ՅՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-75... ՄԻ ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑ Աննա ԱԴԱՄՅԱՆ Երբ մոտ երկու շաբաթ առաջ զանգահարեցի սիրված կոմպոզիտոր Յուրի Հարությունյանինՙ նպատակ ունենալով նրա 75-ամյակին մի հոդված նվիրել, մտքովս էլ չէր անցնի, որ դա կարող էր նրա հետ ունեցած վերջին զրույցը լինել: Ավաղ, Աստծո ուղիներն անքննելի են: Օգոստոսի 23-ին սիրված կոմպոզիտորը հեռացավ կյանքիցՙ հայ երաժշտարվեստին ավանդելով իր ստեղծագործական ժառանգությունն ու գործունեությունը: Ստորեւ ուզում եմ ներկայացնել այդ զրույցը, որպես սիրելի կոմպոզիտորի հետ մի վերջին կենդանի, բովանդակալից շփումՙ համոզված լինելով, որ Յուրի Հարությունյանի հետ շփումը սերնդեսերունդ շարունակվելու է իր հարատեւ ու արժեքավոր ստեղծագործությունների միջոցով: Յուրի Հարությունյանը ծնվել է 1944 թվականի մարտի 25-ին, Կիրովաբադում (Գանձակ): 1972 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: 1967-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես երաժշտական ձեւավորող, ապա` երաժշտական խմբագիր: Հեղինակ է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտության եւ երաժշտական ձեւավորումների` «Մարդն Օլիմպոսից» (1974), «Օգոստոս» (1976), «Զինվորն ու փիղը» (1977), «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Մեր պապերի քայլերգը» (1980), «Խոշոր շահում» (1981), «Սիրամարգի ճիչը» (1982), «Անիծվածները» (1991), «Ձայն բարբառոյ» (1991), «Ուրախ ավտոբուս» (2000), «Խենթ հրեշտակը» (2000), «Հերոստրատ» (2001), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008) եւ այլն: Գրել է նաեւ մի քանի վավերագրական ֆիլմի երաժշտություն, որոնց թվում են «Հայկական ԽՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»: Հարությունյանն է նաեւ «Երաժշտություն» մուլտիպլիկացիոն կինոնկարի հիշարժան երաժշտության հեղինակը... Հեղինակել է նաեւ 2 լարային կվարտետ (1968, 1970), վոկալ շարքերը, «Գովք խաղողին, գինուն եւ գեղեցիկ դպրության» կանտատը (1970, Եղիշե Չարենցի տեքստով), «Երեք իրիկնային երգ» (1971), «Աշուն» (1972) սիմֆոնիա (1984), «Արաբեսկներ» սիմֆոնիա պատկերները, Գալարափողի կոնցերտ (2000), 3 քաղաքային երգ (Լի Բոյի, Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի խոսքերով), «Տողեր Դավթի սաղմոսներից», 3 խմբերգ (Ավետիք Իսահակյանի տեքստերով), թատերական ներկայացումների համար երաժշտություն: 2004-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարը: Միությանը կից հիմնադրել եւ ղեկավարել է «Բրեւիս» երաժշտական ձայնագրման ստուդիան: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Նույն թվականին արժանացել է նաեւ «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին` «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992) ֆիլմի համար: - Հարգելի պարոն Հարությունյան, ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը, առաջին երաժշտական քայլերը եւ ճանապարհը դեպի Երեւանի կոնսերվատորիա: - Մանկությանս ամենավառ հիշողությունները երաժշտության աշխարհում կապված են իմ սոլֆեջոյի եւ ջութակի դասատուների հետ: Նրանք պատկառելի տիկնայք էին, մեկն ազգությամբ ռուս էր, մյուսըՙ հրեա, որոնք երաժշտական կրթություն էին ստացել Սանկտ-Պետերբուրգում, եւ ուրեմն, կարող եք պատկերացնելՙ ինչպիսի տպավորություն պիտի թողնեին երեխայի վրա... Քանի որ ջութակն ամենազգայուն լսողություն պահանջող գործիքն է, ընդունելությանը ինձ լսելով, այդ տիկնանցից մեկը պնդեց, որ ես պետք է ջութակի դասարան ընդունվեմՙ բացականչելով. «Да что вы говорите, только на скрипку!»: Երաժշտություն սովորելու գաղափարն ի սկզբանե մայրիկինս է եղել, որն իր ձեռքն էր վերցրել իմ կրթության հետ կապված բոլոր հարցերը եւ իհարկե, ամենասկզբում, դա իմ ցանկությամբ չի եղել: Երբ արդեն ավարտել էի երաժշտական դպրոցը, մի առիթով պապիս եղբոր տղան, որը Ռուսաստանի Ռոստով քաղաքում ղեկավարում էր էստրադային նվագախումբ ու նաեւ զբաղվում էր կոմպոզիտորական գործունեությամբ էստրադային ժանրում, լսելով ինձ, իր հետ տարավ Ռոստովՙ երաժշտական կրթությունս շարունակելու... Ռոստովի երաժշտական ուսումնարանում կրթությունս շարունակեցի թե՛ որպես ջութակահար, թե՛ որպես կոմպոզիտոր, չնայած որ դեռ կայացած կոմպոզիցիայի բաժին