ՄԻՇԵԼ ՀԱԼԼԵ ԷԳԱՅԱՆ. «ԻՄ ՊԱՐԵՐԻ ՌԻԹՄԸ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՌԻԹՄՆ Է...» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հուլիսի 24-ին Երեւանի բալետի երկրպագուները բացառիկ հնարավորություն ունեցան վայելելու Ֆրանսիայի լավագույն ժամանակակից բալետային խմբերից մեկի ներկայացումը: Խումբը կրում է հիմնադիր տնօրեն Միշել Հալլե Էգայանի անունը: Վեց պարող ներկայացրին «Ուռռա՛» վերնագրով ներկայացումը: Դրանից առաջ այն ներկայացվել էր նաեւ բալետային մշակույթից հիմնովին զուրկ Սեւանում եւ Գավառում... Միշել Հալլե Էգայանը ծնվել է 1946-ին Լիոնում, հայ մոր եւ ֆրանսիացի հոր ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ֆրանսիայում, աշխատել Կլոդ Դեկայոյի մոտ: 1973-ին մեկնել է Նյու Յորք, աշակերտել Մարգրեթ Քրասքեին եւ Մըրս Քանինգհեմին: 1975-ին այնտեղ ցուցադրել է իր առաջին պարային բեմադրությունըՙ «Պրեմիերըմանը»: 1977-ին Լիոնում հիմնել է «Միշել Հալլե Էգայան» պարախումբը եւ դպրոցը, որ զարգանալովՙ դարձել է «Արդիական պարի պատրաստության կենտրոն»: Հետագայում նա համահիմնադրել է Լիոնի «Պարի տուն» ընկերությունը: Հալլե Էգայանը կատարել է հարյուրի մոտ բեմադրություններՙ Բախի, Վիվալդիի, Ֆուռիոզոյի եւ այլոց երաժշտութամբ, որոնցից են «Փոքրիկ իշխանը» (1985, համարվել է «անիրական պար իրական աշխարհում»), «Քարաստանի երգը»ՙ հայ երաժշտության հիմամբ (ներկայացվել է 1993-ին, Ավինյոնի փառատոնում), «Ավազների ճանապարհը» (2001), «Սպասում ուրիշի համար» (2002), «Which Side Story?» (2005) եւ այլն... Մեղմ, ներդաշնակ նկարագրի տեր այս խիստ զգացմունքային արվեստագետի հետ մեր զրույցը ներկայացնում եմ գրեթե առանց միջամտությունների... - Միշել, դու քո խմբով Հայաստանում էիր 23 տարի առաջ... - Այո, մենք այստեղ էինք, ինչպես հիշում ես, 1996-ի գարնանը, մեր «Գովերգ Կանդինսկուն» բեմադրությամբ: Մեզ համար չափազանց տպավորիչ էր ներկայանալ ա՛յդ օպերայում, ա՛յդ ժամանակ, ա՛յդ ներկայացմամբ: Հայաստանում չեղանք մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերը, երբ Գրենոբլի եւ Լիոնի քաղաքապետարանները մեզ հատուկ առաքելությամբ ուղարկեցին Գեղարքունիքի մարզՙ երեխաների համար սեմինարներով հանդես գալու Գավառում եւ Սեւանում: Ներկա ուղեւորությունը նույնպես կազմակերպել էին մշակույթի մեջ ներգրավված ֆրանսիացի քաղաքական գործիչները, հատկապես Գրենոբլի քաղաքապետարանի արվեստի բաժինը: Նրանք ինձ հետ կապվեցին Սենտ-Անտուան աբբայարանի թանգարանի միջոցով, որը ղեկավարում է Ժերալդին Մոսլինըՙ մի ակնառու գիտնական, որը սիրահարվել էր մեր պարախմբի աշխատանքին: Նա չափազանց տպավորված էր Հայաստանի մասին իմ «Քարաստանի երգը» բեմադրությամբ, որը մենք ներկայացրել էինք աբբայարանում: Ժերալդինը ցանկացավ, որ մի նոր բան բեմադրեմ, արդյունքում ծնվեց «Ուռռա՛ն»: Եվ այսպես, հիմա մենք Հայաստանում ենքՙ կապվելու նրա արվեստին, գուցեեւՙ սրտին: - Եվ Տիգրան Համասյանի երաժշտությունն ամենից հարմա՞րն էր այս ներկայացման համար... - Ես պարզապես սիրահարվա՛ծ եմ նրա երաժշտությունը. նա երաժշտական հանճար է: Երբ ես առաջին անգամ լսեցի Տիգրանի երաժշտությունը, նա ընդամենը 29 տարեկան էր, եւ փոքր-ինչ մտահոգվեցի. «Նա դեռ այնքան երիտասարդ է եւ ո՞ւր է գնում արդյոք: Եթե շատ բարձրանա, նրա երաժշտությունը կարող է վտանգվել...»: Նա եկավ Լիոնի իմ ստուդիան եւ տվեց իր համաձայնությունըՙ իր երաժշտությամբ ներկայացում բեմադրելու: Ափսոս, որ Տիգրանն այստեղ չէ, բայց կարծում եմ, որ նա իր կնոջՙ Էլենի հետ, շատ երջանիկ է Լոս Անջելեսում ու շարունակում է ստեղծել գեղեցիկ երաժշտություն ու շատ այլ գեղեցիկ գործեր... - Վերադառնալով «Կանդինսկուն»ՙ որոշ նմանություններ տեսա դրա եւ «Ուռռայի» միջեւ: Մասնավորապես, երկու ներկայացումներում էլ որոշ հատվածներում պարում են լռության մեջ... - Ես սիրում եմ դա անել, բայց գիտես, որ դա նորություն չէ: Այսեդորա Դունկանը, Մարթա Գրեհեմը, Դորիս Համֆրին, Մըրս Քանինգհեմը արել են դա: Իմ ներկայացրած բոլոր գործերն ինձ համար եղել են սոսկ ուրախության աղբյուր, քանի որ ձեռք բերածդ պարի ռիթմը բացարձակապես անմիջական ու հիանալի է: - Ինձ համար «Կանդինսկու» լավագույն հատվածը եզրափակիչ մասն էրՙ պարողների ռիթմիկ առկայծուն շարժումները լույս ու ստվերի մեջ... - Լսի՛ր, լսի՛ր, լսի՛ր... դու հիանալի հիշողություն ունես: Դա Մորիս Ռավելի երաժշտությունն էրՙ «Քադիշի սգո երգը» կամ «Երկու եբրայական մեղեդիները»: Ուրախ եմ, որ հիշում ես ներկայացման ֆինալը, քանի որ դա նշանակում է, որ (հուսով եմ) պարը փոքր-ինչ երաժշտության մակարդակի էր: - «Ուռռայի» եզրափակիչը նույնպես շատ տպավորիչ էր, քանի որ միանգամայն անսպասելի էր: Ընդհանրապես, ժամանակակից պարային բեմադրություններում, որոնցում չկա դրամատուրգիա, կարծում եմ, միշտ էլ դժվար է ճիշտ պահին ավարտը գտնելը: Ձեր բեմադրած մոտ 100 ներկայացումներում ինչպե՞ս եք լուծում բեմադրությունը ճիշտ ժամանակին ավարտելու հարցը: - Դու խոսում ես թատերական, գրական կամ փիլիսոփայական դրամատուրգիայի մասին, բայց ինձ համար պարի դրամատուրգիան կարող է լինել նաեւ հոգու ներսում: Դրամատուրգիան այն անհրաժեշտությունն է, որի կարիքն ունի հոգին: Բայց արվեստում մենք ստիպված ենք շատ անգամ ձախողվել, ես այնքան հաճախ հաջողության չեմ հասել, այնքան շատ եմ տխրել, ուստի փորձել եմ ամեն գնով գտնել ճիշտ մոտեցումը, ճիշտ լուծումը: Հաճախ այն, ինչ դու գտնում ես, ճիշտը չէ, բայց հուսով եմ, որ թե՛ «Կանդինսկիի», թե՛ «Ուռռայի» եզրափակիչ մասերը գտնված են: - Երկու դեպքում էլ միանգամայն գտնված են... Դուք միշտ ասում եք, որ պարը մտածողության մի երեսակն է: Յուրաքանչյուր պարադիր մտածողության իր երեսակն ունի: Ո՞րն է ձե՛զ բնորոշ երեսակը: - Ես կարծում էի, որ դու լավ տղա ես, բայց սխալվում եմ, դու ինձ դժվար հարցեր ես տալիս, որոնց չեմ կարող պատասխանել (ծիծաղում ենք): Ճիշտ պահին ճիշտ բանից է կախված այն, թե տվյալ ժամանակ ինչպիսին է մեր կյանքը: Մենք չենք կարող ճշգրիտ սահմանում տալ, քանի որ դա ոչ թե մտային, այլ հոգեկան գործընթաց է: Հոգեկանն այն կետն է, երբ քո շունչն