ՄԱՐՏԻԿ ՀԱՅԸՙ ՍՔՈՐՍԵԶԵԻ ՍՑԵՆԱՐԻՍՏԸ Լոս Անջելեսում սեպտեմբերի 11-ին, 82 տարեկան հասակում վախճանվել է հայազգի ամերիկյան կինոսցենարիստ Մարտիկ Մարթինը : Նա կինոաշխարհին լայնորեն հայտնի էր որպես ամերիկյան կինոյի դասական Մարթին Սքորսեզեի «Չար փողոցներ» (1973), «Նյու Յորք, Նյու Յորք» (1977) եւ «Մոլեգին ցուլը» (1980) շարժանկարների (համա)սցենարիստ: Ի դեպ, վերջին ֆիլմի սցենարը ԱՄՆ-ի գրողների գիլդիայի կողմից համարվել է կինոարվեստի 101 լավագույն կինոբեմագրերից մեկը: Մարտիկ Մարթինը ծնվել էր 1936-ի սեպտեմբերի 16-ին, Իրանում, մանկուց տեղափոխվել է Բաղդադ, աշխատել տեղի կինովարձույթում: 18 տարեկանում խուսափելով բանակում ծառայելուցՙ մեկնել է ԱՄՆ: Զանազան գործերով զբաղվելուց հետո ընդունվել է Նյու Յորքի համալսարանի կինոդպրոց (ավարտել է 1968-ին), որտեղ էլ 1961-ին ծանոթացել է Սքորսեզեի հետ: 1964-ին ստեղծվել է նրանց համագործակցության առաջին արդյունքըՙ «Ոչ միայն դու, Մյուրեյ» կարճամետրաժ ուսանողական ֆիլմը, որտեղ Մարտիկը հանդես է եկել ոչ միայն որպես սցենարիստ, այլեւ դերասան: Սակայն նրանց ճանաչումը եկավ «Չար փողոցներ» ֆիլմով, որը նաեւ մեծ անուն ապահովեց գլխավոր դերակատար Ռոբերտ դե Նիրոյին: Ինչպես մի առիթով ասել է Մարթին Սքորսեզեն. «Այն, որ մենք (Մարթինի հետ - Ա. Բ.) արագ ընդհանուր լեզու գտանք, շատ բանով կապված է մեր արմատներին: Իմ ընտանիքը եկել է Սիցիլիայի մի գյուղից, Մարտիկըՙ Հայաստանից: Մեզՙ հեռու փոքր տեղերից եկածներիս, շատ հարմար էր միասին լինելը...»: Նրանք միասին են ստեղծել նաեւ Սքորսեզեի ծնողների մասին պատմող «Իտալական ամերիկացի» (1974) եւ «Վերջին վալսը» (1978) փաստագրական կինոֆիլմերը: Մարտիկ Մարթինն է գրել նաեւ Ջոզեֆ Ադլերի «Վրեժն իմ ճակատագիրն է» (1971) եւ համահեղինակել Քեն Ռասելի «Վալենտինո» (1977) ֆիլմերի բեմագրերը: Վերջինը պատմում է համր կինոյի նշանավոր աստղ Ռուդոլֆ Վալենտինոյի մասին, որին էլ մարմնավորել էր բալետի մեծ աստղ Ռուդոլֆ Նուրեեւը... Եղել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերի սցենարի խորհրդատու: «Ֆիլմ դիտելիս չպետք է մտածել, պետք է զգալ: Եթե ասում եքՙ «Օ, ինչ գեղեցիկ կադր է, կապույտ հորիզոն է...», կնշանակիՙ ֆիլմը ձախողվել է»,- ասել է Մարտիկը: Մի առիթով էլ ասել է. «Եթե դուք մի անկյունում ծվարած ծիրանագույն մանուշակ եք, ոչ ոք ձեզ բանի տեղ չի դնի: Դուք պետք է ներկայացնեք ինքներդ ձեզ»: Ահա եւ մեկ այլ մեջբերում նրանից. «Ես երբեք լաց չեմ եղել թափված կաթի համար: Ես թափել եմ կաթ, բայց դրա վրա լաց չեմ եղել: Դա կյանքի մի մասն է...»: 1980-1990-ականները Մարթինի ստեղծագործական կյանքում եղել է երկարատեւ դադարի ժամանակաշրջան, քանի որ Հոլիվուդը սկսել է մեծ մասամբ նկարահանել մեծ բյուջեով ֆանտաստիկ եւ գիտաերեւակայական ֆիլմեր, իսկ Մարտիկի դավանած իրապաշտությունը մղվել է ետին պլան: Ուստիեւ նա տարիներ շարունակ բեմագրություն է դասավանդել Նյու Յորքի եւ Հարավային Քալիֆորնիայի համալսարաններում: 2008-ին ստեղծվել է սցենարիստի մասին պատմող «Մարտիկ. Բաղդադից Հոլիվուդ» վավերագրական ֆիլմը, որին մասնակցել են Մարթին Սքորսեզեն, Ջորջ Լուքասը եւ այլ կինոգործիչներ: Կինոյում Մարթինի վերջին աշխատանքը գերմանաբնակ թուրք բեմադրիչ Ֆաթըհ Աքինի «Սպին» հայապատում շարժապատկերի (2014) բեմագիրն էր: Ցեղասպանություն տեսած ծնողների զավակին, ինչ խոսք, մոտ էր ֆիլմի թեման: Կինոնկարի հայաստանյան առաջնախաղի առթիվ էր, որ Մարտիկ Մարթինը 2015-ի հունվարին առաջին եւ վերջին անգամ եղավ Հայաստանում: «Դալմա» մոլի կինոսրահում առողջական լուրջ խնդիրներով, անվասայլակին գամված սցենարիստը, սակայն, իր աշխույժ պահվածքով շուրջը թեթեւ մթնոլորտ էր ստեղծում: Զգացվում էր, որ մեր դիմաց յուրատեսակ, ինչ-որ տեղՙ արտակենտրոն անձնավորություն էՙ չափազանց արտահայտիչ դիմագծերով: Նա տիրապետում էր հայերենին, սակայն մեծ մասամբ խոսում էր անգլերեն: Մի քանի խոսք փոխանակեցի հետը, լայն ժպիտով ընդունեց ասածս, որ իր անունը հիշատակել եմ 2004-ին հրատարակած «Հայերը համաշխարհային կինոյում» գրքումս... Նրա ընկերըՙ սցենարիստ Հաուարդ Ռոդմանը , Մարտիկի մահվան առթիվ գրեց. «Ասել, որ Մարտիկն իր տեսակի մեջ եզակի էրՙ նշանակում է ոչինչ չասել: Ոչ ոք երբեք չի կարող փոխարինել նրան: Թող հանգչի նա խաղաղությամբ»... |