ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ «PRIMAVERA» ՊՈԵՄԸ Արա ԶԱՐՅԱՆ, Հայ-իտալական մշակութային ծրագրի համակարգող Թարմ գույներով վերադարձավ Իտալիա Մեծ եղեռնի 100-ամյակի հիշատակին նվիրված ու հայ մեծ բանաստեղծ Կոստան Զարյանի «Երեք երգերՙ ասելու համար վիշտը երկրի ու վիշտը երկնքի» դրամատիկական պոեմի շարադրման 100-ամյակի առիթով, հայ-իտալական մշակութային ոչ պետական ծրագրի ներքո, 2015 թվականի օգոստոսի 21-ին, Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ պոեմի «Սիրվարդ, խորհուրդ չորս մասով, ըստ եղանակների թավալմանՙ ԳԱՐՈՒՆ» մասի երաժշտաթատերական ներկայացումը: Ներկայացման համար իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ, դուդուկահար ու մաթեմատիկոս Կլաուդիո Ֆանտոնը երաժշտություն է գրել փողային հինգ գործիքների համար: Մաեստրո Տիգրան Մանսուրյանը այսպես է գնահատել այն. «Կլաուդիո Ֆանտոնը ճշգրիտ լուծում է գտել այսպիսի բեմական կյանքի համար: Այն զգացողությունը ունեմ, որ գործիքները ընտրված են ճշգրիտ, այնպես, որպեսզի իրականանա անտիկ շրջանի միամիտ փողային գործիքների մաքուր աշխարհը, որ շատ լավ տեղավորվել է Կոստան Զարյանի պոեզիայի կողքին: Երաժշտությունը այնքան հաղորդակից է, անմիջական ու բարձր որակի, որ մեծ արժեք է ներկայացնում»: Մշակութային ծրագրի հղացող, Պադովայի «Terepia, il teatro di fugura» թատրոնի գեղարվեստական ղեկավար Թերեզա Տոնտորին եւ դերասանուհի Փիրուզա Նազարյանը, տեսնելով բեմադրության հաջողությունը, ծրագրել էին այն իրականացնել նաեւ Իտալիայում, երազ, որը իրականացավ այս տարի ապրիլի 1-ին Կապրիոլ քաղաքի Ռիչչի Կուրբաստրո գինեգործական հաստատության մշակութային դահլիճում: Ինչպես հայկական բեմադրության պարագայում, այնպես էլ իտալականում, ներկայացմանը մասնակցեցին Երեւանի «Էպսիդոն» թատերախմբի դերասանները, գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ: Կոստան Զարյանը «Երեք երգեր...» պոեմը սկսել է գրել 1915 թվականին Ստամբուլում: Օսմանյան թուրքերի կողմից հայ մտավորականների հետապնդումից ու հաշվեհարդարներից հրաշքով փրկված Զարյան ընտանիքը, առավոտ կանուխ, մեծ դժվարությամբ կարողանում է նավ նստել, կտրել անցնել Բոսֆորը ու պարսկական անձնագրով տեղ գտնել վերջին դիվանագիտական շոգեկառքում: Բանաստեղծի կինըՙ Թագուհի Շահնազարյանը, իր հիշողություններում «Երեք երգեր...» պոեմի ճակատագրի վերաբերյալ գրում է հետեւյալը. - «Մայթի վրա տեսնում եմ Կոստյայի գրքերը եւ ձեռագրերը, բոլորը սնդուկից դուրս, գետնին: Ես վեր թռա ու Կոստյային գոռացիՙ սատանան տանի, սա ծուղակ է, ուզում են քեզ ձերբակալել: Նա իջնում է առանց գլխարկի եւ վերարկուի, մազերի բաշը խառնված եւ բարձր ձայնով երդվելով: Գրկում