ավագ սերունդը: Նրանից մենք սովորում էինք, փորձառություն ձեռք բերում, երբեմն նաեւ հակադրվում: Այս բեմում ներկայացվելու է մեր գրականությունը, մեր լեզունՙ թե՛ արեւելահայ, թե՛ արեւմտահայ, նաեւ թիֆլիսյան բարբառը, որով ստեղծագործել են Սայաթ-Նովան, Սունդուկյանը: Բեմադրական գործընթացի մեջ է «Մեծապատիվ մուրացկանները», որը Վարդան Աճեմյանը բեմադրել է դեռ Գյումրու թատրոնում: Ես եւս այն բեմադրել եմ, բայց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Կանդրադառնանք նաեւ Հրանտ Մաթեւոսյանին, Աղասի Այվազյանին: Կբեմադրենք «Քաջ Նազարը»: Դեռ կմտածենքՙ ինչպես ներկայացնենք այս կերպարը: Քաջ Նազարը մեզանում սատիրիկ հերոս էՙ խարսխված Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործության վրա: Բայց Մկրտիչ Սարգսյանն ունի «Քաջ Նազար» հրաշալի վեպը, որը մեր ուշադրությունից դուրս է մնացել, բայց այնտեղից շատ բան կարելի է վերցնել: Կարճ ասածՙ ծրագրերը շատ են, ստեղծագործական ամբողջ թիմով պետք է աշխատենք, որ հանդիսատեսը վերադառնա թատրոն: - Հիմնվելու եք մայր թատրոնի՞ կազմի վրա: Տեղի մասնագիտական որակները բավարո՞ւմ են: - Շատերի վրա, իսկապես, կարող եմ հենվել, շատերը դեռ աճելու տեղ ունեն, ոմանց հետ դեռ չեմ աշխատել, նոր պիտի աշխատեմ: Շնորհալի ռեժիսորների կհրավիրենք, կհամագործակցենք: - Կկարողանա՞ք դերասաններին կտրել սերիալներից: - Նրանց սերիալներից կտրելու մտադրություն բոլորովին չունեմ: Ես միշտ օրինակ եմ բերում Արմեն Ջիգարխանյանին: Աշխարհում այնպիսի դեր չկա, որ նա խաղացած չլինի. կարեւորըՙ ինչպես ես խաղում: Թատրոնը մաղ է. ժամանակի ընթացքում բոլորն անցնում են այդ մաղով ու մաղի երեսին մնում են գոհարները: Երկու Աստծու չես ծառայի: Կա՛մ թատրոնին պիտի ծառայես, կա՛մ... Ինչպես հիմա սերիալներում, այնպես էլ տարիներ առաջ կինոյում նկարվելն էր ամոթ համարվում: Վահրամ Փափազյանը կինոյում ոչ մի խոշոր դեր չունեցավ, համր ֆիլմերում մեկ-երկու փոքր դերեր է խաղացել միայն: Ի վերջո, չմոռանանքՙ համաշխարհային կինոյի մի շարք հրաշալի դերասաններ հենց թատրոնից են դուրս եկել: Շատ արժեքավոր ֆիլմեր կան, որոնք կարծես ներկայացում լինեն: Անվանի ռեժիսոր Վսեվոլոդ Մեյերհոլդն ասում էր. «Այն թատրոնն է հրաշալի, որը մի քիչ կինոյի է նման եւ... հակառակը»: - Դուք մեծ մասամբ անդրադարձաք մեր դասականներին, արդեն հայտնի անունների: Իսկ այսօրվա գրականությունն ընտրության հնարավորություն տալի՞ս է: - Ոչ, չափազանց քիչ է ընտրության հնարավորությունը: Չնայած շատ լավ գրողներ ունենք, բայց ամեն գրող չի կարող դրամատուրգ լինել, գրել թատրոնի համար: - Վերջին ժամանակների մեր կյանքն այնքան հագեցած է դրամատուրգիայի բոլոր ժանրերի իրադարձություններով: Այդ իրականությունը բեմ հանելն ինչո՞ւ չի ստացվում: - Ամեն իրական բան բեմ հանելը դեռ արվեստ չէ, ու ամեն ճշմարիտ խոսք դեռ գրականություն չէ: Թատրոնը շատ բարդ է, դրամատուրգիանՙ դժվար ժանր: Թատրոնը երկրի մոդելն է: Արձակագիրը ստեղծագործելիս ավելի ազատ է, քան դրամատուրգը: Դրամատուրգիան կառուցվածքային խնդիրներ, հատուկ օրենքներ ունի: Նույնիսկ մեր դասական դրամատուրգների պիեսները բեմ հանելիս խնդիրներ ենք ունենում. մշակում ենք, փոփոխում, ընդհանուր կառուցվածքի հասցնում: Այնպես որ, ժամանակակից դրամատուրգիական լավ գործ գտնելը հեշտ չէ: - Պարոն Էլբակյան, ենթադրելի է, որ Ձեր ստեղծած մյուս թատրոններով զբաղվելու ժամանակ այլեւս չունեք, բայց Դուք նաեւ դերասան եք: Չե՞ք ուզենա խաղալ բեմում: - Դե եթե հայտնվի մի ռեժիսոր, որն ինձ դեր առաջակի, կխաղամ, ինչո՞ւ ոչ: Իմ ընկեների հետ ես էլ բեմ կբարձանամՙ ադեն որպես դերասան Արմեն Էլբակյան: Հ.Գ.- Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր թատերաշրջանը կսկսվի փետրվարիցՙ «Պեպոյով» ու Դավիթ Հարությունյանի բեմադրած «Քարակապ» ներկայացման պրեմիերայով: Մի կողմ դնելով անգամ առողջ քննադատության մասնագիտական հակումներսՙ սրտանց ուզում եմ, որ հենց փետրվարից սկսածՙ մայր թատրոնի տոմսարկղի առջեւ հերթեր լինեն ու հերթական ներկայացման տոմս ձեռք բերելու համար ստիպված լինեմ ծանոթ մեջ գցել: |