ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸՙ 23 ԵՐԿՐԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Համաշխարհային գրականության մեջ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության արտացոլման թեման բազմիցս քննվել է: Որոշ գրական երեւույթներ հանրահայտ են (Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, Արմին Թեոֆիլ Վեգների պատմվածքները կամ Պեյո Յավորովի «Հայերը» բանաստեղծությունը), սակայն լուսանցքներում եւ ստվերում առկա է նաեւ խնդրին առնչվող ոչ փոքրաքանակ գրականություն, փույթ չէ, որ պակաս գրական-գեղարվեստական արժանիքներով: Սույն թեմայով ամենից ծավալուն տեղեկատվությունն առկա է «Հայկական հարց» հանրագիտարանում (1996), որտեղ հարցին առնչվող գրական երկերը ներկայացված են ըստ երկրների: Թեման լայն կտրվածքով արտացոլվել է ամերիկահայ հեղինակներ Լեո Համալյանի եւ Ռուբինա Փիրումյանի աշխատություններում, իսկ որոշ գրականագետներ քննել են Ցեղասպանության անդրադարձն առանձին ժողովուրդների գրականության մեջ (ռուսական, գերմանական եւ ավստրիական իտալական, ամերիկյան, հրեական, թուրքական): Մեր հոդվածով գլխավորապես ներկայացնում ենք վերոհիշյալ աղբյուրներում չհիշատակված եւ 1996-ից հետո ասպարեզ իջած գրական գործերըՙ առանց հավակնելու սպառիչ խոսք ասել: Նշելու ենք նաեւ այնպիսի գրական գործեր, որոնք թեեւ չեն անդրադառնում եղեռնին, սակայն պարունակում են խնդրի վերաբերյալ թեկուզ դրվագային, թռուցիկ հիշատակություններ: Նաեւ միտումնավոր զանց ենք առել հայազգի հեղինակների այլալեզու ստեղծագործությունները եւ հուշագրությունները, որպիսիք վերջին քսանամյակում ասպարեզ իջան մեծ քանակով (հատկապես ամերիկյան գրականության մեջ): Մեր ուսումնասիրությամբՙ աշխարհի 23 երկրների գրականության մեջ ստեղծվել են երկեր, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն անդրադառնում են Հայկական հարցին, որը ներառում է ոչ միայն 1915 թվականի Մեծ եղեռնը եւ Օսմանյան կայսրության մեջ 1894-1923 թթ. հայոց տեղահանությունը եւ կոտորածները, այլեւ Բաքվի հայերի կոտորածները 1905 եւ 1918 թվականներին, հայության տարագրությանը, որբերին եւ այլն: Օտարազգի գրողների առաջին անդրադարձը եղել է 1894-1896 թթ. համիդյան ջարդերին, երբ եվրոպական եւ ամերիկյան մամուլը պարբերաբար հանդես է եկել այդ իրադարձությունների վերաբերյալ լրատվությամբ: Ըստ այդմ, հայոց կոտորածներին վերաբերող առաջին գրական անդրադարձները հանդիպում են 1896-ին: Այս թվականին անգլիական քաղաքական պոեզիայի ներկայացուցիչ Ուիլյամ Ուաթսոնը (1858-1935) հանդես եկավ «Ծիրանագույն Արեւելքը. սոնետների շարք Անգլիայի կողմից Հայաստանը լքելու վերաբերյալ» քսանից ավելի սոնետ ընդգրկող ժողովածուով: Դրանց մի մասը կրկնվել է հաջորդ տարի Ուաթսոնի հրատարակած «Ամոթի տարին» ժողովածուում: Նույն թվականին է հրատարակվել նաեւ ամերիկացի Ջորջ Հեփվորսի (1833-1902)ՙ համիդյան ջարդերը ներկայացնող «Հայաստանի միջով ձիու թամբին» վեպը: Հայոց արյունոտ ներկայի թեման հաջորդ տարիներին շարունակվեց