է իր գրքերը, դնում սնդուկի մեջ, մեխել տալիս ու դնել է տալիս մեր վագոնը: Այս բոլորը` կայծակի արագությամբ: Վերջին զանգն էր, երբ Կոստյան վագոնի մեջ ցատկեց: Փլվում է կողքիս, Վահեին առնում իր ծունկերին ու խոր շունչ քաշում : Գնացքը մեկնում է: Լռություն է, ոչ ոք չի խոսում, թուրք ոստիկանները պտտվում են: Երբ անցնում ենք սահմանը, թուրք ոստիկանները ներքեւ են իջնում: Կոստյան ինձ գրկում ու ասում է. - Սիրելիս, մենք փրկված ենք, եւ ահա երկրորդ անգամ աքսորական: (Տեսՙ ԱԶԳ Մշակույթ, «Փախուստը», 13.03.15 եւ 28.08.15): Այս արկածախնդրությունից հետո, Կոստան Զարյանը հանգրվանում է Բուլղարիայի Կրասնո Սելո գյուղաքաղաքում, ուր համեմատաբար ապահով պայմաններում ավարտում է պոեմի ֆրանսերեն շարադրանքը: Պոեմը բաղկացած է երեք մասիցՙ «երեգ երգերից կամ գրքերից». ա. «Սիրվարդ, խորհուրդ չորս մասով, ըստ եղանակների թավալման», բ. «Ձայներ եկեղեցում, հեգերգություն», գ. «Աստղերի քերթվածը, դրամերգ»: Նույն թվականին Զարյան ընտանիքը տեղափոխվում է Իտալիա, նախ Նապոլի, հետո Ֆիրենցե, ուր, 1916 թվականին, հեղինակային հանդեսներից մեկըՙ «L-Eroica»-ն, առանձին համարով լույս է ընծայում Էտտորե Կոցցանիի խմբագրությամբ «All Armenia» հատուկ համարը, ուր առաջին անգամ հրատարակվում է պոեմի Ջովաննի Ալեսանդրո Ռոսիի իտալերեն թարգմանությունըՙ «Tre canti per dire il dolore della terra e il dolore dei cieli»: Շքեղ հրատարակությունը նկարազարդել է բելգիացի հայտնի նկարիչ, գրողի բարեկան Շառլ Դուդլեյը: Պոեմը մեծ հաջողություն է ունենում: Իտալական G. Carabba հրատարակչությունը, առանձին գրքով, 1916 թվականին, լույս է ընծայում «Երեք երգեր...»-ը «Իտալիայի ու աշխարհի գրողները» մատենաշարում: Ժամանակի կենտրոնական թերթերը հիացմունքի խոսքեր են տպագրում: Իտալերեն հրատարակչության նախաբանում կարդում ենք. «Երեք երգերը համապատասխանում են տիեզերական դասական մտայնությանը: Երկնային կյանքը սեր ու ցավ պարուրող մարդկության խորհրդը, ոգիների մագլցումը, երկնքի կյանքը, տիեզերքի կյանքը: Այս ամենը մի ընդհանուր, անհաղթելի, անընկճելի ցավ է, որն անդրադառնում է մարդկության, իրերի, ստվերների ու աստղերի բազմաբնույթ կերպին: Առաջին գիրքը (երգը- Ա.Զ.) մեր ցավի պատմությունն է, որը ամփոփվում է սիրո պատմության մեջ, որը ծնվում է, ճմլվում ու մահանում է եղանակների կշռույթով: «Ձայներ եկեղեցում» մասը ոգիների նախօրյակն է: Մութ տաճարի նավի ներսի մոմերի դողդողուն կրակը, դրանց մարվող, սփրթնած լույսը, դուռը դակող տանջամահ ամբոխի կանչը, ամեն ինչ են, հոգեւոր պոեմի ցավը, Քրիստոսի սերը, որ ըստ Զարյանի, այս պարագայում, նրա չարչարանքն է, ոչ թե հարությունը: Երրորդ գիրքում կերպարներին փոխարինում են