ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃ Մ. Խ. Երեւանյան լիճը նոր ժամանակների հուշարձան է (կառուցվել է 60-ականներին` որպես արհեստական ջրամբար): Լճի մասին մի պատմություն կա, երբ 1976 թե 77 թվականին, վաղ առավոտյան լիճն էր ընկել թիվ 15 երթուղու տրոլեյբուսը: Մեծ թվով մարդիկ խեղդվեցին, բայց մոտակայքում մարզվող աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որի անունը հիմա այնքան էլ չեն հիշում, մոտ 15 անգամ սուզվում է 8-15 մ խորություն ունեցող լճում եւ նույն թվով մարդ փրկում. եղանակը սառն է լինում, այդքանից ավելի ցրտից կապտած լողորդը սուզվել չի կարողանում: Հրազդանի կիրճում այս լճակը ստեղծվել է 1963-66 թթ., Թամանցիների փողոցի կառուցումից հետո: Ծովի մակերեւույթից բարձր է 908 մետրով, 650 քառ. կմ մակերես ունի եւ սնվում է, ինչպես ինքնին պարզ է, Հրազդանի ջրերից, ափերը մասամբ բետոնապատ են: Հայկական հանրագիտարանում լճին նվիրված, այժմ լճի բարձիթողի վիճակի պայմաններում բավական ռոմանտիկ թվացող տողեր կան. «Նախատեսվում է կառուցել ջրասպորտի համալիր ափին եւ մանկական լողավազաններ...»: Փաստորեն լիճը ստեղծվել է որպես Հրազդանի կիրճի հանգստյան գոտու մի կարեւոր օղակը: Առաջ լճի վրա նավակներ կային, մինչդեռ այժմ վերածվում է ճահճի (օբյեկտիվ պատճառ եւս կա` Սեւանի մակարդակն իջել է, Հրազդանի ջրերը պակասել են):Հնագետ Բենիկ Երիցյանը ժամանակին մեզ պատմել էր, որ լճի տակ կառուցման ժամանակ բավական հնագիտական նյութ մնաց, իսկ հին Կողբ գյուղի տեղում, լճին հարակից մասում, 4-5 քարայր այժմ ծածկված է տիղմով եւ աղբով: Ջուրը մնում է կանգնած, չի փոխվում-նեխում է, մոծակներ եւ մլակներ են բազմանում, եւ լճին այժմ հիմնական մաքրում է անհրաժեշտ: Չնայած, արդար լինենք, լճի մասնակի մաքրում կարծես երկու անգամ իրականացվել է, եւ այժմ ավելի բարվոք վիճակում է, քան մի քանի տարի առաջ: Լճից ավելի վերեւ մի ողջ քարանձավախումբ կա կիրճում, մնացել են հնագույն Ումեշինի ջրանցքի հետքերը. սա այն նշանավոր ուրարտական ջրանցքն է, որ ոռոգել է ողջ Էջմիածնի տարածքի հողերը: Հավարտ Հրազդանի կիրճի երեւանամերձ հատվածների հնագույն, միջնադարյան, ուշ շրջանի եւ մեր ժամանակի հուշարձաններն ու մշակութային արժեքները շատ ավելին են. ինչով մշակութային հուշարձան չէ Երեւանի կոնյակի գործարանի հոյակապ շենքը, որ հիմնադրվել է 1949 թվականին, այնուհետեւ համալրվել նոր կառույցներով մինչեւ մեր օրերը. ի դեպ` 1975 թվականին կոնյակի գործարանում արտադրվել է 900 հազար դեկալիտր կոնյակ եւ վաճառվել աշխարհի 21 երկրում: Կամ` Երեւանի հիդրոէլեկտրակայանը, որի վարչական շենքը Թամանյանի նախագծածն է: Կամ` մանկական երկաթուղին, որի մեջ բազմաթիվ կոթողային հուշարձաններ կան` էլի Թամանյանի նախագծով: Որպես ընդունելությունների տուն կառուցված շենքում (կրկին Թամանյանի նախագիծն է) այժմ բնակվում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե ճիշտ տեղում Հրազդանի ափից վեր բարձրանանք` դեմ կառնենք Կոմիտասի անվան պանթեոնին, որը նոր ժամանակների ամենախոսուն հուշարձանն է: Իսկ Հրազդանի կամուրջը, որ կառուցվել է 60-ականներին, մեր ժամանակի խորհրդանիշ է` իր գեղեցկությամբ, քաղաքի Կենտրոնը Աջափնյակին եւ Մալաթիա-Սեբաստիային կապող գործառնական նշանակությամբ: Եթե կամրջից վեր նայենք` կտեսնենք մեր ժամանակի լավագույն հուշարձաններ Դեմիրճյան կենտրոնն ու Եղեռնի զոհերի հուշահամալիրը: Այս բոլոր հուշարձանները եւ մեր նշածներից էլ շատ ավելին պետք է դիտվեն Հրազդանի կիրճի հանգստյան գոտու անհրաժեշտ մաս` երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ի տես: Իսկ որպեսզի հատկապես մեր պատմության վկայագիր-հուշարձանները դառնան տեսարժան վայր, տուրիստական այցերի մշտական կայան` դեռ շատ տարիներ պիտի ջանանք, որ դրանք կարգի բերենք եւ հասանելի ու հասկանալի դարձնենք այդ հուշարձանների կողքին ապրող, բայց դրանց անհաղորդ մարդուն: |