RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 19-04-2019



ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-04-19 12:35:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 511, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸՙ ԿՌՎԻ ԴԱՇՏ

Նաիր ՅԱՆ

Սերն ու հանդուրժողականությունը սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից հետո փնտրված ու դեֆիցիտ արժեքներ են դարձել. աղմուկը, վեճ ու կռիվները սովորական երեւույթ են անգամ մտքի, գիտության, արվեստների տաճարներում: Հիմա էլ Մատենադարանում է կռիվ ընկել: Ինտրիգների, շահերի բախման դեպքերի, անառողջ մրցակցությունների պակաս երբեք էլ այստեղ չի եղել, բայց դրանք մինչ այժմ արտաքին աշխարհին չեն ցուցադրվել, չեն հանրայնացվել: Հիմա տգեղ ու տհաճ բացահայտումները կատարվում են բացեիբաց ու ի լուր աշխարհի:

2016 թվականին Մատենադարանում ստեղծվել էր միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման խումբ, որը ղեկավարում էր 5-րդ դարի մասնագետ համարվող Արծրունի Սահակյանը: 2 տարվա ընթացքում 4 հոգանոց գիտական խումբը 3 գիրք է հրատարակելՙ պետությունից հավելյալ ստանալով տարեկան 2 միլիոն դրամ: Այս տարի միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խումբը փակվել է: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը խնդիրը ներկայացրել է գիտխորհրդին, այնուհետեւ հոգաբարձուների խորհրդին ու գիտական աննպատակահարմարությունից ելնելովՙ խումբը լուծարվել է: Լուծարվել է մեկ այլ խումբ եւս, սակայնՙ անձայն, անաղմուկ: Իսկ Արծրունի Սահակյանն իր ղեկավարած խմբի լուծարումը չի ներում: Չի ներում ու հայտարարում էՙ իրեն հրապարակավ զրպարտելու, բանսարկու, ստախոս անվանելու համար Վահան տեր-Ղեւոնդյանին դատի է տալու: Նա Վահան Տեր-Ղեւոնդյանի այդ քայլը համարում է իր նկատմամբ անձնական հաշվեհարդար, որի պատճառը Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ իր գրած բացասական գրախոսականն է: Մատենադարանի տնօրենի պաշտոնում նշանակվելուց առաջ Վահան Տեր-Ղեւոնդյանը Կիլիկյան Հայաստանի եւ արաբական երկրների փոխհարաբերությունների թեմայով 2017 թվականին դոկտորական ատենախոսություն է գրել: «Ատենախոսության առաջին երկու պաշտպանությունները մերժվեցին, իսկ երրորդը մի կերպ հաստատեցին: Ներկա էր նաեւ Վիգեն Սարգսյանը, որն ամեն ինչ արեց, որ Տեր-Ղեւոնդյանը դոկտորի կոչում ստանա ու նշանակվի Մատենադարանի տնօրեն: Նրանք իմ գրած բացասական գրախոսականը հաշվի չառան: Տեր-Ղեւոնդյանն իր թեկնածուական ատենախոսության վրա մի քիչ աշխատել, ընդարձակել էր ու նույն թեման դարձրել դոկտորականի նյութ: Բայց այն հապճեպ գրված, կցած-կցմցած աշխատանք էր»,-պատմում է Արծրունի Սահակյանը :

Վահան Դեր-Ղեւոնդյանն էլ իր հերթին է պատմում, որ 8-9 մասնագետներ դրական կարծիք են հայտնել իր ատենախոսության մասին, որոնց համեմատությամբ Արծրունի Սահակյանի գրախոսականը ոչ մի դեր չի խաղացել: Ավելինՙ նիստի ժամանակ կարգ ու կանոնը խախտելովՙ Սահակյանն ինքն է վեր կացել ու բացահայտել, որ գաղտնի գրախոսականի հեղինակն ինքն է, մինչդեռ գաղտնիության սկզբունքը պետք է պահպանվեր: Արծրունի Սահակյանի ասելովՙ Տեր-Ղեւոնդյանն իր ղեկավարած գիտական խումբը փակելովՙ քննադատական գրախոսականի վրեժն է հանում: Նաեւ իբր Տեր -Ղեւոնդյանն ասել է, թե ինքը Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա ճնշումներ գործադրելով է գիտական խումբն ստեղծելՙ օգտվելով Սերժ Սարգսյանի եղբորՙ Լեւոն Սարգսյանի հովանավորությունից: «Եթե Լեւոն Սարգսյանի հովանավորությունից օգտվող լինեի, ոչ թե գիտական խումբ կբացեի, այլ դեռ 2 տարի առաջ այնպես կանեի, որ ինձ նշանակեին Մատենադարանի տնօրեն, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանին»,- մեկնաբանում է Արծրունի Սահակյանը, ակնհայտորեն գերագնահատելով իր գիտական կարողությունները:

Այն, որ Սահակյանն իրեն պատրաստվում է դատի տալ, Տեր-Ղեւոնդյանը հանգիստ է վերաբերվում: «Թող դատի տա, ես էլ նրան եմ դատի տալու, որովհետեւ երկու տարի շարունակ տարբեր թերթերում զրպարտող հոդվածներ է գրում իմ դոկտորական ատենախոսության մասին: Սեւացնում ու պախարակում է»,- փաստորեն, ձեռքերը ծալած չի նստելու Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Ինչ վերաբերում է գիտական տեսակետից ոչ նպատակահարմար խմբերի փակվելուն, ապա դրանց անդամները գործազուրկ չեն մնա, չեն տուժի: Բոլորն էլ Մատենադարանի աշխատակիցներ են, կշարունակեն աշխատել իրենց թեմաների շուրջը:

Անառողջ, ցավալի այս միջադեպերի, դատական քաշքշուկների մասին Մատենադարանի այցելուները չեն էլ իմանա... բարեբախտաբար: Բայց Արծրունի Սահակյանի ջանքերով առավելաբար Մատենադարանից դուրս հանվեց ու արեւին փռվեց կեղտոտ լվացքը: Մեր մատենագրության տաճարի նկատմամբ հանրության պատկառանքն արդյո՞ք այսուհետեւ նույնը կմնա: Մեր մտքի կաճառում աշխատողները, թվում է, պետք է գիտական, ստեղծագործական ուսումնասիրություններով զբաղված լինեն, այնինչ անձնական վիրավորանքների դաշտում մեկը մյուսին ոչնչով չեն զիջում: Մի պահ պատկերացնենք. ընթանում են Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի դատերը, մեկ այլ ատյանում քննվում է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրենի ու աշխատակցի դատական գործը: Մտավորականի վեհանձն կերպարի, գիտության մշակի մասին մեր պատկերացումներն այսուհետեւ ինչո՞վ, ումո՞վ եւ ինչպե՞ս սնենք: Եվ ինչո՞վ է ավարտվելու դատավարությունը: Փաստաբանը, քննիչը, դատավորը Մեսրոպ Մաշտոցի կամ մատենադարանի անունները նո՞ւյն անտարբերությամբ են հնչեցնելու, ինչպես մարտի 1, զինվորի տուշոնկա, հոկտեմբերի 27 արտահայտությունները: Ամեն բառ ու արտահայտություն անտարբերությամբ հնչեցնելը նրանց մասնագիտական բնորոշումն է: Ցավալին այն է, որ նույն անտարբերությամբ Մեսրոպ Մաշտոց, մատենադարան, մագաղաթյա մատյան անուններն ու արտահայտությնները հնչում են Մատենադարանի հետ ուղիղ կապ ունեցողների շրջանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