պոեզիայումՙ ամերիկացի բանաստեղծ Հենրի վան Դայքի (1852-1933) «Շինարարը եւ այլ բանաստեղծություններ» ժողովածուում եւ նույն թվականին լույս տեսած իտալացի մեծանուն բանաստեղծ Ջոզուե Կարդուչչիի (1835-1907) «Հնձում է թուրքը» քերթվածում (երկուսն էլՙ 1897), ավելի ուշՙ ամերիկացի գրաքննադատ եւ բանաստեղծ Ջորջ Էդուարդ Վուդբերիի (1855-1930) «Հայաստան» բանաստեղծության մեջ (1919): Այս անունների մեջ պետք է առանձնացնել Քեթրին Լի Բեյթսի (1859-1929)ՙ ամերիկյան երկրորդ օրհներգի հեղինակի անունը, որը նույնպես կոտորածների ազդեցությամբ գրել է «Հայաստան» բանաստեղծությունը: Եվ եթե պոեզիայում կոտորածներին կարեկցանքով անդրադառնալը թվում է բնական, ապա անսպասելի էր նույն այս ժամանակահատվածում թեման տեսնել պատանեկան արկածային արձակում: Անգլիացի գրող Բրեյսբիջ Հեմինգը (1841-1901), որ 19-րդ դարի վերջին հայտնի էր պատանեկան վիպաշարի հերոս Ջեք Հարքըուեյի մասին իր ստեղծագործություններով, 1897-ին հանուն արդարության մարտնչող իր հերոսին «ուղարկել է» Հայաստանՙ Էրզրում, կռվելու թուրքերի դեմ. վիպակն այդպես էլ կոչվում էՙ «Երիտասարդ Ջեք Հարքըուեյը Հայաստանում կամ Կռիվ թուրքերի դեմ» (1897): Թեման դառնում է նաեւ թատերախաղերի նյութ. համիդյան ջարդերի ազդեցությամբ են ստեղծվել Օլգա Յոնեսկուի «Սեր եւ ատելությունը» (1900) ռումիներեն եւ Մեհմեթ Իհսանի «Թշվառ հայերը» (1907) թուրքերեն պիեսները: 1899-ին ամերիկուհի գրող Դեբորա Ալքոքը (1835-1913) գրել է «Հեռավոր Եփրատի ափին» վեպը: Այնտեղ պատկերված են համիդյան ջարդերը եւ այն հայտնի դրվագը, թե ինչպես է ամերիկացի միսիոներուհի Քորինա Շաթըքն Ուրֆայում կանխել եկեղեցում պահ մտած հայ կանանց եւ երեխաների կոտորածըՙ կանգնելով եկեղեցու շեմքին եւ մարտահրավեր նետելով թուրք խուժանինՙ անցնել միայն իր դիակի վրայով... Լիտվուհի գրող Գաբրիելե Պյատկավիչայտե-Բիտեն (1861-1943) հրատարակել է «Տիգրան Երկաթ. արդարության հավատացյալը» էսսեն (1902) արեւմտահայ հրապարակախոս Տիգրան Երկաթի մասին, որը գրչով պայքարել է հանուն Հայկական հարցի միջազգայնացման եւ համիդյան կոտորածները Եվրոպայում ներկայացնելու գործի: «Տիգրան Երկաթ. այս անունը մեզՙ լիտվացիներիս միանգամայն անծանոթ է: Սակայն որքա՜ն մոտ պետք է լինի այն մեզ»,- այսպես է սկսել իր էսսեն լիտվուհի գրողը եւ ավարտել Երկաթի մահվան հիշատակմամբ 1899 թվականին եւ ավելացրել. «Ամբողջ աշխարհի թերթերը հիշատակեցին նրա անունը, ահա եւ մենքՙ լիտվացիներս, թեկուզ եւ ուշացումով, նրա գերեզմանին այս փոքր նվերն ենք դնում: Եվ թող քո մասին հիշողությունները, ազատության հերոս, ապրեն հեռավոր, գուցեեւ քեզ միանգամայն անհայտ ժողովրդի մեջ»: Գեղարվեստական գրականության մեջ քիչ է արտացոլվել հայկական կոտորածների հաջորդ հանգրվանըՙ 1909 թվականի Ադանայի ջարդերը: Պատմական այս իրողության վերաբերյալ օտար գրականության մեջ մեզ հանդիպել է մեկ անդրադարձՙ ֆրանսիացի հեղինակ Էմիլ Էդվարդսի ` 1920-ականներին գրած «Սիրանույշը, հայուհին» նովելը: Քիչ անդրադարձ է եղել նաեւ Բաքվի