ընդառաջ է գնում Աստծո շնչին: Կյանքում դա տեղի է ունենում մեկ կամ երկու անգամ, եւ երբ դա լինում է, մեր կյանքը դառնում է գեղեցիկ: - Հրաշալի պատասխան է: Իսկ հիմա, խնդրեմ, պատմեք ձեր կրած ազդեցությունների եւ ներշնչումների մասին: - Գիտես, հենց այս պահին ես ազդեցություն եմ կրում քեզնից, քանի որ շատ ուրախ եմ Երեւանում հանդիպել նման մեկի, որը բարի է եւ ունի այնքան խոր ու լուրջ հայացք... - Միշե՛լ, խնդրում եմ, ես հո իմ մասի՞ն չեմ գրելու... - Իրականում ինչի մասին էլ որ մարդ գրում է, գրում է նաեւ ի՛ր մասին: Լուի Արագոնի հիանալի գիրքը Անրի Մատիսի մասին ոչ միայն Մատիսի, այլեւ հենց իրՙ Արագոնի մասին է... - Լավ, բայց ի՞նչ կասեք ձեր ոգեշնչումների մասին որպես պարադիր: Դուք ուսանել եք Միացյալ Նահանգներում, եւ ձեր այս վերջին բեմադրության որոշ մասերում կարելի էր տեսնել Ջորջ Բալանչինի սկզբունքների կիրառումըՙ երաժշտության պատկերազարդումը պարային շարժումներով... - Շա՛տ խելացի է, շա՛տ խելացի է, շա՛տ խելացի է: Այս տղան խելացի է... Գիտե՞ս, իմ ուսուցիչ Մըրս Քանինգհեմը շատ էր սիրում Բալանչինի գործերը: Հաճախ էր զրուցում հետս, երբեմնՙ ֆրանսերեն, ասում էր, որ միշտ գնում է դիտելու Բալանչինի նոր բեմադրությունները: Դա շատ տպավորիչ է, քանի որ Բալանչինը շատ խիստ էր վերաբերվում երաժշտության հետ պարի կապին, մինչդեռ Մըրսի պարադրությունը բացարձակապես անկախ էր երաժշտությունից: Բայց այն արվեստագետը, որը ստեղծում էր մաքուր «անկախություն» պարի եւ երաժշտության միջեւ, սիրում էր այն մյուս արվեստագետին, որն ամենից խելամտորեն էր իրականացնում պարի եւ երաժշտության փոխառնչությունները: Սա նշանակում է մի շատ կարեւոր բան. մենք պարզապես սիրում ենք միմյանց: Արվեստում չկա «սա կա՛մ սա», կա «սա ե՛ւ սա»: Ֆրանսիայում միշտ էլ եղել է նոր ոճ ձեւավորելու այս միտումը: Ինձ դուր չի գալիս, երբ ասում ենՙ «այսինչ բանը հնացած է» ու նման բաներ: Ստեղծագործությունը պարզապես լավն է կամ լավը չէ: - Ժամանակակից ֆրանսիացի պարադիրներից ոմանք սկսել են ձեր խմբից: Մասնավորապես նկատի ունեմ ճանաչված պարադիրներ Ռեժին Շոպինոյին եւ Օդիլ Դյուբոկին... - Դու լավ գիտես պարարվեստի պատմությունը... - Հուսով եմ: Երեկ մեր Օպերայի եւ բալետի թատրոնում ես ներկա էի պարողների հետ ձեր պարապմունքին եւ զարմացած էի, թե ինչպես էիք դուք վարում այն` միշտ դրական տրամադրությամբ, հումորով, հեզասահ: Դուք առաջին պարադիր-պարուսույցն եք, որին տեսա աշխատելիս առանց բղավելու: Ինչպե՞ս կբացատրեք այս երեւույթը: - Ես պարի ուսուցիչ եմ, ես ձեւավորում եմ պարողներին, այնպես որ, ինչպե՞ս կարելի է պարապել նրանց հետՙ առանց նրանց սիրելու: Գիտե՞ս, իմ պարային կյանքում իմ բախտը բերել էՙ ունենալով Մարգարեթ Քրասքեի եւ Մըրս Քանինգհեմի պես հիանալի ուսուցիչներ: Բրիտանացի խորեոգրաֆ եւ պարուսույց Քրասքեն ժամանակին եղել էր Դյագիլեւի «Բալե ռյուս» լեգենդար խմբի մենապարուհիՙ Մարգարետա Կրասովա անունով, որը պարապում էր Չեկետտիի մեթոդովՙ ուսանողներին պարապմունքին պատրաստելով ոչ միայն ֆիզիկապես, այլեւ մտայնորեն եւ հոգեպես: Հիշենք նաեւ, որ նա բուդդայական էր, Հնդկաստանում ուներ Բաբա, մի մեծ մարդ, որը Մարգարեթին Երկրորդ աշխարհամարտի սկզբին համոզեց տեղափոխվել Հնդկաստան: Գրեթե հինգ տարի նա ապրեց այնտեղ եւ վերադառնալուց հետո սկսեց պարապել ժամանակի գրեթե բոլոր աստղերի, այդ թվումՙ Մարգո Ֆոնթեյնի հետ: Ես հաճախեցի նրա դասերին, երբ նա 83 տարեկան էրՙ այնքան իմաստուն, խորը եւ բանիմաց: Նա պարի ճշմարտության մեջ էր, ուստիեւ ինչպե՞ս կարող էր բղավել ուսանողների վրա: Ես իրականում այնքան էլ հանդարտ մեկը չեմ, ես կես հայ եմ, բայց երբ պարուսուցմամբ եմ զբաղվում, ես նույնպես գտնվում եմ պարի ճշմարտության մեջ: Երբ մարդ աղոթքի կամ սիրո ճշմարտության մեջ է, կարո՞ղ է նյարդային լինել: Եվ մի՛ հարցրու, թե ո՛րն է ճշմարտությունը, որովհետեւ ես այդ հարցին երբեք չեմ պատասխանի (ծիծաղում ենք): - Փոխարենը կխնդրեմ պատմել ձեր ընտանիքի հայկական արմատների մասին... - Ես ոչինչ չգիտեմ իմ պապ Կիրկոր (Գրիգոր) Եղիայանի կողմի մասին: Թագուհի տատիկս Իզմիթից էր: Նրանք ամուսնացել են Կոստանդնուպոլսում եւ մեկնել են Զմյուռնիաՙ քաղաքի հրկիզումից անմիջապես առաջ: Փախել են Սամոս, բայց տատիկս ողջ կյանքում հիշում էր, թե ինչպես էին իրենք նավից լալով դիտում այրվող քաղաքը: Այնուհետեւ նրանք տեղափոխվել են Սալոնիկ: Տատիկս պատմում էր ինձ. «Միշել, այդ ժամանակ հույները ուտելու բան չունեին, բայց մեզ ուտելիք էին տալիս» (հուզվում է եւ որոշ ժամանակ չի կարողանում խոսել): Հետո նրանք գնացել են Բուլղարիաՙ մեկ ուրիշ աղքատ երկիր: Այնտեղ նրանք լսել են, որ Ֆրանսիային աշխատուժ է հարկավոր, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում ավելի քան մեկ միլիոն ֆրանսիացի տղամարդ էր զոհվել: Այսպիսով, տատիկս եւ պապիկս մեկնել են Ֆրանսիա եւ ի վերջո բնակություն են հաստատել Լիոնում: Այստեղ ծնվել է մայրսՙ Եղիսաբեթ Եղիայանը: Ազգանունը ֆրանսերենով տառադարձվել է Էգայան: Ի դեպ, իմ խումբը նախ կոչել էի «Միշել Հալլե պարախումբ», բայց զգում էի, որ ինչ-որ բան պակաս է, ուստիեւ ավելացրի մորս ազգանունը, եւ ամեն ինչ տեղն ընկավ... - Իսկ ինչպե՞ս պարող դարձաք: - (Մատնացույց անելով վեր) Հարցրու Աստծո՛ւն: Չգիտեմՙ ինչպես: Երբ հասակ ես առնում ներգաղթյալի ընտանիքում, ապա չես կարող արվեստագետ լինել, այլ պիտի մաս կազմես հանրությանըՙ դառնալով բժիշկ, ճարտարագետ, իրավաբան... Քսան տարեկանում ես սկսեցի որպես սիրող պարող, բայց լրջորեն որոշեցի պարարվեստին նվիրվել, երբ դիտեցի «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարը: Երբ Թագուհուն հայտնեցի որոշումս, նա ճչաց, գոռաց, լաց եղավ... այնպես որ ես յոթ տարի չպարեցի: Ես հասկացա, որ պարելը տատիկիս համար աղետ էր: Նրա համար պարող լինելը զուգորդվում էր օսմանյան ժամանակաշրջանի հետ, երբ գեղեցիկ աղջիկներին տանում էին հարեմները ու ստիպում էին պարել: Ես սովորեցի հոգեբանություն, տնտեսագիտություն, կինեստեզոլոգիա... բայց երբ Փարիզի օպերայում դիտեցի Մըրս Քանինգհեմի «Մեկ օր կամ երկու» բեմադրությունը, լինելով արդեն 27 