ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՑՈՒՄՙ ԹԱԻԼԱՆԴՈՒՄ Ա. Բ. Հուլիսի 11-17-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացավ Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի միջազգային գիտաժողովը: Աշխարհի ավելի քան 180 երկիր ընդգրկող այս խորհուրդը երաժշտագիտության եւ պարագիտության ոլորտում գործող խոշորագույն կառույցներից է, որի կազմում գործում են բազմաթիվ հետազոտական խմբեր: Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ տեղի է ունենում համաշխարհային գիտաժողով, որին մասնակցում են հազարավոր մասնագետներ: Այս տարվա գիտաժողովը 45-րդն էր եւ առաջին անգամ անցկացվում էր Թաիլանդում, որին հյուրընկալող կողմը իրադարձությանը պատրաստվել էր մեծագույն պատասխանատվությամբ: Հաջորդ գիտաժողովը նախատեսված է անցկացնել 2021-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Հուլիսի 13-ին գիտաժողովի շրջանակներում «Կայթ» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանից հրավիրված «Կարին» ավանդական երգի-պարի համույթի պարող Կորիուն Դավթյանն անցկացրեց «Հայկական ֆոլկլորային պար» թեմայով աշխատանոցը, որի ընթացքում մասնակիցները սովորեցին Կարնո քոչարի, հարսանեկան «Շավալի» եւ աշխատանքային «Վանա ձկնորս» պարերը (վերջինսՙ պարերգային տարբերակով): Նախատեսված ծրագրից դուրս, մասնակիցների ցանկությամբ աշխատանոցում ընդգրկվեց եւս մեկ պարերգրային նմուշՙ գյովնդ պարըՙ Հայրիկ Մուրադյանի միջոցով փոխանցված «Մեր տան իդեւ» երգի ուղեկցությամբ: Մասնակիցների բազմազգ հանրությունը պարերը յուրացրեց հեշտությամբ, անգամ հայերեն տեքստերը խոչընդոտ չհանդիսացան: Միջազգային գիտաժողովին «Կայթ» կրթամշակութային կենտրոնի եւ Կորիուն Դավթյանի մասնակցությանը աջակցել էր Կյուլպենկյան հիմնարկությունը: |