RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-04 22:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2320, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԼԲՈՒԼ ԿՏՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ

Նաիր ՅԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ աշնանը տեղի են ունենալու նոր ղեկավարի ընտրություններ: Ըստ կանոնակարգիՙ հերթն արաբական երկրներինն էր, բայց նրանք այդպես էլ չկողմնորոշվեցին այս հարցում: Ու քանի որ նրանք միասնական որեւէ թեկնածուի չառաջարկեցին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մյուս անդամ երկրները, այդ թվումՙ Ադրբեջանը, հնարավորություն ստացան մասնակցելու ընտրություններին: Չինաստանը, Ֆրանսիան, Քաթարը, Լիբանանը, Վիետնամը, Եգիպտոսը, Գվատեմալան եւ Իրաքը եւս ներկայացրել են իրենց թեկնածուներին:

Ապրիլի 26-27-ը Փարիզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեի նիստ, եւ բոլոր թեկնածուները ներկայացրին իրենց անցած ճանապարհը, գլխավոր քարտուղար դառնալու դեպքում իրականացնելիք ծրագրերը, աշխատելու ուղղությունները, տեսլականն ու նպատակները: Ադրբեջանի ներկայացուցիչ, այդ երկրի 18 տարվա մշակույթի նախարար, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նույնպես ելույթ ունեցավ: Նա մեծագույն տանջանք-տառապանքով կարդաց տեքստը: Ընթերցանությունը լսելովՙ բոլորը հասկացան, որ կա մի այլ տեսակ անգլերեն եւս, որի մասին մենք չգիտեինք ու առաջին անգամ Բյուլբյուլօղլու շուրթերից հնչեց այն: Այն, որ պաշտոնական առաջին լեզվինՙ անգլերենին չի տիրապետում, Բյուլբյուլօղլին էլ չհերքեց, բայց վստահեցրեց, որ դա իր համար խնդիր չէ. հինգ ամսում անգլերեն էլ, ֆրանսերեն էլ կսովորի:

Բլբուլ կտրած Բյուլբյուլօղլին մի գլուխ փողից էր խոսում. ինչպես ձեռք բերել գումար, ինչպես ծախսել: Նա աշխարհը շուռ տալու համար ոչ թե հենման կետ ուզեց, այլ փող: Վաշխառուական այս մենախոսությունը լսելովՙ Ուգանդայի ներկայացուցիչը չդիմացավ ու հարցրեց. «Փողից բացի, այլ խնդիրներ չկա՞ն»:

Մեր տեղական հասարակական կազմակերպությունները Ադրբեջանի հավակնությունների դեմ պայքարելու - միջազգային հանրության ուշադրությունը Բյուլբյուլօղլու տխրահռչակ, հակամշակութային կերպարի վրա հրավիրելու համար կարողացել են շփման մեջ մտնել Իրանի - Չինաստանի հետ: Այդ երկրների լրատվական գործակալություններն այս օրերին կենտրոնացված հակաադրբեջանական աշխատանք են կատարելՙ մերկացնելով մշակույթի բնագավառում Ադրբեջանի հակամշակութային քաղաքականությունը: Իրանի «Ժողովուրդների մշակույթների միությունը» հանդես է եկել հայտարարությամբՙ քննադատելով Ադրբեջանինՙ քամանչան ազգային նվագարան ներկայացնելու համար: Իրանական լրատվամիջոցները հրապարակմամբ են հանդես եկել, որում նշվում է, թե Ադրբեջանը կեղծում է Հայաստանի եւ Իրանի պատմությունն ու մշակույթը: Իսկ Չինաստանում բավական աշխույժ գործունեություն է ծավալել հայկական համայնքը: Բնականաբար, Ադրբեջանի նկրտումները հեռու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշակութային ու կրթական գաղափարներից. պարզից էլ պարզ է, որ նրա նպատակը զուտ քաղաքական է, ու այդ քաղաքականությունը հրամցվում է նաեւ տեղեկատվական պատերազմի միջոցով:

