ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄՙ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ Հասմիկ Սեյմոր, «Հայ շեքսպիրյան ընկերություն» Հայ շեքսպիրյան ընկերության երրորդ միջազգային գիտաժողովըՙ «Շեքսպիրը արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկներում» խորագրով, նվիրված էր հայ մեծանուն դերասան, բեմադրիչ եւ գրող Վահրամ Փափազյանի ծննդյան 130 եւ մահվան 50-ամյակներին: Այն տեղի ունեցավ հուլիսի 14-ին եւ 15-ինՙ Վենետիկի հանրահայտ Մուրատ-Ռափայելյան վարժարանում` գերապայծառ Լեւոն Զէքիեան Արքեպիսկոպոսի եւ մխիթարյան միաբանության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 30 շեքսպիրագետներ, թարգմանիչներ, դասախոսներ եւ թատերագետներՙ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Կիպրոսից, Հոլանդիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Սերբիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից: Ինչպես հայտնի է, Վենետիկը առանձնահատուկ դեր է խաղացել հայ մշակույթի եւ հոգեւոր գոյապահպանման համար, որտեղ Մխիթարյան միաբանությունը հաստատվել է ավելի քան երեք հայուր տարի առաջՙ Ս.Ղազար կղզում, 1717 թվականին: Վենետիկի մեկ այլ հայկական ժամադրավայրն է Մուրատ-Ռափայելյան վարժարանը, որ գտնվում է տասնյոթերորդ դարի Զենոբիո շքեղ պալատում: Այն հիմնադրվել էր դեռեւս 1836-ինՙ ըստ հնդկահայ ազգանվեր բարերարներՙ Սամուել Մուրատի եւ Էդուարդ Ռաֆայելի (նրա փեսան) կտակի, ստանձնված Մխիթարյան հայրերի խնամքին: Այս եզակի կարեւորություն ունեցող վարժարանը շուրջ 150 տարի շարունակաբար կրթեց տասնյակ սերունդներ եւ նշանավոր հայորդիներ: Նրանցից մեկն էր հայ մեծահամբավ դերասան եւ բեմադրիչ Վահրամ Փափազյանը, ով այստեղ ուսանել էր 1900-ականներին: Ինչ վերաբերում է Շեքսպիրի ստեղծագործություններին, ապա Իտալիան եւ հատկապես Վենետիկը ներշնչանքի աղբյուրներն էին, ինչպես օրինակ «Օթելլո» եւ «Վենետիկի վաճառականը» թատերգությունները, որոնք մասամբ կամ ամբողջովին տեղի են ունենում Վերածնունդի այս օրրանում: Ըստ հայ շեքսպիրյան ընկերության ավանդույթի, գիտաժողովի առաջին օրը հատկացված էր մշակութային այցելություններիՙ Վենետիկի հայկական եւ շեքսպիրյան հետքերովՙ վենետիկաբնակ պատմաբանի ուղեկցությամբ: Գիտաժողովի մասնակիցների համար կազմվել էր հետաքրքրական ծրագիր. առավոտյան հյուրերն այցելեցին Կիլիկիայի հայ թագավորության եւ Կիպրոսի թագուհուՙ Քաթերինա Քորնարոյի գերեզմանը իտալական Ս. Սալվադոր եկեղեցում: Այնուհետեւ շեքսպիրագետների խումբը ճանապարհվեց դեպի քաղաքի հնագույն հայոց եկեղեցինՙ Ս.