RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 997, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՏԵՓԱՆ, ԴՈՒ ԵՐԿՈՒ ՍԻՐՏ ՈՒՆԵՍ»

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Ստեփան Շաքարյանի հիշատակին

Օրերս կյանքից հեռացավ մեր ժամանակների սիրված կոմպոզիտոր, հրաշալի ջազմեն, ազգային կոմպոզիտորական եւ ջազային դպրոցի վառ ներկայացուցիչ, հնչյունի անկրկնելի Վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը :

Ծնվել է Բաքվում: 1952 թ. տեղափոխվել է Երեւան: 1954 թ. ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թ. Արամ Խաչատրյանի խորհրդով եւ հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո` Լենինգրադի կոնսերվատորիա: 1964 թ. ավարտել է ուսումը եւ վերադարձել Երեւան: 1960-ականներին Երեւանի Մշակույթի պալատին կից ստեղծել է առաջին «Պատանեկություն» խումբը: Եղել է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: 1965 թ. երեւանյան ջազային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Նրա ստեղծագործությունները կատարել է Հայաստանի պետական ջազային, Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը, մի շարք այլ խմբեր: Մշակել է հայկական ժողովրդական երգեր, որոնց տվել է ջազային շունչ: «Բինգյոլից մինչեւ Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ: Նրա սիմֆոնիաները եւ կոնցերտները կատարել են հայ եւ այլազգի բազմաթիվ կատարողներ: Հեղինակել է Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1964թ.), «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968թ.), «Նախանձ» (1966թ.), «Աղավնավանք» (1996թ.) բալետները, Սյուիտՙ կամերային նվագախմբի համար (1985թ.), «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965թ.), «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993թ.), Սիմֆոնիկ նախերգանք (1995թ.): Հեղինակել է նաեւ մի շարք մուլտֆիլմերի երաժշտություններՙ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը» եւ այլն: Համագործակցել է հայտնի ռեժիսորներիՙ Սերգեյ Փարաջանովի, Արման Մանարյանի հետ, գրել նաեւ երաժշտություն «Մորգանի խնամին», «Սպիտակ ափեր», «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի համար:

1992-ից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1998թ-իցՙ պրոֆեսոր): 2009թ. թողարկվել է նրա «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման եւ պարգեւատրվել ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.ՙ Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով:

Մանկության տարիներին շատ է տպավորվել ջազային երաժշտությամբ, որ հնչում էր մանկապարտեզի մոտ գտնվող այգում, եւ սկսել է փնտրել ի՛ր հնչյունը, ի՛ր մոտեցումը ջազի մեջ: Իր խոսքովՙ հայ ժողովրդական երաժշտությունը շատ համահունչ է ջազին եւ անպայման պետք է շարունակություն եւ զարգացում ունենա:

Ստեղծագործական մկրտությունը ստանալով մեծանուն Արամ Խաչատրյանից, ուսանելով նրա մոտ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում, այնուհետեւ ուսումը շարունակելով Լենինգրադի կոնսերվատորիայում, ունենալով սերտ շփումներ 20-րդ դարի հանրահայտ եւ մեծանուն երաժիշտների հետՙ կոմպոզիտորը, խոսելով իր անցած ուղու մասին, ամենից շատ կարեւորում էր ինքնակրթության, ինքնազարգացման առկայությունը երաժշտի կյանքում:

Ինչպես ինքն էր պատմում, Արամ Խաչատրյանը, մի անգամ պատահաբար լսելով Շաքարյանի ջազային կոմպոզիցիաներն, ասել է. «Դու երկու սիրտ ունես, մեկըՙ նորմալ, մյուսըՙ ջազային»:

Իր ամենակարեւոր, սիմվոլիկ ուսուցիչն էր համարում Բեթհովենին, որի երաժշտությունն իր համար մի տեսակ երաժշտական կրեդո էր դարձել, որի մեջ առկա ուղերձները վաղուց դարձել են կոմպոզիտորի համար համոզմունք եւ հավատք:

Հայ երաժշտության մեջ իր մագնիսական դաշտն աշխատում էր դեպի Կոմիտասը, իր հավատը նաեւ մեր ազգային երաժշտությունն էր:

Իր հեղինակած սիմֆոնիաները եւ սիմֆոնիկ պոեմները քիչ են կատարվում, եւ կոմպոզիտորը մի առիթով հույս է հայտնել, որ դրանք կսկսեն ավելի հաճախ կատարվել, եւ ընդհանրապես, նա ցանկանում էր, որ հայ երաժշտությունը շատ պրոպագանդվի, կանգնի եվրոպական երաժշտության հետ կողք-կողքի եւ արժեւորվի համաշխարհային երաժշտական գանձարանում:

Իրեն համարում էր ավելի շատ գործիքային կոմպոզիտորՙ համարելով, որ գործիքային երաժշտությունը մի մեծ աշխարհ է, օվկիանոս, որտեղ ստեղծագործողն իրեն ավելի ազատ է զգում:

Նրա երաժշտությունը կարողանում է շոյել մարդկային հոգու ամենաթաքուն ապրումները, հանդարտեցնել կամ ոգեշնչել, պարգեւել ուրախության եւ ջերմության զգացումներ:

Հավերժ հիշատա՛կ քեզ, Վարպետ, դու միշտ կապրես մեր սրտերում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