ԷԼԺԲԵՏԱ ՊԵՆԴԵՐԵՑԿԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՇԱՏ ԼԱՎ ՆՎԱԳԱԽՈՒՄԲՙ ՀՈՅԱԿԱՊ ԴԻՐԻԺՈՐ ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ» Ջորջ ՉԱԽԱԼՅԱՆ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան «Զատկի փառատոնին»: ՀՊԵՆ-ի ելույթը նվիրված էր Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, նաեւՙ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին: Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերները», Արամ Խաչատրյանի Թավջութակի եւ նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատարՙ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրժիցկի, ջութակ, Լեհաստան): «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան (ով հայկական արմատներ ունեցող մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կինն է) համերգից հետո, խոսելով իր տպավորությունների մասին, նշել է, որ «համերգը եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբՙ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ». «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլեւ միջազգային արվեստասեր հանրությունը»,- ասել է նա: Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ իրենք «հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ են ապրում, քանզի մեր ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունն անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո»: Ապրիլի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով հանդես եկավ Լյուբլինի Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում: Մենակատարները Յարոսլավ Նադրժիցկին էին եւ Բարտոշ Կոզյակը (թավջութակ): |