չունեին, եւ այդպես կայացավ իմ անցումը ջութակից դեպի կոմպոզիցիա: Երբ ավարտեցի, արդեն ընտրություն կանգնեց իմ առջեւՙ ուսումս շարունակել Մոսկվայում, թե՞ Երեւանում: Մոսկվայում կար Արամ Իլյիչ Խաչատրյանը, հագեցած մշակութային կյանք, սակայն, ի վերջո, քանի որ հայ եմ, որոշեցի վերադառնալ Երեւան եւ ընդունվել Երեւանի կոնսերվատորիա: Երեւանում իմ առաջին ստեղծագործությունները, որոնք հիմնականում պրելյուդներ էին, սոնատային ձեւի մեջ գրված գործեր, լսեց Էդուարդ Միրզոյանը, եւ հարցրեց, թե ոնց եմ տեսությունից... Պատասխանեցի, որ Ռոստովում ուսումնարան եմ ավարտել, ուրեմն որոշ գիտելիքներ ունեմ: Միանգամից ասաց. «Դիմումդ տո՛ւր»: Եվ, այդպես, սկսվեց իմ կոմպոզիտորական ուղին Էդուարդ Միրզոյանի դասարանում... - Պատմե՛ք մի փոքր ուսանողական կյանքի, ստեղծագործական պրպտումների մասին: Ի՞նչ հետաքրքրական մանրամասներ կհիշեք: - Ամեն ինչ վառ է իմ ուսանողական հիշողություններում: Իհարկե, այն ժամանակ մեր կոմպոզիտորական դաշտում էին գործում մեր մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Էդուարդ Միրզոյանը եւ այլք, սակայն, սովորելու ընթացքոմ բախտ վիճակվեց առնչվել այսպես ասած «նոր» երաժշտության նմուշների հետ եւ մեծապես գտնվում էի Շյոմբերգի ու նրա դպրոցի ներկայացուցիչներիՙ Վեբեռնի, Բերգի արվեստի ազդեցության տակ: Այն ժամանակ այսպիսի ազատություն չկար, սակայն մեծ դժվարությամբ հայթայթում էինք այդ պարտիտուրները, դրսից բերել տալով եւ ուսումնասիրում, կլանում էինք դրանք: Այդպես էլ սկսվեց իմ ստեղծագործական զարգացումը: - Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր կապը կինոյի հետ: - Ստեղծագործական կյանքում ինձ համար նախընտրելի եղավ կինոն, սակայն, ամեն ինչ սկսվեց մի պատահականությամբ: Ռեժիսոր Սիմոն Բալասանյանին օգնում էի վավերագրական ֆիլմի համար երաժշտություն ընտրել. արդեն իր հաջորդ ֆիլմի համար նա ինձ հրավիրեց որպես կոմպոզիտոր համագործակցելու: Երկրորդ քայլը, որ հիշում եմ, Ռոբերտ Սահակյանցի «Ինչպես արջուկները կետին կերակրեցին» մուլտֆիլմն էր, Սահակյանցը հենց սկզբից գիտեր, որ ինձ է հրավիրելու այդ մուլտֆիլմի համար, ասելովՙ «դու ինձ հարմար ես», եւ այդպեսՙ էլի շատ դեպքերում: Գեղարվեստական կինոյում ամեն ինչ սկսվել է ռեժիսոր Դմիտրի Կեսայանի հետ համագործակցությունից, եւ ընթացքն արդեն շարունակական եղավ: - Ի՞նչպես ծագեց «Բրեւիս» ստուդիան հիմնելու գաղափարը եւ ի՞նչ նպատակով: - 90-ականների բարդ ու դժվարին տարիներին Կոմպոզիտորների միության այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ մտածեցինք, որ շենքի 3-րդ եւ 4-րդ հարկերը չեն գործում ու պետք էր մի բան մտածել: Այդպես ծագեց գաղափարը, եւ քանի որ ես տանը ունեի համապատասխան սարքավորումներից որոշ բաներ ձայնագրման ստուդիայի համար, միավորեցինք եւ այդպես ստուդիան սկսեց գործել ի նպաստ մեր երաժշտական միջավայրի: - 2012-ին ստացել եք ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը. ի՞նչ տեղ ունեն կոչումները Ձեր կյանքում: - Ոչ մի տեղ կամ դեր չունեն բացարձակապես: Ի՞նչ կարող է տալ դա մարդուն. զգալ, որ մի շարքի մե՞ջ ես ինչ-որ մարդկանց հետ: Դա իմ գործը չէ, ես այն մարդն եմ, որը երբեք կոչումով չի ստեղծել կարիերա: Ես մարդամոտ, շփվող մարդ եմ, չեմ սիրում դավաճանել: - Երբեւէ զբաղվե՞լ եք մանկավարժական գործունեությամբ: - Երբեք չեմ զբաղվել եւ կարծում եմ, որ կոմպոզիցիան դասավանդելու կամ ուսուցանելու կարիք չունի: Գուցե գործիքներն ունեն, քանի որ առաջներում կատարողներն իրենք էին ստեղծագործում... Ով կարողանում է ստեղծագործել, թող զբաղվի դրանով, իսկ արժեքավոր է, թե՞ ոչՙ ապագան ցույց կտա: - Մի փոքր պատմեք վերջին տարիների ձեր ստեղծագործական գործունեությունից, ձեռքբերումներից: - Վերջին տարիներին ստացա «Հայակ» կինոմրցանակաբաշխության մրցանակը որպես լավագույն կոմպոզիտոր, իսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից ստացել եմ շնորհակալական պատվոգիրը, որով կինոգործիչները իրենց խոնարհումն են հայտնել ինձ «Նռան գույնը» կինոֆիլմի երաժշտական ձեւավորման համար... ...Ափսոս, որ սիրված կոմպոզիտորի երկրային կյանքն ավարտվեց բոլորիս համար անսպասելի, սակայն, պիտի շարունակենք վառ պահել նրա հիշատակըՙ հնչեցնելով, ուսումնասիրելով եւ հանրահռչակելով իր ստեղծագործություններըՙ ի նպաստ հայ երաժշտարվեստի ... |