հայերի 1918 թվականի կոտորածին: Այն հիշվում է ժամանակակից բրիտանացի գրող Սթիվըն Շեփարդի (1945-2011) «Մոնտե Կառլո» վեպում (1989): Գլխավոր հերոսը ծնունդով բաքվեցի Հարի (Հովհաննես) Փիլիկյանն է, որը 1918-ի Բաքվի հայերի կոտորածների ժամանակ կորցնում է ընտանիքին: Անշուշտ, ներկայացվող թեմայի վերաբերյալ շատ ավելի մեծ թվով գրական ստեղծագործություններ վերաբերում են 1915-ին եւ նրանից հետո տեղի ունեցած իրադարձություններինՙ ջարդեր, աքսոր, որբեր, գաղթականներ: Տարբեր ազգությունների գրողներ, որոնց մեջ շատ սակավ են եղել ականատեսները, անդրադառնալով հայոց ողբերգությանը, հետապնդել են ամենատարբեր նպատակներՙ հայոց դատին պաշտպան կանգնելուց մինչեւ հայկական արհավիրքները որպես զուգահեռ, դրվագային թեմա կամ պատկերվող իրադարձությունների ֆոն գործածելը եւ կամ պարզապես բռնության զոհ դարձող հայի ու Հայաստանի սոսկական հիշատակումը: Որոշ գրողների համար էլ հայոց եղեռնը դարձել է ուշագրավ հիմքՙ սուր դիպաշարով պատում ստեղծելու համարՙ համեմված սիրային-արկածային մոտիվներով: Հետաքրքրական է նաեւ հայության ընկալումը օտարազգիների կողմից. ոչ միայնՙ սոսկ նահատակ, ցեղասպանվող եւ համայն աշխարհի անարդար վերաբերմունքին զոհ գնացող, այլեւ իրեն պաշտպանել կարողացող, հերոսական ոգու տեր մի ժողովուրդ: Մեզ համար, անշուշտ, նախընտրելին օտարազգի գրողիՙ հայ ժողովրդի հերոսականությամբ հիացող գործերն են, թեեւ մյուս ստեղծագործությունների զուտ ճանաչողական արժեքը նույնպես չպետք է անտեսել: Այդ կարգի ստեղծագործություններից նշենք անգլիացի Ս.Վ.Քրոֆթսի «Զեյթունի հերոսը» (1910) եւ սիրիացի Ժաուդաթ Շահինի «Հայաստանը դիմագրավում է զավթիչներին» քերթվածները, հույն թատերագիր Լ.Վառնալեսի «Թալեաթի սպանությունը» պիեսը (1929): Սկսած 1920-ականներից համաշխարհային գրականության ամենատարբեր գործերում հանդիպում են եղեռնից մազապուրծ հայ վերապրողների կերպարներ կամ նրանց մասին այլեւայլ հիշատակություններ: Հայ գաղթականներին բանաստեղծություններ են ձոնել հույն Վրետակոս Նիկոֆորոսը (1912-1991, «Հայ գաղութ» ), իսկ իտալացի Մարիո Վիրջիլիո Գարեան (1881-1962) հրատարակել է մի ամբողջ բանաստեղծական ժողովածուՙ «Երազի նավորդներ. մարտիրոս Հայաստանին եւ նրա վերապրող հերոսներին» վերտառությամբ (1931): Հայ գաղթականի կերպարը հասել է մինչեւ անգամ իսլանդական գրականություն: Իսլանդացի հանրածանոթ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հալդոր Կիլյան Լաքսնեսի (1902-1998) «Նապոլեոն Բոնապարտը» պատմվածքի գործող անձանցից մեկը, մի գեղջկուհի, նկատում է մի շրջմոլիկի, որը «սկսեց ինչ-որ բան մռթմռթալ. կինը չկարողացավ որեւէ բան հասկանալ, եւ հանկարծ մտածեց, որ նա այն հայերից է, որոնք այստեղ ապաստան էին փնտրումՙ փրկվելով թուրքերից»: Հատկանշական է, որ արդեն 1915-ի դեկտեմբերի 15-ին շուրջ մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության մասին մի մասնավոր նամակում խոսել է անգլիական գրականության խոշոր դեմքերից մեկըՙ Ջոն Գոլսուորդին (1867-1933). «Եթե