ԱՆԻՄԱՑԻԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Հ.Ծ. Նորագույն տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս ոչ միայն լսել եղեռնը վերապրած մեր նախնիների վկայությունները, այլեւ էկրանի վրա տեսնել, թե ինչպես են նրանք անցնում այդ ծանր ժամանակների միջով: Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը համագործակցելով հայաստանյան ԲԱՐՍ մեդիայի հետ նախաձեռնել է անիմացիայի միջոցով վերակենդանացնել ականատես վերապրածների բանավոր պատմությունները: Շարքի առաջինը լինելու է Ավրորա Մարտիկանյանի խիզախություն ներշնչող պատմությունը, որը անմիացիոն ֆիլմի վերածվելով էկրաններին ցուցադրվելու է 2020 թվականին: «Ավրորայի արեւածագը» խորագրով ֆիլմը պատմելու է Արեւմտյան Հայաստանի Չմշկածագ գավառակում (Խարբերդի վիլայեթ) 1901-ին ծնված Արշալույս Մարտիկյանի ոդիսականը, որը նմանեցնում են համաշխարհային ճանաչման արժանացած հերոսուհիներիՙ Աննա Ֆրանկի, Մալալա Յուսուֆզայի եւ Նադիա Մուրադի անցած ճանապարհին: Նրանք արդարության, մարդկայնության եւ արժանապատվության համար մղված պայքարի առաջամարտիկներ էին: Արշալույսը 1915-ի Ցեղասպանությունից փրկվելով գրեց իր հուշերը, որն էլ մի տարի անց ֆիլմի վերածվեց, որտեղ ինքն էլ ստանձնեց իր դերը: Նախագիծը հնարավորություն է տալու հետագա սերունդներին ծանոթանալու հազարավոր ժամեր ներառնող նկարահանված հարցազրույցների հետ, որոնց մեջ կան նաեւ օտարների վկայությունները, ինչպես օրինակ Էլեանոր Աշըր-Բեյքըրի, որ դուստրն էր Վանում 1898-1915 թվերին որպես բժիշկ եւ միսիոներ ծառայած Քլարենս Աշըրի: Մեծ ծախսեր պահանջող ծրագիրը աջակցություն է ստացել Եվրոպայում ZDF/ARTE հանրային հեռուսատընկերությունից, Eurimages-ից, Best Pitch-ից եւ այլ հաստատություններից: |