Խաչը (13-րդ դար), ինչպես նաեւ կանգ առավ հայ առաջին վաճառականի սլացիկ դղյակի առջեւՙ քաղաքի կենտրոնում: Առավոտյան պտույտն ավարտվեց 500-ամյա Գեթոյում, որտեղ Շեքսպիրի հրեանՙ Շայլոկը, բնակվում էր իր մեկուսացված համայնքի հետ: Նույն օրըՙ կեսօրից հետո, գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Ս. Ղազար կղզին, որտեղ հայր Համազասպի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան մխիթարյանների հոգեւոր եւ պատմական անցյալին, ըմբոշխնեցին կղզու թանգարանի համաշխարհային եւ հայ արվեստի հազվագյուտ մասունքներինՙ Կալկաթայի ձեռագրերից մինչեւ հինավուրց Եգիպտոսի մումիան, միջնադարյան մատյաններից մինչեւ Հայոց Մեծ եղեռնին ձոնված կերպարվեստի նմուշներ: Հուլիսի տասնհինգին գիտաժողովի աշխատանքը սկսվեց Մուրատ-Ռաֆայել վարժարանի Զենոբիո պալատի մեծ Հայելապատ սրահում: Հայ շեքսպիրյան ընկերության հիմնադիր Հասմիկ Սեյմուրի հակիրճ ողջույնի խոսքից հետոՙ միաբանությունից հայր Սերոբը ներկայացրեց մխիթարյանների Շեքսպիրին նվիրված առաջին աշխատությունները սկսած 1830-ականներից: Հայր Սերոբը նաեւ հիշեցրեց, որ այստեղ 1864 թվին առաջին անգամ հայերեն լեզվովՙ գրաբարով, Շեքսպիր է բեմադրվել մխիթարյան հայրերի նախաձեռնությամբ. հանճարեղ անգլիացու ծննդյան 300-ամյակի կապացությամբ «Մակբեթ» ողբերգության կրճատված փոխադրությունը ներկայացվեցՙ հայ ուսանողների մասնակցությամբ: Այնուհետեւ վենետիկաբնակ լրագրող Ավետիս Հաջյանը անդրադարձավ հայերի եւ Իտալիայի պատմական կապերին եւ այժմյան հայ գաղութին: Գիտաժողովի առավոտյան բաժնում հաջորդաբար ելույթ ունեցան պլենար զեկուցողներըՙ տարբեր երկրամասերից: Անգլիացի թատերագետ պրոֆեսոր Փիթըր Բիլինգհամը իր ելույթում համեմատեց Էդուարդ Բոնդի «Բինգո» եւ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» թատերգություններըՙ մարքսիզմի գաղափարական պրիզմայով: ԱՄՆ-ից շեքսպիրագետ Շեյլա Քավանախը մասնակիցներին ծանոթացրեց «Կինեթիկ» թատրոնի վերջերս բեմադրած Շեքսպիրի մի քանի «իտալական» թատերգություններին: Քանզի այս ամերիկյան թատերախմբի գեղարվեստական ղեկավարները ծագումով Վրաստանից են, ապա բնավ զարմանալի չէ, որ նրանց «անխոս» բեմադրությունները համեմված են վրացական ազգային երգ ու պարով, նշեց պրոֆեսոր Քավանախը: Գիտաժողովի վերջին պլենար զեկուցողն էր բանաստեղծ, գրող եւ եվրոպական գրականության պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը ՙ Հայաստանից: Պրոֆեսոր Էդոյանի հայերեն զեկուցումը «Վերածնունդի գողգոթան. Դանթե, Շեքսպիր» խորագրով (թարգմ. Հ.Սեյմորի) ամփոփեց իր բազմամյա մտավոր պրպտումներն ու գրական-փիլիսոփայական ուսումնասիրությունըՙ նվիրված Դանթեի եւ Շեքսպիրի գեղագիտական արժեքներին եւ գրական ազդեցություններին: Ի դեպ, Վենետիկում անհնար էր պրոֆեսոր Էդոյանի հետ որեւէ ժամի փողոց դուրս գալՙ առանց բախվելու նրա նախկին ուսանողներին եւ երկրպագուներին, ամենքը կարոտալից ողջագուրվում էին սիրելի պրոֆեսորի հետ, որ քանի՜ սերունդներ է ոգեւորել եւ կրթել իր դասախոսություններով, պոեզիայով, մտավոր եւ մարդկային նկարագրով: Վահրամ Փափազյանի վենետիկյան տարիներին եւ բեմարվեստի իտալական ակունքներին էր նվիրված Հասմիկ Սեյմորի (Լոնդոնի Քուին Մերի համալսարան) եւ Լուսիկ Հովակիմյանի (Երեւանի պետական համալսարան) համատեղ զեկուցումը: Բուռն արտիստական խառնվածքով եւ ակնհայտ բեմական տվյալներով օժտված դեռատի Փափազյանըՙ Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում երկու տարի չհարմարվելով մխիթարյանների խստապահանջ դասընթացներինՙ ներողամիտ մխիթարյան հայրերի օժանդակությամբ ընդունվում է Միլանի գեղարվեստի ակադեմիաՙ երեք տարի դերասանի վարպետություն եւ արվեստի պատմություն ուսանելու: Այդ տարիներին երիտասարդ Փափազյանին առիթ է ընձեռնվում շրջագայել իտալացի վարպետներ Գոցցիի, Նովելլիի, ինչպես նաեւ հռչակավոր Դուզեի թատերախմբերի հետՙ կենդանի եւ իրական թատրոնի դասեր քաղելու, որոնք ձեւավորեցին հայ մեծանուն վարպետի հետագա ինքնատիպ խաղաոճն ու անկրկնելի բեմարվեստը: Ընդմիջումից հետո, ըստ թեմաների կազմված խմբերը ներկայացրեցին իրենց հոդվածները: Առաջին բանախոսական հարթակըՙ «Շեքսպիրը եւ օտարականը» վերնագրով վարեց անգլիական Վերածնունդի մասնագետ պրոֆեսոր Լիզա Հոփքինսը , որի ընթացքում քննարկվեցին տարբեր երկրներում «Օթելլո»-ի եւ «Վենետիկի վաճառական»-ի վերլուծումներն ու բեմադրությունները: Լիզա Հոփքինսը համառոտ անդրադարձավ վենետիկցի Քաթերինա Քորնարոյի մասին իր հետազոտությանը, որն իր ամուսնուՙ Կիլիկիայի հայոց թագավորի մահից հետո օծվեց հայոց ինչպես նաեւ Կիպրոսի թագուհի. ըստ զեկուցողի, նրա ողբերգական ճակատագիրը հիշեցում է ե՛ւ Դեզդեմոնային, ե՛ւ Կլեոպատրային: Հաջորդ պլենար խումբըՙ պրոֆեսոր Քեյ Սթենթոնի (ԱՄՆ) գլխավորությամբ, քննարկեց Վենետիկի միֆը եւ ճշմարտությունը շեքսպիրյան թատերգություններում: Երրորդ պլենար խումբը, նվիրված շեքսպիրյան թարգմանություններին, վարեց իռլանդացի Շոնա Օ Բրայնը : Վերջինս զեկուցեց պարսկական սփյուռքի շեքսպիրյան բեմադրությունների մասին: Նաեւ խոսք առան արգենտինացի թարգմանիչ Միգել Մոնտեզանթին , ինչպես նաեւ լեհ շեքսպիրագետ Աննա Կովալչե-Պավլիկը , որն անդրադարձավ Օթելլոյի բեմադրական խնդիրներին իր հայրենիքում, իսկ Մարեկե Դոլեշալը , Շեքսպիրի ծննդավայր Սթրեթվորդի գրադարանից, ծանոթացրեց շեքսպիրյան թարգմանությունների հարուստ հավաքածուինՙ 40-ից ավելի լեզուներով : Գիտաժողովի չորրորդ խումբըՙ ամերիկացի պրոֆեսոր Քայլ դի Ռոբերթոյի ղեկավարությամբ քննարկեց գիտական հոդվածներՙ «Շեքսպիրը եւ քաղաքականությունը» ընդհանուր թեմայով: Մասնակիցները քննարկեցին մի շարք արդիական հարցերՙ քաղաքական գրաքննությունից մինչեւ արտագաղթի եւ ներգաղթի հին եւ նոր դրսեւորումները, որոնք արծարծվել են Շեքսպիրի թատերգություններում: Վերջին հարթակի նյութն էր «Շեքսպիրը արվեստում»ՙ շեքսպիրագետ Քսենյա Ջեորջոպուլուի (Հունաստան) ղեկավարությամբ, իսկ զեկուցողներից Մարկ Լա Ռուբիոն (Միացյալ Նահանգներ) վերլուծեց Վերդիի «Օթելլո» օպերանՙ տասնիներորդ դարի իտալական հանդիսատեսի տեսանկյունից: Մարիա-Քլարա Գալերիի (Բրազիլիա) զեկույցը փորձեց լուսաբանել որոշ փիլիսոփայական հարցադրումներ կապված Մայքլ Ռեդֆորդի «Վենետիկի վաճառականը» (2004թ.) շարժանկարի