որեւէ մեկը դեռ տարակուսանքի մեջ է գերմանական հայեցակետի իսկական ցինիզմի վերաբերյալ, թող նկատի առնի, թե ինչպես նրանք մի կողմ կանգնեցին ու դիտեցին շուրջ մեկ միլիոն հայերի կոտորածը: Դա վերջ տվեց իմ տարակուսանքին: Բողոքի ո՛չ մի խոսք, ձեռքի ո՛չ մի շարժում»: Թերեւս այս տպավորության արձագանքն է Գոլսուորդիի կողմից իր նշանավոր «Ասք Ֆորսայթների մասին» վիպաշարի վեպերից մեկում ( «Վարձու է տրվում» ) մի կես հայ հերոսիՙ գեղարվեստի գործերի վաճառական պարոն Պրոֆոնի հանդես բերելը, որն օգնում է հայ որբերին: «Այդ բելգիացի՜ն, որի մայրն էլ,- ասես ֆլամանդական արյունը բավական չլիներ,- հա՜յ է եղել: ....Աշխարհի կեսը սոված է: Ես մի փոքրիկ խումբ երեխաներ եմ կերակրում իմ մոր հայրենիքում, բայց ի՞նչ օգուտ»: Սույն թեմային անդրադարձած հեղինակներն առավելապես դիմել են կարճ արձակին եւ գլխավորապես ցեղասպանության կենդանի զոհերիՙ կանանց եւ երեխաների ճակատագրերին: Ժամանակի ընթերցողին առավելապես հուզել է զգայացունց պատմություններն իրենց ընտանիքից, տնից եւ երկրից զրկված, մահվան քայլերթին մատնված, մահմեդական գերության մեջ հայտնված այրիների ու որբերի վիճակը: Նմանատիպ պատմությունների համար հիմք են հանդիսացել Առաջին աշխարհամարտի տարիներին եվրոպական տարբեր լեզուներով հրատարարկված ականատեսների վկայություններ բովանդակող գրվածքները եւ հեղինակների անձնական հանդիպումները ցեղասպանությունից վերապրածների հետ: Այս առումով հատկանաշական են հայ ամուսնու ազգանունը կրող դանիուհի գրող Ինգա Քոլին Նալբանդյանի (1879-1929) հայապատում պատմվածքները: Մոտիկից ճանաչելով հայ ժողովրդին, ապրած լինելով Կոստանդնուպոլսումՙ Նալբանդյանը ձգտել է գրչով օգտակար լինել իրեն հարազատացած ժողովրդին: 1917 թվականին հրատարակված եւ եվրոպական տարբեր լեզուներով թարգմանված նրա «Եղբորդ արյունն է գոչում» եռերգությունը գեղարվեստորեն ամբողջացնում է դանիուհի գրողի լսածն ու տեսածը հայոց Գողգոթայի վերաբերյալ: Ավելի ուշ, մեկ այլ դանիուհի գրողՙ Դագնի Գյեսագորդը , գրել է «Ի՞նչ ենք մենք արել» վեպըՙ նվիրված Ցեղասպանությանը: 1917-ին լույս է տեսել Ջոզեֆ Հոքինսի «Փառքի ճամփան» վեպը, որի հերոսը հայ Վիկտորն էՙ ծնողներին համիդյան ջարդերի ժամանակ կորցրած եւ Անգլիայում ապրող հայ դիվանագետ: Վեպի գործողությունները կատարվում են առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին: 1920-ին ֆրանսերենից անգլերեն թարգմանությամբ Նյու Յորքում լույս է տեսել Շառլ Հ.Շնապսի «Արշակըՙ փոքրիկ հայը» վեպը, որը մանուկներին ներկայացրել է Փոքր Ասիայի հայերի կյանքը եւ Հայոց ցեղասպանությունը հայ երեխայի միջոցով: Հեղինակը, հայության մասին հեռվից հեռու գրող շատ հեղինակների նման, հաճախ կատարյալ չիմացություն է դրսեւորել հայությանն առնչվող շատ իրողությունների վերաբերյալ: Որոշ հայ հերոսների անունները մահմեդական են կամ հրեական (Նիզամ, Ջուսիֆ, Հաննա), ուսուցիչը երեխաներին պատմում է Վարդան Մամիկոնյանի մասին եւ նշում, որ նա կռվում էր քրդերի դեմ, որոնց հրամանատարն էր Խան Մուստաֆան