RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 12-10-2018



ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-10-11 22:28:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1127, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՈՆՔ` ՔՈՒՎԵՅԹՈՒՄ

Թղթ.

Արեւելյան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը` Քուվեյթը, այս օրերին հյուրընկալել է Հայաստանի օպերային թատրոնի ողջ անձնակազմին եւ աննախադեպ ոգեւորությամբ սպասում է սեպտեմբերի 27-ին եւ 28 -ին տեղի ունենալիք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերային, որը առաջին անգամ է բեմադրվելու այս բազմամշակութային երկրում:

Հիշեցնենք, որ Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան օրեր առաջ` սեպտեմբերի 13,14-ին եւ 15-ին ներկայացվեց նաեւ Դուբայի օպերային թատրոնում, որը անցավ մեծ շուքով, հանդիսատեսի բուռն ընդունելությամբ եւ չդադարող ծափողջյուններով: Ներկայացումները, որոնք 3 օր անընդմեջ կարողացան միջազգային հանդիսատեսին հաղորդակից դարձնել երաժշտական հանճարեղ այդ ստեղծագործությանը, հայ օպերային թատրոնի վերելքը կարելի է համարել, քանզի այս դեպքում հայ օպերային թատրոնը կարողացավ քաղաքակրթական կայուն արժեք հանդիսացող այս երաժշտական կտավին ավելացնել հայկական կատարողական արվեստի ձեռքբերումները , եւ այն դարձնել հայ մշակույթի ինքնաարտահայտման եւ հանրահռչակման օղակներից մեկը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը , որն այս մշակութային իրողություններն իրականացնողն ու կյանքի կոչողն է, խիստ մանրակրկտորեն է ընտրել միջազգային հանդիսատեսին ներկայացվող թե՛ երաժշտական ստեղծագործությունները եւ թե արտիստական կազմը:

Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան կոմպոզիտորի վերջին օպերան էր եւ իր երաժշտական ու գեղարվեստական հանճարի համընդգրկուն արտահայտությունը: Այս օպերան թե՛ իր սյուժետային մոտիվներով եւ թե երաժշտական առանձնահատկություններով տարբերվում է համաշխարհային օպերային գանձարանի այլ ստեղծագործություններից իր խոհափիլիսոփայական դրսեւորումներով, սիմվոլիզմով եւ առասպելամտածողության տարրերով: Սյուժեի հիմքում փիլիսոփայական հեքիաթ է մարդ արարածի հոգեւոր վերելքի մասին. թե ինչպես մարդ էակը փորձությունների է ենթարկվում իր կյանքում եւ վերջում հասնում հոգեւոր խաղաղության եւ իմաստության: Բայց, ինչպես որ իրական կյանքում է, այս օպերայում եւս, բարին եւ չարը, ազնիվն ու անազնիվը, պարզն ու խորամանկը մշատապես քայլում են կողք-կողքի եւ անբաժան են իրարից: Այսպես էլ, հենց այս օպերայում Արքայազն Տամինոն եւ նրա մշտական ուղեկից Պապագենոն իրար հակադիր, բայց միեւնույն ժամանակ իրարից անբաժան կերպարներ են, ովքեր միասին են հաղթահարում «հեքիաթի փորձությունները»:

Պապագենոյի դերում հանդես եկող, օպերային թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը նշում է, որ նախքան Մոցարտի երաժշտությանը մոտ գալը անհրաժեշտ է խորապես ծանոթանալ մարմնավորվող կերպարի փիլիսոփայությանը: Պապագենոն բարի , ուրախ, միամիտ եւ ազնիվ կերպար է , ում կյանքում ոչինիչ հարկավոր չէ, բացի սիրուց:

Ինչպես նշում է երգիչը, Պապագենոյի կերպարի ճիշտ մարմնավորման համար իրենից ամիսների քրտնաջան աշխատանք է պահանջվել, քանի որ թե՛ կերպարի բնույթը եւ թե՛ երաժշտական մեկնաբանությունը կարիք են ունեցել մանրակրկիտ եւ լրջագույն մոտեցման: Մոցարտի երաժշտությունը, ինչպես եւ օպերայի թեմատիկան իսկզբանե հեքիաթային եւ թեթեւ են թվում, բայց իրականում Մոցարտի երաժշտությունը ձայնի ամրություն, կատարողական մեծ վարպետություն եւ խորը փիլիսոփայական մոտեցում է պահանջում, հենց այստեղ է թաքնված մոցարտյան երաժշտության գաղտնիքը, որը ուրախ եւ թվացյալ թեթեւ կերպարին կարող է տալ ողբերգական մոտեցում: Մոցարտը մեծ փիլիսոփա էր եւ նրա երաժշտությունն էլ իրական կյանքի արտացոլումն է իր ռեալիզմով եւ սիմվոլիզմով:

- Պապագոնոյի դերերգը կատարելը եւ առաջին անգամ Դուբայի օպերային թատրոնում ներկայացնելը ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր, քանի որ ես ոչ միայն ներկայացնում էի մոցարտյան երաժշտությունը, ոչ միայն ինձ որպես երգիչ, այլեւ մի ողջ պետություն եւ մի ողջ օպերային թատրոն իր մշակույթով: Իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Միչիկեն , ում հետ առաջին անգամը չէ, որ համագործակցում եմ, կարողացել է իմ կերպարին տալ այն, ինչ իրականում պետք էր Պապագենոյին. ժպիտ, ուրախություն, բայց նաեւ թախիծ ու տառապանք: Ռեժիսորը, ով երկար տարիներ աշխատել է համաշխարհային մեծությունների հետ, ինչպիսիք են Պլաչիդո Դոմինգոն եւ այլք, շատ բան ուներ մեզ փոխանցելու: Ուրախ եմ, որ առիթ ունեցա իր հետ աշխատելու երկու հակադիր կերպարներ կերտելիս , առաջինը` 2017 թվականի սեպտեմբերի 14-ն էր, երբ Հայաստանի օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանը բացվեց Ջ. Վերդիի «Ռեքվիեմով», որտեղ կատարեցի բաս ձայնի ձայնաբաժինը, եւ հաջորդը` երջանիկ պատահականությամբ, 2018 թվականի սեպտեմբերի 14-ն էր, արդեն Դուբայի օպերային թատրոնում` Պապագենոյի դերերգով: Հակադիր կերպարների հետ աշխատանքը առողջացման ծրագիր է յուրաքանչյուր արտիստի համար, քանի որ դու փորձում ես տարբեր կերպարներ, բայց միեւնույն ժամանակ չես կորցնում քո անհատականությունը:Հանդիսատեսի ծափերը ներկայացման վերջում ուղղված են թե՛ երաժշտությանը, թե՛ մարմնավորող կերպարին եւ երգչի անհատականությանը: Իմ կերպարի եւ իմ կատարողականության ամենամեծ վկայությունն ու գնահատականը Դուբայի հանդիսատեսի շատ բուռն ընդունելությունն էր, եւ դա նշանակում էր, որ Պապագենոն սիրվեց հանդիսատեսի կողմից:

«Կախարդական սրինգ» օպերայի երաժշտական մասի պատասխանատուն դիրիժոր Հարություն Արզումանյանն է:

Հավելենք, որ բացի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից, Հայկ Տիգրանյանը մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ նաեւ Դուբայում կայացած արդեն ֆրանսիական օպերային արվեստի գլուխգործոց` Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայում Ցունիգայի դերերգով, բոլոր 3 ներկայացումների ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայկ Տիգրանյանը, օպերային թատրոնի մյուս տաղանդաշատ արտիսների հետ հաշված օրեր անց կմասնակցի արդեն Քուվեյթում տեղի ունենալիք «Կախարդական սրինգ» օպերայի ներկայացմանը, որը հուսով ենք, կկրկնի Դուբայի մեծ հաջողությունը եւ Արաբական Արեւելքում եւս կբարձրացնի հայկական բարձր մշակույթի պատիվը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