ՊՈԼՍԱՀԱՅՈՑ ԿՅԱՆՔԸՙ ԳՐՔԻ ԷՋԵՐՈՒՄ Նաիր ՅԱՆ Ստամբուլում լույս է տեսել ամերիկաբնակ մտավորական Գեւորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի եւ կրթական հաստատութիւններու» մեծածավալ աշխատությունը: Ի դեմս հեղինակիՙ առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվել է Պոլսի կրթական, գիտական, մշակությաին կյանքըՙ 170-ից ավելի հայկական վարժարանների, այլ հաստատությունների պատմությամբ: Հեղինակը Պոլսի կրթամշակութային կյանքի նկարագրությունը սկսում է մինչեւ 1453 թվականը, այսինքանՙ մինչեւ թուրքերի հայտնվելը Պոլսումՙ դրանով մատնանշելով, որ հայերը մինչ այդ արդեն այդ քաղաքում էին, եւ 1461-ին Պոլսո պատրիարության ստեղծումը պատահական չէր: Պոլսո պատրիարքարանի ստեղծումը Պոլսո հայկական կյանքի, մշակույթի, ծանրակշիռ դերի շարունակությունն ու արտահայտությունն էր: Մինչեւ թուրքերի գալը, հայերն այդ քաղաքում մեծ վաստակ ու ներդրում են ունեցել, ու այդ հենքի վրա էր, որ հետագայում Պոլիսը դարձավ հայկական կրթամշակութային հզորագույն կենտրոններից մեկը: Գրքի վերնագրում նշվում է, որ այն անդրադառնում է 18-րդ դարավերջից սկսած Պոլսի կրթամշակութային կյանքին, բայց նկարագրությունները, ներառված փաստաթղթերն ու վկայությունները շատ ավելի վաղ շրջանից են սկսվումՙ ուշ միջնադարից: Պատմաբանները նկատում են, որ աշխատության բովանդակությունը շատ ավելի լայն ընդգրկումներ ու ծավալներ ունի, քան ընտրված վերանգիրն է հուշումՙ «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի եւ կրթական հաստատութիւններու»: Պատմաբան Աշոտ Մելքոնյանի կարծիքով գիրքը պետք է վերնագրվեր այլ կերպՙ «Հայերը Կոստանդնուպոլսում կամ Պոլսո հայերն ու նրանց կրթամշակությաին կյանքը»: Կոստանդնուպոլսի պատմության շատ դեպքեր, հատկապես հայերի ունեցած դերն ու ներդրումները, մնացել են ստվերում. թուրքերն ամեն կերպ ջանացել են թաքցնել ու քողարկել Պոլսի հայկական հետքերը: 1857 թվականին Պոլսի ուսումնական խորհրդի մի խումբ անդամներ, այդ թվումՙ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, ձեռնարկեցին ազգային սահմանադրության նախագծի ստեղծման գործը, բայց որտեղի՞ց ու ինչպե՞ս ծնվեց այդ ուսումնական խորհուրդը: Գեւորգ Հակոբյանի աշխատությունը տալիս է բոլոր հարցերի պատասխաններըՙ որտեղից են գալիս հայկականության ու հայերի գործունեության ակունքները: 18-րդ դարից սկսածՙ Պոլսի ուսումնական խորհուրդն արդեն իսկ մեծ հեղինակություն ու կշիռ ուներ, իր շուրջն էր հավաքել պոլսահայությանը, հատկապես մտավորականներին: Ուսումնական խորհրդի ստեղծած մթնոլորտում էր, որ կյանքի կոչվեց ազագյին սահմանադրությունը: Գեւորգ Հակոբյանը միայն փաստեր, պատմական իրողություններ չի արձանագրել, այլեւ դրանց նախադրյալներն ու նախապատմությունն է ներկայացրելՙ ստեղծելով պոլսահայոց կյանքի ամբողջական պատկերը: Ուսումնական խորհրդի նիստերից մեկի ժամանակ որոշում է ընդունվել Պոլսում ստեղծել հայկական ակադեմիա, որը նաեւ պետք է կարգավորեր հայոց քերականության խնդիրները: Նման պատմական փաստաթղթերից պարզ է դառնում, թե հայոց գիտական միտքը դեռ 19-րդ դարում ինչ մակարդակի էր հասել: Հայկական ակադեմիայի գաղափարը, ցավոք, չիրականացավ, բայց ուսումնական խարհրդի կողմից շատ կարեւր որոշումներ ընդունվեցին, օրինակ, թե ինչ առարկաներ պետք է ուսումնասիրեն հայ աշակերտներն կրթօջախներումՙ քաղաքատնտեսություն, մեքենաշինություն, հասարակական կարգի հետ կապված տարբեր ոլորտներ: Այդ ուսումնական ծրագիրը համաշխարհային կրթական մակարդակին համահունչ էր, ինչը ստիպում է համոզվել, որ 18- 19-րդ դարերում Պոլսի