եւ այլն: Միրիամ Հարին «Հայաստանի շուշանը» պատմվածքում նկարագրել է հայ որբուհիների կյանքը Սիրիայի անապատում, իսկ ֆրանսիացի գրող Ժան-Բատիստ Ռեբուրը (1875-1960) Ժեհան դը Ռոհե ծածկանվամբ հրատարակել է մի ամբողջ վեպ եղեռնից փրկված հայ աղջկա մասինՙ «Շուշանիկ, երիտասարդ հայուհին» վերնագրով (1928): Սա, որքան մեզ հայտնի է, օտար լեզվով գրված առաջին վեպն է հայոց ցեղասպանության վերաբերյալ, որին հետեւել են ֆրանսիացի երեք այլ հեղինակներիՙ Ռընե դ Ասատրակի «Անահիտի մատանին» (1929), Պոլ Անրի Բորդոյի (1903-1999) «Տրապիզոնցի Անթառամը» (1930) եւ Ժ. Ռիկուր դը Բուրժիի «Տիգրանուհի» (1934) վեպերը: Հայերի կոտորածները թռուցիկ հիշվում են նաեւ անգլիացի ականավոր հակաուտոպիստ գրող Օլդոս Հաքսլիի (1894-1963)ՙ 1948-ին գրված «Կապիկ եւ էություն» ֆանտաստիկ հակաուտոպիստական վիպակում, որի հերոսն ասում է. «Այո, բարեկամներս, հիշեք, թե ինչպես դուք միանգամից վրդովվեցիք, երբ թուրքերը կոտորեցին հայերիՙ սովորականից ավելի շատ մարդկանց...» : Ամերիկացի գրող Ջոն Չիվերի (1912-1982) «Ես գնում եմ Ասիա» պատմվածքի հերոսուհիներից մեկն ասում է «Համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայաստանում սատանան գիտի, թե ինչ էր կատարվում, մենք նրան հրավիրել էինք Երախտագիտության օրվա տոնին: Ճաշի ժամանակ մի րոպե ինձ թվաց, թե նա հնդկահավը հորդ գլխովը կտա: «Հնդկահավ, ասաց նա, դուք հնդկահավ եք ուտում, իսկ հայերն այնտեղ սովամահ են լինում»: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշատակումները որպես պատմական իրողություններ հանդես են եկել բոլորովին անսպասելի մի ժանրումՙ երեւակայական վեպում. խոսքը շվեդ գրող Սեմ Լունդվալի (ծն. 1941) երկու ստեղծագործության մասին է: Նրա «Վասյա Ամբարցուրյան. զբոսանք լաբիրինթոսում» վեպի (1990) գլխավոր հերոսուհին անդրկովկասյան Չիր հայկական անկլավում ծնված Վասյան է: Հեղինակը, պատմելով նրա մանկության մասին, նշել է. «Երբ Վասյան 14 տարեկան էր, 300 հազար հայ սպանվեց թուրքական ջոկատների կողմից քրդական հրոսակախմբերի օգնությամբ: Կոտորածները շարունակվեցին, մինչեւ որ Թուրքիան իրագործեց հայկական հարցի իր վերջնական որոշումըՙ բոլոր հայերին սպանելով իրենց երկրի մի մասում: Այդ ժամանակ Վասյան վաղուց թողել էր իր դժբախտ հայրենիքը: ...Չիրը գտնվում էր մի կետում, որտեղ միանում էին ռուսական նահանգներ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Այստեղ կոտորածներ չեն եղել, գոնե առայժմ: Մահմեդական ադրբեջանցիները, որ կիսով չափ թուրքեր էին եւ հետեւաբարՙ կիսով չափ գազաններ, հնարավորության դեպքում մշտապես խաբել ենՙ հարձակվելու համար հայկական անկլավի վրա»: Այս վեպի հերոսուհու ծոռան կերպարը Լունդվալն արդեն կերտել էր իր նախորդՙ «Նախաճաշ ավերակներում» վեպում (1988), որի երկու գլուխը նվիրված է Հայաստանին: Այս վեպում ամենից զարմանալին այն է, որ շվեդ հեղինակը պատկերել է ապագա միացյալ Հայաստանը, որտեղ ընդգրկված են ներկայիս Թուրքիայի տարածքում հայտնված հայկական հողերը: Ահա մի բնորոշ հատված. «Էրզրումը բավական քաղաքակրթված էր, այնտեղ համալսարան կար, եւ ժողովուրդը խոսում էր հայերեն: Հետո եկավ Անատոլիան եւ իսկական Թուրքիան, որ դեռ մնացել էր միջնադարում: Նենան ազգությամբ հայ է. հայերի համար թուրքերը եւ նրանց հայդուկ քրդերը սատանայից եւ գազանից վատ են: - Ես չգիտեմ ինչ են այնտեղ քո հնարավորությունները,- ասաց Մարիաննան,- բայց հիմա այնտեղ են Հայկական ԽՍՀ-ն եւ Անատոլիական ԽՍՀ-նՙ մինչեւ Բոսֆորը: Կարմիր բանակը 1930-ական թվականներին ազատագրել է ողջ Փոքր Ասիան»: 1960-1970-ական թթ. բրիտանական պոեզիայի կարեւոր դեմքերից մեկիՙ Լի Հարվուդի (ծն. 1939) ժառանգության մեջ կարեւոր տեղ ունի «Երկար սեւ քողը կամ Հայաստանի երազները» չափածո ստեղծագործությունը: Հեղինակը, բանաստեղծական տողերն ընդմիջելով հանդերձ եղեռնի վերաբերյալ պատմական տվյալների շարադրանքով, նշում է, որ իր բանաստեղծությունն առավելապես հայերի եւ իր պատկերացրած Հայաստանի գովերգումն է: Ավելին, այն սիրային բանաստեղծություն է, որտեղ Հարվուդը կյանքի ընկերուհուն ասում է. «Սա կարող էր կատարվել քեզ հետ, իմ սեր, եւ մեր որդու հետ»ՙ այսպիսով շեշտելով հայոց ողբերգության համամարդկային բնույթը եւ կրկին հաստատելով վաղեմի ճշմարտությունը, որ ուրիշի վիշտ չի լինում: Միանշանակ կարելի է ասել, որ հայոց եղեռնի թեմայով լավագույն գրական ստեղծագործություններից է ամերիկյան թատերագիր Ռիչարդ Կալինոսկիի (ծն. 1950) «Գազանը լուսնի վրա» պիեսը (1995), որը թարգմանվել է 17 լեզվով, հաջողությամբ բեմադրվել աշխարհի 35 երկրում: Նշենք, որ հետաքրքրական զուգադիպությամբ (օրինաչափությա՞մբ) Հայոց ցեղասպանությանն առնչվող երեք լավագույն գրական գործերի հեղինակները հրեաներ են. Կալինոսկիից բացի նկատի ունենք նաեւ Ֆրանց Վերֆելին եւ «Հեքիաթ վերջին մտքի մասին» վեպի հեղինակ գերմանական գրող Էդգար Հիլզենրաթին (1926-2018), որի մահվան լուրն անցած տարվա վերջին չշրջանառվեց հայկական ԶԼՄ-ներում: Կանադացի թատերագիր եւ բեմադրիչ Ռոբերթ Ասթլը (ծն. 1955) «Պարոն Զենոբի գլխարկները» թատերախաղով (1998, որի հիման վրա նկարահանել է կարճամետրաժ կինոնկար) ներկայացրել է Եղեռնից մազապուրծ, այնուհետեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կնոջն ու դստերը կորցրած Վահան Փոլադյանի (1902-1982) ճակատագիրը: Այդուամենայնիվ, պիեսը ոչ այնքան ողբերգության, որքան մարդկային ստեղծագործ մտքի զորության մասին է: 21-րդ դարում եւս հայոց ցեղասպանության, վերապրողների եւ հիշողության թեման շարունակում է հուզել տարբեր ազգությունների հեղինակների: Բրիտանական ճանաչված գրող Լուի դը Բերնիերը (ծն. 1954) Թուրքիայի կյանքը պատկերող «Թեւեր չունեցող թռչուններ» վեպում չէր կարող թեկուզ թռուցիկ չանդրադառնալ հայոց կոտորածներին: Դարձյալ սիրված եւ «գործող» հնարք է կին հերոսի միջոցով պատմության անդրադարձը. կանադուհի գրող Լինդա Գանն իր «Սոսի» վեպում (2005) ներկայացրել է ոչ միայն խառնամուսնության զավակի հոգեբանական ապրումները ազգային եւ մշակութային հողի վրա (հերոսուհին կես հայ, կես