«ԿԻԼԻԿԻԱ: ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ» ՖԻԼՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ «Կիլիկիա: Առյուծների երկիր» խորագրով երեք ֆիլմ-ակնարկներից բաղկացած ծրագիրը շնորհակալության արժանի նախաձեռնություն է, որը կյանքի է կոչված «Գոհար» համազգային ճանաչման արժանացած համույթի հիմնադիր Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի նյութական անսակարկ հովանավորության շնորհիվ: Նպատակն է առաջիկա սերունդներին փոխանցել երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը, համայն աշխարհին հուշել, որ հայ ժողովուրդը միշտ չէ, որ կեղեքված է, գտնված օտարների լծի տակ, այլ իր դարավոր մշակույթի կողքին ունեցել է նաեւ հզոր պետականություն ու թագավորներ: Մտահղացումը ֆիլմարտադրիչ Սեւակ Սերոբյանինն է, նկարահանումները կատարել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը (ռեժիսորՙ Աշոտ Առաքելյան ) Հայաստանում, լայնծավալ մարտի տեսարաններից, մինչեւ անգամ ծովամարտերը, որոնք իրականացվել են «Կիլիկիա» նավի միջոցով: Պահպանված է պատմական հավաստիությունը արխիվային նյութերի օգտագործման շնորհիվ: Դերասանական կազմը ընտրելիս նախապայման է եղել ընդգրկել ոչ թե հայտնի դերասանների, այլ արհեստավարժ կերպարներ: Ֆիլմի առաջին ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունըՙ հիմնադրման օրվանից մինչեւ ամենաազդեցիկ թագավորներից մեկիՙ Ռուբինյանների տոհմից սերող Լեւոն Մեծագործի գահակալումը: Երկրորդ ակնարկը անդրադառնում է 13-րդ դարի իրադարձություններին, Լեւոն Ա. թագավորի դուստր Զապելին, նրա խնամակալ Կոնստանդին Բայլի եւ Զապելի ամուսինՙ Հեթումյանների թագավորության հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարներին, տիրող պալատական բարքերին ու խարդավանքներին: Երրորդ եւ վերջին ակնարկը լուսաբանում է 1219-1375 թթ. պատմությունը, չորս կողմից կեղեքվող երկրի եւ նրա վերջին թագավոր Լեւոն Զ. Լուսինյանի ոդիսականը, որի հուղարկավորությամբ 1399-ին ավարտվում է ֆիլմը: «Կիլիկիա: Առյուծների երկիրը» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է, ըստ ավստրալահայ համայնքի Սիդնեյի ՀԲԸՄ-ի «Միութիւն» ամսաթերթի, Բեյրութի «Մետրոպոլ Էմփայր Սոֆիլ» կինոթատրոնում: Ֆիլմը սեպտեմբերի 12-ին, ժամը 19-ին կցուցադրվեց Երեւանի «Կինո Պարկ» կինոթատրոնում: Նկար 2. Գոհար Խաչատուրյան Նկար 3. Ձախից` Ածոտ Առաքելյան, Հարութ Խաչատուրյան, Սարո Սերոբյան եւ Սեւակ Սերոբյան |