հայկական միտքը զարգանում էր համաշխարհային տենդենցներին զուգընթաց: Գրքում զետեղված է Պոլսո բոլոր պատրաիրքների շարքը, Մկրտիչ Խրիմյանի, Մաղաքիա Օրմանյանի եւ մյուսների գործունեության համապարփակ նկարագիրը, գալիս-հասնում 1914-15 թվականներ, առաջին աշխարհամարտի ժամանակաշրջան: «Պոլսո հայ ուսումնական հաստատությունները եւ հայ որբերը» գլխում հեղինակը ներկայացնում է հենց այդ տարիների Պոլիսը, երբ քաղաքը դարձավ հազարավոր հայերի հանգրվանը: Հայկական տարբեր գավառներից թուրքական յաթաղանից փրկված մեր հայրենակիցների մի մասը Պոլիս գալովՙ հետո հայտնվեց Եվրոպայում ու Ամերիկայում: Թուրքերը Պոլսում չէին կարող իրականացնել համատարած եղեռնի ծրագրված քաղաքականությունը. դա վտանգավոր կլիներ իրենց իսկ համար: Այդ պատճառով էլ Պոլիսը շատ հայերի համար դարձավ փրկության օղակ: Այդ ընթացքում եւս Պոլսում գործում էին հայկական վարժարաններ: Պատմական բեկումնային իրադարձություններն արժեքավոր փաստաթղթերով, վկայություններով ու լուսանկարներով ներկայացված են Գեւորգ Հակոբյանի աշխատության մեջ: Անգամ երիտթուքական յաթաղանի տակ հայկական ուսումնական բոլոր հաստատությունները զբաղվել են որբախնամ գործունեությամբ: Այդ լուսանկարները ցցուն փաստերի դեր են կատարում: Գրքի հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել 1923 թվականի Լոզանի կոնֆերանսին: Մեզանում կա մի թյուր կարծիք, թե Լոզանի կոնֆերանսով Հայկական հարցն ավարտվեց, փակվեց եւ այլեւս չարծարծվեց միջազգային հարթակներում, կամ սկսեց վերանայվել 1945 թվականից հետո: Բայց Գեւորգ Հակոբյանն իրավացիորեն նշում է, որ Թուրքիան Լոզանի կոնֆերանսում պարտավորություններ ստանձնեցՙ ազգային փոքրամասնությունների գոնե կրթամշակութային կյանքը հունի մեջ դնելու համար: Սակայն այդ պարտավորությունները չկատարեց: Աշխատությունն ընդգրկում է հայկական ուսումնական հաստատությունների պատմությունըՙ սկզբնավորումից մինչեւ գործունեության ավարտըՙ ազգային վարժարաններ, հայ կաթողիկե, ավետարանական վարժարաններ: Վերջումՙ բոլոր կրթօջախների տնօրենների, աշակերտների անվանական ցանկերը, լուսանկարներն են ներկայացված : Մեր պատմաբանների կարծիքովՙ գիրքը հետագա ուսումնասիրողների համար հրաշալի հումք ու հիմք է, մանավանդ որ Գեւորգ Հակոբյանն աշխատանքի ամենադժվար հատվածն իրականացրել է: Դրա համար նրանից պահանջվել է քսան տարի: Նա հետազոտել է անգամ օսմանյան արխիվները, ինչը քաղաքական առումով բավականին բարդ գործ է: Պոլիսը, որ մեր պատմության մեջ իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի, գրքի տեսքով վերադարձել է մեզ: «Պոլսի հայության, մտավորականությանՙ գրական կյանքում կուտակած ահռելի փորձը ստիպել է Գեւորգ Հակոբյանին շատ բաների մասին ենթատեքստով խոսել: Գիրքը հրատարակվել է Պոլսում, եւ շատ ու շատ խնդիրներ ենթատեքստի տարբերակով են ներկայացված: Այդպես պետք է մենք էլ ընկալենք ու հասկանանք: Ես պիտի քննադատեմ հեղինակին, որովհետեւ նա իր գրքում ոչ մի տեղ չի օգտագործել ցեղասպանություն բառը: Մենք կարդում ենքՙ աղետ, եղեռն, ողբերգություն, բայց ոչ ցեղասպանություն: Ես վերջերս Պոլսում էի ու տեսա, որ պոլսահայ մամուլն արդեն համարձակորեն, առանց երկմտելու գործածում է ցեղասպանություն բառը: Կուզեի, որ այս ստվարածավալ, արժեքավոր գրքում Գեւորգ Հակոբյանը եւս գործածեր այդ բառը: Ու առհասարակ պետք է հրատարակվելիք բոլոր գրքերոմ այսուհետեւ Հայոց ցեղասպանությունը կոչենք Հայոց ցեղասպանություն եւ ոչ մի դեպքում այն չփոխարինենք այլ բառերով»,- հորդորեց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: |