թուրք է), այլեւՙ համակողմանիորեն պատկերել պատերազմի, ցեղասպանության, գաղթի ողջ դաժանությունը եւ դրանց ազդեցությունը հետագա սերունդների վրա: Հրեական ծագումով ամերիկյան գրող Էդուարդ Սենթ-Իվանի «Սեւ ասպետի աստվածը. սարսափի անթոլոգիա» ժողովածուում (2006) կա Հայոց ցեղասպանության վերապրողի հորինովի մի կերպար: Այսպիսով, ցեղասպանության թեման մուտք է գործել նաեւ սարսափ գրականության ժանր: Շատ ավելի նախընտրելի է կանադուհի գրող Մարշա Ֆորչուք Սկրիպուչի (ծն. 1954) ընտրությունը, որը հայոց ողբերգության թեման դարձրել է մանկական գրականության թեմա: Նրա «Արամի ընտրությունը» գրքի (2006) իրադարձությունները կատարվում են 1920-1922 թթ., երբ հոգատար անհատներ Կանադայում հնարավորություն են ընձեռում Հունաստանի որբանոցներից 110 անապաստան տղաների տեղափոխելու Կանադա եւ բնակեցնելու Ջորջթաուն քաղաքում: Այդ որբերը, պատմությանը հայտնի որպես «Ջորջթաունի տղաներ», ուսում են ստացել, մեծացել եւ դարձել հասարակությանը պիտանի քաղաքացիներ: Իսպանիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչել տալու գործում որոշակի դեր են խաղացել Գոնսալո Գուարչի ՙ 2008 թվականին հրատարակած երկու վեպերըՙ «Հայոց կտակը» եւ «Հայկական տոհմածառը» : Այս ստեղծագործությունները հայերեն եւ ռուսերեն թարգմանությունների շնորհիվ որոշակի ճանաչում ունեն հայ ընթերցողի մոտ: Երկու վեպերի գործողություններն էլ կատարվում են 1915-1916 թթ.: Ներկայացված հանգամանքները, դրվագները, վայրերը եւ փաստերը ճշմարտացիորեն արտացոլում են ցեղասպանության պատմությունը եւ դարաշրջանը, թեեւ հերոսները հորինված են: 21-րդ դարում սույն թեմայի զարգացման մի նոր աստիճան է նշանավորում մի շարք թուրք գրողների երկերում հայոց հանդեպ իրենց նախնիների կատարածի վերաբերյալ երբեմն հպանցիկ, երբեմնՙ ուղղակի հիշատակումները: Սույն թեմայով կատարված հետազոտությունների մեջ թուրքական այսօրվա գրականության հանրահայտ անունների կողքին ( Օրհան Փամուք , Էլիֆ Շաֆաք ) մոռացվում է հիշատակել ազգությամբ քուրդ արձակագիր Սերդարին (ծն. 1961), որն առաջինը թուրք արդի գրականության մեջ հանդես եկավ հայոց ցեղասպանությանը նվիրված առանձին հատորով: Եղեռնապուրծ հայուհի տատից լսած պատմությունները Սերդարն ամփոփել է «Տատիկիս հեքիաթները» գրքում (1991), որն ընդգրկում է հայկական թեմայով 13 պատմվածք եւ նվիրված է «հայ զոհերի հիշատակին»: Վերջին տասնամյակում ասպարեզ իջած գեղարվեստական գրականության նմուշներից նշենք հետեւյալները: 2001-ին գերմանացի գրող Յոխեն Մարգելսենը (ծն. 1942) հրատարակեց «Օֆելյայի երկար ճանապարհորդությունը դեպի Բեռլին» վեպըՙ հիմնված իր հայ կնոջ նախնիների եղեռնյան փորձառության վրա: Հունգարական ծագումով գերմանական գրող եւ երաժիշտ Մարթին ֆոն Արնդթը (ծն. 1968) «Նեմեսիսի օրերը» վեպով (2014) հայերի ցեղասպանության մասին պատմել է քաղաքական թրիլերի ժանրով: 2011-ին Բի Բի Սի 4 ռադիոկայանը հեռարձակել է ավստրալացի հանրածանոթ թատերագիր Լուիս Նովրայի (ծն. 1950) «Խավարի