երկնային միավորները, ամբոխինՙ ազգերն ու աստղերը, մարդկային կյանքը փոխարինվում է տիեզերքի կյանքով: Ցավը այլեւս անհատի զգացմունքը չէ, ոգիների ողբերգությունը չէ, այլ մոլորակների հակասություն, համայնականության օրենք, որը կիրառվում է ոչ թե մի անտառի կամարի տակ կամ տաճարում, այլեւ անվերջ տարածության մեջ, ուր աստղերի ամբոխը մագլցում է աշխարհներում : Յուրաքանչյուր գիրք, ի վերջո, ցավի պոետիկ պատրանքն է, մեր կյանքում ու մեր մտքում եղած տարրերի խորաթափանց ձեւափոխությունը, բնութագրիչ տպավորությունների ընդհանրություն, առանձնահատուկ ներիմացում: Կոստան Զարյանի պոեմը այսուհետ, հարկ է համարել ժամանակակից պոեզիայի արեւելքից եկած մարդկանց կարեւոր փաստաթուղթ, պոեզիա, որը մոտենում է մեր նուրբ ազդողության մտածելակերպին, միեւնույն ժամանակ պահպանելով հայկական գրականության բոլոր ավանդույթները: Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին, Կոստան Զարյանի թույլտվությամբ, «Երեք երգեր...-ի Գարուն» մասի համար երաժշտություն է գրում. «Poema lirico per voce, coro e organo»: «Երեք երգեր...»-ը հայերեն հրատարակվել է մեկ անգամ, 1931թվականին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից: Կոստան Զարյանը նախաբանում գրել է. «Այս «Երեք երգեր»-ի առաջին մասըՙ Սիրվարդը, գրուած են համաշխարհային պատերազմի նախօրեակին, իսկ միւս մասերը անմիջապէս յետոյՙ արիւնի եւ ողբերգութեան օրերին: Երկի հիմնական ճակատագրական մեղեդինՙ ներքին բովանդակութիւնը ընդնայնելովՙ այլեւս կոչված էր ընդգրկելու նոր հոգոկան սահմանները, որոնց արարողական բնույթը բնականաբար տարբեր պիտի լինէր, եթէ գրէի այսօր» : Իտալիայում, այժմ գարունը իր տարերքի մեջ է: Ծառերի ճյուղերը ծանրացել են նորաճ, դալար տերեւների ու բուրումնավետ ծաղիկների ամբոխից: Մեղուներն ու բզեզները հրմշտոցով, թեւ-թեւի տված, հավաքվում են ամեն ծաղկի ու գույնի վրա իրենց նեջ խտացնելով կյանքի պարգեւ նեկտարը: Իտալական, բնականոն, օրինաչափ գարնան գույների ու բուրմունքի մեջ, Կոստան Զարյանի սիրո, երկնային հավերժության, տիեզերական հորիզոնների «Գարուն»-ը իջել է խաղաղ, կայուն ու հպարտ, Իտալիայում սփռելով հայոց աշխարհի ուժեղ ու պինդ գույների ներկնապնակը: Գիտե՞ն արդյոք այն աղքատամիտ պարոնները, սրբապիղծները, որ կը քրթմնջեն մեզի դեմ, կը զգա՞ն արդյոք, որ այս րոպեիս մենք իբրեւ ազգ մտավոր եւ հոգեկան սնանկություն մը կը ներկայացնենք, որ արվեստը եւ գրականությունը միակ միջոցն են, որով կրնանք արտահայտել թաքնված ազգային հանճարը եւ մեր գոյության պատճառը հաստատել, «Նավաատոմար», Սարգիս Խաչենց, հրատ., Երեւան, 1999, էջ 111 : Միրանո, 05.04.17 Նկար 1. Ներկայացման որմնազդը Նկար 2. Ներկայացումից տեսարան |