ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՑԱՐԱՆ ԹԱԼԻՆՈՒՄ Ա. Բ. Հուլիսի 15-25 Արագածոտնի մարզի Թալին քաղաքում անցկացվեց «Eco Art AIR» ժամանակակից արվեստի կացարանը, որի շրջանակներում ութ արվեստագետ 10 օր շարունակ ապրեցին ու ստեղծագործեցին Թալինումՙ թափոններն ու անտեսված նյութերը ձեւափոխելով ժամանակակից արվեստի առարկաների: Նախագծերն իրագործելիս նրանց համար որպես նյութ ծառայեց շրջակա միջավայրը վնասող նյութերի վերափոխման ձեւերի ուսումնասիրությունն ու դրանց միջոցով արվեստային օբյեկտներում էկո համակարգի խնդիրների արտացոլման խնդրականացումը: Արդյունքները ցուցադրվեցին Թալինի մշակույթի տանն ու հարակից զբոսայգում: Մասնակից արվեստագետներն էին Հասմիկ Ավետիսյանը, Սիրանուշ Աղաջանյանը, Ռուզան Պետրոսյանը, Հովնան Քարտաշյանը, Էդգար Ամրոյանը, Արաքս Սահակյանը, Մարգարիտա Ղազարյանը (Հայաստան) եւ Ռամոն Ռիկո Կարպենան (Իսպանիա): Ծրագիրը կազմակերպել էր «Այսօր Արթ Նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը (ղեկավարՙ Լիլիթ Ստեփանյան), իսկ ծրագրի հովանավորն է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը: |