RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Տեղադրվել է` 2019-09-12 20:52:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 637, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՆԱՅԻՆ ՄԵՂՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Մարի Հովելյան-Հակոբյան, նրբաճաշակ, խորագետ, նրբամիտ, էլեգանտ նկարչուհին, իրեն ճանաչողների համար տիկին Մարինՙ գեղանկարչության մեր սիրելի վարպետիՙ Հակոբ Հակոբյանի կինը, զարմանալի բացահայտում արեց Նկարիչների միության սրահում օրերս բացված եւ ընթացող անհատական իր ցուցահանդեսով:

Երկար տարիների համատեղ կյանքը Հակոբ Հակոբյանի հետ, երբ արվեստանոցը նույն հարկի տակ էր, երբ նկարչությունը օրվա հացի պես էրՙ անհրաժեշտ ու կենարար, եւ ապրվում էր այդ մթնոլորտը ներծծված ամենօրյա կյանքի մեջ, եւ ինքն էլ իր ներսում կրում էր գծի ու գույնի շարժման մոգականությունը, եւ երբ դա ներքին պահանջ ու վիճակ էր, մի օր պիտի արթնանար ու արթնանար իբրեւ շարունակություն, ոչ իբրեւ սկիզբ... Հասուն տարիքում Մարի Հակոբյանը սկսեց նկարել, 40-ին մոտ էր արդեն:

Իմ բազմաթիվ հանդիպումները Հակոբյանների հյուրընկալ հարկի տակ այնպիսի տպավորություն են թողել, որ ամուսնական այս զույգի հանդիպումը եղել է միմյանց լրացնելու, միմյանց շարունակելու պահանջ, որ կյանքն ու արվեստը, որքան էլՙ ճանապարհների դժվարություններին ու զիգզագումներին, չզատվող մեկ ամբողջության մեջ մնան: Շատ հուզիչ էր, երբ ամեն անգամ Հակոբյանական հյուրասիրության սեղանների շուրջ Վարպետը որեւէ հուշ- հիշողություն պատմելիս, դառնում էր կողքին նստած կնոջը միշտ նույն հարցական նուրբ հնչերանգովՙ «Այդպե՞ս է, Մարի»...

Մի այսպիսի կապ կա ստեղծագործող մերձ հոգիների միջեւ, ովքեր նաեւ մարդկային նկարագրով են մոտ. արվեստի նրանց ընկալումների եւ արտահայտությունների մեջ ընդհանուր բան է լինում: Մարի Հակոբյանի նկարչական ձեռագրի մեջ առաջին հայացքից նկատելի են Հակոբյանական զսպված մաներաներ, երանգային զգացողություններ, սակայն երբ ամբողջացնում ես տպավորությունները եւ դուրս ես ելնում թեմատիկ ու գունային լուծումների ընդհանրություններից, գտնում ես հիմնակա՛ն տարբերությունը, անհատական այն կնիքը, որ թաքնված է նկարչուհու էության խորքում, եւ դա, կարծում եմ, ազատության շունչն է:

Շատերն էին նայում հիացմունքով նկարներին ու ասումՙ «Ի՜նչ հրաշալի, խաղաղ ու ներդաշնակ գույներ, իսկական կանացի նկարչություն»: Ինձ դժվար է հասկանալ եւ տարբերակել դա, որովհետեւ այս նկարչությունը հոգու ծնունդ է, եւ թե վերացարկվում ես ձեւից, տեսանելի են դառնում ձայներ, այն ձայները, որ հեղինակը երկար ժամանակ լսել է իր ներսում, դրանց տեսք ու գույն հաղորդել իր մտաշխարհում, երեւակայության մեջ: Դրանք հավաքվել, կուտակվել, շերտավորվել են, բայց չեն թանձրացել: Ահա եւ նրանք մեր հայացքի առաջ թափանցիկ, քնարական ու հուզիչ են:

Շարժ ու ձեւի, պահվածքի, խոսվածքի, հնչերանգի մեջ զուսպ ու կիրթ գեղագիտուհին իր էմոցիոնալ վիճակները չի ներկայացնում օտար աչքին, փոխարենը նկարչությունը շատ բան է պատմում. պրոֆեսիոնալ կրթությունը այս պարագայում զիջում է ինտուիցիային, գեղարվեստի, գեղեցիկի նկատմամբ նուրբ զգացողություններին, բնատուր կիրթ ճաշակին, արվեստի իմացությանը, սրանք արդեն բավարար են կտավի հետ մտերմանալու: Մնացածը տեխնիկայի հարց է, մի փոքր ջանքՙ սովորելու: Մարի Հովելյանը Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում սովորելիս արդեն ցուցաբերում էր պարի ու երաժշտության, նկարչության նկատմամբ սեր: Դերձակուհի - մոդելյորի իր մասնագիտությունը կատարելագործել էր Փարիզում ապրած տարիներին: Երբ 1962-ին ընտանիքով հայրենադարձվեցին Հայաստան, 5 տարի ապրեցին Գյումրիում, ապա տեղափոխվելով Երեւան, Հակոբյանների ընտանիքը արվեստագետ - արվեստասերների համար դարձավ փնտրված վայր, հանդիպումների, մտերիմ զրույցների ջերմ ու հյուրընկալ հարկ:

Նկարչուհին այս տարիների ընթացքում լուռ ընդհատումներով աշխատել է, ունեցել է անհատական մի քանի ցուցահանդեսներ: Ամբողջական ներկայացվածը միանգամայն այլ տպավորություն է թողնում: Նրա կտավները բացում են լայն շնչառություն, տարածությունը իր նկարչության մեջ ասոցացվում է ազատության ու հավասարակշռության հետ: Նատյուրմորտը գերակշռող է, դրանցում ծաղիկներն ամենուրեք են. պարզ նախասիրությու՞ն է, կարծում եմՙ ոչ, ներքին արտահայտություն է, վերաբերմունք.- ընտրված են մի քանի տեսակի, դրանց մեջ աչք է շոյում դեղին միմոզան, շատ քնքշանք կա այնտեղ:

«Ոչ թե «արվեստի», այլ «մշակույթ»-ի ոլորտն է կնոջ տիրույթը: Ապրելու մշակույթը: Եվ բնությունը, իրերը, ծաղիկները...ամեն ինչ պարուրվում է կնոջ հոգու ներկայության անշոշափելի կյանքային թրթիռներով... ինքը ոչինչ չի փոխում, իրենք են փոխվում... », Նորա Հակոբյանի, նույնքան խորը եւ նրբազգաց արվեստագիտուհուՙ Հակոբյանների ավագ դստեր այս խոսքերը բնորոշում են նկարչուհու ներսն ու դուրսը: Կին. զգայուն, խոհեմ, որ ապրում է օրվա, պահի գեղեցկության հմայքը, զգում դրա անցողիկությունն ու թաքցնում հուշը, իրերի աշխարհի գաղտնիքները, բնության շարժի խորհուրդը, հայացքի տակ առնում նկատելին ու աննկատելին, որտեղ նա ոչինչ չի փոխում, իրենք են փոխվում... Միշտ է այդպես, վերաբերմունքն է աշխարհը փոխում, հասարակ իրը նոր բովանդակություն է առնում, քարըՙ ծաղկում ...