Հայկական 23 կազմակերպություններ կոալիցիա են կազմել ու նամակներ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, գործադիր մարմնի ներկայացուցիչներին, անդամ երկրներին, Հայաստանում օտար երկրների դեսպանատներին: Դրանցում ներառված են փաստեր, որոնք նկարագրում են, թե ինչպես Բյուլբյուլօղլուՙ 1988-2006 թվականներին մշակույթի նախարար եղած ժամանակ Ադրբեջանի տարածքում ոչնչացվել են ոչ միայն հայկական, այլեւ առհասարակ այլազգիներին պատկանող պատմամշակութային արժեքները: Նրա պաշտոնավարման ժամանակ ոչնչացվեցին Հին Ջուղայի խաչքարերը: Որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանՙ Բյուլբյուլօղլին կոչ է արել ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին զենք վերցնել ու գնալ պատերազմՙ հայերի դեմ: Ինքն էլ իրեն օրինակ է բերելՙ ես էլ զենք կվերցնեմ ու մինչեւ Երեւան կհասնեմ:

Երգիչ Մուսլիմ Մագամաեւը երդվել էր. «Ոտքս չի լինի Ադրբեջանում, քանի դեռ մշակույթի նախարարը Բյուլբյուլօղլին է»:

Նամակում փաստեր են բերվել Բյուլբյուլօղլու վարչարարական զանցանքների մասին, ցույց է տրվել, որ այս մարդը հեռու է առհասարակ մշակույթից, կրթությունից ու բարձր արժեքներից, այդ համատեքստումՙ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններից ու սկզբունքներից, հիմնարար դրույթներից: Նամակում բոլոր փաստերը զուգակցված են ակտիվացված հղումներով, որպեսզի մեղադրանքները հիմնավորված լինեն:

«Եթե Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղար, նշանակում է ՄԱԿ-ն իր հիմնարար ու կարեւոր սկզբունքներից հրաժարվում է, ենթարկվում քաղաքական գործոնների ազդեցությանը եւ ուղղություն է վերցրել դեպի կաշառատու երկրներ: Բյուլբյուլօղլին մերկապարանոց հայտարարեց, թե ինքը պատրաստվում է փոխել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարչարարական սկզբունքները եւ փորձելու է արդյունավետ դարձնել ծախսերը: Նա մի գլուխ փող էր ուզում ու ոչ մի գաղափար չնշեց, որը կիրականացնի այդ փողով: Իսկ տրված հարցերի պատասխաններից ակնհայտ էր, որ չգիտեՙ փողն ինչի համար է ուզում: Օրինակ Մալազիայի ներկայացուցիչը կրթության մասին հարց հնչեցրեց, որին հաջորդած պատասխանի մեջ Բյուլբյուլօղլին դարձյալ որեւէ առաջարկ, նոր գաղափար, ծրագիր չհնչեցրեց, այլ նորից ասաց, որ փող է պետք: Տպավորությունն այնպիսին էր, որ հենց դառնա գլխավոր քարտուղար, սկսելու է բոլորից փող հավաքել, բայց ինչի համար ու ինչ նպատակովՙ չասաց: Մարոկկոյի ներկայացուցիչը հարցրեց. «Դուք ուզում եք օպտիմալացնել ու արդյունավետ դարձնել ծախսերը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում»: Բյուլբյուլօղլին պատասխանեցՙ դրա համար պետք է փող հավաքել», - Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը գնահատեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը :

Կոալիցիա կազմած հասարակական կազմակերպությունները նշում են, որ իրենց պայքարի պատճառը ոչ թե այն է, որ Բյուլբյուլօղլին ադրբեջանցի է ու ընտրվելու դեպքում նա վտանգ է ներկայացնելու Հայաստանի համար, այլ որ այդ մարդն իր նկարագրով, գիտելիքներով, փորձով, ունակություններով ուղղակի զավեշտալի է ու անհամատեղելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Եթե նման նկարագրով թեկնածու ներկայացվեր Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող որեւէ երկրից, ընդվզումն ու ըմբոստությունը դարձյալ անխուսափելի կլիներ: Ադրբեջանը ոչնչացրել է իր տարածքում եղած հայկական հուշարձանները, կեղծել հայատառ հուշարձանները, յուրացնում է հարեւան ազգերի ոչ նյութական մշակութային արժեքներըՙ դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելով որպես ադրբեջանական: Ուգանդայի ներկայացուցիչը հարցրել է, թե կոնֆլիկտային տարածքներում մշակութային հուշարձանների պահպանությունն ինչպես է տեսնում Բյուլբյուլօղլին: Հերթական դատարկաբանություն էր հարցի պատասխանը:

Haqqin.az-ը հիստերիա է բարձրացրելՙ նշելով, թե Բյուլբյուլօղլին կդառնա գլխավոր քարտուղար ու կբացահայտի հայերի սին հայտարարություններն իրենց մշակութային արժեքների ու քաղաքակրթության մասին, եւ վերջապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում կհայտարարագրեն այն իսկական արժեքները, որ ադրբեջանաթյուրքական ծագում ունեն:

Եթե Ադրբեջանն առաջադրել է Բյուլբյուլօղլու թեկնածությունն, ուրեմն դժվար չէ ենթադրել, որ ամեն կերպ ջանալու է իր ուզածին հասնել: Ու նպատակն արդարացնելու է բոլոր միջոցները. այդ երկիրը գործելու իր հստակ ու հասցեական ձեւն ունիՙ կաշառք: Հայկական կոալիցիան էլ քաջ գիտակցում է սա, բայցեւայնպես վստահ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ականներին լիարժեք իրազեկելով, թե ով է Բյուլբյուլօղլին, ինչ ճանապարհ է անցել, ինչ նկարագիր ու կշիռ ունի, իրենք կբացառեն այդ մարդու օգտին ընտրություն կազմակերպելու հավանականությունը: Ավելին, քան Բյուլբյուլօղլին է իր մասին տեղեկություններ, տեսագրություններ ու ձայնագրություններ տրամադրել, ոչ ոք չէր կարող անել: Որեւիցե թեմայով նրա ելույթներն ու խոսքերը զավեշտալի են ու դատարկ, բացահայտում են նրա անտեղյակությունն ու սնապարծությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը վերջնականապես մերկացրեց ու խայտառակեց նրան: «Խաղաղություն եւ կայուն զարգացում, կայուն զարգացում եւ խաղաղություն»,-շարունակ կրկնում էր նա: Բարձր քաղաքակրթությունն ու մշակույթը հովանավորելու կոչված Բյուլբյուլօղլին տարրական քաղաքավարություն չուներ, ջուրը շշից խմեց, մատն էլ լիզելովՙ թղթերի էջերն էր թերթում:

«Մեր առջեւ դրված է կոշտ խնդիր: Եթե ՄԱԿ-ն ընդունի Բյուլբյուլօղլու թեկնածությունը, դա ոչ միայն կանվանազրկի ՄԱԿ-ին, այլեւ մեզՙ Հայաստանին: Դա կնշանակի, որ մենք լավ չենք աշխատել, ճիշտ պայքար չենք մղել: Սա ոչ միան միջազգային հանրության, այլեւ մեր ազգային, պետական խնդիրն է: Թող լիներ Ադրբեջանից արժանի ներկայացուցիչ. այդպիսիք, անխոս, կան: Բայց Բյուլբյուլօղլի՞ն... դա անընդունելի է: Աշխատել ավելի ակտիվ ու շատ արագ: Սա մարտահրավեր է բոլորիս. եթե չկարողանանք հասնել այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ղեկավարի արժանավոր մեկը, ուրեմն մենք թույլ ենք, լավը չենք: Վստահ եմՙ Ադրբեջանի իսկական մտավորականությունն էլ է ամաչել Բյուլբյուլօղլու պահվածքից»,- կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ գործագիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը :

Հայկական կազմակերպություններից կազմված կոալիցիան շարունակելու է իրազեկման աշխատանքներըՙ նամակներ ուղարկելով միջազգային կառույցներին, անձանցՙ աչալուրջ լինել ու կանխել Ադրբեջանի նկրտումները: Նրանք հույս ունեն, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ, իրենք գաղափարակիցներ ունեն ու պայքարի ազնիվ միջոցներով կարող են դիմադրել ադրբեջանական կոռուպցիային:

Հույս է ներշնչում այն, որ չնայած Ադրբեջանի ջանքերինՙ առայժմ ֆավորիտը Չինաստանի թեկնածուն է:

Խմբ. կողմից.- Մեզ թվում է, որ հայկական կողմը ավելի խելամիտ վարված կլինի, եթե պաշտպանի Լիբանանի թեկնածուին, քանզի այդ երկիրը պատմականորեն մեծ կարեւորություն է տալիս մշակույթի զարգացմանը, միջազգային բազմաթիվ փառատոններ է կազմակերպում եւ, եւս առավել, կարող է գոնե արաբական 20 երկրների մասով կիսել Իսլամական համախմբմանը անդամ երկրների ձայները, որոնք այլապես պիտի կենտրոնանան Ադրբեջանի թեկնածուի վրա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 05-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