լույսը» թատերախաղը, որը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի տարիներին Խարբերդի ամերիկյան հյուպատոս, Եղեռնի ականատես Լեսլի Դեյվիսի կյանքը եւ գործունեությունը եւ Խարբերդի պատմությունը: Ցեղասպանության 100-ամյակի առթիվ ասպարեզ իջան նոր գրական գործեր, որոնցից հիշենք հետեւյալները: Անգլուհի Իվ Մաքիսի «Ուրցե նամակները» վեպում դարձյալ Հայոց ցեղասպանությունը ներկայացված է իբրեւ նոր սերնդի հայտնագործություն: Հերոսուհինՙ Կատերինան, իր Մարիամ տատիկի մահից հետո ժառանգում է նրա համեմունքների փայտե տուփը, որ պարունակում է հայերեն գրված նամակներ եւ օրագրեր: Ծանոթանալով դրանց ողբերգական բովանդակությանըՙ Կատերինան ճամփորդում է Կիպրոս եւ այլ վայրերՙ փորձելով գնել տատիկի կենսագրության պակասող մասերը... 2014-ին լույս է տեսել իռլանդուհի գրող Մարթինա Մեդենի «Անուշ. ճակատագրով նախասահմանված» վեպըՙ զինվորական հոսպիտալում աշխատող հայուհու եւ նրան փրկած թուրք սպայի սիրավեպի մասին: Հայկական թեմային անդրադարձել է նաեւ շվեյցարացի գրող, մի շարք մանկապատանեկան վեպերի հեղինակ Ռոլան Գոդելը (ծն. 1958)ՙ կես հայազգի բանաստեղծ Վահե Գոդելի որդին: 2015-ին ֆրանսիական «Գալիմար» հրատարակչության պատանեկան բաժինը հրատարակել է Ռոլան Գոդելի «Անուշի աչքերի մեջ. Հայաստան-1915» վեպը, որն արժանացել է 2015 թվականի «Գուլի» մրցանակինՙ վեպի համար: Մեր հաղորդումն ավարտենք 2010-ականների սկզբին ամերիկյան գրականության մեջ ասպարեզ իջած եւ բավական տարածում գտած մի վեպով: Բոսթոն Թերան ծածկանունով հանդես եկող մի ամերիկացի հեղինակ, որի ինքնությունն անհայտ է, ի թիվս իր տաս վեպի, ունի նաեւ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի ստեղծագործություն: 2011-ին լույս է տեսել նրա «Վշտի այգիները» վեպը: Քննադատությունն այն համարել է ոչ միայն ուժգին եւ հուզիչ գրական երկ, այլեւ Հայոց ցեղասպանության հզոր դատապարտում: Վեպը համեմատել են Էմիլ Զոլայիՙ 1898-ին ի պաշտպանություն Դրեյֆուսի գրած «Ես դատապարտում եմ» բաց նամակի, Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վեպի եւ Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործությունների հետ: Անշուշտ, հայերիս համար նախընտրելի կլինի, եթե մի օր պարզվի, որ Բոսթոն Թերան անվան տակ քողարկված հեղինակը հայազգի չէ... Ինչպես տեսանք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գեղարվեստական երկեր ստեղծած գրականության աշխարհագրությունը բավական լայն է: Այն ընդգրկում է գրական բոլոր տեսակներըՙ բանաստեղծություն, արձակ, թատերգություն եւ գրեթե բոլոր ժանրերըՙ պատմական, հոգեբանական, արկածային, երեւակայական, սարսափ, մանկական` ապահովելով խնդրի վերաբերյալ իրազեկությունը ամենատարբեր ընթերցող շրջանակներում: Վկայակոչելով օտարազգի հեղինակներիՙ մեր գրական շրջանակներին քիչ ծանոթ կամ անհայտ մնացած այս ստեղծագործությունները (փույթ չէ, թե տարասեռ գրական արժանիքներով)ՙ սույն հաղորդմամբ մեր գրականագետների եւ թարգմանիչների ուշադրությունը հրավիրում ենք նաեւ այդ երկերի վրա: |