Առանձին մի նկարաշարՙ սեւ տուշով արված, որ ինձ ավելի գրավեց, գրաֆիկական գործեր են: Այստեղ է, որ ծավալվում են հույզերը, այստեղՙ սեւ սպիտակի հակադրության մեջ նա լուծում է շատ խնդիրներ, ստանում պատասխաններ: Բնության շարժումն օգնության է հասնումՙ բացահայտելու նկարչուհու տրամադրություննրի հարուստ գունաշարը: Նատյուրմորտներում նա ստեղծում է ստատիկ վիճակներ, թողնում հանդարտ զգացումներ , բայց ահա ծառերի այս շարքը. ճյուղերի մերկ տարածումները ասես կյանքի հետ մի պայքար էՙ մերթ պաշտպանվող, երբեմն դիմադրող, երբեմն պարտվող, երբեմն հաշտվող: Զուր չէ «Պատրանք» խորագիրն ընտրված. ծառի գալարումները վիզուալ տպավորությունների արձագանքներ չեն սոսկ, այստեղ կյանքի փոփոխուն հոսքն է, շարժումը, մարդկային հոգու ելեւէջումների պես անկանխատեսելի, տարերայինՙ ե՛ւ անբացատրելի, ե՛ւ գրավիչ: Բազմաձայնություն, որով հեղինակը փորձում է ինքնաթարգմանվել, ինքնազատագրվել նույնիսկ...

Երբ ցուցասրահում գրեթե այցելու չէր մնացել, հանդիպեցի Արա Հայթայանին , նա շատ ուշադիր նայում էր կտավներին,- հարցրեցի.

«Այս ցուցահանդեսում նկատվում է նկարչուհու սուբյեկտիվ գիծը եւ լավ է, որ Հակոբ Հակոբյանից ինչ-որ կոնստրուկտիվ, կառուցվածքային փոխառում այս ամենի մեջ կա: Նկատելի է, որ նա լավատեղյակ է համաշխարհային արվեստից, որովհետեւ լուծումներ կան, շեշտադրումներ, որ առանց իմանալու կամ լավ տեսած լինելու բարդ կլիներ ստանալ: Մի կողմից ինձ թվում է ազնիվ, պրիմիտիվ շերտ կա, մյուս կողմիցՙ իմաստուն իմացություն, որը շատ տարօրինակ միացություն է կազմում: Եվ շատ սուբյեկտիվ տեսակետ կա այս ամենի մեջ թվացյալՙ պահպանելու ավանդական նատյուրմորտային կամ պեյզաժային ժանրը, մյուս կողմիցՙ գեղարվեստական շատ լուրջ իդեա է մեջտեղ գալիս, որ քիչ է մեր իրականության մեջ: Ինչո՞ւ է քիչ: Որովհետեւ մեր իրականության մեջ կրթական սիստեմը այսպիսի զգայականություն չի քաջալերում: Եվ լավ է, որ նա սովետական գեղարվեստի դպրոց չի անցել, թե չէ նման ներդաշնակ կոլորիտ չէր ունենա: Մեր կրթական հաստատություններում ուրիշ շեշտադրումներ են անում գույնի առումով, որը բերում է գունային անտեղի ինտենսիվության: Իսկ նման խիստ, բայց պատասխանատու մոտեցում գույնին վաղուց ոչ մի արվեստագետի մոտ չեմ տեսել, որ ոչ մի գույն դուրս չգա նկարից, այսպիսի ներդաշնակություն եւ երբեմնՙ շատ ռիսկային կոլորիտների մեջ: Անկեղծ, երբեմն ես ուսանողի պես եմ ուզում նայել, ինչպե՞ս կարելի է այսպես ներդաշնակել նկարը այսքան քիչ միջոցներով: Կամ սեւի ու մոխրագույների ամբողջ երանգներն այսպես զգալ, այսպես զգալ կերպարը, ասենք այս կճուճը, պահել կոնտուրը, բայց իրեն սարքել նշան, խորհրդանիշ, այդքան չչարչարել իր լույսն ու ստվերը ու բերել լակոնիկ պարզության, ասելիքի քչության եւ հասանելիության այդ քչության մեջ: Այստեղ շատ սեղմ է ամեն ինչ, կոլորիտային սեղմություն, առարկայական, գծային թվացյալ քիչ միջամտություններ, բայց շատ խոսուն»:

Նկար 2. Ծաղիկներ` մանեկենով

Նկար 3. Մուսա լեռան դիմաց

Նկար 4. Պատրանք

Նկար 5. Տներ Բաթումիում

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