տարեկան, հասկացա, որ իմ հետագա կյանքը որպես պարող-պարադիր վճռված է... - Հայկական ի՞նչ կա ձեր բեմադրություններումՙ երաժշտություն, շարժումներ, ոգի... - Ես շատ կցանկանայի ցուցադրել «Քարաստանի երգը» Հայաստանում: Դա իմ ամենակարեւոր բեմադրություններից մեկն է, որտեղ գործածել էի Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, նաեւ ֆրանսիացի մի կոմպոզիտորիՙ հայկական երաժշտական մշակումները... Հարցիդ կապակցությամբ մի բան պատմեմ: 1994 թվականին Լիոնում կայացավ ժամանակակից պարի առաջին բիենալեն: Ես բեմադրեցի «Վերադարձ դեպի առաջ» ներկայացումըՙ Բախի երաժշտությամբ: Այն ունեցավ մեծ հաջողություն, ներկայացումը բազմիցս կրկնեցինք մարդաշատ հանդիսասրահների առաջ: Առաջնախաղից հետո, երբ տարբեր նախարարներ, արվեստագետներ եկան ինձ շնորհավորելու, ամենավերջում ինձ մոտեցավ մի մարդ եւ ներկայացավՙ Լիոնում հայերի եպիսկոպոս Նորվան սրբազան Զաքարյան: Շնորհավորելուց հետո նա ինձ ասաց բացարձակապես հիմնարար մի բան. ձեռքի ափերն իրար կողքի պահեց օդում եւ ասաց. «Պարո՛ն Եղիայան, եթե ձեռքերս այդպես դնեմ, ուրեմն ոտքերը եւ սրունքները հայու շարժուձեւ են» (այս նախադասությունը Միշելն արտասանեց հայերեն): Հայերի համար շատ դժվարին ժամանակներ էինՙ ծանր քաղաքական իրավիճակ, պատերազմ, Ղարաբաղ... ու այս հաջող երեկոյից հետո այս մարդն ինձ նման բան է ասում: Ինձ ահավոր դուր չեկավ նրա ասածը, ինքըՙ նույնպես, բայց ես հետո հասկացա, որ նա երբեւէ իմ հանդիպած ամենամեծ մարդկանցից է: Վեց ամիս անց իմ ընկերներից մեկըՙ մի գեղեցիկ տիկին, ինձ հրավիրեց մի դասախոսության Չարենցի պոեզիայի մասին: Ես այդ բանաստեղծին չգիտեի, ուստի գնացի իմ երկու հիանալի պարողների հետ, եւ մենք ունկնդրեցինք Չարենցի գեղեցիկ բանաստեղծությունները հայերեն եւ ֆրանսերեն թարգմանությամբ: Եվ լսելով հայերեն արտասանությունըՙ ես մեծ ցնցում զգացի. պոեզիայի ռիթմն իմ պարերի ռիթմն էր: Կարո՞ղ եք հավատալ: Ուղղակի անհավանական էր: Հայերեն չիմացող իմ պարողները նույնպես շուռ եկան իմ կողմը ու լուռ իրար էինք նայում. նրանք էլ էին նկատել, որ բանաստեղծությունների կշռույթը նույնական է մեր պարերի ռիթմին: Փորձեմ բացատրել այս երեւույթը: Իմ մարմնում ես ունեմ պարելու զգացողություն, ինչը նշանակում է, որ լեզվից անդին առկա էներգիան ու ռիթմը, լինելով մաթեմատիկական երեւույթներ, անցնում են հիշողության եւ մարմինների միջով: Ռիթմը ֆիզիկական, այլ ոչ մշակութային կամ ազգային դրսեւորում է: Մենքՙ հայերս, ունենք տարբեր մշակույթներ, բայց առկա է մի տեսակ քաղաքակրթություն, որն առաջին հերթին հատուկ ռիթմերի քաղաքակրթություն է եւ որը վերլուծվում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի օրենքներովՙ կազմելով որեւէ ժողովրդի, տվյալ դեպքումՙ հայերի աշխարհընկալումը: Այսպիսով, այդ ժամանակից ի վեր, ինձ համար հայտնություն էր, որ մենք բոլորս զավակներ ենք հատուկ թրթռացումների, որոնք պատկանում են մաթեմատիկային եւ ֆիզիկային, եւ որոնք էլ ձեւավորում են մեզ եւ Հայաստանըՙ որպես հատուկ մի տեսակի... |