հետ, որտեղ Շայլոկի դերակատարն է հանրահայտ Ալ Պաչինոն: Գիտաժողովի ընդմիջմանը Կոմիտասի ստեղծագործություններով ելույթ ունեցավ շնորհալի դաշնակահար Զոյա Կարապետյանը ՙ կոմիտասյան ստեղծագործությունների կատարմամբ: Ի դեպ օտար մասնագետներն արդեն ծանոթացել էին Կոմիտաս վարդապետի կենսագրությանը եւ տեսել նրա կիսանդրինՙ Ս. Ղազար կղզի այցելության ժամանակ: Փակման խոսքում հայ շեքսպիրյան ընկերության հիմնադիր Հասմիկ Սեյմորն ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է ոչ միայն միավորել հայ եւ օտարերկրյա շեքսպիրագետներին ամենամյա գիտաժողովներում, այլեւ վերջիններիս ծանոթացնել հայ մշակույթին եւ պամությանըՙ հայրենիքում եւ սփյուռքի գաղթօջախներում, որոնց մեջ Վենետիկը եզակի պատմա-մշակութային կարեւորություն ունի: Ընկերության կողմից Սեյմորը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին եւ իր խորին երախտագիտությունն արտահայտեց մխիթարյան հայրերին եւ հատկապես Լեւոն արք. Զեքիյանին, ում շնորհիվ գիտաժողովն իրականություն դարձավՙ երկու տարիների համատեղ ջանքերից հետո: Մխիթարյանների «Բազմավէպ» պարբերականի (որն ի դեպ Եվրոպայի հնագույն պարբերականն է, որ շարունակաբար հրատարակվում է 1846-ից առ այսօր) խմբագիր հայր Սերոբի առաջարկովՙ գիտաժողովի հոդվածները մոտ ապագայում լույս կընծայվեն առանձին ժողովածուով, որը լավագույն հուշանվերը կլինիՙ Վենետիկի հայկական եւ շեքսպիրյան անմոռանալի օրերից: Օգոստոս, 2019 *** Վենետիկում հայ շեքսպիրյան ընկերության երրորդ միջազգային գիտաժողովը մեզ համար կարեւոր էր ոչ միայն նրանով, որ լսվեցին բազմաթիվ նոր եւ հետաքրքիր զեկուցումներ մեծ դրամատուրգի ստեղծագործությունների տարբեր հարցերի շուրջ, այլ որ արտասահմանցի գիտնականները հնարավորություն ստացան ծանոթանալու հայ մշակույթին. նախՙ որ գիտաժողովը տեղի ունեցավ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում (որն ափսոս, իբրեւ վարժարան այլեւս չի աշխատում), եւ ապաՙ գիտաժողովի ողջ կազմը (աշխարհի տարբեր կողմերից ժամանած մի քանի տասնյակ ճանաչված մասնագետներ) եղան Սուրբ Ղազար կղզում արդեն երեք հարյուր տարուց ավելի հաստատված Մխիթարյան Միաբանությունում, որը ցնցող տպավորություն գործեց նրանց վրա: Արտասահմանցի հյուրերն ապշահար եղան այն հրաշքից, որի ականատեսը եղան Սուրբ Ղազար կղզում, այն ակնառու փաստից, թե ինչպես նախկին բորոտների կղզին, մահվան եւ ողբերգության այդ տխուր վայրը, մի խումբ անձնվեր եւ սուրբ մարդկանց կողմից, ինչպիսին էին Մխիթար Սեբաստացին եւ նրա հետեւորդ-աշակերտներն, այդ ամենը վերածեցին հոգեւոր-ինտելեկտուալ կենտրոնի, մտավոր Եդեմի: Հյուրերի համար հայ շեքսպիրյան ընկերության Վենետիկի գիտաժողովը վերածվեց հայ մշակույթին նվիրված յուրօրինակ տոնի, այդ մասին նրանք դեռ պետք է գրեն եւ խոսեն իրենց երկրներում, այն ինչն այժմ այդքան անհրաժեշտ է մեր պատմության, մշակույթի եւ ողջ Հայ դատի համար ընդհանրապես: Հենրիկ ԷԴՈՅԱՆ |